Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
4) Գիտահետազոտական եւ հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացման աշխատանքները, ինչպես նաեւ հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթները, մրցաշարերը, օլիմպիադաները՝ իրենց մասնակցության վճարի մասով։»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Օրենքի առաջարկվող լրացումը հնարավորություն կընձեռի մի շարք կրթական կազմակերպությունների ավելի ակտիվ ներգրավվել հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթների, մրցաշարերի եւ օլիմպիադաների իրագործմանը։
Իբրեւ վառ օրինակ կարելի է ներկայացնել «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Կենգուրու. մաթեմատիկան բոլորի համար» եւ «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» միջազգային մրցույթները, որոնք իրենց մասնակցության վճարի չափով այսօր ենթակա են հարկման ավելացված արժեքի հարկով։
Ըստ միջազգային կանոնակարգի` «Կենգուրու» եւ «Ռուսական արջուկ» մրցույթները ենթադրում են մասնակիցների կողմից որոշակի մասնակցության վճարի կատարում: Հայաստանում ամեն աշակերտի մասնակցության վճարը կազմում է 970 դրամ յուրաքանչյուր մրցույթի համար: Հավաքված գումարները բացառապես ծախսվում են մրցույթների կազմակերպչական եւ մրցանակային ծախսերը հոգալու համար: Չնայած մրցույթների անցկացումը հիմնականում հնարավոր է դառնում մասնակցության վճարների շնորհիվ, բայցեւայնպես այդ գումարները չեն ծածկում բոլոր ծախսերը, եւ «Այ» հիմնադրամն ամեն տարի ներգրավում է նաեւ հովանավորների` մրցութային ֆոնդը համալրելու նպատակով: Ըստ միջազգային կարգի, մրցանակային ֆոնդը պետք է կազմի հավաքագրված մասնակցության վճարների առնվազն 20%-ը: Հայաստանում այն գերազանցում է 30%-ը՝ նպատակ ունենալով կրթական մրցույթները դարձնել էլ ավելի մասսայական: Այնուամենայնիվ, հարկման նման պայմաններում ԱԱՀ-ի մեծությունը համադրելի է դառնում մրցանակային ֆոնդի մեծությանը, ինչը, նույնիսկ հովանավորների առկայության պարագայում հարցականի տակ է դնում մրցույթի ապագան։
Օրենքի լրացումը կարող է դրական անդրադառնալ նաեւ «Այբ»-ի կողմից արդեն երկու տարի իրականացվող մեկ այլ մրցույթի «Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի» հետագա զարգացման վրա: Ավելին, օրենքի լրացումը լուրջ խթան կհանդիսանա նաեւ առաջիկայում եւս մեկ կարեւոր միջազգային մրցույթ` այս անգամ հայերենից, իրականացնելու համար, որի նպատակն է բարձրացնել հետաքրքրությունը հայոց լեզվի եւ հայ գրականության հանդեպ, այն առավել գրավիչ դարձնել Հայաստանի եւ Սփյուռքի դպրոցականների շրջանում՝ ցույց տալով հայոց լեզվի ողջ հմայքը եւ հարստությունը:
«Կենգուրու» եւ «Ռուսական արջուկ» մրցույթներն աշակերտների համար արդեն վաղուց վերածվել են տոնի, եւ պատահական չէ, որ ամեն տարի ՀՀ նախագահը իր նստավայրում հյուրընկալում է «Կենգուրու» մրցույթի հաղթողներին եւ մարզերում լավագույն արդյունքներ արձանագրած երեխաներին: Նշենք նաեւ, որ մրցույթը Հայաստանում իրականացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հովանու ներքո՝ համաձայն նախարարության եւ «Այբ» կրթական հիմնադրամի միջեւ կնքված համագործակցության հուշագրի: Նման հուշագիր է ստորագրված նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության հետ՝ որի հիման վրա մրցույթն իրականացվում է նաեւ Արցախում: