Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1287-10.11.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 15-րդ կետի 15.4 ենթակետում  «բազային տուրքի 5000-ապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի 1000-ապատիկի չափով» բառերով:

Հոդված 2. Օրենքի  20-րդ հոդվածի 15-րդ կետում «բազային տուրքի տասնապատիկի չափով» եւ «բազային տուրքի 20-պատիկի չափով» բառերը փոխարինել համապատասխանաբար «բազային տուրքի 30-պատիկի չափով» եւ «բազային տուրքի 60-պատիկի չափով» բառերով:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.1-րդ կետով`
 
«15.1. ԱՏԳ ԱԱ 26 ապրանքային ծածկագրերին դասվող հանքաքարերի,  արտահանման սերտիֆիկատ տալու համար` Յուրաքանչյուր անգամ արտահանվող հանքաքարի տվյալ ծավալում մետաղի պարունակության եւ դրա միջազգային շուկայական միջին գնի հիման հաշվարկված արժեքի 3 տոկոսի չափով

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը. Նախագծի ընդունումը պայմանավորված է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին զուգահեռ խնդրո առարկա օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունմամբ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման համար նախատեսվում տարեկան պետական տուրքի գանձում բազային տուրքի 15000-ապատիկի չափով:

Նախատեսվում է պետական տուրք սահմանել նաեւ ԱՏԳ ԱԱ 26 ապրանքային ծածկագրերին դասվող հանքաքարերի արտահանման սերտիֆիկատ տալու համար:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. Ներկայումս լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է համարվում միայն օղու արտադրությունը, որի համար գանձվում է նաեւ պետական տուրք: Նշված փոփոխության կատարման անհրաժեշտությունը պայմանավորված է համահավասար պայմաննների ապահովմամբ օղու արտադրություն իրականացնողների եւ օղի ներմուծողների միջեւ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է բոլոր տնտեսվարողների համար հարկման համահավասար դաշտի ապահովմանը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը. Նախագծի ընդունման արդյունքում համահավասար պայմաններ կապահովվեն օղու արտադրությամբ զբաղվողների եւ օղի ներմուծողների միջեւ:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ներդաշնակ օրենսդրական դաշտ:  Հարկ է նշել նաեւ, որ նախագծի ընդունման դեպքում, այլ հավասար պայմաններում, նախատեսվում է պետական տուրքի գծով պետական եկամուտների աճ: