Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-154-23.05.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 04-ի հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ


Հարկային օրենսգրքով նախատեսված անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերման դեպքում եկամտային հարկի վերադարձման համակարգում 2018 թվականից ներդրվել են սահմանափակումներ՝ բնակարանի արժեքի 55 մլն դրամ սահմանափակում եւ վերադարձվող եկամտային հարկի եռամսյակային 1.5 մլն դրամ սահմանափակում: Նշված սահմանափակումները ներդրվել են «սոցիալական» հիմնավորմամբ՝ ծրագրի շահառուներին հնարավորություն չտալով ձեռքբերել ավելի արժեքավոր բնակարաններ:

Սահմանափակումները որեւէ հիմնավորում չունեն, քանի որ արժեքավոր բնակարանները նույնպես լուծում են կացարանային խնդիր եւ սահմանափակելով նման բնակարանների վաճառքի արտոնյալ հնարավորությունը՝ լուրջ խնդիրներ ենք առաջացնում շինարարական ոլորտում, քանի որ սա բերում է կոնկրետ մակերեսից մեծ բնակարանների կառուցման խուսափելուն, ինչը շատ հաճախ հնարավոր չէ նաեւ ճարտարապետական տեսանկյունից: Միեւնույն ժամանակ, բնակարանի գինը հաշվարկվում է որպես 1 միավորի գին եւ օրինակ 60 մլն դրամ արժողությամբ բնակարանի վաճառքն այս համակարգով բերում է գնի ցածր ձեւակերպման եւ քիչ հարկ վճարելու մոտիվացիայի:

Ընդ որում, բարձր աշխատավարձ ստացողներին փաստացի խոչընդոտելով մեծ մակերես ունեցող բնակարան գնելուց՝ խնդիր ենք առաջացնում նաեւ բազմազավակ ընտանիքների բարեկեցիկ ապրելու համար:

Սահմանափակման բացակայությունը չի կարող առաջացնել նաեւ որեւէ չարաշահում, քանի որ դրա համար պետք է բարձր աշխատավարձի եւ փաստացի վճարած եկամտային հարկի առկայություն, ընդ որում բարձր վաճառքի գնից կառուցապատողը նույնպես ավելի շատ հարկ է վճարում:

Այս առումով խիստ հատկանշական է, որ ՀՆԱ-ի մեջ շինարարության բացասական նպաստումը վերջին տարիների ընթացքում ի վերջո վերածվեց դրական նպաստման՝ 2017-ին 0.2%-ային կետով, այնինչ 2018-ին այն անկում ապրեց 30%-ով՝ հասնելով 0.14%-ային կետի: Ակնհայտորեն, արտոնության սահմանափակումն ունեցել է իր մուլտիպլիկատիվ ազդեցությունը շինարարական ոլորտի ակտիվության դանդաղման համար, որն ազդեցություն է ունեցել ՀՆԱ-ում շինարարական ճյուղի նվազման վրա:

Գործող երրորդ սահմափակումը, որը հնարավորություն է տալիս միայն 1 անգամ օգտվել ծրագրից, բավարար է ծրագրի կացարանային նպատակի հիմնավորման համար, եւ մնացած 2 սահմանափակումները ոլորտի զարգացման համար առաջացնում են լուրջ ռիսկեր ու խոչընդոտներ:

Ներկայացված նախագծի ընդունմամբ՝ այդ բացը շտկվում է։

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Ո Ր Ո Շ Ու Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ   65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի մայիսի 21-ի նիստում

Ո Ր Ո Շ Ե Ց

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:   
 

21 մայիսի 2019թ.
 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգարժան պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապե-տության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։

Նախագծին կից ներկայացվում են՝

- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,

- նախագծի ընդունման հիմնավորումը,

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենքի համապատասխան հոդվածում առաջարկվող փոփոխությունը:

Նախագծի հիմնական զեկուցողն է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ ___ թերթ։
 
 

Հարգանքով՝ ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ