ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.Օրենքի գործողության ոլորտը
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման գործունեության իրավական հիմքերը եւ դրա մասնակիցների իրավասությունը, ինչպես նաեւ կանոնակարգում է ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակման եւ կիրառման սկզբունքները։
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
ստանդարտացում ` իրականում գոյություն ունեցող կամ հնարավոր խնդիրների վերաբերյալ համընդհանուր եւ բազմակի կիրառման համար դրույթների սահմանման միջոցով որոշակի բնագավառում կարգավորվածության լավագույն աստիճանին հասնելուն ուղղված գործունեություն,
ստանդարտ ՝ փաստաթուղթ, որով սահմանվում են գործունեության տարբեր ձեւերին կամ դրանց արդյունքներին վերաբերող համընդհանուր եւ բազմակի կիրառման համար կանոններ, ընդհանուր սկզբունքներ կամ բնութագրեր՝ ուղղված որոշակի բնագավառում լավագույն կարգավորվածության ձեռքբերմանը, որը մշակվում է փոխհամաձայնության հիման վրա եւ հաստատվում՝ ճանաչված մարմնի կողմից,
միջազգային ստանդարտ ` ստանդարտացման միջազգային կազմակերպության կողմից ընդունված եւ հանրությանը հասանելի ստանդարտ,
տարածաշրջանային ստանդարտ (այդ թվում` եվրոպական եւ միջպետական) ` ստանդարտացման տարածաշրջանային կազմակերպության կողմից ընդունված եւ հանրությանը հասանելի ստանդարտ,
ազգային ստանդարտ ` ստանդարտացման ազգային մարմնի կողմից ընդունված եւ հանրությանը հասանելի ստանդարտ,
եվրոպական ստանդարտ ` ստանդարտացման եվրոպական կազմակերպության կողմից ընդունված եւ հանրությանը հասանելի ստանդարտ,
միջպետական ստանդարտ ` Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) կողմից ընդունված եւ հանրությանը հասանելի ստանդարտ,
ստանդարտացման կանոններ եւ ուղեցույցներ ` փաստաթուղթ, որը բովանդակում է ստանդարտացման աշխատանքների կատարման վերաբերյալ կազմակերպատեխնիկական եւ/կամ ընդհանուր տեխնիկական դրույթներ, կարգեր, մեթոդներ, ինչպես նաեւ այդ աշխատանքների արդյունքների ձեւակերպման ուղեցույցներ եւ կանոններ,
տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության դասակարգիչները ` փաստաթուղթ, որով սահմանվում են դասակարգման օբյեկտների եւ դրանց ենթաբազմության կոդերի ու անվանումների հավաքածուները,
տեխնիկական պայմաններ ` տեխնիկական պահանջները սահմանող փաստաթուղթ, որին պետք է համապատասխանեն որոշակի արտադրանքը, աշխատանքը (այդ թվում` գործընթացը), ծառայությունը,
շահագրգիռ կողմ ` ստանդարտացման գործընթացում շահագրգիռ կամ որեւէ կերպ ներգործող ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ,
փոխհամաձայնություն ` ընդհանուր համաձայնություն, որը բնութագրվում է շահագրգիռ կողմերի մեծամասնության միջեւ էական հարցերի վերաբերյալ լուրջ առարկությունների բացակայությամբ եւ ձեռք է բերվում բոլոր կողմերի կարծիքները հաշվի առնելուն ուղղված եւ ցանկացած վիճարկելի փաստարկների մոտարկման գործընթացի միջոցով։ Փոխհամաձայնությունը պարտադիր չէ, որ ենթադրի լրիվ միակարծություն,
ստանդարտացման ազգային մարմին ՝ պետության կողմից ճանաչված ստանդարտացման մարմին, որն իրավունք ունի ճանաչվելու որպես համապատասխան միջազգային կամ տարածաշրջանային ստանդարտացման կազմակերպության ազգային անդամ,
լիազորված պետական մարմին ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին,
ստանդարտացման ազգային համակարգ ` նորմատիվ փաստաթղթերով կանոնակարգված ստանդարտացման աշխատանքների կազմակերպման եւ վարման փոխկապակցված կանոններ եւ դրույթներ,
պետական ստանդարտացման ամենամյա ծրագիրը ` ծրագիր, որը մշակվում է պետական կառավարման մարմինների առաջարկությունների հիման վրա, հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ եւ ենթակա է պետական ֆինանսավորման,
ստանդարտացման ամենամյա ծրագիր ` ծրագիր, որը մշակվում է Ստանդարտացման ազգային մարմնի կողմից ստանդարտացման ոլորտի շահագրգիռ կողմերի առաջարկությունների հիման վրա, ելնելով տնտեսության զարգացման, տնտեսության մեջ միջազգային նորարարական գիտելիքի եւ փորձի ներդրման անհրաժեշտությունից եւ առկա կարիքներից: Ստանդարտացման ամենամյա ծրագիրը ներառում է նաեւ պետական ամենամյա ծրագիրը եւ հաստատվում է Ստանդարտացման խորհրդի կողմից:
Հոդված 3. Ստանդարտացման նպատակները եւ օբյեկտները
1. Ստանդարտացման նպատակներն են`
1) արտադրանքի, ծառայությունների եւ գործընթացների անվտանգության մակարդակի բարելավումը, մարդկանց առողջության ու կյանքի եւ շրջակա միջավայրի պաշտպանությունը,
2) արտադրանքների, գործընթացների եւ ծառայությունների որակի բարձրացման խթանումը,
3) աշխատուժի, նյութերի եւ էներգիայի արդյունավետ օգտագործման երաշխավորումը,
4) արտադրության, բազմագործառութային կառավարման արդյունավետության բարձրացումը, համատեղելիության եւ համափոխարինելիության երաշխավորումը,
5) միջազգային առեւտրում տեխնիկական խոչընդոտների վերացումը,
6) գիտատեխնիկական առաջընթացի եւ նորարարության խթանումը,
7) չափումների միասնականության ապահովումը,
8) երկրի պաշտպանության ապահովումը,
9) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումը:
2. Ստանդարտացման օբյեկտներն են՝ արտադրանքը, աշխատանքը (այդ թվում՝ գործընթացը) եւ ծառայությունը։
Հոդված 4. Ստանդարտացման սկզբունքները
Ստանդարտացման ազգային մարմինը ապահովում է Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման գործունեության իրականացումը հետեւյալ uկզբունքների համաձայն`
1) ազգային ստանդարտների մշակման, ընդունման եւ կամավոր կիրառման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի կամավոր եւ հավասար մասնակցության իրավունքի պահպանումը,
2) շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության վրա հիմնված ազգային uտանդարտների մշակումը եւ ընդունումը,
3) ստանդարտացման գործընթացի բոլոր փուլերում աշխատանքների թափանցիկությունը եւ պատշաճ հանրային իրազեկումը,
4) ստանդարտացման գործընթացում շահագրգիռ կողմերի համընդհանուր շահերի նկատմամբ որեւէ անձնական շահի գերիշխման կանխարգելումը,
5) ազգային ստանդարտների համապատասխանությունը միմյանց եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը,
6) գիտության եւ տեխնոլոգիայի համաշխարհային նորարարական, առաջադիմական նվաճումները, միջազգային` այդ թվում եվրոպական ստանդարտացման կանոնները եւ արդյունքները հաշվի առնելը,
7) միջազգային եւ տարածաշրջանային uտանդարտներին ներդաշնակ ազգային uտանդարտների մշակումը` հաշվի առնելով աշխարհագրական, կլիմայական եւ հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը,
8) գործողության մեջ դրված ազգային ստանդարտների եւ դրանց փոփոխությունների պատշաճ ծանուցումը բոլոր շահագրգիռ կողմերին,
9) ստանդարտացման աշխատանքների իրականացումը տեխնիկական հանձնաժողովների միջոցով:
Հոդված 5. Ստանդարտացման հարաբերությունների իրավական կարգավորումը
Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով։
Հոդված 6. Միջազգային պայմանագրերը
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են ստանդարտացման գործունեությունը կարգավորող այլ դրույթներ, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի դրույթները:
ԳԼՈՒԽ II
ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 7. Uտանդարտացման բնագավառում պետական քաղաքականությունը
Հայաuտանի Հանրապետությունում ստանդարտացման բնագավառում պետական քաղաքականությունը ձեւավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը եւ հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։
Հոդված 8. Ստանդարտացման գործընթացի մասնակիցները
Ստանդարտացման գործընթացի մասնակիցներն են՝ Լիազորված պետական մարմինը, ստանդարտացման ազգային մարմինը, տեխնիկական կառավարման խորհուրդը, ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովները, պետական կառավարման այլ մարմիններ, ինչպես նաեւ այլ շահագրգիռ կողմեր։
Հոդված 9. Լիազորված պետական կառավարման մարմինը
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը`
1) մշակում եւ ապահովում է ստանդարտացման բնագավառում պետական քաղաքականության իրականացումը,
2) ապահովում է պետության կարիքների համար ստանդարտացման աշխատանքների ֆինանսավորումը,
3) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում պետական ստանդարտացման ծրագիրը:
Հոդված 10. Ստանդարտացման ազգային մարմինը
1.Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ազգային մարմինը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
2. Ստանդարտացման ազգային մարմինը.
1) ընդունում եւ գործողության մեջ է դնում ազգային ստանդարտները,
2) դադարեցնում է ազգային ստանդարտների գործողությունը,
3) հաստատում եւ հրապարակում է ստանդարտացման ամենամյա ծրագիրը,
4) ստանդարտացման ազգային համակարգի ստանդարտներով սահմանում է ստանդարտացման աշխատանքների կատարման կազմակերպամեթոդական եւ ընդհանուր տեխնիկական կանոնները, ընթացակարգերը, ինչպես նաեւ միջազգային, տարածաշրջանային ստանդարտների եւ այլ պետությունների ազգային ստանդարտների կիրառման կարգը ազգային ստանդարտների կարգավիճակով ստանդարտացման ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան,
5) ստեղծում է ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովները եւ համակարգում դրանց գործունեությունը,
6) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը ստանդարտացման միջազգային կազմակերպություններում,
7) մասնակցում է միջազգային եւ տարածաշրջանային ստանդարտացման աշխատանքներին,
8) ստեղծում եւ վարում է ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդը,
9) իր ուսումնական կենտրոնի միջոցով իրականացնում է տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, չափագիտության եւ համապատասխանության գնահատման բնագավառներում մասնագետների համապատասխան ուսուցումը եւ վերապատրաստումը,
10) իրականացնում է ազգային, միջազգային, տարածաշրջանային ստանդարտների, ստանդարտացման բնագավառի կանոնների եւ ուղեցույցների եւ դրանց փոփոխությունների գրանցումը (հաշվառումը) եւ պատասխանատվություն է կրում դրանց պահպանման համար,
11) ապահովում է միջազգային, տարածաշրջանային եւ ազգային մակարդակներով ստանդարտացման բնագավառում տեղեկատվության փոխանակումը,
12) մատուցում է տեղեկատվական ծառայություններ,
13) կազմակերպում է ազգային, միջազգային եւ տարածաշրջանային ստանդարտների, կանոնների, ուղեցույցների, ինչպես նաեւ ամենամյա կատալոգների եւ եռամսյակային տեղեկատուների հրապարակումը եւ տարածումը,
14) կազմակերպում է միջազգային եւ տարածաշրջանային ստանդարտների փորձաքննությունը,
15) կանոնակարգող մարմնի հանձնարարությամբ նախապատրաստում եւ հրապարակում է տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումն ապահովող ստանդարտների ցանկը,
16) գործում է Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ազգային շահերից ելնելով,
17) ապահովում է ստանդարտացման միջազգային եւ տարածաշրջանային այն կազմակերպությունների կանոնների եւ պարտավորությունների կատարումը, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը:
Հոդված 11. Կառավարման խորհուրդը
1. Կառավարման խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) Ստանդարտացման ազգային մարմնի կառավարման մարմինն է, որը կազմված է Խորհրդի նախագահից, 10 անդամներից` ստանդարտացման գերակա ոլորտներում ներգրավված շահագրգիռ 5 պետական կառավարման մարմինների եւ 5 ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներից:
2. Խորհրդի անհատական կազմը սահմանում է լիազորված պետական կառավարման մարմինը:
3. Ստանդարտացման ազգային մարմնի տնօրենը հանդիսանում է Խորհրդի քարտուղարը եւ չի կարող հանդես գալ որպես Խորհրդի նախագահ:
4. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե ներկա են քվեարկության ձայնի իրավունք ունեցող Խորհրդի անդամների առնվազն 2/3 անդամ:
5.Խորհրդի նախագահը ընտրվում է Խորհրդի անդամների կողմից:
6. Խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ:
7. Խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա գտնվող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Նիստին ներկա գտնվող անդամների ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
8. Խորհուրդը`
1) ընդունում է որոշումներ Ստանդարտացման ազգային մարմնի գործունեության պլանավորման եւ գործունեության հետ կապված խնդիրների կանոնակարգման վերաբերյալ,
2) հաստատում է Ստանդարտացման ազգային մարմնի աշխատանքային ծրագրերը եւ հեռանկարային գործունեության հնգամյա ռազմավարությունները,
3) ստեղծում է աշխատանքային խմբեր` Ստանդարտացման ազգային մարմնի գործունեության հետ կապված հարցերի ուսումնասիրության եւ համապատասխան որոշումների նախապատրաստման համար,
4) դիմում է շահագրգիռ կողմերին` տարբեր հարցերի շուրջ կարծիք արտահայտելու խնդրանքով,
5) քննարկում է Ստանդարտացման ազգային մարմնի հաջորդ տարվա բյուջեի նախագիծը եւ ներկայացնում է առաջարկություն` այն լիազոր պետական կառավարման մարմնի հաստատմանը ներկայացնելու վերաբերյալ,
6) քննարկում, հաստատում եւ հրապարակում է Ստանդարտացման ազգային մարմնի գործունեության տարեկան արդյունքները,
7) սահմանում է uտանդարտացման բնագավառում պետական քաղաքականության իրականացման հեռանկարային ռազմավարությունը,
8) համապատաuխան շահագրգիռ մարմինների եւ ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների առաջարկությունների հիման վրա ընդունում է ստանդարտացման ամենամյա ծրագիրը,
9) ապահովում է ստանդարտացման ազգային համակարգի համապատասխանությունն ազգային տնտեսության շահերին, նյութատեխնիկական բազայի ներկա վիճակին եւ գիտատեխնիկական առաջընթացին,
10) առաջարկություն է ներկայացնում uտանդարտացման տեխնիկական հանձնաժողովների ստեղծման, լուծարման, դրանց կանոնադրության եւ աշխատանքային ծրագրերի ընդունման վերաբերյալ, համակարգում եւ իրականացնում է դրանց գործունեության ընթացաստուգումը, ինչպես նաեւ մեթոդական ղեկավարումը,
11) համակարգում է Հայաստանի Հանրապետությունում ազգային, միջազգային եւ տարածաշրջանային uտանդարտացման աշխատանքները` այդ աշխատանքների կատարմանն ընդգրկելով շահագրգիռ կողմերին, ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովներին եւ համապատասխան փորձագետներին,
12) հաստատում, հրապարակում եւ լիազորված պետական կառավարման մարմին է ներկայացնում հաշվետվություն Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ամենամյա ծրագրի կատարման վերաբերյալ.
13) իրականացնում է Ստանդարտացման ազգային մարմնի կանոնադրությամբ Խորհրդին վերապահված այլ լիազորություններ:
Հոդված 12. Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովները
1. Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովները ապահովում են ամրագրված գործունեության բնագավառում ազգային, միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտացման աշխատանքների կատարումը։ Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների կազմի մեջ ստանդարտացման ոլորտում իրենց շահերի նյութականացման նպատակով հավասարության եւ կամավորության հիմունքներով ընդգրկվում են ստանդարտացման ազգային մարմնի, պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, գիտահետազոտական ինստիտուտների, արհեստակցական միությունների, հասարակական կազմակերպությունների (միությունների), ձեռնարկատերերի ու սպառողների միավորումների, առեւտրային ու ոչ առեւտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ֆիզիկական անձինք։
2. Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովն ամրագրված գործունեության ոլորտին համապատասխան`
1) ընդունում է ազգային ստանդարտների, ստանդարտացման կանոնների եւ ուղեցույցների նախագծերը եւ առաջարկություն ներկայացնում դրանք գործողության մեջ դնելու վերաբերյալ,
2) իրականացնում է ազգային, միջազգային եւ տարածաշրջանային ստանդարտների եւ դրանց փոփոխությունների մշակումը, ինչպես նաեւ նախապատրաստում է առաջարկություններ դրանց վերանայման, գործողության դադարեցման վերաբերյալ,
3) անցկացնում է միջազգային, տարածաշրջանային, ազգային ստանդարտների եւ դրանց փոփոխությունների նախագծերի փորձաքննություն,
4) մասնակցում է ստանդարտացման ծրագրերի ձեւավորմանը,
5) մասնակցում է ստանդարտացման միջազգային եւ տարածաշրջանային տեխնիկական հանձնաժողովների (ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի) աշխատանքներին, նրանց քարտուղարությունների վարմանը` ստանդարտացման ազգային մարմնի եւ ստանդարտացման միջազգային (տարածաշրջանային) կազմակերպությունների միջեւ կնքված համաձայնագրերին համապատասխան,
6) կազմակերպում եւ իրականացնում է ամրագրված գործունեության բնագավառում, ստանդարտացման փաստաթղթերի փորձաքննություն` գիտության եւ տեխնիկայի արդի նվաճումներին համապատասխան` հաշվի առնելով ազգային տնտեսության վիճակը,
7) իրականացնում է իր կանոնադրությամբ եւ աշխատանքային ծրագրով նախատեսված այլ աշխատանքներ։
3. Համապատասխան ոլորտում գործող տեխնիկական հանձնաժողովի բացակայության դեպքում, ստանդարտի մշակման համար ստեղծվում է շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ, որն իրականացնում է սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված գործառույթները:
Հոդված 13. Հայաստանի Հանրապետության ստանդարտացման փաստաթղթերը
1. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ստանդարտացման փաստաթղթերն են՝
1) ազգային ստանդարտները,
2) ստանդարտացման կանոնները եւ ուղեցույցները,
3) միջազգային ստանդարտները,
4) տարածաշրջանային, այդ թվում` եվրոպական եւ միջպետական ստանդարտները:
2. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերում սահմանված պահանջները պետք է հիմնված լինեն գիտության, տեխնիկայի եւ տեխնոլոգիայի ժամանակակից նվաճումների, միջազգային, տարածաշրջանային ստանդարտների, ստանդարտացման կանոնների եւ նորմերի վրա, հաշվի առնելով արտադրանքի օգտագործման, աշխատանքի կատարման եւ ծառայության մատուցման պայմանները, եւ չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը։
Հոդված 14. Ազգային ստանդարտները
1. Ազգային ստանդարտներն են՝
1) Հայաստանի Հանրապետության ստանդարտները, որոնք մշակվում եւ կիրառվում են հայերենով,
2) ստանդարտացման ազգային համակարգով սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում ազգային ստանդարտի կարգավիճակով կիրառվող միջազգային, տարածաշրջանային եւ այլ պետությունների ազգային ստանդարտները։
2. Ազգային ստանդարտներով սահմանվում են պահանջներ եւ/կամ նորմեր՝ արտադրանքի, աշխատանքի եւ ծառայության անվտանգության, տեխնիկական եւ տեղեկատվական համատեղելիության, արտադրանքի համափոխարինելիության, արտադրանքի սպառողական (շահագործական) հիմնական բնութագրերի, փորձարկման մեթոդների, արտադրանքը փաթեթավորելու, մակնշելու, պահելու, փոխադրելու, օգտագործելու, վերականգնելու (նորոգելու) եւ օգտահանելու վերաբերյալ, ինչպես նաեւ դասակարգման օբյեկտների եւ դրանց ենթաբազմության կոդերի ու անվանումների հավաքածուներ։
Ազգային ստանդարտներով սահմանվում են նաեւ արտադրանքի մշակման, արտադրման եւ օգտագործման (շահագործման) տեխնիկական փաստաթղթերի ձեւակերպման, արտադրանքի, աշխատանքի եւ ծառայության որակի ապահովման, միջոցների օգտագործման պահանջներ, ինչպես նաեւ տերմիններ, չափագիտական եւ այլ կազմակերպատեխնիկական եւ ընդհանուր տեխնիկական կանոններ։
3. Ազգային ստանդարտների համար կիրառվում է «ՀՍՏ» դասիչը։ «Հայաստանի ազգային ստանդարտ» անվանումը եւ «ՀՍՏ» հապավումը պաշտպանվում են հեղինակային իրավունքների մասին օրենսդրությամբ եւ չեն կարող կիրառվել այլ տեսակի փաստաթղթերի համար:
4. Միջազգային, տարածաշրջանային եւ այլ պետությունների ազգային ստանդարտները ազգային ստանդարտի կարգավիճակով ընդունվում եւ կիրառվում են ստանդարտացման ազգային համակարգով սահմանված հավանության եւ վերահրատարակման մեթոդներով։
Հոդված 15. Ռազմական ոլորտի ազգային ստանդարտներ
Ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) ազգային ստանդարտների մշակման, ընդունման եւ կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 16. Ստանդարտացման փաստաթղթերի կիրառումը
1. Ստանդարտացման փաստաթղթերի կիրառումը որոշվում է իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից՝ արտադրանքի մշակման, արտադրման, իրացման, օգտագործման (շահագործման), պահման, փոխադրման, օգտահանման, ինչպես նաեւ աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման փուլերում։
2. Ստանդարտացման փաստաթղթերը կիրառվում են գործող օրենսդրությունում, նորմատիվ իրավական ակտերում, պայմանագրերում, համաձայնագրերում եւ կազմակերպությունների փաստաթղթերում:
3. Ազգային ստանդարտների կիրառումը կամավոր է։ Ստանդարտի կիրառումը դառնում է պարտադիր`
1) բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար, եթե դա նախատեսվում է տեխնիկական կանոնակարգերով,
2) արտադրանք (աշխատանք, ծառայություն) արտադրողի (կատարողի, մատուցողի) համար, եթե կա հղում ստանդարտներին արտադրանքի (աշխատանքի, ծառայության) համապատասխանության հավաստման մասին փաստաթղթերում (սերտիֆիկացում կամ հայտարարագրում) կամ արտադրանքի մակնշվածքում եւ (կամ) շահագործման փաստաթղթում:
4. Միջազգային, տարածաշրջանային եւ այլ պետությունների ազգային ստանդարտները կիրառվում են միջազգային համագործակցության մասին համաձայնագրերի (պայմանագրերի) կամ ստանդարտացման ազգային մարմնի եւ համապատասխան միջազգային, տարածաշրջանային եւ այլ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների միջեւ կնքած համաձայնագրերի (պայմանագրերի) հիման վրա:
5. Ստանդարտը իրավական ակտ չէ:
Հոդված 17. Ազգային ստանդարտների մշակումը
1. Շահագրգիռ կողմերը կարող են առաջարկել ազգային ստանդարտների նախագծեր:
2. Ազգային ստանդարտների մշակումը ներառում է հետեւյալ փուլերը.
1) ստանդարտի նախագծի եւ/կամ մշակման առաջարկի ներկայացում ստանդարտացման ազգային մարմնին,
2) ստանդարտի մշակման գործընթացի կազմակերպումը` տեխնիկական հանձնաժողովի կամ աշխատանքային խմբի միջոցով,
3) նախագծի առաջին խմբագրության մշակումը եւ դրա հրապարակային քննարկումը,
4) ազգային ստանդարտի նախագծի երկրորդ խմբագրության հրապարակային քննարկում,
5) ստանդարտի վերջնական նախագծի ընդունում տեխնիկական հանձնաժողովի (աշխատանքային խմբի) կողմից,
6) Ստանդարտացման ազգային մարմնի կողմից ստանդարտացման տեխնիկական խորհրդի եզրակացության հիման վրա ստանդարտի ընդունում եւ հրապարակում:
Հոդված 18. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվությունը եւ հրապարակումը, ազգային ֆոնդի ստեղծումը
1. Ազգային ստանդարտների, ստանդարտացման կանոնների եւ ուղեցույցների հրապարակման եւ տարածման (տրամադրման) իրավունքը պատկանում է ստանդարտացման ազգային մարմնին։
2. Ստանդարտացման միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների, որոնց անդամ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, ստանդարտների հրապարակումը եւ տարածումը իրականացվում է ստանդարտացման միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների կողմից սահմանված կարգով եւ պայմաններով:
3. Այլ պետությունների ստանդարտների հրապարակումը եւ տարածումը իրականացնում է ստանդարտացման ազգային մարմինը այլ պետությունների ստանդարտացման կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերին (համաձայնագրերին) համապատասխան:
4. Ստանդարտների տրամադրումը պետական կառավարման մարմիններին իրականացվում է պետական պատվերի շրջանակներում:
5. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի պահպանման եւ դրանց վերաբերյալ տեղեկատվության ապահովման նպատակով ստեղծվում է ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդ, որը պարունակում է ազգային ստանդարտներ, դասակարգիչներ, տեխնիկական պայմաններ, միջազգային, տարածաշրջանային, միջպետական եւ այլ պետությունների ազգային ստանդարտներ, ստանդարտացման կանոններ եւ այլն։
ԳԼՈՒԽ III
ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 19. Ստանդարտացման աշխատանքների ֆինանսավորումը
1. Պարտադիր պետական ֆինանսավորման ենթակա են՝
1) ստանդարտացման ամենամյա պետական ծրագրով նախատեսված ազգային ստանդարտների մշակումը,
2) միջազգային համաձայնագրերով նախատեսված միջազգային, տարածաշրջանային եւ միջպետական ստանդարտների մշակումը կամ մասնակցությունը դրանց մշակմանը,
3) միջազգային եւ տարածաշրջանային ստանդարտացման կազմակերպություններին անդամակցության անդամավճարների մուծումը,
4) uտանդարտացման փաuտաթղթերի ազգային ֆոնդի uտեղծումը եւ վարումը,
5) ստանդարտների տրամադրումը պետական կառավարման մարմիններին:
2. Ստանդարտացման աշխատանքների ֆինանսավորման այլ աղբյուրներ են հանդիսանում`
1) ազգային ստանդարտների իրացումից ստացած միջոցները,
2) պայմանագրային հիմունքներով ստանդարտների մշակումից ստացած միջոցները,
3) սերտիֆիկացումից ստացած միջոցները,
4) օրենքով չարգելված այլ միջոցներ:
ԳԼՈՒԽ IV
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 20. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
2. Հայաստանի Հանրապետության կազմակերպություններում գործող տեխնիկական պայմանները որպես ստանդարտացման փաստաթուղթ մինչեւ 2015թ. դեկտեմբերի 31-ը պետք է փոխարինվեն ազգային ստանդարտներով կամ կազմակերպության ստանդարտներով կամ ուժը կորցրած ճանաչվեն: Մինչեւ համապատասխան ազգային ստանդարտների ընդունումը, կազմակերպությունների տեխնիկական պայմաններն ենթակա են փորձաքննության եւ հաշվառման ստանդարտացման ազգային մարմնում` համաձայն գործող ստանդարտացման կանոնների եւ ուղեցույցների:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 1999 թ. նոյեմբերի 9-ի «Ստանդարտացման մասին» ՀՕ-8 օրենքը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Անհրաժեշտությունը.
«Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին», «Ստանդարտացման մասին» եւ «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նպատակը 2011 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 111-Ն որոշման, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության եվ Եվրոպական միության միջեւ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկի նպատակով մինչեւ 2011 թվականի հունիս ամիսը կատարվելիք միջոցառումների ժամանակացույցի» 1-ին կետի կատարման ապահովումն է, համաձայն որի ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարված է սկսել ՀՀ կառավարության 2010թվականի դեկտեմբերի 16-ի N 1693-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ որակի ենթակառուցվածքների բարեփոխման ռազմավարության եւ Գործողությունների ծրագրի իրականացումը, մասնավորապես` մշակել «Ստանդարտացման մասին», «Հավատարմագրման մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին» եւ «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքները:
Սույն օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է հիմք ընդունելով`
Ներկայումս գործող` ոլորտը կանոնակարգող «Ստանդարտացման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» եւ «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքները չեն նպաստում համակարգերում առկա խնդիրների լիարժեք լուծմանը, ուստի համակարգերը կանոնակարգող օրենքները արդիկանացման կարիք ունեն` նպատակաուղղված.
տնտեսվարող սուբյեկտների վարչական բեռի կրճատմանը, որը պայմանավորվում է տեխնիկական կանոնակարգերով, հնացած ստանդարտներով, պարտադիր սերտիֆիկացման պահանջներով եւ որոնց գոյությունը չի հիմնավորվում Առեւտրի համաշխարհային կազմակերպության ԱՏԽ համաձայնագրի պահանջների տեսանկյունից,
սպառողների շահերի պաշտպանության մակարդակի բարձրացմանը` միջազգային լավագույն փորձի ներդրման եւ արտադրանքի անվտանգության եւ սպառողների պաշտպանությանը լավագույնս ծառայելու համար:
Այսպիսով, որակի ենթակառուցվածքի բարեփոխման նպատակը տեխնիկական կանոնակարգերի, ստանդարտացման, չափագիտության, հավատարմագրման, փորձարկման, տեխնիկական հսկողության, սերտիֆիկացման եւ շուկայի վերահսկողության ազգային ընթացակարգերի արդիկանացումն է` ներքին եւ արտաքին բնույթի խնդիրներին լավագույնս ծառայելու համար:
Ընդհանուր առմամբ, գործող համակարգի վերաբերյալ 2010թ. ներկայացվեցվել են միջազգային փորձագետների զեկույցները, համաձայն որոնց ոլորտը կանոնակարգող ներկա օրենսդրական դաշտը հիմնականում չի համապատասխանում միջազգային լավագույն փորձին եւ հանգեցնում է անարդյունավետ ազգային որակի ենթակառուցվածքի եւ բացի դա, որակին առնչվող ծառայությունների, ինչպիսիք են` սերտիֆիկացումը, փորձարկումը եւ ստուգաճշտումը, թույլ շուկան` արտադրանքի որակի հետ կապված մարտահրավերներ է առաջադրում Հայաստանում:
ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ ԽՀԱԱՀ-ի շուրջ բանակցությունների մեկնարկի տեսանկյունից խնդրահարույց է համարվում առեւտրի տեխնիկական խոչընդոտների ոլորտը, որի բարեփոխումը ենթադրում է կանոնակարգերի, ստանդարտների եւ գործելակերպերի աստիճանական մոտարկում եւ այն անհրաժեշտ է սկսել նախ օրենսդրության մոտարկումից: Մոտարկման նպատակն է ապահովել ազգային որակի ենթակառուցվածքի զարգացման հեռանկարային ուղղվածություն եւ գոյություն ունեցող համակարգը բարեփոխել այնպես, որ այն համապատասխանի միջազգային եւ եվրոպական պահանջներին: ՀՀ օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը չմոտարկված լինելը խոչընդոտում է Հայաստանում արտադրվող արտադրանքի արտահանմանը եւ չի նպաստում սպառողների եւ պետության շահերի արդյունավետ պաշտպանությանը:
Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրումը` համապատասխանության հավաստման, չափումների միասնականության ապահովման եւ տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառներում չի իրականացվում մեկ համատարմագրման ընթացակարգով եւ մեկ հավատարմագրման մարմնի կողմից, որը հակասում է միջազգային եւ եվրոպական պահանջներին` ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտ եւ թիվ 765/2008 (ԵՀ) կանոնակարգ:
Հավատարմագրման մարմինը չի անդամակցում, որեւէ միջազգային, եվրոպական հավատարմագրման կազմակերպությանը, ուստի, հավատարմագրման վկայագրերը չեն ճանաչվում արտերկրում:
Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման ոլորտից դուրս են մնացել մի շարք բնագավառներ, մասնավորապես սննդամթերքի անվտանգության, աշխատանքի անվտանգության կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինների հավատարմագրումը եւ այլն:
Օրենքի նախագծով նախատեսվում է ստեղծել միջազգային եւ եվրոպական պահանջներին ներդաշնակ հավատարմագրման ազգային մարմին, որը կլինի համապատասխանության գնահատման մարմիններին հավատարմագրման ծառայություններ մատուցող Հայաստանի Հանրապետությունում միակ մարմինը, հավատարմագրման բնագավառում մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը: Օրենքի նախագծում ներառված են Հայատանի Հանրապետությունում օտարերկրյա համապատասխանության գնահատման մարմինների գործունեության իրականացման հնարավորության պայամանները, Հավատարմագրման ազգային մարմնի հավատարմագրման տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպություններին անդամակցության, հավատարմագրման վկայագրերի ու համապատասխանության գնահատման արդյունքների փոխճանաչման, օտարերկրյա հավատարմագրման մարմնի հետ համատեղ համապատասխանության գնահատման մարմինների գնահատման եւ հավատարմագրման իրականացման մասին դրույթները եւ այլն:
Հայաստանի Հանրապետության ստանդարտացման համակարգում հիմնական բարեփոխումներն իրականացվել են 1999 թ. «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ։ 2004թ. օրենքում կատարվեցին փոփոխություններ, որոնք նպատակ էին հետապնդում համապատասխանեցնել օրենքը միջազգային չափանիշներին եւ ապահովել ՀՀ անդամկցությունը ԱՀԿ-ին: Համաձայն ներկայումս գործող ՀՀ օրենքի որոշակի խառնաշփոթ է առաջանում ստանդարտացման եւ տեխնիկական կանոնակարգման գործընթացների միջեւ: Նոր օրենքի նախագծով նախատեսվում է տարանջատել ստանդարտացման գործընթացը պարտադիր պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերի սահմանման գործընթացից: Վերջինիս դրույթները նախատեսվում են առանձին օրենքով:
Ստանդարտացման բնագավառում պետական քաղաքականության սահմանման գործառույթը վերապահվում է պետական լիազորված մարմնին: Օրենքի նախագծով հստակեցվում են ստանդարտացման բնագավառի կառավարման մարմինների գործառույթները, ստանդարտացման սկզբունքները, ստանդարտների մշակման, ընդունման եւ կիրառման կարգը, ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի կազմը եւ բնույթը:
«Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ ուժը կորցրած պետք է ճանաչել ողջ օրենքը` բացառությամբ համապատասխան օրենքների 4-րդ գլխի, որը վերաբերում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի եւ ծառայությունների համապատասխանության նկատմաամբ պետական վերահսկողության իրականացման անհրաժեշտությամբ: Պարենային արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, իսկ ոչ պարենային արտադրանքի համար` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Պետական վերահսկողության իրականացման խնդիրները, գործառույթները, պարտականությունները եւ իրավասությունները պետք է նախատեսվեն այլ օրենքով, որը ներկայումս գտնվում է մշակման գործընթացում: Շուկայի վերահսկողությանը վերաբերող օրենքի ընդունումից հետո ուժը կորցրած կճանաչվեն նաեւ նշված օրենքի նշված գլուխը:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
ՀՀ կառավարության կողմից որդեգրված քաղաքականությունը ուղղված է նպատակին, որ Հայաստանը պետք է ապահովի արտադրանքի անվտանգությանը վերաբերող նոր օրենսդրության (ներդաշնակեցված ԵՄ ընդհանուր օրենսդրության ու միջազգային ստանդարտների հետ) արդյունավետ իրականացում եւ կիրարկում: Այն նախատեսում է որակի ամբողջ ենթակառուցվածքի բարեփոխումների իրականացում` համապատասխանեցնելով այն միջազգային օրենսդրությանը, ազգային տնտեսության նոր իրողություններին եւ համապատասխանեցնելով նաեւ մի շարք ոլորտներում առնչվող բարեփոխումներին, ինչպես օրինակ` <<Գործարար միջավայրի բարելավման>> բարեփոխումն է:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.
«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման նպատակը տեխնիկական կանոնակարգման ոլորտի բարեփոխումների իրականացումն է, ազգային տնտեսության նոր իրողություններին համապատասխանեցումը, ինչպես նաեւ ոլորտի կանոնակարգման օրեսդրական դաշտի ձեւավորումը` համապատասխան ԵՄ օրենդրությանը եւ միջազգային պահանջների:
Օրենքով հստակեցվել են.
հասկացությունները` ԵՄ N768/2008 դիրեկտիվի, ինչպես նաեւ ԱՏԽ համաձայնագրի պահանջներին համապատասխան,
տեխնիկական կանոնակարգերի մշակման եւ ընդունման ընթացակարգերը, նախատեսվել է պահանջ գործող տեխնիկական կանոնակարգերի վերանայման անհրաժեշտության վերաբերյալ,
տեխնիկական կանոնակարգերի կառուցվածքին ներկայացվող պահանջներ,
Սահմանվել են.
տեխնիկական կանոնակարգման եւ համապատասխանության գնահատման ընթացակարգերի բոլոր մասնակիցների պարտավորությունները,
տեխնիկական կանոնակարգերի գրանցամատյանի վարման պահանջ,
տեխնիկական կանոնակարգերի մշակման կամ դրանց մշակման կազմակերպման իրավասության վերաբերյալ դրույթներ,
որակի ազգային խորհրդի ստեղծման վերաբերյալ դրույթներ, ինչը կնպաստի ընդունվող տեխնիկական կանոնակարգերի թաոանցիկությանն ու անկախությանը:
Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման գործընթացի համար սահմանվել են գնահատման համար նշանակված մարմիններին եւ նրանց պարտականություններին, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս իրականացված համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչմանը, համապատասխանության գնահատման նշանակված մարմնի բողոքարկմանը, համապատասխանության հայտարարագրին վերաբերող դրույթներ:
Հավատարմագրման ոլորտում անհրաժեշտ է.
1. զարգացնել Հայաստանի Հանրապետության հավատարմագրման ազգային համակարգը,
2. նպաստել Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության գնահատման մարմինների կարողությունների եւ ծառայությունների կատարելագործմանը, բարձրացնել սպառողների վստահությունը համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների նկատմամբ,
3. ապահովել համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրումը` միջազգային լավագույն փորձին եւ պահանջներին համաձայն:
Ստանդարտացման բնագավառում օրենսդրական կարգավորման նպատակն է` սահմանել Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման գործունեության իրավական հիմքերը եւ դրա մասնակիցների իրավասությունը, ինչպես նաեւ կանոնակարգել ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակման եւ կիրառման սկզբունքները։
«Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքը առաջին անգամ տալիս է Հայաստանի Հանրապետությունում «չափածրարված արտադրանք» հասկացությունը:
Արտադրանքը համարվում է չափածրարված, երբ այն դրվում է փաթեթի մեջ առանց գնորդի ներկայության, եւ փաթեթում գտնվող արտադրանքի պարունակության քանակը ունի նախասահմանված արժեք (թե քանակ), որը հնարավոր չէ փոխել առանց փաթեթը բացելու կամ զգալի փոփոխություններ կատարելու։
Օրենքով կարգավորվում են չափածրարված արտադրանքի եւ չափիչ սրվակների մակնշման, չափագիտական նորմերի, պայմանանշանների խնդիրները, ինչպես նաեւ դրանց տրամադրման կարգը, ինչպես նաեւ չափածրարում իրականացնելու համար եւ չափածրարման հսկողության համար կիրառվող սարքավորումներին ներկայացվող չափագիտական պահանջները: Արգելվում է առանց պայմանանշանի չափածրարված արտադրանքի իրացումը եւ առանց համապատասխան պայմանանշանի` չափիչ սրվակների կիրառումը:
Այս խնդիրը համարվում է արդի չափագիտության հիմնարար խնդիրներից մեկը, որի լուծումը համարվում է ԵՄ պահանջ: Օրենքով կարգավորվում է նաեւ չափագիտական վերահսկողությունը որպես ստուգում դիտարկելու եւ կիրառելու հարցը: Վերջինս նվազեցում է կոռուպցիոն ռիսկերը:
Օրենքում հստակորեն ուրվագծված են չափագիտության բնագավառում պետության կողմից օրենսդրորեն կարգավորվող ոլորտները:
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.
Իրավական ակտի նախագծի մշակումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն:
6.Ակնկալվող արդյունքը.
«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման արդյունքում կապահովվի «Հայաստանի Հանրապետության եվ Եվրոպական միության միջեւ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկի նպատակով մինչեւ 2011 թվականի հունիս ամիսը կատարվելիք միջոցառումների ժամանակացույցի» 1-րդ կետով նախատեսված հանձնարարականի կատարումը,որով կիրականացվի օրենսդրության եւ գործելակերպերի համապատասխանեցումը միջազգային ու եվրոպական պահանջներին եւ որակի ենթակառուցվածքի ծառայությունների միջազգային ճանաչումը: Այն ազդեցություն կունենա սպառողների պաշտպանության ոլորտի վրա այն առումով, որ Հայաստանում կգործեն համապատասխանության գնահատման միջազգային նորմերին համապատասխան ծառայություններ, պայմաններ կստեղծվեն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում Հայաստանի արտադրողների մրցունակության բարձրացման համար, տեխնիկական կանոնակարգերը աստիճանաբար կմոտարկվեն ԵՄ-ի տեխնիկական կանոնակարգերին` բացառելով բյուրոկրատական քաշքշուկը:
«Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման արդյունքում եվրոպական եւ միջազգային հավատարմագրման համակարգերին մոտարկված Հայաստանի Հանրապետության հավատարմագրման համակարգի ձեւավորման մեկնարկն է ու հավատարմագրման ազգային մարմնի ձեւավորումը, որն էլ իր հերթին կբարձրացնի Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման բնագավառում մատուցվող ծառայությունների որակը եւ նախապայման կհանդիսանա Հավատարմագրման ազգային մարմնի կողմից հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների գործունեության արդյունքների ճանաչման համար:
Հավատարմագրման արդյունքների փոխճանաչման բազմակողմանի համաձայնագրերում հավատարմագրման մարմնի մասնակցությունը կվերացնի առեւտրային խոչընդոտները` կնպաստի արտաքին առեւտրի պայմանների դյուրինացմանը, արտահանման ծավալների մեծացմանը, բիզնեսի զարգացմանը, համապատասխանության գնահատման աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամանակի եւ ֆինանսական ռեսուրսների քանակի կրճատմանը, բարենպաստ պայմաններ կստեղծի տեղական արտադրողի համար, կապահովի ապրանքների ազատ տեղաշարժը, կբացառի նույն ապրանքի կրկնական փորձարկման եւ կրկնական սերտիֆիկացման անհրաժեշտությունը ու կնպաստի տնտեսության զարգացմանը:
7.Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են.)
«Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին», «Ստանդարտացման մասին» եւ «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը ներկայացվել են Եվրահանձնաժողով կարծիքի: Եվրահանձնաժողովի հանձնարարականի համաձայն վերջիններս ուսումնասիրվել են ԵՄ փորձագիտական խմբի միջազգային եւ ազգային փորձագետների կողմից, ինչպես նաեւ TAIEX գործիքի ներքո Եվրամիության փորձագիտական գնահատման առաքելության կողմից: Ներկայացվել են 172 կետ առաջարկություններ, որոնք բազմաթիվ քննարկումների արդյունքում լիովին ընդունվել են: