Armenian ARMSCII Armenian
Կ-12942-23.11.2011-ՏՀ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.Օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման գործունեության իրավական հիմքերը եւ դրա մասնակիցների իրավասությունները, ինչպես նաեւ կանոնակարգում է ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակման եւ կիրառման սկզբունքները։

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) ստանդարտացում`  իրականում գոյություն ունեցող կամ հնարավոր խնդիրների վերաբերյալ համընդհանուր եւ բազմակի կիրառման համար դրույթների սահմանման միջոցով որոշակի բնագավառում կարգավորվածության լավագույն աստիճանին հասնելուն ուղղված գործունեություն.

2) ստանդարտ՝ փաստաթուղթ, որով սահմանվում են գործունեության տարբեր ձեւերին կամ դրանց արդյունքներին վերաբերող համընդհանուր եւ բազմակի կիրառման համար կանոններ, ընդհանուր սկզբունքներ կամ բնութագրեր՝ ուղղված որոշակի բնագավառում լավագույն կարգավորվածության ձեռքբերմանը, որը մշակվում է փոխհամաձայնության հիման վրա եւ հաստատվում ճանաչված մարմնի կողմից.

3) միջազգային  ստանդարտ`  ստանդարտացման  միջազգային կազմակերպության կողմից ընդունված եւ հանրությանը հասանելի ստանդարտ.

4) տարածաշրջանային ստանդարտ (այդ թվում` եվրոպական եւ միջպետական)`  ստանդարտացման տարածաշրջանային կազմակերպության կողմից ընդունված եւ հանրությանը հասանելի ստանդարտ.

5) ազգային ստանդարտ` ստանդարտացման ազգային մարմնի կողմից ընդունված եւ հանրությանը հասանելի ստանդարտ.

6) եվրոպական ստանդարտ` ստանդարտացման եվրոպական կազմակերպության կողմից ընդունված եւ հանրությանը հասանելի ստանդարտ.

7) միջպետական ստանդարտ` Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) կողմից ընդունված եւ հանրությանը հասանելի ստանդարտ.

8) ստանդարտացման կանոններ եւ ուղեցույցներ` փաստաթուղթ, որը բովանդակում է ստանդարտացման աշխատանքների կատարման վերաբերյալ կազմակերպատեխնիկական եւ (կամ) ընդհանուր տեխնիկական դրույթներ, կարգեր, մեթոդներ, ինչպես նաեւ այդ աշխատանքների արդյունքների ձեւակերպման ուղեցույցներ եւ կանոններ.

9) տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության դասակարգիչ` փաստաթուղթ, որով սահմանվում են դասակարգման օբյեկտների եւ դրանց ենթաբազմության կոդերի ու անվանումների հավաքածուները.

10) տեխնիկական պայմաններ` տեխնիկական պահանջները սահմանող փաստաթուղթ, որին պետք է համապատասխանեն որոշակի արտադրանքը, աշխատանքը (այդ թվում` գործընթացը), ծառայությունը.

11) շահագրգիռ կողմ` ստանդարտացման գործընթացում շահագրգիռ կամ որեւէ կերպ  ներգործող ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ.

12) փոխհամաձայնություն` ընդհանուր համաձայնություն, որը բնութագրվում է շահագրգիռ կողմերի մեծամասնության միջեւ էական հարցերի վերաբերյալ լուրջ առարկությունների բացակայությամբ եւ ձեռք է բերվում բոլոր կողմերի կարծիքները հաշվի առնելուն ուղղված եւ ցանկացած վիճարկելի փաստարկների մոտարկման գործընթացի միջոցով։ Փոխհամաձայնությունը պարտադիր չէ, որ ենթադրի լրիվ միակարծություն.

13) Ստանդարտացման ազգային մարմին՝ պետության կողմից ճանաչված ստանդարտացման մարմին, որն իրավունք ունի ճանաչվելու որպես համապատասխան միջազգային կամ տարածաշրջանային ստանդարտացման կազմակերպության ազգային անդամ.

14) լիազորված պետական մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին.

15) ստանդարտացման ազգային համակարգ` նորմատիվ փաստաթղթերով կանոնակարգված ստանդարտացման աշխատանքների կազմակերպման եւ վարման փոխկապակցված կանոններ եւ դրույթներ.

16) պետական ստանդարտացման ամենամյա ծրագիր` ծրագիր, որը մշակվում է պետական կառավարման մարմինների առաջարկությունների հիման վրա, հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ եւ ենթակա է պետական ֆինանսավորման.

17) ստանդարտացման ամենամյա ծրագիր` ծրագիր, որը մշակվում է Ստանդարտացման ազգային մարմնի կողմից ստանդարտացման ոլորտի շահագրգիռ կողմերի առաջարկությունների հիման վրա` ելնելով տնտեսության զարգացման, տնտեսության մեջ միջազգային նորարարական գիտելիքի եւ փորձի ներդրման անհրաժեշտությունից եւ առկա կարիքներից: Ստանդարտացման ամենամյա ծրագիրը ներառում է նաեւ պետական ամենամյա ծրագիրը եւ հաստատվում է ստանդարտացման խորհրդի կողմից:

Հոդված 3. Ստանդարտացման նպատակները եւ օբյեկտները

1. Ստանդարտացման նպատակներն են`

1) արտադրանքի, ծառայությունների եւ գործընթացների անվտանգության մակարդակի բարելավումը, մարդկանց առողջության ու կյանքի եւ շրջակա միջավայրի պաշտպանությունը.

2) արտադրանքների, գործընթացների եւ ծառայությունների որակի բարձրացման խթանումը.

3) աշխատուժի, նյութերի եւ էներգիայի արդյունավետ օգտագործման երաշխավորումը.

4) արտադրության,  բազմագործառութային  կառավարման արդյունավետության բարձրացումը, համատեղելիության եւ համափոխարինելիության երաշխավորումը.

5) միջազգային առեւտրում տեխնիկական խոչընդոտների վերացումը.

6) գիտատեխնիկական առաջընթացի եւ նորարարության խթանումը.

7) չափումների միասնականության ապահովումը.

8) պետության պաշտպանության ապահովումը.

9) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումը:

2. Ստանդարտացման օբյեկտներն են արտադրանքը, աշխատանքը (այդ թվում՝ գործընթացը) եւ ծառայությունը։

Հոդված 4. Ստանդարտացման սկզբունքները

1. Ստանդարտացման ազգային մարմինն ապահովում է Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման գործունեության իրականացումը հետեւյալ uկզբունքների համաձայն`

1) ազգային ստանդարտների մշակման, ընդունման եւ կամավոր կիրառման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի կամավոր եւ հավասար մասնակցության իրավունքի պահպանում.

2) շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության վրա հիմնված ազգային uտանդարտների մշակում եւ ընդունում.

3) ստանդարտացման գործընթացի բոլոր փուլերում աշխատանքների թափանցիկություն եւ պատշաճ հանրային իրազեկում.

4) ստանդարտացման գործընթացում շահագրգիռ կողմերի համընդհանուր շահերի նկատմամբ որեւէ անձնական շահի գերիշխման  կանխարգելում.

5) ազգային ստանդարտների համապատասխանություն միմյանց եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.

6) գիտության եւ տեխնոլոգիայի համաշխարհային նորարարական, առաջադիմական նվաճումների միջազգային (այդ թվում` եվրոպական) ստանդարտացման կանոնների եւ արդյունքների հաշվի առնում.

7) միջազգային եւ տարածաշրջանային uտանդարտներին ներդաշնակ ազգային uտանդարտների մշակում` հաշվի առնելով աշխարհագրական, կլիմայական եւ հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը.

8) գործողության մեջ դրված ազգային ստանդարտների եւ դրանց փոփոխությունների պատշաճ ծանուցում բոլոր շահագրգիռ կողմերին.

9) ստանդարտացման աշխատանքների իրականացում տեխնիկական հանձնաժողովների միջոցով:

Հոդված 5.  Ստանդարտացման հարաբերությունների իրավական կարգավորումը

1. Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով։

Հոդված  6.  Միջազգային պայմանագրերը

1. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են ստանդարտացման գործունեությունը կարգավորող այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:

ԳԼՈՒԽ 2

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 7. Uտանդարտացման բնագավառում պետական քաղաքականությունը

1. Հայաuտանի Հանրապետությունում ստանդարտացման բնագավառում պետական քաղաքականությունը ձեւավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը եւ հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։

Հոդված 8. Ստանդարտացման գործընթացի մասնակիցները

1. Ստանդարտացման գործընթացի մասնակիցներն են լիազորված պետական մարմինը, Ստանդարտացման ազգային մարմինը, տեխնիկական կառավարման խորհուրդը, ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովները, պետական կառավարման այլ մարմիններ, ինչպես նաեւ այլ շահագրգիռ կողմեր։

Հոդված 9. Լիազորված պետական կառավարման մարմինը

1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը`

1) մշակում եւ ապահովում է ստանդարտացման  բնագավառում  պետական քաղաքականության իրականացումը.

2) ապահովում է պետության կարիքների համար ստանդարտացման աշխատանքների ֆինանսավորումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում պետական ստանդարտացման ծրագիրը:

Հոդված 10. Ստանդարտացման ազգային մարմինը

1. Հայաստանի  Հանրապետության  Ստանդարտացման  ազգային մարմինը սահմանվում է  Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

2. Ստանդարտացման ազգային մարմինը`

1) ընդունում եւ գործողության մեջ է դնում ազգային ստանդարտները.

2) դադարեցնում է ազգային ստանդարտների գործողությունը.

3) հաստատում եւ հրապարակում է ստանդարտացման ամենամյա ծրագիրը.

4) ստանդարտացման ազգային համակարգի ստանդարտներով սահմանում է ստանդարտացման աշխատանքների կատարման կազմակերպամեթոդական եւ ընդհանուր տեխնիկական կանոնները, ընթացակարգերը, ինչպես նաեւ միջազգային, տարածաշրջանային ստանդարտների եւ այլ պետությունների ազգային ստանդարտների կիրառման կարգը ազգային ստանդարտների կարգավիճակով` ստանդարտացման ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան.

5) ստեղծում է ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովներ եւ համակարգում դրանց գործունեությունը.

6) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը ստանդարտացման միջազգային կազմակերպություններում.

7) մասնակցում է միջազգային եւ տարածաշրջանային ստանդարտացման աշխատանքներին.

8) ստեղծում եւ վարում է ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդը.

9) իր ուսումնական կենտրոնի միջոցով իրականացնում է տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, չափագիտության եւ համապատասխանության գնահատման բնագավառներում մասնագետների ուսուցում եւ վերապատրաստում.

10) իրականացնում է ազգային, միջազգային, տարածաշրջանային ստանդարտների, ստանդարտացման բնագավառի կանոնների եւ ուղեցույցների, դրանց փոփոխությունների գրանցումը (հաշվառումը)  եւ պատասխանատվություն է կրում դրանց պահպանման համար.

11) ապահովում է միջազգային, տարածաշրջանային եւ ազգային մակարդակներով ստանդարտացման բնագավառում տեղեկատվության փոխանակումը.

12) մատուցում է տեղեկատվական ծառայություններ.

13) կազմակերպում է ազգային, միջազգային եւ տարածաշրջանային ստանդարտների, կանոնների, ուղեցույցների, ինչպես նաեւ ամենամյա կատալոգների եւ եռամսյակային տեղեկատուների հրապարակումը եւ տարածումը.

14) կազմակերպում է միջազգային եւ տարածաշրջանային ստանդարտների փորձաքննություն.

15) կանոնակարգող մարմնի հանձնարարությամբ նախապատրաստում եւ հրապարակում է տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումն ապահովող ստանդարտների ցանկը.

16) գործում է` ելնելով Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ազգային շահերից.

17) ապահովում է ստանդարտացման  միջազգային եւ տարածաշրջանային այն կազմակերպությունների կանոնների եւ պարտավորությունների կատարումը, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը:

Հոդված 11. Կառավարման խորհուրդը

1. Կառավարման խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) Ստանդարտացման ազգային մարմնի կառավարման մարմինն է, որը կազմված է Խորհրդի նախագահից, 10 անդամներից`  ստանդարտացման գերակա ոլորտներում ներգրավված շահագրգիռ 5 պետական կառավարման մարմինների եւ 5 ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներից:

2. Խորհրդի անհատական կազմը սահմանում է լիազորված պետական կառավարման մարմինը:

3. Ստանդարտացման ազգային մարմնի տնօրենը Խորհրդի քարտուղարն է եւ չի կարող հանդես գալ որպես Խորհրդի նախագահ:

4. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե ներկա է քվեարկության ձայնի իրավունք ունեցող Խորհրդի անդամների առնվազն 2/3-ը:

5. Խորհրդի նախագահը ընտրվում է Խորհրդի անդամների կողմից:

6. Խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ:

7. Խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Նիստին ներկա անդամների ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

8. Խորհուրդը`

1) ընդունում է որոշումներ Ստանդարտացման ազգային մարմնի գործունեության պլանավորման եւ գործունեության հետ կապված խնդիրների կանոնակարգման վերաբերյալ.

2) հաստատում է Ստանդարտացման ազգային մարմնի աշխատանքային ծրագրերը եւ հեռանկարային գործունեության հնգամյա ռազմավարությունները.

3) ստեղծում է աշխատանքային խմբեր` Ստանդարտացման ազգային մարմնի գործունեության հետ կապված հարցերի ուսումնասիրության եւ համապատասխան որոշումների նախապատրաստման համար.

4) դիմում է շահագրգիռ կողմերին` տարբեր հարցերի շուրջ կարծիք արտահայտելու առաջարկով.

5) քննարկում է Ստանդարտացման ազգային մարմնի հաջորդ տարվա բյուջեի նախագիծը եւ ներկայացնում է առաջարկություն` այն լիազորված պետական կառավարման մարմնի հաստատմանը ներկայացնելու վերաբերյալ.

6) քննարկում, հաստատում եւ հրապարակում է Ստանդարտացման ազգային մարմնի գործունեության տարեկան արդյունքները.

7) սահմանում է uտանդարտացման բնագավառում պետական քաղաքականության իրականացման հեռանկարային ռազմավարությունը.

8) համապատաuխան շահագրգիռ մարմինների եւ ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների առաջարկությունների հիման վրա ընդունում է ստանդարտացման ամենամյա ծրագիրը.

9) ապահովում է ստանդարտացման ազգային համակարգի համապատասխանությունն ազգային տնտեսության շահերին, նյութատեխնիկական բազայի ներկա վիճակին եւ գիտատեխնիկական առաջընթացին.

10) առաջարկություն է ներկայացնում uտանդարտացման տեխնիկական հանձնաժողովների ստեղծման, լուծարման, դրանց կանոնադրության եւ աշխատանքային ծրագրերի ընդունման վերաբերյալ, համակարգում եւ իրականացնում է դրանց գործունեության մշտադիտարկումը, ինչպես նաեւ մեթոդական ղեկավարումը.

11) համակարգում է Հայաստանի Հանրապետությունում ազգային, միջազգային եւ տարածաշրջանային uտանդարտացման աշխատանքները` այդ աշխատանքների կատարմանը ներգրավելով շահագրգիռ կողմերին, ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովներին եւ համապատասխան փորձագետներին.

12) հաստատում, հրապարակում եւ լիազորված պետական կառավարման մարմին է ներկայացնում հաշվետվություն Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ամենամյա ծրագրի կատարման վերաբերյալ.

13) իրականացնում է Ստանդարտացման ազգային մարմնի կանոնադրությամբ Խորհրդին վերապահված այլ լիազորություններ:

Հոդված 12.  Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովները

1. Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովներն ապահովում են ամրագրված գործունեության բնագավառում ազգային, միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտացման աշխատանքների կատարումը։ Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների կազմում ստանդարտացման ոլորտում իրենց շահերի նյութականացման նպատակով հավասարության եւ կամավորության հիմունքներով ընդգրկվում են Ստանդարտացման ազգային մարմնի, պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, գիտահետազոտական ինստիտուտների, արհեստակցական միությունների, հասարակական կազմակերպությունների (միությունների), ձեռնարկատերերի ու սպառողների միավորումների, առեւտրային ու ոչ առեւտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ֆիզիկական անձինք։

2. Ստանդարտացման  տեխնիկական  հանձնաժողովն  ամրագրված գործունեության ոլորտին  համապատասխան`

1) ընդունում է ազգային ստանդարտների, ստանդարտացման կանոնների եւ ուղեցույցների նախագծերը եւ առաջարկություն ներկայացնում դրանք գործողության մեջ դնելու վերաբերյալ.

2) իրականացնում է ազգային, միջազգային եւ տարածաշրջանային ստանդարտների եւ դրանց փոփոխությունների մշակումը, ինչպես նաեւ նախապատրաստում է առաջարկություններ դրանց վերանայման, գործողության դադարեցման վերաբերյալ.

3) անցկացնում է միջազգային, տարածաշրջանային, ազգային ստանդարտների եւ դրանց փոփոխությունների նախագծերի փորձաքննություն.

4) մասնակցում է ստանդարտացման ծրագրերի ձեւավորմանը.

5) մասնակցում է ստանդարտացման միջազգային եւ տարածաշրջանային տեխնիկական հանձնաժողովների (ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի) աշխատանքներին, նրանց քարտուղարությունների վարմանը` Ստանդարտացման ազգային մարմնի եւ ստանդարտացման միջազգային (տարածաշրջանային) կազմակերպությունների միջեւ կնքված համաձայնագրերին համապատասխան.

6) կազմակերպում եւ իրականացնում է ամրագրված գործունեության բնագավառում ստանդարտացման փաստաթղթերի փորձաքննություն` գիտության եւ տեխնիկայի արդի նվաճումներին համապատասխան` հաշվի առնելով ազգային տնտեսության վիճակը.

7) իրականացնում է իր կանոնադրությամբ եւ աշխատանքային ծրագրով նախատեսված այլ աշխատանքներ։

3. Համապատասխան ոլորտում գործող տեխնիկական հանձնաժողովի բացակայության դեպքում ստանդարտի մշակման համար ստեղծվում է շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ, որն իրականացնում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործառույթները:

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության ստանդարտացման փաստաթղթերը

1. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ստանդարտացման փաստաթղթերն են՝

1) ազգային ստանդարտները.

2) ստանդարտացման կանոնները եւ ուղեցույցները.

3) միջազգային ստանդարտները.

4) տարածաշրջանային, այդ թվում` եվրոպական եւ միջպետական ստանդարտները:

2. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերում սահմանված պահանջները պետք է հիմնված լինեն գիտության, տեխնիկայի եւ տեխնոլոգիայի ժամանակակից նվաճումների, միջազգային, տարածաշրջանային ստանդարտների, ստանդարտացման կանոնների եւ նորմերի վրա` հաշվի առնելով արտադրանքի օգտագործման, աշխատանքի կատարման եւ ծառայության մատուցման պայմանները, եւ չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը։

Հոդված 14. Ազգային ստանդարտները

1. Ազգային ստանդարտներն են՝

1)  Հայաստանի Հանրապետության ստանդարտները, որոնք մշակվում եւ կիրառվում են հայերենով.

2) ստանդարտացման ազգային համակարգով սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում ազգային ստանդարտի կարգավիճակով կիրառվող միջազգային, տարածաշրջանային եւ այլ պետությունների ազգային ստանդարտները։

2. Ազգային ստանդարտներով սահմանվում են պահանջներ եւ (կամ) նորմեր արտադրանքի, աշխատանքի եւ ծառայության անվտանգության, տեխնիկական եւ տեղեկատվական համատեղելիության, արտադրանքի համափոխարինելիության, արտադրանքի սպառողական (շահագործական) հիմնական բնութագրերի, փորձարկման մեթոդների, արտադրանքը փաթեթավորելու, մակնշելու, պահելու, փոխադրելու, օգտագործելու, վերականգնելու (նորոգելու) եւ օգտահանելու վերաբերյալ, ինչպես նաեւ դասակարգման օբյեկտների եւ դրանց ենթաբազմության կոդերի ու անվանումների հավաքածուներ։

Ազգային ստանդարտներով սահմանվում են նաեւ արտադրանքի մշակման, արտադրման եւ օգտագործման (շահագործման) տեխնիկական փաստաթղթերի ձեւակերպման, արտադրանքի, աշխատանքի եւ ծառայության որակի ապահովման, միջոցների օգտագործման պահանջներ, ինչպես նաեւ տերմիններ, չափագիտական եւ այլ կազմակերպատեխնիկական եւ ընդհանուր տեխնիկական կանոններ։

3. Ազգային ստանդարտների համար կիրառվում է «ՀՍՏ» դասիչը։ «Հայաստանի ազգային ստանդարտ» անվանումը եւ «ՀՍՏ» հապավումը պաշտպանվում են հեղինակային իրավունքների մասին օրենսդրությամբ եւ չեն կարող կիրառվել այլ տեսակի փաստաթղթերի համար:

4. Միջազգային, տարածաշրջանային եւ այլ պետությունների ազգային ստանդարտներն ազգային ստանդարտի կարգավիճակով ընդունվում եւ կիրառվում են ստանդարտացման ազգային համակարգով սահմանված հավանության եւ վերահրատարակման մեթոդներով։

Հոդված 15. Ռազմական ոլորտի ազգային ստանդարտները

1. Ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) ազգային ստանդարտների մշակման, ընդունման եւ կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 16. Ստանդարտացման փաստաթղթերի կիրառումը

1. Ստանդարտացման փաստաթղթերի կիրառումը որոշվում է իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից՝ արտադրանքի մշակման, արտադրման, իրացման, օգտագործման (շահագործման), պահման, փոխադրման, օգտահանման, ինչպես նաեւ աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման փուլերում։

2. Ստանդարտացման փաստաթղթերը կիրառվում են գործող օրենսդրությունում, նորմատիվ իրավական ակտերում, պայմանագրերում, համաձայնագրերում  եւ կազմակերպությունների  փաստաթղթերում:

3. Ազգային ստանդարտների կիրառումը կամավոր է։ Ստանդարտի կիրառումը դառնում է պարտադիր`

1) բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար, եթե դա նախատեսվում է տեխնիկական կանոնակարգերով.

2) արտադրանք (աշխատանք, ծառայություն) արտադրողի (կատարողի, մատուցողի) համար, եթե կա հղում ստանդարտներին արտադրանքի (աշխատանքի, ծառայության) համապատասխանության հավաստման մասին փաստաթղթերում (սերտիֆիկացում կամ հայտարարագրում) կամ արտադրանքի մակնշվածքում եւ (կամ) շահագործման փաստաթղթում:

4. Միջազգային, տարածաշրջանային եւ այլ պետությունների ազգային ստանդարտները կիրառվում են միջազգային համագործակցության մասին համաձայնագրերի (պայմանագրերի) կամ Ստանդարտացման ազգային մարմնի եւ համապատասխան միջազգային, տարածաշրջանային եւ այլ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների միջեւ կնքված համաձայնագրերի (պայմանագրերի) հիման վրա:

5. Ստանդարտը իրավական ակտ չէ:

Հոդված 17. Ազգային ստանդարտների մշակումը

1. Շահագրգիռ կողմերը կարող են առաջարկել ազգային ստանդարտների նախագծեր:

2. Ազգային ստանդարտների մշակումը ներառում է հետեւյալ փուլերը`

1) ստանդարտի նախագծի եւ (կամ) մշակման առաջարկի ներկայացում Ստանդարտացման ազգային մարմին.

2) ստանդարտի մշակման գործընթացի կազմակերպում տեխնիկական հանձնաժողովի կամ աշխատանքային խմբի միջոցով.

3) նախագծի առաջին խմբագրության մշակում եւ դրա հրապարակային քննարկում.

4) ազգային ստանդարտի նախագծի երկրորդ խմբագրության հրապարակային քննարկում.

5) ստանդարտի վերջնական նախագծի ընդունում տեխնիկական հանձնաժողովի (աշխատանքային խմբի) կողմից.

6) Ստանդարտացման ազգային մարմնի կողմից ստանդարտացման տեխնիկական խորհրդի եզրակացության հիման վրա ստանդարտի ընդունում եւ հրապարակում:

Հոդված 18.  Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվությունը եւ հրապարակումը, ազգային ֆոնդի ստեղծումը

1. Ազգային ստանդարտների, ստանդարտացման կանոնների եւ ուղեցույցների հրապարակման եւ տարածման (տրամադրման) իրավունքը պատկանում է Ստանդարտացման ազգային մարմնին։

2. Ստանդարտացման  միջազգային  եւ  տարածաշրջանային կազմակերպությունների (որոնց անդամ է Հայաստանի Հանրապետությունը) ստանդարտների հրապարակումը եւ տարածումն իրականացվում են ստանդարտացման միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների սահմանած կարգով եւ պայմաններով:

3. Այլ պետությունների ստանդարտների հրապարակումը եւ տարածումն իրականացնում է  Ստանդարտացման ազգային մարմինը` այլ պետությունների ստանդարտացման կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերին (համաձայնագրերին) համապատասխան:

4. Ստանդարտների տրամադրումը պետական կառավարման մարմիններին իրականացվում է պետական պատվերի շրջանակներում:

5. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի պահպանման եւ դրանց վերաբերյալ տեղեկատվության ապահովման նպատակով ստեղծվում է ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդ, որը պարունակում է ազգային ստանդարտներ, դասակարգիչներ, տեխնիկական պայմաններ, միջազգային, տարածաշրջանային, միջպետական եւ այլ պետությունների ազգային ստանդարտներ, ստանդարտացման կանոններ եւ այլն։

ԳԼՈՒԽ  3

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 19. Ստանդարտացման աշխատանքների ֆինանսավորումը

1. Պարտադիր պետական ֆինանսավորման ենթակա են՝

1) ստանդարտացման ամենամյա պետական ծրագրով նախատեսված ազգային ստանդարտների մշակումը.

2) միջազգային համաձայնագրերով նախատեսված միջազգային, տարածաշրջանային եւ միջպետական ստանդարտների մշակումը կամ մասնակցությունը դրանց մշակմանը.

3) միջազգային  եւ  տարածաշրջանային  ստանդարտացման կազմակերպություններին անդամակցության անդամավճարների մուծումը.

4) uտանդարտացման փաuտաթղթերի ազգային ֆոնդի uտեղծումը եւ վարումը.

5) ստանդարտների տրամադրումը պետական կառավարման մարմիններին:

2. Ստանդարտացման աշխատանքների ֆինանսավորման այլ աղբյուրներ են`

1) ազգային ստանդարտների իրացումից ստացված միջոցները.

2) պայմանագրային հիմունքներով ստանդարտների մշակումից ստացված միջոցները.

3) սերտիֆիկացումից ստացված միջոցները.

4) օրենքով չարգելված այլ միջոցներ:

ԳԼՈՒԽ  4

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 20. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2. Հայաստանի Հանրապետության կազմակերպություններում գործող տեխնիկական պայմանները որպես ստանդարտացման փաստաթուղթ մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը պետք է փոխարինվեն ազգային ստանդարտներով կամ կազմակերպության ստանդարտներով կամ ուժը կորցրած ճանաչվեն: Մինչեւ համապատասխան ազգային ստանդարտների ընդունումը կազմակերպությունների տեխնիկական պայմանները ենթակա են փորձաքննության եւ հաշվառման Ստանդարտացման ազգային մարմնում` համաձայն գործող ստանդարտացման կանոնների եւ ուղեցույցների:

3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-18  օրենքը: