Հոդված 1. Հայաստանի Հանրապետության (1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-239) քաղաքացիական օրենսգրքի 598-րդ հոդվածում` լրացնել 4-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ`
«4) օրենքով կարող են սահմանվել նվիրատվությունն արգելելու այլ դեպքեր»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի ընդունումը պայմանավորված է «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթի հետ, ըստ որի կուսակցության գույքի նվիրատվությունը կամ նվիրաբերությունն արգելվում է:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ գործող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 598-րդ հոդվածով հստակ սահմանված են այն դեպքերը, որոնցով արգելվում է նվիրատվություններ կատարելը, իսկ այդ դեպքերի մեջ բացակայում է նախագծով առաջարկվող դրույթը:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
Օրենքի նախագծով նախատեսվում է բարձրացնել կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկությունը եւ ֆինանսական գործունեության վերահսկողությունը։
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.
Օրենքի նախագծով նախատեսվում է բացառել կուսակցության գույքի ոչ նպատակային օգտագործումը:
5. Ակնկալվող արդյունքը.
Հիշյալ օրենքի ընդունումն ու կիրառումը կբացառի կուսակցությունների գուքի՝ օրենքի խախտմամբ նվիրատվություններ կատարելը, քանի որ կուսակցության գույքը նախատեսված է օգտագործել կուսակցության նպատակների համար։