Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-086-03.04.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-20-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ

«1) հնգօրյա ժամկետում քննարկել պատգամավորի գրավոր հարցումը կամ առաջարկը եւ գրավոր պատասխանել նրան: Եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու կամ առաջարկը քննարկելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը պատգամավորին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ երեքշաբաթյա ժամկետում՝ հարցումը կամ առաջարկը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում պատգամավորին գրավոր տեղյակ պահելով հետաձգման պատճառների մասին.»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 51-րդ հոդվածի 1-ին մասի` յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություն-ներ ստանալու եւ փաստաթղթերին ծանոթանալու իրավունք: 2003թ. սեպտեմբերի 23-ին ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ ՏԱ օրենք) 9-րդ հոդվածի 7-րդ մասը հստակ հնգօրյա ժամկետ է սահմանում տեղեկություններ պահանջող հարցումներին պատասխանելու համար? Նույն հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ եթե հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունները դիմողին են տրվում հարցումը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունները տրամադրելու վերջնական ժամկետը:

Մինչդեռ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 6-րդ հոդվածում ամրագրված կարգավորումը նախատեսում է պատգամավորի հարցմանը պատասխանելու երեքշաբաթյա ժամակետ՝ անկախ այն հանգամանքից տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանքի կատարում, թե՝ ոչ: Կարծում ենք, որ անհրաժեշտ է տարբերակված մոտեցում ցուցաբերել եվ լրացուցիչ աշխատանքի կատարման անհրաժեշտության բացակայության դեպքում նախատեսել պատգամավորի հարցմանը պատասխանելու հնգօրյա ժամկետ, եւ միայն պահանջվող տեղեկությունը ճշտելու, վերլուծություն կատարելու կամ այդ տեղեկությունը հավաքելու այսինքն՝ լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտության դեպքում՝ երեքշաբաթյա ժամկետ:

Օրենքի նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքում ամրագրել պատգամավորի գրավոր հարցումը կամ առաջարկը քննարկելու եւ գրավոր պատասխանելու հնգօրյա ժամկետ, իսկ դրա կապակցությամբ լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտության դեպքում միայն պահպանել գործող օրենքով նախատեսված երեքշաբաթյա ժամկետը՝ նախատեսելով հետաձգման պատճառների մասին պատգամավորին տեղյակ պահելու իրավասու պաշտոնատար անձանց պարտականությունը: Սահմանել պատգամավորի հարցմանը իրավասու պաշտոնատար անձանց կողմից պատասխան տրամադրելու հնգօրյա ժամկետ, իսկ լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտության դեպքում երեքշաբաթյա ժամկետ: Նման կարգավորումը հնարավորություն կտա առավել արդյունավետորեն կազմակերպել պատգամավորի գործունությունը եւ իրացնել պատգամավորի համար օրենքով նախատեսված երաշխիքները՝ խուսափելով չարդարացված ձգձգումերից:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՛ն պարոն ՄԻՐԶՈՅԱՆ,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են

1. օրենքի նախագիծը

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը

3. գործող օրենքի այն հոդվածի մասին տեղեկանքը, որում առաջարկվում է կատարել փոփոխություն:

Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ 4 թերթ՝

ՀԱՐԳԱՆՔՈՎ` ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆ