ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների (գույքի) իրացման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքների դիմաց անկանխիկ ձեւով վճարումները, ինչպես նաեւ կանխիկ գործառնությունների սահմանափակման հետ կապված այլ հարաբերություններ:
Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը
1. Սույն օրենքը տարածվում է Հայաuտանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացիների եւ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպությունների վրա:
2. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կնքված եւ դրանց դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում վճարում նախատեսող գործարքների վրա, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կնքված, սակայն Հայաստանի Հանրապետության տարածքում վճարում նախատեսող գործարքների վրա:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Uտորեւ բերված հաuկացությունները uույն oրենքում oգտագործված են հետեւյալ իմաuտներով`
1) անկանխիկ ձեւով վճարումներ` վճարումներ, որոնք մուտքագրվում են շահառուի (վճար ստացողի) բանկային հաշվին.
2) առեւտրի օբյեկտ` «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված առեւտրի օբյեկտ, բացառությամբ տաղավարների եւ կրպակների.
3) հանրային սննդի օբյեկտ` «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հանրային սննդի օբյեկտ, բացառությամբ նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով նախված խոհարարական արտադրանքի պատրաստման եւ իրացման այլ օբյեկտների:
4) կանխիկ գործառնություններ` սույն օրենքով սահմանված գործարքների (պայմանագրերի) դիմաց եւ այլ վճարումների ընդունումը կամ կատարումը կանխիկ դրամով.
5) կանխիկ դրամ` Հայաuտանի Հանրապետության արժույթն ու արտարժույթը թղթադրամների կամ մետաղադրամների տեuքով.
6) քաղաքացիներ` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիներ, օտարերկրյա քաղաքացիներ, երկքաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք.
7) կազմակերպություններ` Հայաստանի Հանրապետության տարածքում uտեղծված (պետական գրանցում uտացած, հաշվառված) իրավաբանական անձ, դրա` Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված uտորաբաժանումներ եւ հիմնարկներ, oտարերկրյա կազմակերպությունների Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված uտորաբաժանումներ, անհատ ձեռնարկատերեր, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, դրանց հիմնարկներ.
8) վճարային քարտ սպասարկող սարքեր` ՊՈՍ-տերմինալ, իմպրինտեր, բանկոմատ եւ այլ նմանատիպ սարքեր:
Հոդված 4. Քաղաքացիների եւ կազմակերպությունների կողմից անկանխիկ ձեւով գործարքների իրականացումը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում 2012 թվականի հուլիսի 1-ից անկանխիկ ձեւով պետք է իրականացվեն`
1) քաղաքացիների միջեւ ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման 3 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գործարքների վճարումները եւ վճարների ստացումը:
2) կազմակերպությունների միջեւ, ինչպես նաեւ կազմակերպությունների եւ քաղաքացիների միջեւ 3 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող փոխառությունների տրամադրումը (ստացումը), բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատնային գործունեություն իրականացնող անձանց, ինչպես նաեւ լիցենզիայի հիման վրա վարկեր եւ փոխառություններ տրամադրելու իրավունք ունեցող անձանց կողմից տրամադրվող փոխառությունների:
2. Կազմակերպություններն իրավունք չունեն անկանխիկ ձեւով վճարում նախատեսող ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքներում (պայմանագրերում) կամ այդպիսի գործարքների (պայմանագրերի) առաջարկներում (օֆերտաներում) առաջարկել եւ (կամ) ստանալ ավելի բարձր գին (արժեք), քան առաջարկում եւ (կամ) ստանում են կանխիկ ձեւով վճարում նախատեսող ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքներում (պայմանագրերում) կամ այդպիսի գործարքների (պայմանագրերի) առաջարկներում (օֆերտաներում):
Հոդված 5. Այլ վճարների կանխիկ ձեւով վճարման սահմանափակումները
1. Անկանխիկ ձեւով են ընդունվում սկսած 2012 թվականի հուլիսի 1-ից` Երեւան քաղաքում, 2013 թվականի հունվարի 1-ից` Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2014 թվականի հունվարի 1-ից` քաղաքային համայնքներում`
1) գործունեություն իրականացնող բժշկական հաստատություններում 300 000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող բոլոր տեսակի վճարները.
2) գործունեություն իրականացնող կրթական հաստատություններում ուսման վճարներն անկախ չափից եւ 100 000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող այլ վճարները:
Հոդված 6. Արտարժույթով արտահայտված գործարքի (պայմանագրերի) եւ սույն օրենքով սահմանված վճարների հաշվարկը
1. Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում սույն օրենքով սահմանված գործարքների (պայմանագրերի) դիմաց արտարժույթով վճարում իրականացնելիս դրանց հաշվարկը սույն օրենքով սահմանված նպատակներով կատարվում է` ելնելով գործարքի (պայմանագրի) կնքման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից:
2. Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում սույն օրենքով սահմանված վճարները արտարժույթով վճարելիս դրանց հաշվարկը սույն օրենքով սահմանված նպատակներով կատարվում է ելնելով դրանց վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքով:
Հոդված 7. Առեւտրի օբյեկտներում եւ ծառայությունների մատուցման օբյեկտներում եւ այլ վայրերում վճարային քարտեր սպասարկող սարքերի կիրառումը
1. Բացառությամբ` հաստատագրված կամ արտոնագրային վճար վճարողների, 2013 թվականի հուլիսի 1-ից Երեւան քաղաքում, 2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, իսկ 2015 թվականի հունվարի 1-ից քաղաքային համայնքներում գործող եւ 200 մ2 գերազանցող ընդհանուր մակերեu ունեցող առեւտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, հյուրանոցներում, բժշկական կազմակերպություններում տեղադրվում, իսկ հաճախորդի ցանկությամբ պարտադիր կիրառվում են վճարային քարտեր սպասարկող սարքեր:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված օբյեկտներոմ վճարային քարտեր սպասարկող սարքերի անսարքության դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում տվյալ առեւտրի կամ ծառայության մատուցման օբյեկտի օգտագործողը (շահագործողը) պարտավոր է վերանորոգել կամ փոխարինել տվյալ սարքը:
3. Վճարային քարտեր սպասարկող սարքերի սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ այլ իրավական ակտերով ու համապատասխան պայմանագրերով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ II
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 8. Սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ վերահսկողությունը եւ խախտումների համար պատասխանատվությունը
1. Կազմակերպությունների կողմից սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում եւ պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը:
2. Սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները 1-ին անգամ խախտելու համար կազմակերպություններից գանձվում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, ընդ որում` սույն օրենքի յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտումը համարվում է մեկ խախտում:
3. Սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները մեկ տարվա ընթացքում կազմակերպությունների կողմից 2-րդ անգամ խախտելու դեպքում գանձվում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
4. Սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները քաղաքացիների կողմից խախտելու համար պատասխանատվության միջոցները սահմանված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքով:
5. Սույն օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները կիրառվում են, եթե նույն խախտման համար «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքով պատասխանատվության միջոցներ նախատեսված չեն:
ԳԼՈՒԽ III
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 9. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման
«Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունումը նպատակ ունի.
1. Նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը
սահմանափակումներ են դրվել նաեւ կանխիկ միջոցների ծախսային եւ եկամտային մասերի վրա` հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանափակման պետք է ենթարկվեն հնարավոր խոշոր գործարքները: Ընդ որում` այդ սահմանափակումները կրում են աստիճանակարգային բնույթ: Մասնավորապես, Նախագծով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիների միջեւ 2012 թվականի հուլիսի 1-ից` 3 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքներում դրանց դիմաց վճարումը եւ վճարի ստացումը իրականացվում է անկանխիկ ձեւով:
Ինչպես ծախսային, այնպես էլ եկամտային մասում կանխիկի վրա սահմանափակում սահմանելիս հաշվի է առնվել Երեւան քաղաքի եւ մարզերի միջեւ ոչ համաչափ զարգացվածության հանգամանքը: Այդ պատճառով անկանխիկ վճարումների վերաբերյալ պահանջները դասակարգվել են ըստ վայրերի եւ սահմանվել են (Երեւան, մարզկենտրոններ, այլ քաղաքային վայրեր) անկանխիկ վճարման պահանջի իրականացման տարբեր ժամկետներ:
2. Քաղաքացիների համար սահմանել անկանխիկ վճարումների իրականացման ընթացակարգեր.
Նախագծերի փաթեթով նախատեսվել է խանութներում եւ սպասարկման այլ վայրերում վճարային գործիքներ (վճարային քարտ) ընդունող սարքերի տեղադրումը պարտավորեցնող դրույթներ: Առօրյա կյանքում հաճախորդների կողմից դժգոհություններ են արտահայտվում սպասարկման ոլորտում այդպիսի սարքերի բացակայության վերաբերյալ, ինչը բարդացնում է անկանխիկ վճարումների իրականացումը: Քաղաքացին ստիպված է վատնել ժամանակ եւ կրել մի շարք անհարմարություններ վճարային քարտից գումար կանխիկացնելու եւ որոշակի ապրանքի (ծառայության) դիմաց վճարում կատարելու համար, այնինչ շատ հեշտությամբ վճարային քարտով կարող է սպասարկվել խանութներում եւ այլ սպասարկման վայրերում:
3. ՈՒժեղացնել հարկային վարչարարությունը եւ պայքարել ստվերային տնտեսության դեմ: Անկանխիկ գործառնություններ իրականացնելիս դժվարանում է (գրեթե անհնար է) հարկային եւ մաքսային օրենսդրության պահանջներից խուսափելը:
Նախագծերի փաթեթում նախատեսվել է նաեւ անկանխիկ վճարման դեպքում ապրանքի, ծառայության դիմաց ավելի բարձր գին սահմանելը եւ (կամ) ավելի մեծ գումար ստանալը արգելող դրույթ:
Անկանխիկ վճարման մասին դրույթներ սահմանելիս փաթեթում հաշվի են առնվել առավել ստվերային եւ կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտները (բուժսպասարկում, կրթական ոլորտ եւ այլն), որտեղ կանխիկի սահմանափակումները կօգնեն հասնելու սահմանված նպատակներին.
4. Մեծացնել ֆինանսական միջնորդության ծավալները: Օրենքների ընդունումը կբերի նաեւ բանկային համակարգում ֆինանսական միջնորդության ավելացմանը, որն իր հերթին կհանգեցնի ողջ ֆինանսական համակարգի զարգացմանը: Բացի այդ, անկանխիկ վճարումների իրականացումը (բանկային հաշվի առկայությունը բանկում, այդ հաշվի միջոցով գործառնությունների իրականացումը) կհանգեցնի նաեւ անձանց կողմից պահանջվող եւ բանկերի կողմից մատուցվող այլ ծառայությունների իրականացմանը (օրինակ` վարկերի, օվերդրաֆտների տրամադրում եւ այլն):
5. Հայաստանի Հանրապետությունում ձեւավորել անկանխիկ վճարումներ իրականացնելու մշակույթ:
Օրենքների փաթեթի ընդունումը հիմք կհանդիսանա նշված խնդիրների լուծման համար: