Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում «հանձնաժողովների,» բառը փոխարինել «ժամանակավոր հանձնաժողովների, ինչպես նաեւ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «օրենքով սահմանված կարգով» բառերը հանել,
2) 1-ին մասի «ա» կետը «նիստերին» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ այն հանձնաժողովների, ենթահանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի նիստերին, որոնց կազմում նա ընդգրկված է» բառերով,
3) 1-ին մասը «ա» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ա.1», «ա.2» եւ «ա.3» կետերով՝
«ա.1) ընդգրկվել մշտական հանձնաժողովի կազմում, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված դեպքերի.
ա.2) մասնակցել Ազգային ժողովի այն հանձնաժողովների կազմակերպած խորհրդարանական լսումներին, որոնց կազմում նա ընդգրկված է.
ա.3) պահպանել պատգամավորի վարքագծի կանոնները.»,
4) 1-ին մասի «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«դ) սույն օրենքի 6.2-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքում հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ:»,
5) 1.1-րդ մասում «կամ նրա մշտական հանձնաժողովի նիստերից» բառերը փոխարինել «սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված նիստերից, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ին կետի «ա.1» ենթակետում նշված խորհրդարանական լսումներից» բառերով:
Հոդված 3. Օրենքը 6-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-րդ եւ 6.2-րդ հոդվածներով՝
«Հոդված 6.1. Պատգամավորի վարքագծի կանոնները
1. Սույն հոդվածի պահանջները վերաբերում են ինչպես պատգամավորի լիազորությունների իրականացմանը, այնպես էլ` նրա ամենօրյա վարքագծին:
2. Պատգամավորի վարքագծի կանոններն են`
ա) հարգել օրենքը եւ ենթարկվել օրենքին.
բ) հարգել հանրության բարոյական նորմերը.
գ) պահպանել Ազգային ժողովի եւ նրա հանձնաժողովների նիստերի անցկացման կարգը.
դ) իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իրեն փոխկապակցված անձանց անձնական շահերով.
ե) չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունը ի շահ իրեն կամ այլ անձի:
զ) իր գործունեությամբ նպաստել Ազգային ժողովի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը.
է) ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսեւորել պատգամավորին վայել վարքագիծ.
ը) հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, ինչպես նաեւ բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:
Հոդված 6.2. Պատգամավորի շահերի բախում
1. Պատգամավորի կողմից իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը կամ Ազգային ժողովի քննարկմանը որոշման նախագիծ ներկայացնելը, ինչպես նաեւ Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, ենթահանձնաժողովների նիստերում ելույթ ունենալը կամ քվերակությանը մասնակցելը, որը թեեւ ինքնին օրինական է, սակայն պատգամավորը տեղյակ է, որ այն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաեւ`
ա) իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը.
բ) իր կամ իր հետ փոխկապակցված անձի անդամակցած ոչ առեւտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.
գ) իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնակցությամբ առեւտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.
դ) իր հետ փոխկապակցված անձին պաշտոնում նշանակմանը:
2. Սույն օրենքի իմաստով պատգամավորի հետ փոխկապակցված անձինք են համարվում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձինք:
3. Շահերի բախում առաջանալու դեպքում պատգամավորը պարտավոր է սույն օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված կարգով հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ` ներկայացնելով շահերի բնույթը: Այդ դեպքում պատգամավորը կարող է նաեւ հայտարարել, որ հրաժարվում է մասնակցել հարցի քվեարկությանը, որից նրա բացակայությունը սույն օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված հիմքով համարվում է հարգելի:
4. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված դրույթները մեկնաբանելիս համարվում է, որ պատգամավորը չի առաջնորդվում իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով, եթե նա Ազգային ժողովի նիստում ելույթ է ունենում գլխադասային հանձնաժողովի, խմբակցության կամ պատգամավորական խմբի անունից կամ տվյալ գործողությունը`
ա) վերաբերվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների, պետական կամ համայնքային հիմնարկների, կամ դրանց պաշտոնատար անձանց գործունեությանը.
բ) վերաբերվում է այն կուսակցության գործունեությանը, որի անդամն է պատգամավորը.
գ) ունի համընդհանուր կիրառելիություն եւ անդրադառնում է հասարակության լայն շերտերի վրա, այնպես, որ ողջամտորեն չի կարող մեկնաբանվել որպես պատգամավորի կամ նրա հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել.
դ) վերաբերվում է պատգամավորի օրենքով նախատեսված վարձատրությանը կամ արտոնություններին:»:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Պատգամավորի հիմնական աշխատանքային ժամանակը ներառում է Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերի եւ խորհրդարանական լսումների անցկացման, ինչպես նաեւ պատգամավորի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ այլ ժամանակահատվածը: Հիմնական աշխատանքային ժամանակը նորմավորված չէ:»,
2) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքը 9-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-րդ եւ 9.2-րդ հոդվածներով՝
«Հոդված 9.1. Պատգամավորի գործունեության սահմանափակումները
1. Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասին համապատասխան` պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:
2. Սույն օրենքի իմաստով ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաեւ գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանք են համարվում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով սահմանված համապատասխան գործունեությունը (աշխատանքը):
3. Պատգամավորական լիազորությունների իրականացման հետ կապված պատգամավորի պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքի կամ օրենքով չարգելված այլ աշխատանքային գործունեության նկատմամբ:
4. Պատգամավորին գիտական, մանկավարժական եւ uտեղծագործական աշխատանքի համար վճարումը չի կարող գերազանցել ողջամիտ չափը, այսինքն` այն չափը, որին նույնպիսի գործունեության համար համանման որակներ ունեցող, բայց պատգամավոր չհանդիսացող անձը կարող էր հավակնել:
5. Պատգամավորական լիազորությունների իրականացումից բացի` գիտական, մանկավարժական, ստեղծագործական կամ օրենքով չարգելված այլ աշխատանք կատարելը հիմք չէ մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից պատգամավորի բացակայելը, սույն օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետով սահմանված կարգով հարգելի համարելու համար:
Հոդված 9.2. Պատգամավորի գործունեության սահմանափակումների ապահովումը
1. Պատգամավոր ընտրվելու մասին համապաստասխան ընտրական հանձնաժողովի որոշման ընդունումից հետո` մեկ ամսվա ընթացքում պատգամավորը պարտավոր է `
ա) դադարեցնել անահատ ձեռնարկատիրոջ պետական գրանցումը,
բ) դուրս գալ առեւտրային կազմակերպությունից կամ դրանում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման,
գ) հրաժարվել առեւտրային կազմակերպությունում ուրիշի գույքի հավատարմագրային կառավարումից,
դ) ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոններից,
ե) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, եթե դա «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի համաձայն չի համարվում գիտական, մանկավարժական կամ ստեղծագործական աշխատանք:
2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետի ընթացքը կասեցվում է պատգամավորի ընտրության (համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով) արդյունքներով որոշումների վիճարկման մասին գործը սահմանադրական դատարանում քննության ընդունվելու օրվանից մինչեւ այդ գործով սահմանադրական դատարանի վերջնական որոշման ընդունման օրը:
3. Պատգամավորն իրավունք ունի մինչեւ վճարովի հիմունքներով գիտական, մանկավարժական կամ ստեղծագործական աշխատանքի անցնելը սույն օրենքի 24.2-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով սահմանված կարգով դիմել Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովին (այսուհետ` Էթիկայի հանձնաժողով) եւ ստանալ նրա եզրակացությունը:
4. Եթե առեւտրային կազմակերպությունում պատգամավորի մասնաբաժնի հավատարմագրային կառավարման պայմանագիրը չի դադարել այդ կազմակերպության լուծարման կամ սնանկ ճանաչվելու հիմքով, ապա պատգամավորը պարտավոր է հավատարմագրային կառավարման պայմանագիրը դադարելուց հետո` մեկ ամսվա ընթացքում դուրս գալ առեւտրային կազմակերպությունից կամ դրանում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման:»:
Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածում ՝
1) 1-ին մասի «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«գ) սույն օրենքի 991-րդ հոդվածի համաձայն նա խախտել է Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները,
2) 1-ին մասը «գ» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ.1» կետով՝
«գ.1) նա պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում կամ առեւտրային կազմակերպությունում նշանակվել է (ընտրվել է) պաշտոնում.»,
3) 1-ին մասի «ժ» կետն ուժը կորցրած ճանաչել,
4) 2-րդ մասում «գ» բառը փոխարինել «գ.1» բառով:
Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում «կազմը» բառը փոխարինել «կազմը, ինչպես նաեւ Էթիկայի հանձնաժողովի կազմերը, նշանակում է Էթիկայի հանձնաժողովի նախագահին եւ նրա տեղակալին» բառերով:
Հոդված 8. Օրենքը 24-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 24.1-րդ, 24.2-րդ, 24.3-րդ, 24.4-րդ եւ 24.5-րդ հոդվածներով՝
«Հոդված 24.1. Էթիկայի հանձնաժողովի կազմավորումը
1. Ազգային ժողովի առաջին նստաշրջանում, ինչպես նաեւ յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին չորսօրյա նիստում խմբակցությունների ներկայացմամբ կազմավորվում է Էթիկայի հանձնաժողով, որը գործում է մինչեւ նույն գումարման Ազգային ժողովի հաջորդ Էթիկայի հանձնաժողովի կազմավորումը:
Էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատում է, ինչպես նաեւ Էթիկայի հանձնաժողովի նախագահին եւ նրա տեղակալին նշանակում է Ազգային ժողովի նախագահը, եթե պահպանված են սույն հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերով սահմանված սկզբունքները:
2. Խմբակցությունը էթիկայի հանձնաժողովում ունի առնվազն մեկ պատգամավոր ներկայացնելու իրավունք: Եթե ոչ ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թիվը հավասար չէ ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թվին, ապա Էթիկայի հանձնաժողովի կազմը համալրվում է լրացուցիչ անդամով (ներով), հետեւյալ կարգով`
ա) եթե ոչ ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թիվը մեծ է ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թվից, ապա դրանց տարբերությունը կազմող տեղում (տեղերում) մեկական լրացուցիչ անդամ հաջորդաբար առաջադրելու իրավունքը պատկանում է ընդդիմադիր խմբակցություններին.
բ) եթե ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թիվը մեծ է ոչ ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թվից, ապա դրանց տարբերությունը կազմող տեղում (տեղերում) մեկական լրացուցիչ անդամ հաջորդաբար առաջադրելու իրավունքը պատկանում է ոչ ընդդիմադիր խմբակցություններին.
գ) լրացուցիչ անդամի (ների) առաջադրման հաջորդականությունը որոշվում է ըստ նրա (նրանց) առաջադրման իրավունքն ունեցող խմբակցությունների թվականակի` մեծաթվից փոքրաթիվ.
դ) լրացուցիչ անդամ (ները) առաջադրվում են մինչեւ Էթիկայի հանձնաժողովում ոչ ընդդիմադիր եւ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների թվի հավասարվելը:
3. Էթիկայի հանձնաժողովի նախագահը եւ նրա տեղակալը նշանակվում են Էթիկայի հանձնաժողովի անդամների թվից` խմբակցությունների ներկայացմամբ:
Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը հաջորդաբար զբաղեցնելու իրավունքը պատկանում է ամենամեծաթիվ ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր խմբակցություններին:
Եթե Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում է`
ա) ոչ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը, ապա Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնելու իրավունքը պատկանում է ամենամեծաթիվ ընդդիմադիր խմբակցությանը.
բ) ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը, ապա Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնելու իրավունքը պատկանում է ամենամեծաթիվ ոչ ընդդիմադիր խմբակցությանը:
4. Էթիկայի հանձնաժողովի անդամների առաջադրման, ինչպես նաեւ Էթիկայի հանձնաժողովի նախագահի եւ նրա տեղակալի պաշտոնը զբաղեցնելու իրավունքը պահպանվում է մինչեւ Էթիկայի հանձնաժողվի լիազորությունների ավարտը:
Խմբակցություններն իրավունք ունեն փոխելու Էթիկայի հանձնաժողովում ընդգրկված իրենց անդամներին:
5. Էթիկայի հանձնաժողովի անդամի (նախագահի, նրա տեղակալի) լիազորությունները դադարում են, եթե`
ա) սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված դեպքերում դադարել են նրա պատգամավորական լիազորությունները.
բ) Էթիկայի հանձնաժողովի լիազորություններն ավարտվել են.
գ) նա տվել է հրաժարական.
դ) սույն հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված կարգով խմբակցությունը նրան փոխել է:
6. Էթիկայի հանձնաժողովի անդամի (նախագահի, նրա տեղակալի) թափուր տեղը (պաշտոնը) լրացվում է սույն հոդվածի 1-ից 4-րդ կետերով սահմանված կարգով` Էթիկայի հանձնաժողովի անդամ առաջադրելու կամ Էթիկայի հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի պաշտոնը զբաղեցնելու իրավունքն ունեցող խմբակցության կողմից:
Հոդված 24.2. Էթիկայի հանձնաժողովի իրավասությունը
1. Էթիկայի հանձնաժողովը`
ա) Ազգային ժողովին եզրակացություն է ներկայացնում պատգամավորի կողմից Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու վերաբերյալ.
բ) որոշում է կայացնում պատգամավորի կողմից սույն օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնները խախտելու վերաբերյալ.
գ) որոշում է կայացնում պատգամավորի կողմից շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու սույն օրենքի 6.2-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված պահանջը չկատարելու վերաբերյալ.
դ) պատգամավորին եզրակացություն է ներկայացնում նրա կողմից նշված աշխատանքը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի համաձայն գիտական, մանկավարժական կամ ստեղծագործական աշխատանք համարելու վերաբերյալ.
ե) պատգամավորին եզրակացություն է ներկայացնում նրա կողմից նշված հարցով սույն օրենքի 6.2-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու անհրաժեշտության վերաբերյալ:
2. Էթիկայի հանձնաժողովը կարող է`
ա) ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջել եւ ստանալ Էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր.
բ) իրավասու պետական կամ տեղական իքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից, բացառությամբ` դատարանների, դատավորների եւ դատախազների, պահանջել Էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցի ուսումնասիրության ընթացքում բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ անցկացնել ստուգումներ, ուսումնասիրություններ, փորձագիտական հետազոտություններ եւ ներկայացնել դրանց արդյունքները:
3. Էթիկայի հանձնաժողովի պահանջած նյութերը, փաստաթղթերը կամ այլ տեղեկությունները պետք է նրան ուղարկվեն հարցումը ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ կամ հարցման հասցեատերը Էթիկայի հանձնաժողովի պահանջը կատարելու համար այլ ողջամիտ ժամկետ չի առաջարկում:
4. Էթիկայի հանձնաժողովի անդամներն իրավասու են անարգել այցելել ցանկացած պետական կամ համայնքային հիմնարկ կամ կազմակերպություն, ինչպես նաեւ ծանոթանալ էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող ցանկացած նյութի եւ փաստաթղթի: Պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններին Էթիկայի հանձնաժողովի անդամները կարող են ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:
Հոդված 24.3. Էթիկայի հանձնաժողով դիմելը
1. Էթիկայի հանձնաժողովին կարող են դիմել`
ա) յուրաքանչյուր ոք` սույն օրենքի 24.2-րդ հոդվածի 1-ին կետի «ա»-ից «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում .
բ) պատգամավորը` սույն օրենքի 24.2-րդ հոդվածի 1-ին կետի «դ» եւ «ե» ենթակետերով նախատեսված դեպքերում:
2. Դիմումը ներկայացվում է գրավոր եւ պետք է պարունակի`
ա) դիմողի անունը, ազգանունը, պատգամավորի դեպքում` նաեւ ընտրատարածքի համարը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը.
բ) դիմողի հասցեն, իրավաբանական անձի դեպքում` գտնվելու վայրը (պատգամավորի դեպքում չի ներկայացվում).
գ) սույն օրենքի 24.2-րդ հոդվածի 1-ին կետի «ա»-ից «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում այն պատգամավորի անունը, ազգանունը եւ ընտրատարածքի համարը, ում վերաբերվում է դիմումը.
դ) Սահմանադրության, սույն օրենքի պահանջների խախտումը հավաստող, ինչպես նաեւ հարցի պարզաբանման կամ լուծման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր.
ե) դիմումը կազմելու տարին, ամիսը եւ ամսաթիվը.
զ) դիմողի ստորագրությունը, իսկ իրավաբանական անձի դեպքում` նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը եւ իրավաբանական անձի կնիքը:
Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի նաեւ օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր:
3. Եթե դիմումում առկա են ձեւական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք` նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մասին: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա Էթիկայի հանձնաժողովի քարտուղարն առաջարկում է սահմանված ժամկետում համալրել այդ ցանկը:
4. Էթիկայի հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ, սակայն ոչ ուշ, քան դիմումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, Էթիկայի հանձնաժողովն իր որոշմամբ սկսում է դիմումում բարձրացված հարցի քննությունը կամ մերժում է դիմումի քննարկումը:
5. Էթիկայի հանձնաժողովը մերժում է դիմումի քննարկումը, եթե `
ա) դիմում առաջադրված հարցերը ենթակա չեն Էթիկայի հանձնաժողովին.
բ) դիմողն իրավասու չէ դիմումում առաջադրված հարցով դիմելու Էթիկայի հանձնաժողով.
գ) սույն օրենքի 24.2-րդ հոդվածի 1-ին կետի «ա»-ից «գ» ենթակետերում նշված հարցով՝ նույն պատգամավորի եւ նույն հիմքով ներկայացված դիմումի վերաբերյալ առկա է Ազգային ժողովի եւ (կամ) Էթիկայի հանձնաժողովի որոշում.
դ) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի (դիմումների) հիման վրա Էթիկայի հանձնաժողովում իրականացվում է հարցի քննություն:
6. Էթիկայի հանձնաժողովում հարցի քննությունը սկսելուց հետո` 3-օրյա ժամկետում, Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը դիմողին, ինչպես նաեւ դիմումում նշված պատգամավորին եւ այլ շահագրգիռ անձանց ծանուցում է հարցի քննությունը սկսելու վերաբերյալ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ հարցի քննությանը ներգրավված իրավասու մարմինների ներկայացուցիչներին ծանուցում է հարցի քննության իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի եւ այլ պայմանների մասին:
էթիկայի հանձնաժողովի քարտուղարը դիմումը եւ դրան կից փաստաթղթերը, մերժման մասին Էթիկայի հանձնաժողովի որոշման կայացման օրվանից հետո` 3-օրյա ժամկետում, վերադարձնում է դիմողին:
7. Էթիկայի հանձնաժողովը հարցի քննությունն ավարտում է հարցի քննությունը սկսելու վերաբերյալ իր որոշման կայացման օրվանից հետո` 30 օրվա ընթացքում: Այդ ժամկետը կարող է Էթիկայի հանձնաժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ 20 օրով, եթե հարցի քննության համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել եւ հարցի քննության մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում կամ եզրակացություն ընդունել: Հարցի քննության ժամկետի երկարաձգման մասին Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը ծանուցում է շահագրգիռ կողմերին:
8. Էթիկայի հանձնաժողովը պարտավոր է կասեցնել հարցի քննությունը, եթե`
ա) անհնարին է տվյալ հարցի վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի որոշման կամ եզրակացության ընդունումը մինչեւ սահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը.
բ) Էթիկայի հանձնաժողովի ուսումնասիրության ընթացքում ի հայտ են գալիս հանցակազմի հատկանիշներ: Այդ դեպքում Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը 24 ժամվա ընթացքում հարցին առնչվող բոլոր նյութերն ուղարկում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին (այսուհետ՝ Գլխավոր դատախազ):
Էթիկայի հանձնաժողովը կարող է կասեցնել հարցի քննությունը, եթե դիմումում նշված պատգամավորը հարգելի պատճառներով բացակայում է, եւ Էթիկայի հանձնաժողովը, նախքան որոշում կամ եզրակացություն ընդունելը, անհրաժեշտ է համարում նրա ներկայությունը` հարցի քննությանն առնչվող որոշ կարեւոր հանգամանքներ նրանից պարզելու համար:
Հարցի քննությունը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո` 3-օրյա ժամկետում:
9. Հարցի քննությունը կարճվում է, եթե Ազգային ժողովի լիազորություններն ավարտվել են, դիմումում նշված պատգամավորի լիազորությունները դադարել են կամ օրենքով նախատեսված այլ հիմքով Էթիկայի հանձնաժողովի եզրակացության ընդունման անհրաժեշտությունը վերացել է:
10. Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը հարցի քննությունը կարճելու, կասեցնելու եւ վերսկսելու վերաբերյալ Էթիկայի հանձնաժողվի որոշումները 3-օրյա ժամկետում ուղարկում է շահագրգիռ կողմերին:
Հոդված 24.4. Էթիկայի հանձնաժողովի գործունեության կարգը
1. Էթիկայի հանձնաժողովը գործում է սույն օրենքի 27-րդ, 28-րդ, 29-րդ եւ 30.1 -րդ հոդվածներով նախատեսված կարգով հետեւյալ տարբերությամբ`
ա) հանձնաժողովի հերթական նիստերը գումարվում են միայն հանձնաժողովի կամ նրա նախագահի սահմանած օրերին.
բ) հանձնաժողովի նիստերը դռնփակ են, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումում նշված պատգամավորն առաջարկում է հանձնաժողովի նիստերն անցկացնել դռնբաց.
գ) հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը եւ այն վարում է հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 26-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքում՝ նրա տեղակալը կամ հանձնաժողովի որոշմամբ լիազորված հանձնաժողովի անդամը.
դ) սույն օրենքի 24.2-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» եւ «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս դիմումի ուսումնասիրության արդյունքները հանձնաժողովին ներկայացնելու իրավասություն ունեցող հանձնաժողովի անդամը, իսկ հարակից զեկուցմամբ` դիմումում նշված պատգամավորը, իսկ դիմումի հեղինակը, ինչպես նաեւ սույն օրենքի 24.2-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով հանձնաժողովին նյութեր, փաստաթղթեր կամ տեղեկություններ ներկայացրած անձինք իրավունք ունեն ելույթ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների եւ դիմումում նշված պատգամավորի հարցերին.
ե) սույն օրենքի 24.2-րդ հոդվածի 1-ին կետի «դ» եւ «ե» ենթակետերով նախատեսված դեպքերում որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս դիմումի հեղինակը, իսկ հարակից զեկուցմամբ` դիմումի ուսումնասիրության արդյունքները հանձնաժողովին ներկայացնելու իրավասություն ունեցող հանձնաժողովի անդամը, իսկ սույն օրենքի 24.2-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով հանձնաժողովին նյութեր, փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ ներկայացրած անձինք իրավունք ունեն ելույթ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների եւ դիմումի հեղինակի հարցերին.
զ) հանձնաժողովի որոշումները եւ եզրակացություններն ընդունվում են քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին.
է) եթե հանձնաժողովի որոշման կամ եզրակացության նախագիծը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա սույն օրենքի 24.2-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» եւ «գ» ենթակետերով նախատեսված հարցերով ներկայացված դիմումը համարվում է մերժված, իսկ սույն օրենքի 24.2-րդ հոդվածի 1-ին կետի «դ» եւ «ե» ենթակետերով նախատեսված հարցերով ներկայացված դիմումի քննարկումը համարվում է ավարտված.
ը) հանձնաժողովը պարտավոր է հնարավորություն տալ այն պատգամավորին, որին վերբերվում է դիմումը պարզաբանումներ տալ դիմումում բարձրացված հարցերի եւ կատարված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, ինչպես նաեւ հիմնավորել իր դիրքորոշումն ամբողջությամբ: Եթե դիմումում նշված պատգամավորը հրաժարվել է մասնակցել հարցի քննարկմանը, ապա այդ հարցով Էթիկայի հանձնաժողովի ըստ էության որոշման կամ եզրակացության քննարկման օրվանից առնվազն 10 օր առաջ՝ Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը հարցին առնչվող նյութերն ուղարկում է պատգամավորին, որն իրավունք ունի նյութերը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, եթե Էթիկայի հանձնաժողովի որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ, Էթիկայի հանձնաժողովին ուղարկել դրանց վերաբերյալ իր դիրքորոշումն ու պարզաբանումները.
թ) հանձնաժողովի ընթացակարգային որոշումները պետք է լինեն գրավոր, իսկ ըստ էության որոշումները եւ եզրակացությունները` նաեւ պատճառաբանված, բացառությամբ սույն կետի «է» ենթակետով նախատեսված դեպքերի.
ժ) մինչեւ հանձնաժողովում քննարկվող դիմումի վերաբերյալ վերջնական որոշման կամ եզրակացության ընդունումը, դիմումի բովանդակությունը հրապարակման ենթակա չէ, բացառությամբ սույն կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքի.
ժա) հանձնաժողովի անդամները եւ հանձնաժողովի աշխատանքներին մասնացող այլ անձինք իրավունք չունեն հարցի քննարկման կամ ուսումնասիրման ընթացքում իրենց հայտնի դարձած դիմողի կամ այլ անձանց մասին տվյալներ հրապարակել` առանց նրանց գրավոր համաձայնության.
ժբ) պատգամավորը չի կարող հանձնաժողովի անդամի կարգավիճակով մասնակցել հանձնաժողովում հարցի քննարկմանը, եթե նա կամ նրան փոխկապակցված անձը դիմումի հեղինակն է կամ հանձնաժողովը քննում է նրանց հարցը:
2. Էթիկայի հանձնաժողովն ունի իր կանոնակարգը, որն հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:
3. Էթիկայի հանձնաժողովի նախագահը Էթիկայի հանձնաժողովի որոշումները եւ եզրակացությունները հրապարակում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանի առաջիկա չորսօրյա նիստերում, որից հետո դրանք տեղադրվում են Ազգային ժողովի ինտերնետային կայքում:
Բացառությամբ սույն օրենքի 99.1-րդ հոդվածով նախատեսված դեպքի Էթիկայի հանձնաժողովի որոշումները եւ եզրակացություններն Ազգային ժողովում չեն քննարկվում:
4. Սույն օրենքի 22-րդ հոդվածը էթիկայի հանձնաժողովի գործունեության վրա չի տարածվում:
Հոդված 24.5. Էթիկայի հանձնաժողովի գործունեության ապահովումը
1. Էթիկայի հանձնաժողովի կազմակերպչական, իրավաբանական, փաստաթղթային, տեղեկատվական եւ վերլուծական գործունեությունն ապահովում է Էթիկայի հանձնաժողվի քարտուղարությունը, որը Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է, ունի Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված քարտուղար եւ գործավար (օգնական):
2. Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը եւ գործավարը (օգնականը) աշխատանքի են ընդունվում եւ ազատվում աշխատանքից Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին օրենսդրությանը համապատասխան:
3. Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը կատարում է Էթիկայի հանձնաժողովի նախագահի հանձնարարականները եւ իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:»:
Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«7. Ազգային ժողովի նախագահը եւ նրա տեղակալները, ինչպես նաեւ խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի ղեկավարները կարող են իրենց ցանկությամբ չընդգրկվել մշտական հանձնաժողովների կազմում:»:
Հոդված 10. Օրենքի 30-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասում «օրակարգերի նախագծերում օրենքի» բառերը փոխարինել «օրակարգի նախագծում օրենքի, օրենքների նախագծերի փաթեթի» բառերով.
2) 4-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով՝
«5. Եթե Ազգային ժողովի հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում հարցի ընդգրկվելը գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ հետաձգվել է, ապա այդ հարցը ՝
ա) գլխադասային հանձնաժողովի օրակարգ է ընդգրկվում հեղինակի (հիմնական զեկուցողի) գրավոր դիմումով.
բ) դուրս է գալիս Ազգային ժողովում շրջանառությունից, եթե հետաձգման մասին Ազգային ժողովի որոշման ընդունումից հետո՝ մեկ տարվա ընթացքում հեղինակը գրավոր չի դիմում գլխադասային հանձնաժողով:»:
Հոդված 11. Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12. Օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասում «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը (այսուհետ՝ Գլխավոր դատախազ)» բառերը փոխարինել «Գլխավոր դատախազը» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ)» բառերը՝ «Կենտրոնական բանկի» բառերով:
Հոդված 13. Օրենքի 51-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 14. Օրենքը 52-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 52.1-րդ հոդվածով.
«Հոդված 52.1. Օրենքների եւ Ազգային ժողովի որոշումների նախագծերի գրանցումը
1. Սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին եւ 52-րդ հոդվածի 3-րդ կետերի համաձայն շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերը (նախագծերի փաթեթները) եւ Ազգային ժողովի որոշման նախագծերը Աշխատակազմի կողմից գրանցվում են Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցերի ռեեստրում (այսուհետ՝ Ռեեստր), որը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:
2. Ռեեստրը բաղկացած է հետեւյալ բաժիններից՝
ա) հերթական նստաշրջանի օրակարգում դեռեւս չընդգրկված հարցրեր.
բ) հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցեր.
գ) ամբողջությամբ ընդունված հարցեր:
3. Ռեեստրում գրանցված նախագծի 1-ին էջի վերեւի ձախ անկյունում դրվում է փաստաթղթային կոդ, որը կազմված է միմյանցից գծիկներով բաժանված հետեւյալ մասերից՝
ա) ներկայացնողի անվանման հապավումը («Պ»՝ պատգամավորի օրենսդրական նախաձեռնություն, «Կ»՝ Կառավարության օրենսդրական նախաձեռնություն, «Ն»՝ Հանրապետության Նախագահի կողմից ներկայացված միջազգային պայմանագրեր կամ վերադարձված օրենքներ).
բ) ռեեստրում հերթական համարը.
գ) շրջանառության մեջ դրվելու օրը, ամիսը եւ տարին.
դ) գլխադասային հանձնաժողովի անվանման հապավումը («ԱՄ»` առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողով, «ԱՀ»` արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով, «ԳԿ»` գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով, «ԳԲ»` գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով, «ԵԻ»` եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով, «ՄԻ»` մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով, «ՊԱ»` պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողով, «ՊԻ»` պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով, «ՍՀ»` սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, «ՏՏ»` տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով, «ՏՀ»` տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով, «ՖՎ»` Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով, «----»՝ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անվանման հապավումը).
ե) փաստաթղթի տեսակը ներկայացնող թվերը («010»` օրենքի նախագիծ, «011»` Ազգային ժողովի որոշման նախագիծ կամ միջազգային պայմանագիր, «012»` Ազգային ժողովի հայտարարության նախագիծ, «013»` Ազգային ժողովի ուղերձի նախագիծ).
զ) օրենքի նախագծի քննարկման ընթացքը ներկայացնող թիվը («0»` դեռեւս չի քննարկվել կամ քննարկվել է, սակայն դեռեւս չի քվեարկվել, «1»՝ առաջին ընթերցմամբ ընդունվել է, «2»՝ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է, «2ամբ.»՝ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել է, «3»` երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել է):
4. Օրենքների նախագծերի փաթեթի դեպքում առաջադրված օրենքի նախագիծն ունենում է ռեեստրում նախագծերի փաթեթի գրանցման հերթական համարը, իսկ մյուս նախագծերն ունեում են նաեւ այդ համարին ավելացված լրացուցիչ համարներ:
5. Եթե հեղինակի կողմից ներկայացվում է օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի լրամշակված տարբերակ, ապա փաստաթղթային կոդում նշվում է նաեւ լրամշակված տարբերակը պաշտոնապես ներկայացնելու ամսաթիվը, իսկ ռեեստրում տեղադրվում է լրամշակված նախագծի տեքստը:
6. Եթե օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը հեղինակների կողմից միացվում է ռեեստրում տեղադրված մեկ այլ նախագծի, ապա միավորված նախագիծը (նախագծերի փաթեթը) ունենում է ռեեստրում տեղադրված բոլոր նախագծերի փաստաթղթային կոդերը, իսկ ռեեստրում հրապարակվում է միասնական տեքստը:
7. Ռեեստրի՝ սույն հոդվածի 2-րդ կետի «ա» կամ «բ» ենթակետում նշված բաժնում ընդգրկված նախագծի անվանումը հիշատակելիս (արտահայտելիս, այլ փաստաթղթում նշելիս, հղումներ կատարելիս), այդ թվում՝ նախագծի վերաբերյալ գրավոր եզրակացություններ կամ առաջարկություններ ներկայացնելիս, նախագիծն Ազգային ժողովի օրակարգերի նախագծերում ընդգրկելիս, նախագիծը երկրորդ կամ երրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելիս, ինչպես նաեւ առաջին կամ երկրորդ ընթերցմամբ ընդունված նախագիծն իրավասու մարմիններ ուղարկելիս նշվում է նաեւ փաստաթղթային կոդը: Նախագծերի փաթեթի անվանումը հիշատակելիս կարող է նշվել միայն առաջադրված նախագծի փաստաթղթային կոդը:»:
Հոդված 15. Օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«4. Հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում օրենքի, օրենքների նախագծերի փաթեթի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկումը կարող է գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ հետաձգվել մեկ անգամ՝ անժամկետ:»:
Հոդված 16. Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» եւ «է» կետերով՝
«զ) սույն օրենքի 6.2-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքում հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ.
է) հանդես գալ հարցի քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ:»:
Հոդված 17. Օրենքի 97-րդ հոդվածի 8-րդ մասից «հրաժարականն ընդունելու եւ նրա» բառերը հանել:
Հոդված 18. Օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետում «քվեարկությունից առաջ Ազգային ժողովի նիստում» բառերը փոխարինել «սույն օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ կետի «է» ենթակետով սահմանված կարգով» բառերով:
Հոդված 19. Օրենքը 99-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 99.1-րդ հոդվածով՝
«Հոդված 991 . Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայամանները խախտելու դեպքում պատգամավորի լիազորությունների դադարման կարգը
1. Եթե սույն օրենքի 24.2-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված հարցի քննարկման արդյունքում Էթիկայի հանձնաժողովն ընդունում է պատգամավորի կողմից Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու վերաբերյալ եզրակացություն, ապա այն 24 ժամվա ընթացքում ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:
2. Էթիկայի հանձնաժողովի եզրակացությունն առանց քվեարկության ընդգրկվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում եւ քննարկվում է արտահերթ:
3. Էթիկայի հանձնաժողովի եզրակացությունում նշված պատգամավորն առնվազն 7 օր առաջ գրավոր տեղեկացվում է Ազգային ժողովի նիստում եզրակացության քննարկման մասին: Պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է երկու անգամ՝ երկուական շաբաթով, որից հետո այն քննարկվում է հաջորդ չորսօրյա նիստում՝ անկախ նրա ներկայությունից:
4. Էթիկայի հանձնաժողովի եզրակացությունն Ազգային ժողովում քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով: Որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս Էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու իրավասություն ունեցող հանձնաժողովի անդամը, իսկ որպես հարակից զեկուցող կարող է հանդես գալ եզրակացությունում նշված պատգամավորը կամ նրա լիազորած այլ պատգամավորը:
5. Հարցի քննարկման ավարտին քվեարկության է դրվում պատգամավորի կողմից Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի եզրակացությանը հավանություն տալու մասին հարցը, որի վերաբերյալ Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
6. Եթե քվեարկության արդյունքում սույն հոդվածի 5-րդ մասում նշված Ազգային ժողովի որոշումը չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա համարվում է, որ պատգամավորը չի խախտել Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները:
7. Եթե քվեարկության արդյունքում սույն հոդվածի 5-րդ մասում նշված Ազգային ժողովի որոշումը ստանում է ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա այդ որոշման եւ Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը եւ հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:»:
Հոդված 20. Օրենքը 105.1-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 105.2-րդ հոդվածով՝
«Հոդված 105.2. Կառավարության որոշմամբ անհետաձգել համարվող օրենքների նախագծերը
1. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված եզրակացությունները ներկայացվում են հետեւյալ ժամկետներում՝
ա) Աշխատակազմինը՝ 7-օրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան առաջիկա չորսօրյա նիստերից 2 օր առաջ.
բ) գլխադասային հանձնաժողովինը՝ 10-օրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան առաջիկա չորսօրյա նիստերից 2 ժամ առաջ:
2. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն Ազգային ժողովի հերթական նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվում է առանց քվերակության եւ առաջին ընթերցմամբ քննարկվում եւ քվեարկվում է այդ չորսօրյա նիստերի ընթացքում:
3. Սույն օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող՝ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություներն Աշխատակազմ են ներկայացվում օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը ստանալուց հետո՝ 3-օրյա ժամկետում:
4. Կառավարությունն իր որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքում գլխադասային հանձնաժողով է ներկայացնում առաջարկությունների ներկայացման համար սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետն սպառվելուց հետո՝ 7 օրվա ընթացքում, իսկ գլխադասային հանձնաժողովն իր եզրակացությունը, ինչպես նաեւ օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի եւ ամփոփաթերթիկի վերջնական տարբերակն Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում Կառավարության կողմից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո՝ 3-օրվա ընթացքում:
5. Եթե Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն Ազգային ժողովում քննարկվում է երեք ընթերցմամբ, ապա սույն օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով երրորդ ընթերցման է ներկայացվում երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 10-օրյա ժամկետում:
6. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն երկրորդ կամ երրորդ ընթերցմամբ քննակվելու նպատակով առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվում է առանց քվեարկության եւ համապատասխան ընթերցմամբ քննարկվում եւ քվեարկվում է այդ չորսօրյա նիստերի ընթացքում:
7. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը չի համարվում անհետաձգելի, եթե՝
ա) Ազգային ժողովի նիստում օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հիմնական զեկուցողը բացակայում է եւ նրա փոխարեն հիմնական զեկուցմամբ հանդես չի գալիս Կառավարության այլ լիազոր ներկայացուցիչ.
բ) Կառավարությունը սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված ժամկետում համապատասխան փաստաթղթերը գլխադասային հանձնաժողով չի ներկայացնում.
գ) սույն հոդվածի 5-րդ կետով սահմանված ժամկետում օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը երրորդ ընթերցման չի ներկայացվում.
դ) Կառավարության առաջարկությամբ եւ Ազգային ժողովի որոշմամբ օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի քննարկման կամ սույն հոդվածով նախատեսված ժամկետները երկարաձգվում են Սահմանադրության 74.1-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված ժամկետը գերազանցող ժամկետով.
ե) օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն ընդգրկվում է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում:
8. Սահմանադրության 74.1-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված ժամկետը չի համարվում սպառված, եթե Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ Ազգային ժողովը որոշում է կայացնում՝ մերժում է ընդունել առաջին ընթերցմամբ, երկրորդ կամ երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ կամ ընդունում է որպես օրենք, շրջանառության մեջ դրվելուց հետո՝
ա) հերթական նստաշրջանի ընթացքում, եթե այդ նստաշրջանի ավարտին մնացել է առնվազն երեք ամիս.
բ) միմյանց հաջորդող երկու հերթական նստաշրջանների երեք ամսվա ընթացքում, եթե առաջին նստաշրջանի ավարտին մնացել է երեք ամսից պակաս:
9. Հանրապետության Նախագահն Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է Սահմանադրության 74.1-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված հիմքով արձակել Ազգային ժողովը սույն հոդվածի 8-րդ կետի «ա» կամ «բ» ենթակետերով նախատեսված ժամկետը լրանալուց հետո՝ 6 ամսվա ընթացքում, բացառությամբ այն դեպքի, երբ այդ ժամանակահատվածում Ազգային ժողովն ընդունում է Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը:
10. Եթե սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված ժամկետները լրանում են մինչեւ չորսօրյա նիստերի երկուշաբթի օրը, ապա այդ ժամկետները համարվում են սպառված առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:»:
Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
2011 թվականի մայիսի 26-ին ընդունված «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով կարգավորվեցին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորների գործունեության սահմանափակմանը վերաբերվող մի շարք հարցրեր, մասնավորապես՝ սահմանվեցին բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեության սահմանափակումների ցանկը (ձեռնարկատիրական համարվող եւ այդպիսին չհամարվող գործունեության տեսակները, գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքները), էթիկայի կանոնները, նվերներ ընդունելու արգելքը եւ այլն: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսվեց նաեւ, որ՝
1) բարձրաստիճան պաշտոնատար անձանց վարքագծի կանոնները, էթիկայի լրացուցիչ կանոնները եւ դրանց նկատմամբ հսկողության մեխանիզմները կարող են սահմանվել տվյալ ոլորտի առանձնահատկությունները կարգավորող օրենքներով («Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մաս).
2) այդ օրենքի 30-րդ հոդվածի (բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախումը) դրույթները չեն տարածվում պատգամավորների, սահմանադրական դատարանի անդամների, դատավորների եւ դատախազների վրա եւ նշված անձանց շահերի բախման նորմերը կարող են սահմանվել տվյալ ոլորտի առանձնահատկությունները կարգավորող օրենքներով («Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մաս).
3) պատգամավորների կողմից էթիկայի կանոնների խախտումների բացահայտումը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթներից դուրս է («Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ).
4) համապատասխան մարմիններում ստեղծվում են էթիկայի հանձնաժողովներ, որոնց ձեւավորման, գործունեության, էթիկայի կանոնների խախտման առնչությամբ վարույթ իրականացնելու կարգը սահմանվում է համապատասխան օրենքներով («Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասեր).
Այդպիսով, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առաջին հերթին պայմանավորված է պատգամավորների գործունեության սահմանափակումների հետ կապված հարաբերությունների, ինչպես նաեւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի վերը նշված հարցերի կանոնակարգման անհրաժեշտությամբ:
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով մասնավորապես սահմանվում են՝
1) պատգամավորի վարքագծի կանոնները,
2) պատգամավորի շահերի բախումը ծագելու դեպքերը,
3) պատգամավորի կողմից իր եւ (կամ) իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելուն առնչվող դրույթները,
4) ընտրվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում պատգամավորի կողմից Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պահանջներին հակասող գործունեության դադարեցման կարգը,
7) Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի կազմավորման կարգը՝ ապահովելով էթիկայի հանձնաժողովում ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր խմբակցությունների հավասար ներկայացվածությունը,
8) Էթիկայի հանձնաժողովի իրավասությունները,
9) էթիկայի հանձնաժողովին դիմելու եւ դիմումների քննարկման կարգը,
10) Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պահանջը խախտելու դեպքում պատգամավորի լիազորությունների դադարման կարգը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նաեւ կանոնակարգվում են ՀՀ կառավարության կողից անհետաձգելի համարվող օրենքների նախագծերի քննարկման ընթացակարգը, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերի հետաձգման կարգը, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված նախագծերի գրանցման կարգը, ինչպես նաեւ շտկվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում արձանագրված մի շարք բացթողումներ եւ հակասություններ:
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքով հստակեցվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա օրենքի գործողությունը տարածելու հարցը՝ սահմանելով, որ օրենքի գործողությունը տարածվում է նրանց վրա միայն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում, վերացվում է առեւտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում 10 տոկոսից պակաս բաժնեմաս ունենալու՝ հանրային ծառայողների համար սահմանված հնարավորությունը, ինչպես նաեւ շտկվում են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում արձանագրված մի շարք բացթողումներ եւ հակասություններ: