Հոդված 1. 2001 թվականի մարտի 7-ին ընդունված «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-148 օրենքի /այսուհետ` Օրենք/ հոդված 23-ի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունների էությունը կազմող գործառույթները սահմանվում են համապատասխան գործունեության լիցենզիաներով:
Կարգավորման ենթակա չեն`
ա) բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը.
բ) բացառապես սեփական կարիքների համար ջերմաէներգետիկայի ոլորտում նոր արտադրական հզորությունների (ներառյալ էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրության կայանների) կառուցման, ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման եւ բաշխման գործունեությունները.
գ) ջերմաէներգետիկայի ոլորտում նոր արտադրական հզորությունների (բացառությամբ էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրության կայանների) կառուցման, ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման եւ բաշխման գործունեությունները, եթե այդ համակարգերի դրվածքային հզորությունը չի գերազանցում 5,8 ՄՎտ.
դ) մինչեւ 150 կՎտ (ներառյալ) հզորությամբ արեւային էլեկտրակայանների կառուցման գործունեությունը:
Հոդված 2. Օրենքի հոդված 28-ի 1-ին կետի ը) ենթակետում «զարգացման» բառից հետո լրացնել «եւ հուսալիության բարձրացման» բառերը:
Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել 2.1 -րդ կետով հետեւյալ բովանդակությամբ` «2.1 Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո երկամսյա ժամկետում, հանձնաժողովի սահմանած կարգով, հրապարակում է էլեկտրաէներգետիկական համակարգի նախորդ տարվա անվտանգության եւ հուսալիության ցուցանիշները, իրականացնում է դրանց հետազոտություն, իրազեկում էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված կազմակերպություններին եւ ճշգրտման անհրաժեշտության դեպքում, անվտանգության եւ հուսալիության ցուցանիշների վերանայման մասին առաջարկություններ է ներկայացնում հանձնաժողովին եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին»:
Հոդված 4. Օրենքի հոդված 53-ի 2-րդ կետում «տեխնիկական կանոնակարգերի» բառերը փոխարինել «իրավական ակտերի» բառերով:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Իրավական ակտի հիմնավորումը
1. Անհրաժեշտությունը
««Էներգետկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (Օրենք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (նախագիծ) մշակման անհրաժեշտությունը առաջացել է`
ա. նախագծի 1-ին հոդված. անհրաժեշտ է ջերմամատակարարման (հիմնականում կենտրոնացված ջերմամատակարարման) եւ արեւային էներգետիկայի ոլորտների զարգացման համար խթանիչ մեխանիզմների ստեղծման նպատակով:
բ. նախագծի 2-րդ հոդված. անհրաժեշտ է, որպեսզի լիցենզավորված կազմակերպությունները ներդրումային զարգացման ծրագրերի համաձայնեցման ժամանակ պարտադրված լինեն ներառելու նաեւ հուսալիության բաղադրիչը, ինչը կպարտավորեցնի լիցենզավորված անձին պահպանել եւ բարձրացնել, ինչպես նաեւ համակարգի օպերատորին տրամադրել հուսալիության ցուցանիշները:
գ. նախագծի 3-րդ հոդված. անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ համակարգի օպերատորը պարտավորված լինի հետազոտել եւ վերլուծել էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության ցուցանիշները եւ առաջարկություններ ներկայացնի հանձնաժողովին եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին դրանց բարելավման ուղղությամբ:
դ. նախագծի 4-րդ հոդված. գործող օրենքում նշված տեխնիկական կանոնակարգի փոխարինումը իրավական ակտով պայմանավորված է այն հանգամանքով, որ տեխնիկական կանոնակարգերը չեն ընդգրկում տնտեսական նորմեր եւ դրույթներ, իսկ շատ դեպքերում ՀԾԿՀ-ի որոշումները տնտեսական բնույթի են:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
ա. ջերմամատակարարման եւ արեւային էներգետիկայի ոլորտներում չեն արձանագրվում դրական նշանակալից զարգացումներ
բ, գ. Էներգահամակարգում հուսալիության ցուցանիշները Օրենքով սահմանվում եւ հաստատվում են լիազոր մարմնի եւ Հանձնաժողովի կողմից, սակայն այդ ցուցանիշների վերլուծության, այդ մասին իրազեկման եւ նրանց հետագա կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների մշակումը բաց են մնացել, ինչը համակարգային վթարների վերլուծությունների ժամանակ հնարավորություն չի տալիս ճշգրիտ մոտեցումներ ցուցաբերելու: Սահմանված չէ նաեւ Էլեկտրաէներգետիկական համակարգում լիցենզավովրած անձանց զարգացման ծրագրերից բխող հուսալիության միջոցառումների իրականացման պարտավորությունը:
դ. գործող օրենքում նշված է միայն տեխնիկական կանոնակարգ,
3. Տվյալ բնագավառւմ իրականացվող քաղաքականությունը
Էներգետիակայի բնագավառի քաղաքականությունը անվտանգության եւ հուսալիության պատշաճ մակարդակի ապահովումն է եւ այդ պայմանների ստեղծման համար անհրաժեշտ ռազմավարական խնդիրների լուծումը;
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Սույն նախագծի նպատակն է կարգավորել ռազմավարական խնդիրների լուծման ուղիների սահմանումը եւ էներգահամակարգի հուսալիության ապահովման համար լիցենզավորված անձանց գործառույթների հստակեցումը, ինչպես նաեւ որոշ ոլորտների համար խթանիչ մեխանիզմների ստեղծումը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ:
6. Ակնկալվող արդյունքը
1. Կհստակեցվեն էլեկտրաէներգետիկական համակարգում զարգացման ծրագրերի եւ դրանցից բխող անվտանգության եւ հուսալիության ցուցանիշների մշակման, ինչպես նաեւ Էներգահամակարգում հուսալիության ցուցանիշների վերլուծության, այդ մասին իրազեկման եւ նրանց հետագա կատարելագործման հետ կապված հարցերը եւ պարտավորությունները:
2. ջերմաէներգետիկայի եւ արեւային էներգետիկայի ոլորտների զարգացման համար կստեղծվեն լրացուցիչ խթանիչ մեխանիզմներ:
7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) -