Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-12891-10.11.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին»  Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-209-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը «եկամտահարկին» բառերից հետո լրացնել  «եւ իրավաբանական անձի համար շահութահարկին» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում «եկամտահարկի» բառից հետո լրացնել «(շահութահարկի)» բառը:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «համարվում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 1.1-րդ մասով սահմանված դեպքում,» բառերը.

2) լրացնել նոր 1.1-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ

«1.1. Սույն օրենքի անբաժանելի մասը կազմող N7 հավելվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնողները համարվում եմ արտոնագրային վճար վճարող: Սույն օրենքի N7 հավելվածով սահմանված գործունեության տեսակների համար արտոնագրային վճարի հարկման օբյեկտը, արտոնագրային վճարի հաշվարկման ու վճարման կարգը, ժամկետները սահմանվում են սույն օրենքի անբաժանելի մասը կազմող N8 հավելվածով:»

3) լրացնել 5-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«5. Սույն օրենքի 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածների դրույթները չեն տարածվում սույն օրենքի N7 հավելվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնող արտոնագրային վճար վճարողների նկատմամբ:»

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածը

1) 3-րդ մասում «արտոնավճար» բառը փոխարինել «արտոնագրային վճար» բառերով,

2) լրացնել նոր մասերով հետեւյալ բովանդակությամբ

«6. Սույն օրենքի N7 հավելվածում նշված գործունեության տեսակների մասով գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար արտոնագրում նշված արտոնագրային վճարի ելակետային տվյալի մեծությունը հարկային մարմնի կողմից փաստացի արձանագրված ելակետային տվյալի մեծությունից պակաս լինելու դեպքում արտոնագրային վճար վճարողից գանձվում է տվյալ ժամանակաշրջանի համար պակաս վճարված արտոնագրային վճարը եւ տուգանք՝ պակաս վճարված արտոնագրային վճարի 50 տոկոսի չափով: Հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում, նույն գործունեության տեսակի գծով նույն խախտումն արձանագրելու դեպքում արտոնագրային վճար վճարողից գանձվում է տվյալ ժամանակաշրջանի համար պակաս վճարված արտոնագրային վճարը եւ տուգանք՝ պակաս վճարված արտոնագրային վճարի գումարի չափով:

7. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանց արտոնագրի գործունեության իրականացման տվյալ վայրում սույն օրենքի N7 հավելվածում նշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու դեպքում իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ  նկատմամբ կիրառվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը:»:

Հոդված 5. Օրենքը լրացնել N7 եւ N8 հավելվածներով` համաձայն սույն օրենքի հավելվածի:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի ապրիլի 1-ից: Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո 30 օրվա ընթացքում Oրենքի N7 հավելվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնողները հարկային մարմին ներկայացնում են հայտարարություն արտոնագրային վճար վճարող համարվելու մասին: 


Հավելված
«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
Հիմնավորում

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը. Նախագծերի անհրաժեշտությունը պայմանավորված է հաստատագրված վճարների համակարգում ընդգրկված գործունեության որոշ տեսակների համար նախատեսված հաստատագրված վճարների չափերի վերանայման քաղաքականությամբ, ինչպես նաեւ հաստատագրված վճարների համակարգում ընդգրկված գործունեության որոշ տեսակների հարկման ընթացակարգերի պարզեցման քաղաքականությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. Ներկայումս հաստատագրված վճարների համակարգում գործունեություն ծավալելու համար գոյություն ունեն բարդություններ, ինչով պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում այդ գործունեության տեսակներն ընդգրկել ավելի պարզ ընթացակարգով գործող արտոնագրային վճարների համակարգ:

Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել վերանայելու նաեւ խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված գործունեության տեսակներից տնտեսավարող սուբյեկտներ ստանում են մեծ եկամուտներ, որոնք համադրելի չեն իրենց կողմից վճարվող հարկերի հետ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակների համար արդարացի եւ հիմնավորված հարկային բեռի սահմանմանը, ինչպես գործունեության որոշ տեսակներով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների համար հարկային վարչարարության պարզեցմանը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը. Նախագծերի կարգավորման նպատակը հաստատագրված վճարների համակարգում գտնվող գործունեության որոշ տեսակների համար ներկայումս կիրառվող հաստատագրված վճարի չափերի վերանայումն է եւ հարկման ընթացակարգերի պարզեցումը:

5. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից:

6. Ակնկալվող արդյունքը. Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է`

ա) ներկայումս հաստատագրված վճարների համակարգով հարկվող գործունեության որոշ տեսակներ տեղափոխել արտոնագրային վճարներով հարկման համակարգ,

բ) գործունեության որոշ տեսակների համար սահմանել հաստատագրված վճարի առավել հիմնավորված դրույքաչափեր,

գ) ապահովելով պետական բյուջե հավաքագրվող լրացուցիչ եկամուտներ: