Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1300-30.11.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաuտանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀO-193-Ն օրենքի (այuուհետ` oրենք) տեքստի (բացառությամբ` օրենքի 2-րդ հոդվածի 19-րդ պարբերության, 6-րդ եւ 8-րդ հոդվածների 4-րդ մասերի, 19-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի) «հավելումներ» բառերից առաջ լրացնել «ու կենսաբանական ակտիվ» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 2-րդ հոդվածի.

1. 2-րդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն`

«սննդամթերքի բաղադրամաս (բաղադրիչ)` կենդանական, բուսական, մանրէաբանական կամ հանքային ծագման նյութ կամ մթերք, ինչպես նաեւ բնական կամ համադրված (սինթեզված) սննդային հավելում, որն օգտագործում են սննդամթերքի նախապատրաստման կամ արտադրման ընթացքում եւ սկզբնական կամ փոփոխված տեսքով պարունակվում է վերջնական արտադրանքում.».

2. 3-րդ պարբերությունը ձեւակերպել հետեւյալ խմբագրությամբ

«հատուկ նշանակության uննդամթերք` uննդամթերք, որն իր առանձնահատուկ բաղադրության կամ uննդային հատկություններով տարբերվում է uովորական uպառման համար նախատեuված uննդամթերքից եւ ունի առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով տրված դրական մասնագիտական եզրակացություն առ այն, որ տվյալ սննդամթերքը ունի բուժիչ հատկություններ եւ/կամ  բավարարում է մարդկանց հետեւյալ խմբերի պահանջները`

- խախտված մարuողական ու նյութափոխանակման համակարգ ունեցող մարդկանց,

- մարմնական (ֆիզիոլոգիական) հատուկ վիճակում գտնվող մարդկանց, որոնց համար հատկապեu oգտակար է uննդի մեջ որոշակի նյութերի վերահuկվող քանակով uպառումը,

- առողջ մանուկների եւ երեխաների»:

3. 5-րդ պարբերության «նախնական» բառից հետո լրացնել «(առաջնային)» բառը.

4. 9-րդ, 10-րդ եւ 13-րդ պարբերություններից հանել «(վտանգ)» բառը.

5. 11-րդ պարբերությունից հանել «(վտանգ)» բառը, իսկ «վտանգի բնութագրման» բառերը փոխարինել «ռիսկի բնութագրման» բառերով.

6. 12-րդ պարբերությունից հանել «(վտանգ)» բառը, իսկ «ընտրվում են վտանգի կանխման ու» բառերը փոխարինել «ընտրվում եւ կիրառվում են ռիսկի կանխմանը, վերացմանը կամ նվազեցմանն ուղղված համապատասխան գործողություններ, այդ թվում`» բառերով.

7. 14-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«վտանգի աղբյուրների վերլուծության եւ կրիտիկական կետերի հսկման համակարգ (այսուհետ` ՎԱՎԿԿՀ համակարգ)` սննդամթերքի անվտանգությունն ապահովող կանխարգելիչ կառավարման համակարգ, որը հիմնված է հետեւյալ սկզբունքների եւ քայլերի վրա`

- վտանգի աղբյուրների վերլուծություն` հատկորոշվում է հավանական վտանգի աղբյուրը, գնահատվում դրա առկայության հավանականությունը եւ սահմանվում վերահսկման միջոցները,

- հսկման կրիտիկական կետերի հատկորոշում` որոշվում են այն կետերը, ընթացակարգերը կամ արտադրության փուլերը, որոնք ենթակա են վերահսկման` վտանգի աղբյուրները կանխելու, վերացնելու կամ մինչեւ ընդունելի մակարդակը նվազեցնելու նպատակով,

- յուրաքանչյուր կրիտիկական կետի համար կրիտիկական սահմանի հատկորոշում` հսկման յուրաքանչյուր կրիտիկական կետի համար որոշվում է կրիտիկական սահմանը, որի չափանիշներով հնարավոր է տարանջատել վտանգի աղբյուրի ընդունելի եւ անընդունելի մակարդակները կամ որի պահպանումը երաշխավորում է, որ կրիտիկական կետը վերահսկվում է,

- յուրաքանչյուր կրիտիկական կետի համար դիտանցի ընթացակարգերի սահմանում,

- ուղղիչ գործողությունների ծրագրի սահմանում` այն դեպքերի համար, երբ դիտանցմամբ հայտնաբերվում է, որ տվյալ կրիտիկական կետը դուրս է եկել վերահսկողությունից,

- պլանավորված պարբերականությամբ անցկացվող ստուգման ընթացակարգի սահմանում` հիմնավորվում է ՎԱՎԿԿՀ համակարգի գործողության արդյունավետությունը, սահմանվում են ստուգման նպատակները, եղանակները, հաճախականությունը, ընթացակարգը, փորձաքննությունը եւ գնահատման այլ գործողությունները, ինչպես նաեւ դրանց կատարման պատասխանատուները,

- ՎԱՎԿԿՀ համակարգի սկզբունքների, քայլերի եւ ընթացակարգերի փաստաթղթավորման եւ գրանցումների համակարգի ստեղծում.»:

8. 14-րդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություներ`

«դիտանց` ՎԱՎԿԿՀ համակարգի գործողության ընթացքում դիտարկումների կամ չափագրումների պլանավորված (ծրագրավորված) միջոցառումների իրականացում` սննդամթերքի անվտանգությանն սպառնացող վտանգը վերացնելու կամ մինչեւ թույլատրելի մակարդակը նվազեցնելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցների կամ գործողությունների ընթացքը ստուգելու համար.

դիտարկում՝ շուկայահանված սննդամթերքի եւ սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների անվտանգության ապահովման նպատակով իրականացվող գործողությունների համալիր.».

9. 19-րդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն`

«կենսաբանական ակտիվ հավելումներ` բնական կամ բնականին համանման սննդանյութերի կամ ֆիզիոլոգիական ազդեցությամբ օժտված այլ նյութերի առանձին կամ համակցված խտացված միավորներ, որոնք նախատեսված են սննդամթերքի հետ միաժամանակ կամ  սննդամթերքի բաղադրության մեջ ներառելով օգտագործելու համար եւ շուկայահանվում են ճշգրտված փոքր չափաբաժիններով` հաբերի, պատիճների, սրվակների կամ փոքր այլ փաթեթավորումների տեսքով.».

10. 26-րդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ նոր պարբերությունները`

«ճառագայթահարմամբ մշակված սննդամթերք` իոնացնող ճառագայթով մշակված սննդամթերք.

նորահայտ սննդամթերք` սննդամթերք կամ սննդամթերքի բաղադրամաս, որը Հայաստանի Հանրապետության տարածքում մարդու սպառման համար նախկինում կիրառություն չի ունեցել: Նորահայտ սննդամթերք են համարվում`

- նոր կամ նախնական մոլեկուլային կառուցվածքը կանխամտածված փոփոխության ենթարկած սննդամթերքը կամ սննդամթերքի բաղադրամասերը,

- մանրէներից, սնկերից կամ ջրիմուռներից կազմված կամ դրանցից անջատված սննդամթերքը կամ սննդամթերքի բաղադրամասերը,

- բույսերից կազմված կամ անջատված սննդամթերքը կամ սննդամթերքի բաղադրամասերը եւ կենդանիներից անջատված սննդամթերքի բաղադրամասերը, բացառությամբ այն սննդամթերքի կամ սննդամթերքի բաղադրամասերի, որոնք ստացվում են բազմացման ու բուծման ավանդական եղանակներով եւ հանրահայտ են որպես անվտանգ սննդամթերք,

- սննդամթերքը եւ սննդամթերքի բաղադրամասերը, որոնց նկատմամբ կիրառվել է նախկինում չկիրառված արտադրական գործընթաց եւ արդյունքում նշանակալիորեն փոփոխվել է սննդամթերքի եւ սննդամթերքի բաղադրամասերի կազմությունը կամ  կառուցվածքը, ինչն ազդեցություն է թողել սննդամթերքի սննդային արժեքի, մարսելիության կամ դրանցում անցանկալի նյութերի պարունակության վրա.

արագ սառեցված սննդամթերք` սննդամթերք, որի սառեցման ժամանակ` կախված սննդամթերքի տեսակից, առավելագույն բյուրեղացման փուլը (գոտին) անցել է հնարավորինս արագ եւ արդյունքում ջերմային կայունացումից հետո ստացված ջերմաստիճանը սննդամթերքի բոլոր մասերում պահպանվում է -18?C եւ ավելի ցածր ջերմաստիճան եւ որի շուկայահանման ժամանակ այդ հատկանիշների մասին մականշվում է: Արագ սառեցված սննդամթերք չեն համարվում ԱԱ ԱՏԳ «Պաղպաղակ եւ արտադրանք համանման, սառեցրած» դասի 2105.00 ծածկագրով սննդամթերքը:»:

ՀՈԴՎԱԾ 3. Oրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` «գ» կետով`

«գ) գիտահետազոտական եւ ուսումնական նպատակներով իրականացվող աշխատանքների ընթացքում սննդամթերքի մշակման եւ պատրաստման գործառույթների արդյունքում ստացված սննդամթերքի վրա, որը ենթակա չէ շուկայահանման:»:

ՀՈԴՎԱԾ 4.   Oրենքի  7-րդ  հոդվածից  հետո  լրացնել  հետեւյալ բովանդակությամբ նոր 7.1. -րդ հոդված.

«Հոդված 7.1. Նորահայտ, ճառագայթահարմամբ մշակված, հատուկ նշանակության սննդամթերքի եւ սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների շուկայահանումը

1. Նորահայտ, ճառագայթահարմամբ մշակված, հատուկ նշանակության սննդամթերքը, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումները եւ(կամ) դրանց բաղադրիչները պետք է անվտանգ լինեն մարդու կյանքի, առողջության ու շրջակա միջավայրի համար:

2. Սննդամթերքի մշակումը ճառագայթահարմամբ պետք է իրականացվի, եթե առկա է դրա տեխնոլոգիական անհրաժեշտությունը` հետեւյալ նպատակներով.

1) միկրոօրգանիզմների ոչնչացմամբ` փտման (փչացման) ընթացքի դադարեցման կամ դանդաղեցման եւ սննդային թունավորումների վտանգի նվազեցման,

2) հասունացման, ծլման կամ ծլարձակման ընթացքի դանդաղեցմամբ` պահման ժամանակ սննդամթերքի կորուստների կրճատման,

3) բուսական ծագման սննդամթերքի եւ բույսերի համար վնասակար օրգանիզմների ոչնչացման:

3. Արգելվում է ճառագայթահարմամբ մշակված եւ ճառագայթահարմամբ մշակված բաղադրամաս պարունակող հատուկ նշանակության սննդամթերքի արտադրությունը, ներմուծումն ու շուկայահանումը:

4. Արգելվում է հատուկ նշանակության սննդամթերքի արտադրությունում գենետիկորեն ձեւափոխված մթերքի, կերային հավելումների եւ կենդանիների աճի խթանիչների, այդ թվում` հորմոնալ միջոցների օգտագործումը:

5. Արգելվում է սննդամթերքի արտադրությունում կենդանիների աճի խթանիչների, այդ թվում` հորմոնալ միջոցների, ինչպես նաեւ արգելված դեղամիջոցների մնացորդներ պարունակող պարենային հումքի օգտագործումը:

6. Լիազոր մարմինը վարում է Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ արտադրվող եւ շուկայահանվող նորահայտ, ճառագայթահարմամբ մշակված, հատուկ նշանակության սննդամթերքի եւ սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների (բացառությամբ հանրային սննդի) տվյալների շտեմարանը, որը պարունակում է արտադրանքի անվանումը, տեսակը, նշանակությունը, հիմնական բաղադրիչները, սննդային արժեքը եւ արտադրող կամ ներմուծող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ տվյալները (անվանումը, գտնվելու վայրը):

7. Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ արտադրվող եւ շուկայահանվող նորահայտ, ճառագայթահարմամբ մշակված, հատուկ նշանակության սննդամթերքի եւ սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների շտեմարանի վարման եւ տվյալների հրապարակման կարգը սահմանում է լիազոր մարմինը:»:

ՀՈԴՎԱԾ 5. Oրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի.

1. «ժ» կետի «նշանակության» բառից հետո լրացնել «եւ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ արտադրվող եւ շուկայահանվող» բառերը:

2. «ժբ» կետի «սննդամթերքն այդպիսին է» բառերը փոխարինել «սննդամթերքի բաղադրության մեջ դրա պարունակությունը 0,9 %-ից բարձր է» բառերով:

3. «ժբ» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժգ)», «ժդ)» եւ «ժե)» նոր կետերը`

«ժգ) «նորույթ» մակնշումը` Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ արտադրվող եւ շուկայահանվող նորահայտ սննդամթերքի առաջին խմբաքանակի համար եւ տեղեկատվություն` սննդամթերքի բնութագրի, հատկանիշի, նշանակության կամ օգտագործման վերաբերյալ, ինչպես նաեւ բաղադրության մեջ մտնող այնպիսի նյութերի մասին, որոնք չեն պարունակվել մինչ այդ օգտագործվող համարժեք սննդամթերքում եւ կարող են ազդել որոշակի խմբերի մարդկանց առողջության վրա.

ժդ) եթե սննդամթերքը մշակվել է ճառագայթահարմամբ, ապա պարտադիր է «ճառագայթահարմամբ մշակված» մակնշումը, իսկ եթե սննդամթերքը պարունակում է ճառագայթահարմամբ մշակված բաղադրիչ, ապա «ճառագայթահարմամբ մշակված» մակնշումը կատարվում է այդ բաղադրիչի համար:

ժե) «արագ սառեցված» մակնշումը, եթե սննդամթերքն այդպիսին է եւ հստակ ցուցում այն մասին, որ ապասառեցնելուց հետո այն չի կարելի կրկին սառեցնել:»:

ՀՈԴՎԱԾ 6. Oրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ`

«Հոդված 10. Սննդամթերքի եւ սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում ընդգրկված իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից կատարվող գործառնությունների եւ դրանց իրականացման տարածքների մասին տեղեկատվության տրամադրումը

1. Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի եւ սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող եւ ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ գյուղատնտեսական մթերքի ու գյուղատնտեսական կենդանիների վաճառքով եւ շրջիկ առեւտրով զբաղվողների, անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկներ արտադրողների) իրենց կողմից կատարվող գործառնությունների եւ դրանց իրականացման տարածքների մասին տեղեկատվություն են տրամադրում լիազոր մարմնին:

2. Տեղեկատվությունը տրամադրվում է հետեւյալ ժամկետներում`

1) օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործառնություններ իրականացնող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը` օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում,

2) օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո գործառնություններ սկսող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը` մինչեւ գործառնություններ սկսելը:

3. Ներկայացվող տեղեկատվությունը պետք է պարունակի հետեւյալ տվյալները`

1) իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը եւ գործառնության տեսակը,

2) գործունեության իրականացման վայրը:

4. Ներկայացված տեղեկատվության տվյալներում տեղի ունեցած փոփոխության դեպքում այդ մասին լրացուցիչ տեղեկացվում է լիազոր մարմնին:

5. Տնտեսավարողը նշված տեղեկատվությունը կարող է փոխանցել անձամբ լիազոր մարմնին հանձնելու, փոստային նամակի, ֆաքսի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

6. Լիազոր մարմինը ստեղծում է սննդամթերքի եւ սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող եւ ծառայություններ մատուցող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից կատարվող գործառնությունների եւ դրանց իրականացման տարածքների տեղեկատվական բանկ, որում ներառվում են հետեւյալ տեղեկությունները`

 1) իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը եւ գործառնության տեսակը,

 2) գործունեության իրականացման վայրը:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքը 15-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր  15.1.-րդ , 15.2-րդ  եւ 15.3-րդ հոդվածներով.

«Հոդված 15.1. Դիտարկումների իրականացումը

1. Դիտարկումն իրականացվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որտեղ նշվում են դիտարկում իրականացնող մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, դիտարկման նպատակը, ժամանակահատվածը եւ դիտարկվող հարցերի շրջանակը:

2. Դիտարկում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) կողմից լրացվում է դիտարկման թերթիկը՝ 2 օրինակից, որի մեկ օրինակը դիտարկումն ավարտելուց հետո տրվում է տնտեսավարող սուբյեկտին:

Դիտարկման թերթիկի ձեւը հաստատում է լիազոր մարմինը եւ հրապարակում իր պաշտոնական ինտերնետային կայքում:

4. Լրացված դիտարկման թերթիկը ստորագրվում է դիտարկում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) եւ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից:

5. Դիտարկման ընթացքում իրականացվում է՝

1) դիտարկման թերթիկով սահմաված տվյալների հավաքագրում.

2) սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների մակնշմանը ներկայացվող  պահանջներին անհամապատասխանության դեպքում իրացման (վաճառքի) կասեցում եւ նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության համար:

3) Կենդանական ծագման մթերքի  պահման պայմանների անհամապատասխանության դեպքում իրացման (վաճառքի) կասեցում եւ նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության համար,

4) Lաբորատոր փորձաքննության արդյունքում վտանգավոր ճանաչված եւ (կամ) պիտանիության ժամկետն անցած սննդամթերքի իրացման (վաճառքի) արգելում:

Կասեցման դեպքում դիտարկումն իրականացնող անձի կողմից կազմվում է կասեցման վերաբերյալ արձանագրություն, որտեղ նշվում է կասեցման պատճառը եւ կասեցման ժամկետը: Կասեցման ժամկետը չի կարող գերազանցել լաբորատոր փորձաքննության համար նախատեսված առավելագույն ժամկետը.

6. Սույն հոդվածով սահմանված դիտարկման տեւողությունը յուրաքանչյուր տնտեսավարող սյուբեկտում չպետք է գերազանցի երկու աշխատանքային օրը: Դիտարկման ընթացքում վերցված նմուշների փորձաքննության անցկացման դեպքում դիտարկման տեւողությունը կասեցվում է այդ փորձաքննության ժամկետով։

7. Լիազոր մարմինը դիտարկաման ընթացքում սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների մակնշման մեջ առկա տեղեկատվության համապատասխանությունը որոշելու նպատակով կարող է իրականացնել նաեւ հսկիչ գնում, որի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Սույն հոդվածով սահմանված դիտարկման արդյունքում վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվում:

9. Դիտարկման արդյունքները տեղադրվում են լիազոր մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

Հոդված 15.2. Ներմուծվող սննդամթերքի եւ կենդանական ծագման մթերքի զննման եւ ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար  վճարման կարգը

1. Լիազոր մարմնի կազմում գործող սահմանային հսկիչ կետի տեսուչը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխանությանը պարզելու նպատակով սահմանային անցումային կետում զննում է ներմուծվող սննդամթերքը եւ կենդանական ծագման մթերքը եւ որոշում համապատասխանությունը ուղեկցող փաստաթղթերին: Զննման ընթացքում ուսումնասիրվում են միայն փաստաթղթեր, բացառությամբ ՀՀ կառավարության կողմից սահմանված դեպքերի:

2. Ներմուծվող սննդամթերքի եւ (կամ) կենդանական ծագման մթերքի զննման եւ ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար տնտեսավարող սուբյեկտից գանձվում է վճար՝

1) կես տոննայից մինչեւ մեկ տոննա քաշի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի  չափով.

2) մեկ տոննան գերազանցող քաշի դեպքում՝ լրացուցիչ յուրաքանչյուր տոննայի համար 300 դրամի չափով:

3. Մինչեւ կես տոննա քաշի համար վճար չի գանձվում:

4. Սույն հոդվածի երկրորդ մասի իմաստով քաշի մեկ միավոր է համարվում ներմուծվող սննդամթերքի եւ (կամ) կենդանական ծագման մթերքի մեկ խմբաքանակը:

5. Ներմուծվող սննդամթերքի եւ (կամ) կենդանական ծագման մթերքի զննման եւ ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար տնտեսավարող սուբյեկտից գանձված վճարը փոխանցվում է լիազոր մարմնի նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի հատուկ հաշվին, որում գոյացած միջոցները օգտագործվում են լիազոր մարմնի աշխատակիցների խրախուսման եւ համակարգի զարգացման համար: Լիազոր մարմնի նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 15.3. Ներմուծվող սննդամթերքի եւ կենդանական ծագման մթերքի լաբորատոր փորձաքննությունը եւ փորձաքննության համար վճարման կարգը

1. Ներմուծվող սննդամթերքի եւ (կամ) կենդանական ծագման մթերքի փորձաքննության իրականացման դեպքերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Փորձաքննությունն իրականացվում է լիազոր մարմնի կողմից յուրաքանչյուր տարվա համար հայտարարված մրցույթում (այսուհետ՝ մրցույթ) հաղթող ճանաչված մասնագիտացված կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություններ) կողմից:

3. Փորձաքննություն կատարելու համար սննդամթերք եւ (կամ) կենդանական ծագման մթերք ներմուծող տնտեսավարող սուբյեկտից գանձվում է փորձաքննության վճար՝ մրցույթի արդյունքում ըստ փորձաքննությունների ձեւավորված գնացուցակի համաձայն:

4. Փորձաքննության վճարը փոխանցվում է լիազոր մարմնի հատուկ հաշվին, որը հետագայում փոխանցվում է փորձաքննություն կատարած կազմակերպություններին՝ յուրաքանչյուր փորձաքննության համար՝ գնացուցակով սահմանված չափով:»:

ՀՈԴՎԱԾ 8. Oրենքի 16-րդ հոդվածի.

1. 2-րդ մասի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«բ) Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ արտադրվող եւ շուկայահանվող նորահայտ, ճառագայթահարմամբ մշակված, հատուկ նշանակության սննդամթերքի եւ սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների (բացառությամբ հանրային սննդի)  տվյալների շտեմարանում ընդգրկելու համար լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով տրամադրել իրենց կողմից արտադրվող եւ(կամ) շուկայահանվող այդպիսի արտադրանքի վերաբերյալ սույն օրենքով սահմանված տեղեկատվությունը.».

2. 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մասը`

«2.1 Սննդի շղթայի նախնական արտադրության փուլում ներգրավված` բուսական ու կենդանական ծագման մթերքի արտադրությամբ եւ կենդանիների բուծմամբ զբաղվող ֆիզիկական եւ  իրավաբանական անձինք վարում են գրանցամատյաններ, որոնցում ներառվող տեղեկատվությունը սահմանում է կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի երրորդ գլխի վերնագիրը «ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ԴԻՏԱՐԿՈՒՄ» բառերով.

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքը 17-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-րդ, 17.2-րդ, 17.3-րդ, 17.4-րդ, 17.5-րդ հոդվածներով.

«Հոդված 17.1. Դիտարկումն  իրականացնող անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս իրավունք ունեն`

ա) տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել տնտեսավարող սուբյեկտի դիտարկվող ստորաբաժանումներ.

բ) պահանջել փաստաթղթեր, տվյալներ եւ այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող դիտարկման նպատակներին.

գ) անհրաժեշտության դեպքում դիտարկումներին ներգրավել տնտեսավարող սուբյեկտի մասնագետներին` տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի համաձայնությամբ.

դ) սահմանել ժամկետներ` բացահայտված այն թերությունների եւ խախտումների վերացման համար, որոնք չեն առաջացնում քրեական կամ վարչականպատասխանատվություն.

ե) դիտարկման ցանկացած փուլում առանձին հարցերի պարզաբանման նպատակով դիտարկմանը ներգրավել տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացվող տնտեսական գործունեության ոլորտի համապատասխան մասնագետների եւ թարգմանիչների:

Հոդված 17.2. Դիտարկումն իրականացնող անձանց պարտականությունները

1. Դիտարկումն իրականացնող անձը (անձինք) պարտավոր է (են)`

ա) պահպանել դիտարկման հետ առնչվող` Հայաստանի Հանրապետության օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները.

բ) առանց տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի գրավոր համաձայնության` չհրապարակել դիտարկման ընթացքում իրեն (իրենց) հայտնի դարձած տնտեսավարող սուբյեկտի գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, գործունեության մասին ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի մասին տեղեկությունները եւ դրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկատվություն, որը տնտեսավարող սուբյեկտը մտադիր է եղել գաղտնի պահել, եւ դիտարկում իրականացնող անձը (անձինք) տեղյակ է (են) կամ կարող է (են) տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ, ինչպես նաեւ առեւտրային գաղտնիք համարվող տեղեկություններ (այսուհետ` տեղեկություն):

Սույն օրենքի իմաստով` տեղեկության հրապարակում է համարվում տեղեկությունը բանավոր կամ գրավոր ձեւով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ հրապարակելը կամ տարածելը, երրորդ անձին կամ անձանց հայտնի դարձնելը.

գ) պահպանել տնտեսավարող սուբյեկտի` օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված իրավունքներն ու շահերը.

դ) չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին.

ե) իրենց իրավունքներին եւ պարտականություններին ծանոթացնել տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց.

զ) դիտարկման ընթացքում գրավոր պատասխանել տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի` դիտարկման հետ առնչվող անմիջականորեն տնտեսավարող սուբյեկտի դիտարկվող ժամանակաշրջանին վերաբերող ցանկացած գրավոր հարցման:

Հոդված 17.3. Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց իրավունքները

Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք իրավունք ունեն`

ա) ծանոթանալ դիտարկումների արձանագրություններին.

բ) ներկայացնել բացատրություններ, պարզաբանումներ, հարուցել միջնորդություններ, օրենքով սահմանված կարգով բողոքարկել դիտարկումն իրականացնող անձանց գործողությունները.

գ) պահանջել դիտարկումն իրականացնող անձանց ապօրինի գործողությունների հետեւանքով պատճառված վնասի հատուցում.

դ) չկատարել դիտարկումն իրականացնող անձանց իրավասություններից, ինչպես նաեւ դիտարկման նպատակներից եւ ծրագրերից չբխող պահանջներ.

ե) դիտարկվող տնտեսավարող սուբյեկտի շահերի պաշտպանության նպատակով` դիտարկման ցանկացած փուլում դիտարկմանը մասնակից դարձնել մասնագետների, փորձագետների, աուդիտորների, փաստաբանների:

Հոդված 17.4. Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց պարտականությունները

Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են`

ա) չխոչընդոտել դիտարկումների ընթացքին, կատարել դիտարկումն իրականացնող անձանց օրինական պահանջները.

բ) անհրաժեշտ պայմաններ ստեղծել դիտարկումն իրականացնող անձանց գործունեության համար.

Հոդված 17.5. Դիտարկումն իրականացնող անձանց պատասխանատվությունը եւ գործողությունների բողոքարկումը

1. Սույն օրենքի պահանջների խախտմամբ դիտարկում իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Դիտարկումն իրականացնող անձանց գործողությունները, ինչպես նաեւ դիտարկման արդյունքում կազմված փաստաթղթերն երկու ամսվա ընթացքում, եթե օրենքով այլ բան չի նախատեսվում կարող են բողոքարկվել այն պետական մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում է (են) դիտարկող անձը (անձինք), կամ դատարան:

3. Ընդունված որոշմանը չհամաձայնվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իրավունք ունի բողոքարկել դատարան: »:

ՀՈԴՎԱԾ 11. Անցումային դրույթներ

1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:

2. Սույն օրենքի`

1) 4-րդ հոդվածի 7-րդ  մասն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից.

2) 8-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

1. Անհրաժեշտությունը - «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 111-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 73-րդ կետի պահանջով, ինչպես նաեւ ՀՀ գործող օրենսդրությունը Եվրամիության օրենդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները - «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ գործող օրենքում (այսուհետ` Օրենք) բացակայում են որոշ հասկացություններ: Կանոնակարգված չեն Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ արտադրվող կամ շուկայահանվող նորահայտ, ճառագայթահարմամբ մշակված, հատուկ նշանակության սննդամթերքի ու սննդային հավելումների շուկայահանման ընթացակարգերը եւ կենսաբանական ակտիվ հավելումների անվտանգության հետ առնչվող հարաբերությունները: Լիազոր մարմինը չունի սննդի շղթայում գործառնություններ իրականացնող եւ ծառայություններ մատուցող տնտեսավարողների տվյալների բազա, նախնական արտադրության ոլորտում ներդրված չէ գրանցամատյանների վարումը եւ այլն, որոնք խոչընդոտում են լիարժեք վերահսկողության իրականացմանը` պետական վերահսկողությունը դարձնելով անարդյունավետ, ինչպես այդ նպատակով ծախսվող պետական միջոցների խնայողության, այնպես էլ սննդամթերքի անվտանգության մակարդակի բարելավման  առումով:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը - Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն սննդամթերքի անվտանգության ապահովման պետական քաղաքականության խնդիրներից է Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության միջազգային չափանիշների ու պահանջների ներդրման ապահովումը: Այդ պատճառով, ինչպես նաեւ իրականացվող Եվրաինտեգրման պետական քաղաքականության շրջանակներում անհրաժեշտ է սննդամթերքի անվտանգության ոլորտի օրենսդրությունն ու գործող ընթացակարգերը համապատասխանեցնել միջազգային ընդունված չափանիշներին:

Կարգավորման նպատակը եւ բնույթը - Առաջարկվում է Օրենքի գործողությունը տարածել նաեւ կենսաբանական ակտիվ հավելումների վրա, Օրենքը լրացնել նոր հասկացություններով, իսկ որոշ հասկացություններ, որոնցում թարգմանության հետ կապված տեղ են գտել որոշակի անհամապատասխանություններ, ճշգրտել եւ ամբողջությամբ համապատասխանեցնել միջազգայնորեն ընդունված հասկացություններին:

Սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ արտադրվող կամ շուկայահանվող նորահայտ, ճառագայթահարմամբ մշակված, հատուկ նշանակության սննդամթերքի եւ սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների շուկայահանման ընթացակարգերը, մակնշման լրացուցիչ պահանջներ եւ սննդամթերքի անվտանգությունն ապահովող որոշ սահմանափակումներ: Ներդրվում է սննդի շղթայում դիտարկումների իրականացման մեխանիզմ, սահմանվում են դիտարկումների ընթացքում տեսուչների եւ տնտեսավարողների իրավունքները եւ պարտականությունները: Նախատեսվում է ներմուծվող եւ արտահանվող սննդամթերքի եւ կենդանական ծագման մթերքի խմբաքանակի համար սահմանել զննման վճար, իսկ լաբորատոր փորձաքննության անհրաժեշտության դեպքում`  գանձել փորձաքննության վճար:

Սննդի շղթայի նախնական արտադրության փուլում ներգրավված օպերատորների վրա դրվում է գրանցամատյաններ վարելու (2018 թվականից), իսկ սննդի շղթայում ընդգրկված տնտեսավարողների վրա` իրենց գործունեության իրականացման վայրի մասին լիազոր մարմնին տեղեկատվություն տրամադրելու պահանջ: Վերջինիս անհրաժեշտությունը զգացվում է հատկապես ոլորտի գործունեության լիցենզավորման վերացումից հետո եւ կարեւորվում է այն հանգամանքով, որ լիազոր մարմինը հնարավորություն է ստանում հավաքագրելու ոլորտի ընդհանուր վիճակի մասին տեղեկատվություն` համապատասխան վերլուծություններ իրականացնելու, պետական վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու եւ այդ նպատակով ծախսվող պետական միջոցները խնայելու նպատակով:

Տնտեսավարող սուբյեկտների համար լրացուցիչ խոչընդոտներ եւ բարդություններ չառաջացնելու նպատակով հնարավորություն է տրվում տեղեկատվությունը տրամադրել նաեւ ֆաքսի, փոստային նամակների կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք - նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից:

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման համար հիմք են ընդունվել Եվրոպական Պառլամենտի եւ Եվրոպական Խորհրդի 2002 թվականի հունվարի 28-ի N 178/2002/EC կանոնակարգը, Եվրամիության անդամ որոշ երկրների համապատասխան օրենքները եւ ԻՍՕ-22000 միջազգային ստանդարտը:

Ակնկալվող արդյունքը - Սույն օրենքի նախագծի ընդունմամբ կբարելավվի սննդամթերքի անվտանգության մակարդակը, կբարձրանա պետական վերահսկողության արդյունավետությունը, կապահովվի ոլորտի գործունեության թափանցիկությունն ու սպառողների շահերի պաշտպանությունը:

2. Անհրաժեշտությունը - «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 111-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 73-րդ կետի պահանջի` «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները - Լիազոր մարմինը չունի սննդի շղթայում գործառնություններ իրականացնող եւ ծառայություններ մատուցող տնտեսավարողների տվյալների բազա, որը խոչընդոտում է լիարժեք մոնիթորինգի ու վերահսկողության իրականացմանը: Տվյալների բազայի ստեղծման նպատակով համապատասխան տեղեկատվության տրամադրման պահանջը ներառվում է «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում, իսկ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է պաշտոնատար անձի նկատմամբ տուգանքի նշանակում` այդ տեղեկատվությունը չտրամադրելու համար:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը - Օրենսդրական փոփոխությունը պայմանավորված է սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությամբ:

Կարգավորման նպատակը եւ բնույթը -  Առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածն լրացնել նոր մասով, ըստ որի` սահմանված ժամկետներում սննդամթերքի եւ սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում կատարվող գործառնությունների եւ դրանց իրականացման տարածքների մասին լիազոր մարմնին տեղեկատվություն չտրամադրելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք - նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից:

Ակնկալվող արդյունքը - Սույն օրենքի նախագծի ընդունմամբ լիազոր մարմինը հնարավորություն կունենա ստեղծելու ՀՀ-ում սննդամթերքի եւ սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող եւ ծառայություններ մատուցող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից կատարվող գործառնությունների եւ դրանց իրականացման տարածքների մասին տվյալների լիարժեք բազա, որը կնպաստի համապատասխան վերլուծությունների իրականացման, պետական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը եւ այդ նպատակով հատկացված պետական միջոցների խնայողաբար օգտագործման  ապահովմանը: