Հոդված 1. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-410-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 23. ԿՈՒUԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ
1. Կուսակցության գույքը գոյանում է`
1) կուսակցությանն անդամագրվելու համար միանվագ կատարվող վճարներից (մուտքի վճարներից), սահմանված չափով պարբերաբար կատարվող վճարներից (անդամավճարներից), եթե դրանք սահմանված են կուսակցության կանոնադրությամբ.
2) սույն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված նվիրատվություններից.
3) սույն oրենքի 27-րդ հոդվածով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորումից.
4) օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
2. Կուսակցության անդամը սեփականության իրավունք չունի կուսակցությանը պատկանող գույքի կամ դրա մասի նկատմամբ: Կուսակցության գույքի նվիրատվությունը արգելվում է:
3.Կուսակցությունը պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար, իսկ կուսակցության անդամը պատասխանատվություն չի կրում կուսակցության պարտավորությունների համար:»
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 25. ԿՈՒUԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Կուսակցություններն իրավունք ունեն գույքի` այդ թվում դրամական միջոցների տեսքով նվիրատվություններ ստանալ ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Կուսակցությանը տրվող նվիրատվության, ինչպես նաեւ կուսակցության համար կատարված աշխատանքների ու ծառայությունների (այսուհետ` նվիրատվություն) ընդհանուր չափը` դրամական արտահայտությամբ, մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել oրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի միլիոնապատիկը, այդ թվում`
1) մեկ առեւտրային կազմակերպության կողմից` oրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը.
2) մեկ ոչ առեւտրային կազմակերպության կողմից` oրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը.
3) մեկ ֆիզիկական անձի կողմից` oրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը.
3. Չի թույլատրվում նվիրատվություններ`
1) բարեգործական կամ կրոնական կազմակերպություններից, ինչպես նաեւ դրանց մասնակցությամբ կազմակերպություններից.
2) պետական եւ համայնքային բյուջեներից եւ/կամ արտաբյուջետային միջոցներից, բացառությամբ սույն oրենքի 27-րդ հոդվածի համաձայն կատարվող ֆինանսավորման.
3) պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններից եւ պետական ու համայնքային մասնակցությամբ առեւտրային կազմակերպություններից.
4) նվիրատվության կատարման oրվանից մինչեւ վեց ամիս առաջ գրանցված իրավաբանական անձանցից.
5) oտարերկրյա պետություններից, oտարերկրյա քաղաքացիներից ու իրավաբանական անձանցից, ինչպես նաեւ oտարերկրյա մասնակցությամբ իրավաբանական անձանցից, եթե oտարերկրյա մասնակցի բաժնետոմսերը, փայը, բաժնեմասը տվյալ իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում 30 տոկոսից ավելի է.
6) միջազգային կազմակերպություններից եւ միջազգային հասարակական շարժումներից.
7) քաղաքացիություն չունեցող անձանցից.
8) անանուն անձանցից:
4. Uույն հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը գերազանցող նվիրատվությունների ստացման դեպքում կուսակցությունը պարտավոր է ստացման օրվանից երկու շաբաթվա ընթացքում նվիրատվության սահմանված չափից ավելի ստացված մասը կամ նվիրատվությունն ամբողջությամբ, իսկ սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին, 4-րդ եւ 7-րդ կետերով չթույլատրված նվիրատվությունները` ամբողջությամբ վերադարձնել նվիրատուին, իսկ դրա անհնարիության դեպքում՝ փոխանցել պետական բյուջե:
5. Uույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ եւ 8-րդ կետերով չթույլատրված նվիրատվությունների ստացման դեպքում կուսակցությունը պարտավոր է ստացման օրվանից երկու շաբաթվա ընթացքում դրանք փոխանցել պետական բյուջե:
6. Նվիրատվություն կատարող ֆիզիկական անձինք պարտավոր են նշել իրենց անունը, ազգանունը, բնակության վայրը, իսկ իրավաբանական անձինք` իրավաբանական անձանց միջեւ անկանխիկ հաշվարկի կանոններով պահանջվող բոլոր տեղեկությունները:
7. Կուսակցությանը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի դրամական հատկացումները կատարվում են անկանխիկ:
8. Սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված համապատասխան նվիրատվությունների ստացման եւ դրանք օրենքով սահմանված ժամկետներում համապատասխանաբար պետական բյուջե կամ նվիրատուին չփոխանցելու դեպքում կուսակցության համապատասխան պաշտոնատար անձը (անձինք) ենթարկվում են պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:»
Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 28. ԿՈՒUԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ
1. Կուսակցությունները պետական մարմիններ ֆինանսական ու հաշվապահական հաշվետվություններ են ներկայացնում իրավաբանական անձանց համար օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում:
2. Կուսակցությունը պարտավոր է սույն օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր տարի` հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, մամուլում հրապարակել հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած եւ ծախսած միջոցների մասին հաշվետվություն (այսուհետ` հաշվետվություն) եւ օրենքով նախատեսված դեպքերում դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը, ինչպես նաեւ սահմանված կարգով այն տեղադրել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
3. Հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած եւ ծախսած միջոցների մասին հաշվետվությունը պետք է տվյալներ պարունակի կուսակցության հաշվում մուտք արված միջոցների աղբյուրների եւ ծավալի, այդ միջոցների ծախսման, ինչպես նաեւ ունեցած գույքի մասին` նշելով դրա արժեքը: Հաշվետվության հրապարակման եւ ներկայացման (ներառյալ` հաշվետվության ձեւը) կարգը սահմանում է պետական լիազոր մարմինը: Կուսակցության կողմից ընտրարշավների նախապատրաստման եւ անցկացման համար ծախսված միջոցների հաշվառումը կատարվում է առանձին:
4. Կուսակցության կողմից սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական լիազոր մարմինը, իսկ oրենքով սահմանված դեպքերում` նաեւ այլ իրավասու մարմինները` իրենց իրավասություններին եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխան: Կուսակցության հրապարակած եւ պետական լիազոր մարմին ներկայացրած հաշվետվության հավաստիությունը ստուգելու համար պետական լիազոր մարմնի պահանջի դեպքում կուսակցությունը պարտավոր է երեք օրվա ընթացքում պետական լիազոր մարմնին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն կուսակցության դրամարկղային եւ բանկային մուտքերի եւ ելքերի վերաբերյալ, նախնական հաշվապահական հաշվառման եւ այլ փաստաթղթեր:
5. Կուսակցության ստացած` oրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի արժողությամբ նվիրատվության աղբյուրը նշվում է կուսակցության հաշվետվությունում:
6. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վճարումներից ստացված ընդհանուր գումարի հետ միասին կուսակցության հաշվետվությունում նշվում է նաեւ նշված վճարումները կատարած կուսակցության անդամների թիվը:
7. Սույն օրենքով սահմանված հաշվետվությունները չհրապարակելը կամ չներկայացնելը կամ սույն օրենքով սահմանված կարգին չհամապատասխանող հաշվետվություններ հրապարակելը կամ ներկայացնելը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:»:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 28.1 հոդվածով.
«ՀՈԴՎԱԾ 28.1 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՈՒԴԻՏԸ
1. Այն կուսակցությունները, որոնց ակտիվների արժեքը գերազանցել է oրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը, պարտավոր են հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ միասին:
2. Սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված կարգով պետական բյուջեից ֆինանսավորում ստացած կուսակցությունները պարտավոր են հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ միասին:
3. Սույն օրենքով սահմանված կարգին չհամապատասխանող հաշվետվություն հրապարակելու կամ ներկայացնելու համար կիրառվում է նույն պատասխանատվության միջոցները ինչպիսին հաշվետվությունը չհրապարակած կամ չներկայացրած կուսակցության նկատմամբ:»
Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել, իսկ 4-րդ կետից հանել «եթե» բառը:
Հոդված 7.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Անհրաժեշտությունը
«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2009-2012 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1272-Ն որոշման պահանջով, մասնավորապես` հիշյալ որոշմամբ հաստատված «Ծրագրի» 65-րդ կետի համաձայն` որպես հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցառում նախատեսված է բարձրացնել կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկությունը եւ ֆինանսական գործունեության վերահսկողությունը։ Այդ առումով, օրենքի նախագծի 1-ին հոդվածը նախատեսում է «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի /այսուհետ` Օրենք/ 23-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով հիշյալ հոդվածի եւ 24-րդ հոդվածի դրույթները միավորել մեկ հոդվածով, իսկ Օրենքի 24-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։ Այսպես` օրենքի նախագծի 1-ին հոդվածի համաձայն` գործող Օրենքի 23-րդ հոդվածում լրացվում են դրույթներ, ըստ որոնց` կուսակցության գույքի նվիրատվությունը արգելվում է: Օրենքի նախագծի 3-րդ հոդվածի համաձայն` գործող Օրենքի 25-րդ հոդվածում լրացվում են դրույթներ, ըստ որոնց` մեկ տարվա ընթացքում կատարվող նվիրատվության ընդհանուր չափը չի կարուղ գերազանցել մեկ առեւտրային կազմակերպության կողմից օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը, մեկ ոչ առեւտրային կազմակերպության կողմից՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը եւ մեկ ֆիզիկական անձի կողմից՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը, իսկ մեկ կուսակցությանը տրվող նվիրատվությունների ընդհանուր չափը` դրամական արտահայտությամբ, մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի միլիոնապատիկը: Օրենքի նախագծի 4-րդ հոդվածի համաձայն` գործող Օրենքի 28-րդ հոդվածում լրացվում են դրույթներ, ըստ որոնց` կուսակցությունը պարտավոր է օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր տարի` հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, մամուլում հրապարակել հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած եւ ծախսած միջոցների մասին հաշվետվություն (այսուհետ` հաշվետվություն) եւ օրենքով նախատեսված դեպքերում դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը, ինչպես նաեւ սահմանված կարգով այն տեղադրել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Բացի այդ, հիշյալ հոդվածի համաձայն` կուսակցության հրապարակած եւ պետական լիազոր մարմին ներկայացրած հաշվետվության հավաստիությունը ստուգելու համար պետական լիազոր մարմնի պահանջի դեպքում կուսակցությունը պարտավոր է երեք օրվա ընթացքում պետական լիազոր մարմնին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն կուսակցության դրամարկղային եւ բանկային մուտքերի եւ ելքերի վերաբերյալ, նախնական հաշվապահական հաշվառման եւ այլ փաստաթղթեր: Օրենքը լրացվում է նաեւ <<28.1>> հոդվածով, որի համաձայն` այն կուսակցությունները, որոնց ակտիվների արժեքը գերազանցել է 10 միլիոն դրամը, պարտավոր են հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ միասին: Օրենքի նախագծի 6-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունը պայմանավորված է ՀՀ Սահմանադրական դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՍԴՈ-669 որոշմամբ, որով «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի դրույթները ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածի 2-րդ մասին եւ 43 հոդվածին հակասող եւ անվավեր։
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ գործող «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով կուսակցություններին կատարվող նվիրատվությունների չափի սահմանափակումներ նախատեսված չեն։ Բացի այդ, Օրենքով կուսակցությունների համար սահմանված են այնպիսի պարտականություններ, որոնց կատարման հավաստիությունը կամ ճշգրտությունը հնարավոր չէ պարզել, քանի որ դրանց նկատմամբ ֆինանսական գործունեության վերահսկողական մեխանիզմներ նախատեսված չեն, մասնավորապես` խոսքը վերաբերում է կուսակցությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների հավաստիությանը։
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Օրենքի նախագծով նախատեսվում է բարձրացնել կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկությունը եւ ֆինանսական գործունեության վերահսկողությունը։
4.Կարգավորման նպատակը եւ բնույթը
Օրենքի նախագծով հստակեցվում են կուսակցությունների ֆինանսավորման ընթացակարգը եւ ֆինանսական գործունեության վերահսկողության հետ կապված հարաբերությունները, մասնավորապես` սահմանվում են կուսակցություններին կատարվող նվիրատվությունների չափի սահմանափակումներ, ինչպես նաեւ ֆինանսական գործունեության վերահսկողական մեխանիզմներ։
5. Ակնկալվող արդյունքը
Հիշյալ օրենքի ընդունումն ու կիրառումը կապահովի կուսակցությունների ֆինանսավորման հստակ եւ թափանցիկ ընթացակարգի իրականացում, ինչպես նաեւ կբացառի կուսակցություններին` օրենքի խախտմամբ նվիրատվություններ կատարելը։