Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (6 դեկտեմբերի 1985 թվականի) լրացնել 189.13-րդ 189.14-րդ 189.15-րդ եւ 189.16-րդ հոդվածներով հետեւյալ բովանդակությամբ`
«Հոդված 189.13. Հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած եւ ծախսած միջոցների մասին պետական լիազոր մարմին հաշվետվություն չներկայացնելը կամ դա չհրապարակելը
1. Հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած եւ ծախսած միջոցների մասին հաշվետվությունը օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում լիազոր մարմին չներկայացնելը կամ դա oրենքով սահմանված կարգով եւ ժամկետում չհրապարակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում կուսակցության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:
2. Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:
Հոդված 189.14. Օրենքով սահմանված փաստաթղթերը պետական լիազոր մարմնին չտրամադրելը
1. Կուսակցության հրապարակած եւ լիազոր մարմին ներկայացրած հաշվետվության հավաստիությունը ստուգելու համար լիազոր մարմնի պահանջի դեպքում օրենքով սահմանված փաստաթղթերը սահմանված ժամկետում չտրամադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:
2. Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:
Հոդված 189.15. Կուսակցությանը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի դրամական հատկացումները անկանխիկ չկատարելը
1. Կուսակցությանը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի դրամական հատկացումները անկանխիկ չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում նվիրատու կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրհիսնապատիկի չափով, նվիրատու քաղաքացիների նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով, իսկ կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ՝ երկուհարյուրհիսնապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում նվիրատու կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրհիսնապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով, նվիրատու քաղաքացիների նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ՝ հինգհարյուրապատիկից մինչեւ վեցհարյուրապատիկի չափով:
Հոդված 189.16. Կուսակցությունների կողմից օրենքով սահմանված չափից ավելի կամ չթույլատրված նվիրատվությունները օրենքով սահմանված ժամկետներում պետական բյուջե կամ նվիրատուին չփոխանցելը
1. Կուսակցությունների կողմից օրենքով սահմանված չափից ավելի կամ չթույլատրված նվիրատվությունները օրենքով սահմանված ժամկետներում պետական բյուջե կամ նվիրատուին չփոխանցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում կուսակցության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով:
2. Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում կուսակցության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրհիսնապատիկի չափով»:
Հոդված 2. Օրենսգրքի 223.1-րդ հոդվածում «189-րդ» բառից հետո լրացնել 189.16-րդ» բառերը, իսկ «նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետը» բառերով:
Հոդված 3. Օրենսգիրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «արդարադատության նախարարության մարմինները» բառերից հետո լրացնել «,ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը» բառերը:
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել 223.2-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 223.2. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննում է սույն օրենսգրքի 189.13-րդ, 189.14-րդ եւ 189.15-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Հոդված 5. Օրենսգրքի 302-րդ հոդվածում «188 եւ 182» բառերը փոխարինել «182, 188, 189.13, 189.14, 189.15 եւ 189.16» բառերով:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: