Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-13051-08.12.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ» բառերը հանել.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:»:

3) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետում «հասարակական» բառը փոխարինել «ինչպես նաեւ այլ հասարակական» բառերով, իսկ «համար» բառը՝ «համար (բացառությամբ պատգամավորների)» բառերով,

2) 2-րդ մասի «10 եւ ավելի տոկոս» բառերը հանել.

3) 3-րդ մասը «կարող են» բառերից հետո լրացնել «ի լրումն սույն հոդվածով սահմանված սահամանափակումների» բառերով:

Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ից 4-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

2) իր կամ իր հետ փոխկապակցված անձի անդամակցած ոչ առեւտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

3) իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնակցությամբ առեւտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

4) իր հետ փոխկապակցված անձին պաշտոնում նշանակմանը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

2011 թվականի մայիսի 26-ին ընդունված «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով կարգավորվեցին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորների գործունեության սահմանափակմանը վերաբերվող  մի շարք հարցրեր, մասնավորապես՝ սահմանվեցին բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեության սահմանափակումների ցանկը (ձեռնարկատիրական համարվող եւ այդպիսին չհամարվող գործունեության տեսակները, գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքները), էթիկայի կանոնները, նվերներ ընդունելու արգելքը եւ այլն: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսվեց նաեւ, որ՝

1)  բարձրաստիճան պաշտոնատար անձանց վարքագծի կանոնները, էթիկայի լրացուցիչ կանոնները եւ դրանց նկատմամբ հսկողության մեխանիզմները կարող են սահմանվել տվյալ ոլորտի առանձնահատկությունները կարգավորող օրենքներով («Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մաս).

2) այդ օրենքի 30-րդ հոդվածի (բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախումը)  դրույթները չեն տարածվում պատգամավորների, սահմանադրական դատարանի անդամների, դատավորների եւ դատախազների վրա եւ նշված անձանց շահերի բախման նորմերը կարող են սահմանվել տվյալ ոլորտի առանձնահատկությունները կարգավորող օրենքներով («Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մաս).

3) պատգամավորների կողմից էթիկայի կանոնների խախտումների բացահայտումը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթներից դուրս է («Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ).

4) համապատասխան մարմիններում ստեղծվում են էթիկայի հանձնաժողովներ, որոնց ձեւավորման, գործունեության, էթիկայի կանոնների խախտման առնչությամբ վարույթ իրականացնելու կարգը սահմանվում է համապատասխան օրենքներով («Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասեր).

Այդպիսով, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առաջին հերթին պայմանավորված է պատգամավորների գործունեության սահմանափակումների հետ կապված հարաբերությունների, ինչպես նաեւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի վերը նշված հարցերի կանոնակարգման անհրաժեշտությամբ:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով մասնավորապես սահմանվում են՝

1) պատգամավորի վարքագծի կանոնները,

2) պատգամավորի շահերի բախումը ծագելու դեպքերը,

3) պատգամավորի կողմից իր եւ (կամ) իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելուն առնչվող դրույթները,

4) ընտրվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում պատգամավորի կողմից Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պահանջներին հակասող գործունեության դադարեցման կարգը,

7) Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի կազմավորման կարգը՝ ապահովելով էթիկայի հանձնաժողովում ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր խմբակցությունների հավասար ներկայացվածությունը,

8) Էթիկայի հանձնաժողովի իրավասությունները,

9) էթիկայի հանձնաժողովին դիմելու եւ դիմումների քննարկման կարգը,

10) Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պահանջը խախտելու դեպքում պատգամավորի լիազորությունների դադարման կարգը:

 «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նաեւ կանոնակարգվում են ՀՀ կառավարության կողից անհետաձգելի համարվող օրենքների նախագծերի քննարկման ընթացակարգը, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերի հետաձգման կարգը, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված նախագծերի գրանցման կարգը, ինչպես նաեւ շտկվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում արձանագրված մի շարք բացթողումներ եւ հակասություններ:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքով հստակեցվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա օրենքի գործողությունը տարածելու հարցը՝ սահմանելով, որ օրենքի գործողությունը տարածվում է նրանց վրա միայն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում, վերացվում է առեւտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում  10 տոկոսից պակաս բաժնեմաս ունենալու՝ հանրային ծառայողների համար սահմանված հնարավորությունը, ինչպես նաեւ շտկվում են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում արձանագրված մի շարք բացթողումներ եւ հակասություններ: