Հոդված 2. Օրենսգրքի 258-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի աղյուսակի «Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտներ» տողի 2-րդ սյունակի «8» թիվը փոխարինել «6» թվով.
2) 3-րդ մասում «հինգ» բառը փոխարինել «երեք» բառով:
Հոդված 3. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Մինչեւ սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 58.35 միլիոն դրամի շեմը գերազանցած հարկ վճարողները 2019 թվականի ընթացքում շարունակում են համարվել ԱԱՀ վճարողներ:
Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ կիրառվում է 2019 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում ներառվող հաշվետու ժամանակաշրջանների համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների մասով շրջանառության հարկի հաշվարկման նպատակով:
Հիմնավորում
ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
Շրջանառության հարկի մասով
Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը սահմանել տարեկան կտրվածքով իրացման շրջանառության 115 մլն դրամի չափով՝ ներկայումս գործող 58.35 մլն դրամի փոխարեն:
Հիշեցնենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի գործող կարգավորումների համաձայն` 2019 թվականի հունվարի 1-ից ԱԱՀ-ի շեմը տարեկան կտրվածքով 115 միլիոն դրամից նվազել է եւ դարձել 58.35 միլիոն դրամ, ինչը հանդիսանում է փոքր եւ միջին ձեռնարկատիրության հարկային միջավայրի վատթարացում:
Չնայած այն հանգամանքին, որ ներկայումս Կառավարության կողմից շրջանառության մեջ դրված Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով նախատեսվում է նշված շեմի փոփոխություն եւ 115 մլն դրամի չափով սահմանում, այդուհանդերձ, հաշվի առնելով Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի ընդունման ժամկետների եւ ընթացակարգերի ժամանակատարությունը, ինչպես նաեւ ՓՄՁ ոլորտի հարկային միջավայրի հնարավորինս շուտ բարելավման հրատապությունն ու վարվող քաղաքականության կանխատեսելիության բարձրացման անհրաժեշտությունը, հարկ ենք համարում այդ փոփոխությունն իրականացնել ավելի շուտ՝ առանձին օրենսդրական նախաձեռնության տեսքով:
Հանրային սննդն ոլորտի հարկման մասով
Մյուս խնդիրը կապված է հանրային սննդի ոլորտի հարկման համակարգի հետ: Հանրային սննդի ոլորտի գործունեությունը 2018 թվականի հուլիսի 1-ից արտոնագրային հարկի համակարգից տեղափոխվել է շրջանառության հարկի համակարգ եւ նախատեսվել է, որ հետագա տարիներին գործունեության այս տեսակի մասով սահմանված հարկային բեռը աստիճանաբար կբարձրանա:
Հետապնդելով տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հարկման պայմանների բարելավման նպատակ` Կառավարության կողմից շրջանառության մեջ դրված Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է նվազեցնել հանրային սննդի ոլորտում գործունեությամբ զբաղվողների հարկային բեռը` այն ամրագրելով 2018 թվականի երկրորդ կիսամյակի համար սահմանված չափով՝ իրացման շրջանառության 6 տոկոս` հանած ծախսերի 3 տոկոս, բայց ոչ պակաս իրացման շրջանառության 4 տոկոսից: Սակայն խնդիրն այն է, որ տվյալ ոլորտի ընկերությունները 2019 թվականի առաջին եռամսյակի հարկային հաշվետվությունները պետք է ներկայացնեն մինչեւ ապրիլի 20-ը: Քանի որ Կառավարության կողմից ԱԺ ներկայացված Հարկային օրենսգրքի փաթեթը մինչեւ նշված ժամկետը հնարավոր չէ ընդունել, ուստի տնտեսվարողները ստիպված են լինելու հաշվետվությունները ներկայացնել ըստ նախկին կարգավորման (8% - 5%), որից հետո ճշգրտել այդ հաշվետվությունները՝ ըստ բարելավված դրույթների:
Նշված խնդիրներից խուսափելու համար առաջարկում ենք թե՛ շրջանառության հարկի շեմի եւ թե՛ հանրային սննդի ոլորտի հարկման դրույքաչափերի մասով կարգավորումները՝ որպես առանձին օրենսդրական նախաձեռնություն, արագացված կարգով քննարկել ԱԺ-ում եւ ընդունել:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան,
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.
ա) օրենքի նախագիծը,(հիմնական զեկուցող՝ Բաբկեն Թունյան)
բ) օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:
Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ՝ ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆ