Հոդված 1.
1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի 15-րդ հոդվածի 15-րդ մասը «տեղադրվողների» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ բացառությամբ սույն հոդվածի 16-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով:
2. Նույն հոդվածը լրացնել նոր 16-րդ մասով.
«16. Հայաստանի Հանրապետության համայնքներում (բացառությամբ Երեւան քաղաքի) Հայաստանի Հանրապետության գրանցում ունեցող տոտալիզատորի կողմից սպորտային ենթակառուցվածքի համար առավելագույնը 2 հաջորդական տարիների ընթացքում առնվազն 30 միլիոն հայկական դրամի չափով
1) կապիտալ շինարարության եւ/կամ
2) անշարժ գույքի նորոգման եւ/կամ
3) պատկանելիք գույքի ձեռքբերման եւ/կամ
4) կոմունալ վճարների վճարման
տեսքով ներդրում կատարվելու դեպքում այդ տոտալիզատորին թույլատրվում է տվյալ սպորտային ենթակառուցվածքի վրա 2 տարի ժամկետով տեղադրել իր արտաքին գովազդը եւ/կամ նույն ժամկետով անվանակոչել այդ ենթակառուցվածքն իր անվանմամբ:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ
Սույն նախագիծն առաջնահերթ միտված է մարզերում սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաեւ տոտալիզատորների գովազդային բյուջեի մի մասը երկրում պահելուն եւ հնարավորինս թույլ չտալուն, որպեսզի այն արտահոսի սոցիալական ցանցերի միջոցով:
Նախագծով առաջարկվող կարգավորումները լայն տարածում են ունեն միջազգային պրակտիկայում:
Մի շարք երկրներում պետությունը խիստ վերահսկողություն է սահմանել շահումով խաղերի եւ վիճակախաղերի նկատմամբ, ինչի շնորհիվ ստացված եկամտի զգալի մասն ուղղվում է տարբեր մարզական ֆեդերացիաներ, որոնք իրենց հերթին օժանդակություն են ցուցաբերում մարզական ակումբներին:
Իսրայել
Իսրայելում խաղային բիզնեսը գտնվում է պետության վերահսկողության տակ: Խաղատներն արգելված են: Գործում է ազգային լոտո, որի գործունեությունը կարգավորում է «Mifal Hapayis»-ը, իսկ խաղադրույքների բիզնեսը գտնվում է պետական բուքմեյքերական բիզնեսի հատուկ կոմիտեի վերահսկողության տակ:
Այստեղ ազարտային խաղերից ստացված շահույթի մեծ մասն ուղղվում է թիմային մարզաձեւերին, մասնավորապես՝ ֆուտբոլին եւ բասկետբոլին: Իսրայելական բասկետբոլային եւ ֆուտբոլային շատ ակումբներ իրենց գոյությունը պահպանում են հենց այդ աջակցության շնորհիվ:
Սլովենիա
Սպորտում մեծ հաջողություններ գրանցող եվրոպական այս փոքր պետությունը եւս լուրջ հսկողություն է սահմանել շահումով խաղերի նկատմամբ:
Պետական «E-stave» ընկերությունը մեծ թվով ծառայություններ է առաջարկում այս ասպարեզում եւ հանդիսանում է մի շարք մարզական ֆեդերացիաների հովանավորը:
Հունգարիա
Հունգարիայում վաղուց բոլոր տեսակի ազարտային եւ շահումով խաղերը գտնվում են պետության վերահսկողության ներքո: «Szerencsejatek» ընկերությունն է կարգավորում բոլոր տեսակի խաղերի գործունեությունը: Այստեղ եւս ստացված շահույթի զգալի մասն ուղղվում է սպորտի զարգացմանը: Տարբեր մարզական ֆեդերացիաներ ֆինանսական աջակցություն են ստանում են հենց շահումով խաղերից:
Թուրքիա
Թուրքիայում վաղուց արգելված է խաղատների գործունեությունը, իսկ բուքմեյքերական գործնեություն ծավալում է «Spor Toto» ընկերությունը, որն էլ լուրջ աջակցություն է ցուցաբերում թուրքական ֆուտբոլին, բասկետբոլին, վոլեյբոլին եւ որոշ այլ մարզաձեւերի: Վերջին տասնամյակում թիմային մարզաձեւերում Թուրքիայի ունեցած հաջողություններին զգալիորեն նպաստել է նաեւ ազգային բուքմեյքերի ցուցաբերած աջակցությունը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Ո Ր Ո Շ Ու Մ
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի մայիսի 21-ի նիստում
Ո Ր Ո Շ Ե Ց
հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապե-տության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախագծին կից ներկայացվում են՝
- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,
- նախագծի ընդունման հիմնավորումը,
- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում են օրենքի համապատասխան հոդվածում առաջարկվող լրացումները:
Նախագծի հիմնական զեկուցողն է պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը:
Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր՝ ___ թերթ:
Հարգանքով՝ ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ