Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-12963-25.11.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության (1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-239) քաղաքացիական օրենսգրքի 598-րդ հոդվածում` լրացնել 4-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ`

«4) օրենքով կարող են սահմանվել նվիրատվությունն արգելելու այլ դեպքեր»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1.  Անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի ընդունումը պայմանավորված է «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթի հետ, ըստ որի կուսակցության գույքի նվիրատվությունը կամ նվիրաբերությունն արգելվում է:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ գործող  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 598-րդ հոդվածով հստակ սահմանված են այն դեպքերը, որոնցով արգելվում է նվիրատվություններ կատարելը, իսկ այդ դեպքերի մեջ բացակայում է  նախագծով առաջարկվող դրույթը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Օրենքի նախագծով նախատեսվում է բարձրացնել կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկությունը եւ ֆինանսական գործունեության վերահսկողությունը։

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Օրենքի նախագծով նախատեսվում է բացառել  կուսակցության գույքի ոչ նպատակային օգտագործումը:

5. Ակնկալվող արդյունքը.

Հիշյալ օրենքի ընդունումն ու կիրառումը կբացառի կուսակցությունների գուքի՝ օրենքի խախտմամբ նվիրատվություններ կատարելը, քանի որ կուսակցության գույքը նախատեսված է օգտագործել կուսակցության նպատակների համար։