Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում`
1) երկրորդ մասից հանել «, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքների կոմիսիոն հիմունքներով վաճառքի դեպքում` վաճառված ապրանքների ընդհանուր արժեքը (ներառյալ ԱԱՀ-ն)» բառերը».
2) երրորդ մասի «ը)» կետի երրորդ պարբերությունում «Սույն կետի իմաստով» բառերը փոխարինել «Սույն հոդվածի կիրառման առումով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6.1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 6.1 Ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անձանց կողմից ԱՏԳԱԱ 841920000, 841990150, 8422 (բացառությամբ 842211000 եւ 842290100 ծածկագրերի), 8426, 8429, 8430, 8435, 8441, 84431, 8452 (բացառությամբ 845210 եւ 845290000 ծածկագրերի), 8453, 8475, 8478, 8479, 85023100 կամ 870410 ծածկագրերին դասվող ապրանքների մասով մաքսային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների պետական բյուջե վճարման ժամկետը հետաձգվում է, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի.
1) հայտարարագրման օրվանից մեկ տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը պակաս է 70 մլն դրամից,
2) հայտարարագրման օրվանից երկու տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը կազմում է 70 մլն դրամ եւ ավելի:
3) հայտարարագրման oրվանից երեք տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դաuվող ներմուծված ապրանքների մաքuային արժեքը գերազանցում է 300 մլն դրամը:
Ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից ԱՏԳԱԱ 250510, 250900, 251820, 2836, 3901, 3902, 3903, 3904, 3905, 3906 ծածկագրերին դասվող ապրանքների մասով մաքսային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարները պետական բյուջե վճարման ժամկետը հետաձգվում է հայտարարագրման օրվանից մեկ տարի ժամկետով:
Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում, 300 մլն դրամը գերազանցող uույն հոդվածում նշված ապրանքներից բացի, այլ ապրանքների ներմուծման դեպքում uահմանված կարգով մաքuային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է երեք տարի ժամկետով: Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:
Սույն կետով սահմանված ծածկագրերին դասվող ապրանքների մասով ներմուծման ժամանակ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կարող է չհետաձգվել` մաքսային մարմիններին ներկայացված հարկ վճարողի գրավոր հայտարարությամբ:
Սույն մասում նշված հետաձգումը դադարեցվում է սույն հոդվածի երկրորդ մասում նշված դեպքում:
2. Մինչեւ սույն հոդվածի առաջին մաuով uահմանված հետաձգման ժամկետի լրանալը սույն հոդվածի առաջին մաuում նշված ապրանքների մասով մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգումը դադարեցվում է`
1) ներմուծված ապրանքներն oտարվելու կամ oգտագործման իրավունքով այլ անձանց հանձնելու (բացառությամբ վերակազմակերպման դեպքերի) դեպքերում` օտարվելու կամ օգտագործման իրավունքով այլ անձանց հանձնելու օրվան հաջորդող օրը,
2) մաքսային մարմիններին ներկայացված` հարկ վճարողի գրավոր հայտարարությամբ` հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող օրը:
Սույն կետի կիրառման իմաստով ապրանքների օտարում չի համարվում ներմուծված հումքի օգտագործմամբ արտադրված արտադրանքի օտարման գործարքը:
3. Uույն հոդվածի առաջին մաuում նշված ապրանքների մասով մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները վճարվում են պետական բյուջե`
1) մինչեւ հետաձգման ժամկետը լրանալու օրը, եթե ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգումը սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված դեպքերում չի դադարեցվել.
2) ԱԱՀ-ի վճարման հետաձգման ժամկետը դադարելու օրվանը հաջորդող եռօրյա ժամկետում` սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում:
4. Սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարներն արտացոլվում են պարտավորության առաջացման հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի հաշվարկում` որպես ներմուծված ապրանքների մասով պետական բյուջեի հանդեպ պարտավորության գումարներ, որոնք, սակայն հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ով հարկվող գործարքների համար ԱԱՀ-ի պարտավորության ընդհանուր գումարի հաշվարկմանը չեն մասնակցում:
ԱԱՀ-ի հաշվարկ ներկայացվում է անկախ սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն պետական բյուջե վճարման պարտավորություն առաջանալու պահին հետաձգման արտոնությունից օգտված անձի ԱԱՀ վճարող համարվելու կամ չհամարվելու հանգամանքից:
5. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված գումարները ԱԱՀ վճարող համարվող անձանց կողմից հաշվանցվում են, դրանց մարման հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով, որպես ներմուծված ապրանքների համար վճարված գումարներ` օրենքով սահմանված դեպքերում, կարգով եւ չափերով:»:
Հոդված 3. Oրենքի 8-րդ հոդվածում`
1) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) hանձնարարության, պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի, hանձնակատարի, գործակալի կողմից մատուցվող ծառայությունների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում համապատասխանաբար` հանձնակատարին, գործակալին հասանելիք գումարը (վարձատրության եւ հանձնակատարի կամ գործակալի կողմից իր անունով կատարած ծախսերի դիմաց որպես փոխհատուցում վճարվող գումարը (առանց ԱԱՀ-ի), իսկ հանձնարարողի, պրինցիպալի համար ԱԱՀ-ով շրջանառություն է համարվում հանձնարարության կամ գործակալության պայմանագրի հիման վրա մատակարարված ապրանքի կամ մատուցված ծառայության ընդհանուր արժեքը (առանց ԱԱՀ-ի):
Կոմիսիայի, գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի դեպքերում (բացառությամբ` սույն կետով նախատեսված դեպքի)` կոմիսիոների, գործակալի մոտ ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում համապատասխանաբար` կոմիսիայի, գործակալության պայմանագրի հիման վրա մատակարարված ապրանքի կամ մատուցված ծառայության ընդհանուր արժեքը (առանց ԱԱՀ-ի), իսկ կոմիտենտի, պրինցիպալի համար ԱԱՀ-ով շրջանառություն է համարվում հանձնարարության, գործակալության պայմանագրի հիման վրա մատակարարված ապրանքի կամ մատուցված ծառայության արժեքի (առանց ԱԱՀ-ի) եւ համապատասխանաբար` կոմիսիոների, գործակալին հասանելիք գումարի (առանց ԱԱՀ-ի) տարբերությունը:
Կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրով սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետում նշված` ֆիզիկական անձի այն գույքի օտարման գործարքների դեպքում, որոնց օտարումը, համաձայն օրենքի, ԱԱՀ-ով հարկվող գործարք չի համարվում, կոմիսիոների կամ գործակալի մոտ ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում համապատասխանաբար` կոմիսիոների կամ գործակալի վարձատրության գումարը (առանց ԱԱՀ-ի):»:
2) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6) ապրանքների անհատույց մատակարարման, ծառայությունների անհատույց մատուցման, ինչպես նաեւ այն դեպքում, երբ դրանց դիմաց տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորականի համեմատ կիրառվում են գործարքի իրական արժեքից 20 եւ ավելի տոկոսով ցածր գներ (մասնակի հատուցում), հարկման օբյեկտ է համարվում այդպիսի կամ նույնանման գործարքների համար համեմատելի հանգամանքներում որպես հարկվող շրջանառություն ընդունվող՝ սույն օրենքին համապատասխան որոշվող մեծության (գործարքի արժեքի, վճարի վարձատրության, պարգեւի կամ այլ դրամական հատուցման մեծության), իսկ դրա բացակայության դեպքում՝ համանման պայմաններում գործող այլ հարկ վճարողի կողմից համեմատելի հանգամանքներում նույնանման գործարքների համար սովորաբար որպես հարկման օբյեկտ ընդունվող մեծության (գործարքի իրական արժեքի) 80 տոկոսը կազմող մեծությունը:»:
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 12-րդ կետով.
«12) Անկախ սույն հոդվածով սահմանվածից` անմիջական ներմուծող կամ անմիջական արտադրող հանդիսացող ԱԱՀ վճարողի հաշվետու ժամանակաշրջանում իրականացրած` ԱԱՀ-ի 20% (ներառյալ` հաշվարկային 16.67%) դրույքաչափով հարկվող` հարկային հաշիվներով չհիմնավորված գործարքների (այսուհետ սույն կետում` հարկվող գործարքների) սույն հոդվածով սահմանված կարգով որոշվող հարկվող շրջանառությունն ավելացվում է 30 տոկոսով, եթե նրանց կողմից ներմուծված կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների (բացառությամբ բենզինի եւ դիզելային վառելիքի) օտարման այն գործարքների հարկվող շրջանառությունը, որոնց մասով հարկային հաշիվներ եւ (կամ) սույն կետի համապատասխան` ուղեկցող փաստաթուղթ դուրս չի գրվել, կազմում է հաշվետու ժամանակաշրջանում հարկվող գործարքների հարկվող շրջանառության 10 եւ ավելի տոկոսը եւ հարկ վճարողի իրականացրած բոլոր գործարքների ընդհանուր հարկվող շրջանառությունը (առանց ԱԱՀ-ի) գերազանցում է`
ա. հաշվետու ամսվա արդյունքներով 100.0 մլն. դրամը, եթե հարկ վճարողի համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում ամիսը
բ. հաշվետու եռամսյակի արդյունքներով գերազանցում է 300 մլն դրամը, եթե հարկ վճարողի համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում եռամսյակը:
Օրենքին համաձայն անմիջական ներմուծող կամ անմիջական արտադրող հանդիսացող` փոխկապակցված անձանց մասով սույն կետը կիրառվում է նաեւ այն դեպքերում, երբ փոխկապակցված անձանց խմբին պատկանող անձի իրականացրած հարկվող այն գործարքների հարկվող շրջանառությունը, որոնց մասով հարկային հաշիվներ եւ (կամ) սույն կետի համապատասխան` ուղեկցող փաստաթուղթ դուրս չեն գրվել, կազմում է հարկվող գործարքների ընդհանուր հարկվող շրջանառության 10 եւ ավելի տոկոսը եւ բոլոր գործարքների ընդհանուր հարկվող շրջանառությունը գերազանցել է սույն կետով սահմանված համապատասխան գումարի եւ փոխկապակցված համարելու առումով անձանց խմբին պատկանող անձանց թվաքանակի հարաբերության գումարը:
Սույն կետի կիրառման առւմով ուղեկցող փաստաթուղթ է համարվում անմիջական արտադրողների կողմից սեփական արտադրության արտադրանքը իրենց մանրածախ վաճառքի կետեր տեղափոխելու համար դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը, որում բացի օրենքով սահմանված այլ պայմաններից, արտացոլված են նաեւ տեղափոխվող ապրանքների անվանումը, ապրանքի քանակը, ապրանքի միավորի մանրածախ վաճառքի գինը (ներառյալ ԱԱՀ-ն) եւ ապրանքների ընդհանուր գինը:
Սույն կետի կիրառման առումով հաշվետու ժամանակաշրջանում հարկվող գործարքների հարկվող շրջանառության 10 եւ ավելի տոկոսը հաշվարկելիս ընդունվում է, որ ուղեկցող փաստաթուղթ դուրս չի գրվել, եթե դրանում ներառված որեւէ ապրանքի մանրածախ վաճառքի գինը (ներառյալ ԱԱՀ-ն) փաստացի փոքր է եղել ուղեկցող փաստաթղթում նշված մանրածախ վաճառքի գնից (ներառյալ ԱԱՀ-ն)»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20.1-րդ հոդվածով.
«Հոդված 20.1 Դուրս գրված հարկային հաշիվները եւ (կամ) հարկային հաշիվների սերիա-համարները անվավեր են ճանաչվում սույն հոդվածով սահմանված դեպքերում` հարկային հաշիվ դուրս գրող անձի կամ հարկային մարմնի կողմից:
Հարկային մարմնի կողմից տրամադրված հարկային հաշիվների ձեւերի սերիա-համարները անվավեր են ճանաչվում հարկային մարմնի կողմից` հարկային մարմնից ստացված հարկային հաշիվների ձեւերի խոտանման, չօգտագործված ձեւերի վերադարձման կամ հարկ վճարողի կամքից անկախ պատճառներով կորստի դեպքերում` հարկ վճարողի ներկայացված տվյալների (սերիա-համարների) հիման վրա: Հարկային մարմնի կողմից անվավեր ճանաչման ենթակա` հարկային հաշիվների սերիա-համարների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը:
Դուրս գրված հարկային հաշիվներն անվավեր են ճանաչվում հարկային հաշիվները սխալներով լրացնելու, գործարքը հարկային հաշվում նշված պայմաններով չկատարվելու, հարկային հաշվում նշված պայմանները օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով փոփոխվելու դեպքերում: Սույն մասով սահմանված դեպքերում հարկային հաշիվների անվավեր ճանաչման կարգը, ինչպես նաեւ սահմանված կարգով անվավեր ճանաչված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ավելացված արժեքի հարկով հարկման նպատակով հարկային հաշիվների անվավեր ճանաչման հետ կապված ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառության եւ հարկի գումարի նվազեցումներ չեն կատարվում, եթե
1) չի պահպանվել հարկային հաշիվների անվավեր ճանաչման կարգը կամ
2) հարկ վճարողը չի ներկայացրել տեղեկություն հարկային հաշիվը անվավեր ճանաչելու վերաբերյալ:»:
Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածում`
1) 2-րդ կետից հետո լրացնել նոր 3-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.
«3) կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի հիման վրա իրականացված գործարքների մասով սույն օրենքին համապատասխան որոշված հարկվող շրջանառության գումարով կոմիտենտի կամ գործակալի կողմից դուրս գրված հարկային հաշիներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները` սույն օրենքով սահմանված կարգով:
2) լրացնել նոր պարբերությամբ` հետեւյալ բովանդակությամբ.
«Շահութահարկով հարկման նպատակով կորուստների մեծությունը տարեկան կտրվածքով սահմանված լինելու դեպքում ԱԱՀ-ի յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում կորստի տարեկան նորմայի համեմատությամբ ավել կամ պակաս հաշվարկված ԱԱՀ-ի հաշվանցվող գումարը տարեկան արդյունքներով վերահաշվարկվում է տվյալ տարվա ԱԱՀ-ի վերջին հաշվետու ժամանակաշրջանում` տարբերությունը դիտարկելով որպես վերջին հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի չհաշվանցվող գումարի ավելացում կամ պակասեցում:»:
Հոդված 6. Օրենքի 26-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի 1-ին պարբերության երկրորդ նախադասությունում «միացվեն» բառից հետո լրացնել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի բ) կետին համապատասխան «Վերարտահանում» մաքսային ռեժիմով ապրանքների արտահանման գործարքների մասով)» բառերը եւ նույն նախադասությունում հանել «կամ արտադրության ու շրջանառության ծախքերին» բառերը,
2) 2-րդ մասի վերջին պարբերությունում «ձեռքբերումների» բառից հետո լրացնել «, բացառությամբ հիմնական միջոցների» բառերը եւ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Եթե հիմնական միջոցի ձեռքբերումը, ներմուծումը կամ կառուցումը (այսուհետ` սույն հոդվածի կիրառման իմաստով ձեռբերումներ) ի սկզբանե ուղղակիորեն վերագրվում է ԱԱՀ-ով հարկվող գործարքներին կամ ի սկզբանե հնարավոր չէ ուղղակիորեն վերագրել ԱԱՀ-ով հարկվող կամ սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված գործարքներին (այսուհետ` սույն հոդվածի կիրառման իմաստով ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ), ապա այդ ձեռբերումների գծով ԱԱՀ-ի գումարների հաշվանցումը սահմանված կարգով կատարվում է այդ ձեռքբերումների կատարման հաշվետու ժամանակաշրջանում:
Եթե հիմնական միջոցը, որի ձեռքբերման կամ ներմուծման կամ կառուցման մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում սահմանված կարգով կատարվել է ԱԱՀ-ի հաշվանցում, հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ամբողջությամբ կամ մասնակիորեն օգտագործվում է ԱԱՀ-ով չհարկվող գործարքների իրականացման համար, ապա
ա. հաշվանցված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձեւակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա գումարներից պակասեցման` տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նորմաներով հիմնական միջոցների համար հաշվարկվող ամորտիզացիայի գումարի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով,
բ. սույն պարբերության «ա.» ենթակետով սահմանված կարգով որոշվող պակասեցվող գումարը նվազեցվում է հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ի գումարի) ԱԱՀ-ով հարկվող գործարքների շրջանառության (առանց ԱԱՀ-ի) տեսակարար կշռին համապատասխանող գործակցով, եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տվյալ հիմնական միջոցը միաժամանակ օգտագործվում է ԱԱՀ-ով հարկվող եւ ԱԱՀ-ով չհարկվող գործարքների իրականացման համար,
գ. հաշվանցված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձեւակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա գումարներից պակասեցման, տվյալ հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում հիմնական միջոցի օտարումն ինքնին ԱԱՀ-ով չհարկվող գործարք է:
Եթե հիմնական միջոցի ձեռքբերումը ի սկզբանե ուղղակիորեն վերագրվում է ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին ապա այդ ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարները հաշվանցման ենթակա չեն այդ ձեռքբերումների կատարման հաշվետու ժամանակաշրջաններում:
Եթե հիմնական միջոցը, որի ձեռքբերման մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում սահմանված կարգով կատարվել է ԱԱՀ-ի հաշվանցվող գումարների պակասեցում (ԱԱՀ-ի գումարները սահմանված կարգով միացվել են հիմնական միջոցի ձեռքբերման արժեքին) հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ամբողջությամբ կամ մասնակիորեն օգտագործվում է ԱԱՀ-ով հարկվող գործարքների իրականացման համար, ապա
ա. հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա գումարներն ավելացվում են տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նորմաներով հիմնական միջոցների համար հաշվարկվող ամորտիզացիայի գումարի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով,
բ. սույն պարբերության «ա.» ենթակետով սահմանված կարգով որոշվող ավելացվող գումարը նվազեցվում է հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ի գումարի) ԱԱՀ-ով չհարկվող գործարքների շրջանառության (առանց ԱԱՀ-ի) տեսակարար կշռին համապատասխանող գործակցով, եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տվյալ հիմնական միջոցը միաժամանակ օգտագործվում է ԱԱՀ-ով հարկվող եւ ԱԱՀ-ով չհարկվող գործարքների իրականացման համար,
գ. պակասեցված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձեւակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա գումարներին ավելացման տվյալ հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում հիմնական միջոցի օտարումն ինքնին ԱԱՀ-ով հարկվող գործարք է:
Եթե հիմնական միջոցի ձեռքբերման կամ ներմուծման կամ կառուցման հաշվետու ժամանակաշրջանում հիմնական միջոցը միաժամանակ օգտագործվում է ԱԱՀ-ով հարկվող եւ ԱԱՀ-ով չհարկվող գործարքների իրականացման համար, ապա տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարը պակասեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նորմաներով հիմնական միջոցների համար հաշվարկվող ամորտիզացիայի գումարի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով` նախապես նվազեցված հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ի գումարի) ԱԱՀ-ով հարկվող գործարքների շրջանառության (առանց ԱԱՀ-ի) տեսակարար կշռին համապատասխանող գործակցով:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքի 2-րդ հոդվածի դրույթները տարածվում են 2012 թվականի հունվարի 1-ից հետո իրականացվող ապրանքների ներմուծման գործարքների նկատմամբ: