Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-109-17.04.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 08-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 37-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Քրեակատարողական ծառայողի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա աշխատավարձը պահպանվում է:»:

Հոդված 2.

Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունից եւ երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունից հանել «, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար» բառերը:

Հոդված 3.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

Առաջարկվող նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով.

Համաձայն Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ մասի՝ դատավորի լիազորությունները կասեցնելու ընթացքում դատավորն ստանում է հատուցում` որպես ոչ աշխատողի մեղքով պարապուրդում գտնվող:

Ըստ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասի՝  դատախազի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա աշխատավարձը պահպանվում է:

«Քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանմամբ՝ քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա աշխատավարձը պահպանվում է:

Մինչդեռ, «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսվում է, որ քրեակատարողական ծառայողի լիազորությունների՝ քրեական հետապնդում իրականացվելու հիմքով կասեցման դեպքում նրան աշխատավարձ վճարվում է մինչեւ երկու ամսվա համար, իսկ մնացած վճարումը կատարվում է անմեղության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ արդարացման դատավճիռ կայացնելու դեպքում:

Ընդ որում, ըստ նույն օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ծառայությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչեւ դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում` նրան չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար: Քրեակատարողական այն ծառայողներին, ովքեր ազատման պահից մինչեւ վերականգնվելն աշխատել են այլ կազմակերպություններում կամ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ, ստանում են հատուցում, եթե այլ աշխատանքից ստացած ամսական եկամուտը ավելի քիչ է, քան զբաղեցրած պաշտոնին համապատասխանող պաշտոնային դրույքաչափը: Հատուցումը վճարվում է նրանց` ծառայությունում զբաղեցրած վերջին պաշտոնի պաշտոնեական դրույքաչափի եւ ծառայությունից ազատված ժամանակահատվածում ստացած ամսական եկամտի միջեւ եղած տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:

Կարծում ենք՝ նման տարբերակված մոտեցումն այս պաշտոնների  միջեւ հիմնավորված չէ: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել միատեսակ սկզբունք՝ առանց խտրականության ենթարկելու քրեակատարողական ծառայողներին:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՈՐՈՇՈւՄ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ   65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի ապրիլի 15-ի նիստում

Ո Ր Ո Շ Ե Ց

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
 
 
 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապե-տության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը?

Նախագծին կից ներկայացվում են՝

- խմբակցության որոշումն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մասին,

- նախագծի ընդունման հիմնավորումը,

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում են օրենքի համապատասխան հոդվածներում առաջարկվող փոփոխությունները:

Նախագծի հիմնական զեկուցողն է Տարոն Սիմոնյանը:

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ ___ թերթ:

Հարգանքով՝      ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ