ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի /այսուհետ` օրենսգիրք/ 158-րդ հոդվածը լրացնել նոր 28-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ. «Սահմանված ժամկետներում սննդամթերքի եւ սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում կատարվող գործառնությունների եւ դրանց իրականացման տարածքների մասին լիազոր մարմնին տեղեկատվություն չտրամադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:
ՀՈԴՎԱԾ 2. 182.1-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 182.2-րդ հոդվածով.
«Հոդված 182.2. Սննդամթերքի անվտանգության բնագավառում դիտարկումներ իրականացնող անձանց առաջադրած պահանջները չկատարելը եւ դիտարկումների ընթացքին խոչընդոտելը
Սննդամթերքի անվտանգության բնագավառում դիտարկումներ իրականացնող անձանց՝ իրենց իրավասության սահմաններում առաջադրած պահանջները չկատարելը կամ կիրառած սահմանափակումները չապահովելը կամ օրենքով սահմանված կարգով իրականացվող դիտարկումների ընթացքին խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրհիսնապատիկի չափով:»:
ՀՈԴՎԱԾ 3. 238.2-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող պետական լիազորված մարմինը քննում է սույն օրենսգրքի 158-րդ հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ, հինգերորդ, վեցերորդ, տասնմեկերորդ, տասներեքերորդ, տասնչորսերորդ, քսանհինգերորդ եւ քսանութերորդ մասերով, 182.2-րդ եւ 188-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»:
ՀՈԴՎԱԾ 4. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
1. Անհրաժեշտությունը - «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 111-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 73-րդ կետի պահանջով, ինչպես նաեւ ՀՀ գործող օրենսդրությունը Եվրամիության օրենդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները - «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ գործող օրենքում (այսուհետ` Օրենք) բացակայում են որոշ հասկացություններ: Կանոնակարգված չեն Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ արտադրվող կամ շուկայահանվող նորահայտ, ճառագայթահարմամբ մշակված, հատուկ նշանակության սննդամթերքի ու սննդային հավելումների շուկայահանման ընթացակարգերը եւ կենսաբանական ակտիվ հավելումների անվտանգության հետ առնչվող հարաբերությունները: Լիազոր մարմինը չունի սննդի շղթայում գործառնություններ իրականացնող եւ ծառայություններ մատուցող տնտեսավարողների տվյալների բազա, նախնական արտադրության ոլորտում ներդրված չէ գրանցամատյանների վարումը եւ այլն, որոնք խոչընդոտում են լիարժեք վերահսկողության իրականացմանը` պետական վերահսկողությունը դարձնելով անարդյունավետ, ինչպես այդ նպատակով ծախսվող պետական միջոցների խնայողության, այնպես էլ սննդամթերքի անվտանգության մակարդակի բարելավման առումով:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը - Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն սննդամթերքի անվտանգության ապահովման պետական քաղաքականության խնդիրներից է Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության միջազգային չափանիշների ու պահանջների ներդրման ապահովումը: Այդ պատճառով, ինչպես նաեւ իրականացվող Եվրաինտեգրման պետական քաղաքականության շրջանակներում անհրաժեշտ է սննդամթերքի անվտանգության ոլորտի օրենսդրությունն ու գործող ընթացակարգերը համապատասխանեցնել միջազգային ընդունված չափանիշներին:
Կարգավորման նպատակը եւ բնույթը - Առաջարկվում է Օրենքի գործողությունը տարածել նաեւ կենսաբանական ակտիվ հավելումների վրա, Օրենքը լրացնել նոր հասկացություններով, իսկ որոշ հասկացություններ, որոնցում թարգմանության հետ կապված տեղ են գտել որոշակի անհամապատասխանություններ, ճշգրտել եւ ամբողջությամբ համապատասխանեցնել միջազգայնորեն ընդունված հասկացություններին:
Սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ արտադրվող կամ շուկայահանվող նորահայտ, ճառագայթահարմամբ մշակված, հատուկ նշանակության սննդամթերքի եւ սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների շուկայահանման ընթացակարգերը, մակնշման լրացուցիչ պահանջներ եւ սննդամթերքի անվտանգությունն ապահովող որոշ սահմանափակումներ: Ներդրվում է սննդի շղթայում դիտարկումների իրականացման մեխանիզմ, սահմանվում են դիտարկումների ընթացքում տեսուչների եւ տնտեսավարողների իրավունքները եւ պարտականությունները: Նախատեսվում է ներմուծվող եւ արտահանվող սննդամթերքի եւ կենդանական ծագման մթերքի խմբաքանակի համար սահմանել զննման վճար, իսկ լաբորատոր փորձաքննության անհրաժեշտության դեպքում` գանձել փորձաքննության վճար:
Սննդի շղթայի նախնական արտադրության փուլում ներգրավված օպերատորների վրա դրվում է գրանցամատյաններ վարելու (2018 թվականից), իսկ սննդի շղթայում ընդգրկված տնտեսավարողների վրա` իրենց գործունեության իրականացման վայրի մասին լիազոր մարմնին տեղեկատվություն տրամադրելու պահանջ: Վերջինիս անհրաժեշտությունը զգացվում է հատկապես ոլորտի գործունեության լիցենզավորման վերացումից հետո եւ կարեւորվում է այն հանգամանքով, որ լիազոր մարմինը հնարավորություն է ստանում հավաքագրելու ոլորտի ընդհանուր վիճակի մասին տեղեկատվություն` համապատասխան վերլուծություններ իրականացնելու, պետական վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու եւ այդ նպատակով ծախսվող պետական միջոցները խնայելու նպատակով:
Տնտեսավարող սուբյեկտների համար լրացուցիչ խոչընդոտներ եւ բարդություններ չառաջացնելու նպատակով հնարավորություն է տրվում տեղեկատվությունը տրամադրել նաեւ ֆաքսի, փոստային նամակների կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք - նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից:
«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման համար հիմք են ընդունվել Եվրոպական Պառլամենտի եւ Եվրոպական Խորհրդի 2002 թվականի հունվարի 28-ի N 178/2002/EC կանոնակարգը, Եվրամիության անդամ որոշ երկրների համապատասխան օրենքները եւ ԻՍՕ-22000 միջազգային ստանդարտը:
Ակնկալվող արդյունքը - Սույն օրենքի նախագծի ընդունմամբ կբարելավվի սննդամթերքի անվտանգության մակարդակը, կբարձրանա պետական վերահսկողության արդյունավետությունը, կապահովվի ոլորտի գործունեության թափանցիկությունն ու սպառողների շահերի պաշտպանությունը:
2. Անհրաժեշտությունը - «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 111-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 73-րդ կետի պահանջի` «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությամբ:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները - Լիազոր մարմինը չունի սննդի շղթայում գործառնություններ իրականացնող եւ ծառայություններ մատուցող տնտեսավարողների տվյալների բազա, որը խոչընդոտում է լիարժեք մոնիթորինգի ու վերահսկողության իրականացմանը: Տվյալների բազայի ստեղծման նպատակով համապատասխան տեղեկատվության տրամադրման պահանջը ներառվում է «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում, իսկ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է պաշտոնատար անձի նկատմամբ տուգանքի նշանակում` այդ տեղեկատվությունը չտրամադրելու համար:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը - Օրենսդրական փոփոխությունը պայմանավորված է սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությամբ:
Կարգավորման նպատակը եւ բնույթը - Առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածն լրացնել նոր մասով, ըստ որի` սահմանված ժամկետներում սննդամթերքի եւ սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում կատարվող գործառնությունների եւ դրանց իրականացման տարածքների մասին լիազոր մարմնին տեղեկատվություն չտրամադրելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք - նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից:
Ակնկալվող արդյունքը - Սույն օրենքի նախագծի ընդունմամբ լիազոր մարմինը հնարավորություն կունենա ստեղծելու ՀՀ-ում սննդամթերքի եւ սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող եւ ծառայություններ մատուցող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից կատարվող գործառնությունների եւ դրանց իրականացման տարածքների մասին տվյալների լիարժեք բազա, որը կնպաստի համապատասխան վերլուծությունների իրականացման, պետական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը եւ այդ նպատակով հատկացված պետական միջոցների խնայողաբար օգտագործման ապահովմանը: