Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասից հանել, «այդ թվում` գույքի վերագնահատումը» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
Հիմնավորում
«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը. Նախագծի անհրաժեշտությունը բխում է բանկային գործունեության ոլորտից շահութահարկի տեսքով լրացուցիչ բյուջետային եկամուտներ հավաքագրելու քաղաքականությունից:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. Ներկայումս «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բանկերին բացառիկ իրավունք է վերապահված` ինքնուրույն վերագնահատելու իրենց կողմից տնօրինվող գույքը: Ընդ որում, այդ վերագնահատման արդյունքները, որպես օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքներ, շահութահարկով հարկման նպատակով կիրառվում են հարկվող շահույթի որոշման ժամանակ (ամորտիզացիոն մասհանումների կամ գույքն օտարելիս մնացորդային արժեքների չափով համախառն եկամտից նվազեցումներ կատարելու ձեւով):
Խնդիրը կայանում է նրանում, որ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բանկերին տրված վերոնշյալ բացառիկ իրավունքը հարկման անհավասար պայմաններ է ձեւավորում բանկերի եւ այլ տնտեսավարող սուբյեկտների համար, ինչը չի բխում հարկման արդարության սկզբունքից:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է բանկային ոլորտից լրացուցիչ հարկային եկամուտների հավաքագրմանը:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը. Նախագծի կարգավորման նպատակը բանկերին օրենքով սահմանված կարգով հիմնական միջոցների վերագնահատումնր կատարելու հնարավորությունից զրկելն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հիմնական միջոցների վերագնահատման մասով հավասար պայմաններ սահմանել բանկերի եւ այլ տնտեսավարող սուբյեկտների միջեւ: