Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1314-26.12.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Նիստում քվեարկությունները կատարվում են միայն տվյալ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ: Քվեարկության է դրվում քննարկված հարցի վերաբերյալ Ազգային ժողովին դրական, իսկ սույն օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքում՝ բացասական եզրակացություն ներկայացնելու մասին առաջարկությունը: Եթե դրական եւ բացասական եզրակացություններ ներկայացնելու վերաբերյալ առաջարկությունները չեն ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ կամ այդպիսի առաջարկներ չեն արվում, ապա համարվում է, որ հարցի վերաբերյալ հանձնաժողովն Ազգային ժողովին եզրակացություն չի ներկայացրել:»:

Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածում՝

1)  4-րդ մասը «բացակայության» բառից հետո լրացնել «կամ սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության» բառերով.

2) 4-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ 6-րդ մասերով՝

«5. Գլխադասային հանձնաժողովը կարող է հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում օրենքի նախագծի (նախագծերի փաթեթի) կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկվելուն տալ բացասական եզրակացություն, եթե՝

ա) դա պարունակում է Սահմանադրությանը կամ սահմանադրական դատարանի որոշմանն ակնհայտորեն հակասող դրույթ, բացառությամբ Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագծերի.

բ) դա պարունակում է դրույթ, որն ակնհայտորեն հակասում է այն իրավական ակտին, որում փոփոխություն կամ լրացում է կատարվում, կամ այլ օրենքի (Ազգային ժողովի որոշման նախագծի դեպքում՝ նաեւ Ազգային ժողովի կողմից վավերացված միջազգային պայմանագրի կամ Ազգային ժողովի այլ որոշման), սակայն  նախագծով (նախագծերի փաթեթով) այդ հակասությունը վերացված չէ.

գ) դա պարունակում է տարբեր օրենքներում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին դրույթներ (օրենքի նախագծի դեպքում).

դ) դրանում ընդգրկված է առաջադրված օրենքի նախագծի հետ առնչություն չունեցող օրենքի նախագիծ (օրենքների նախագծերի փաթեթի դեպքում).

ե) դա չի համապատասխանում սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ կետերի, 71-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերի պահանջներին (օրենքի կամ օրենքների նախագծերի փաթեթի դեպքում).

զ) դա չի համապատասխանում սույն օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին (Ազգային ժողովի որոշման նախագծի դեպքում):

6. Գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունը, ինչպես նաեւ սույն  հոդվածի 5-րդ կետով նախատեսված հիմքերով՝ առանց հեղինակի համաձայնության հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում օրենքի նախագծի (նախագծերի փաթեթի) կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկվելը հետաձգելու մասին եզրակացությունը պետք է լինի գրավոր եւ պատճառաբանված:»:

Հոդված 3. Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) «երեք» բառը փոխարինել «չորս» բառով.

2) «բ» կետից «դրական» բառը հանել.

3) «գ» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» կետով՝

«դ) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն է ներկայացրել:»:

Հոդված 4. Օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) «երեք» բառը փոխարինել «չորս» բառով.

2) «բ» կետից «դրական» բառը հանել.

3) «գ» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» կետով՝

«դ) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն է ներկայացրել:»:

Հոդված 5. Օրենքի 38-րդ հոդվածում՝

1) 8-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-րդ մասով՝

«8.1. Սույն հոդվածի 8-րդ կետում նշված քվեարկություններն ավարտվելուց հետո Ազգային ժողովի նախագահն առանձին-առանձին քվեարկության է դնում հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծի չորրորդ մասում ընդգրկված հարցերն Ազգային ժողովում շրջանառությունից հանելու մասին հարցերը: Եթե քվեարկության արդյունքում՝

ա) հարցը ստանում է ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը հանվում է շրջանառությունից.

բ) հարցը չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդգրկվում է հերթական նստաշրջանի օրակարգում:»,

2) 9-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-րդ մասով՝

«9.1. Սույն հոդվածի 9-րդ կետում նշված քվեարկություններն ավարտվելուց հետո Ազգային ժողովի նախագահը առանձին-առանձին քվեարկության է դնում չորսօրյա նիստերի օրակարգի նախագծի չորրորդ մասում ընդգրկված հարցերն Ազգային ժողովում շրջանառությունից հանելու մասին հարցերը: Եթե քվեարկության արդյունքում՝

ա) հարցը ստանում է ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը հանվում է շրջանառությունից.

բ) հարցը չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդգրկվում է չորսօրյա նիստերի օրակարգում:»:

Հոդված 6. Օրենքի 47-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի երկրորդ պարբերության 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

2) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,

3) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«6. Օրենքի նախագիծը չպետք է պարունակի՝

ա) Սահմանադրությանը կամ սահմանադրական դատարանի որոշմանը հակասող դրույթ, բացառությամբ Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագծերի.

բ) դրույթ, որը հակասում է այն օրենքին, որում փոփոխություն կամ լրացում է կատարվում, կամ այլ օրենքի, եթե օրենքի նախագծով կամ նախագծերի փաթեթով այդ հակասությունը վերացված չէ.

գ) տարբեր օրենքներում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին դրույթներ:».

4) 6-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 7-րդ մասով.

«7. Օրենքների նախագծերի փաթեթում չպետք է ընդգրկվի առաջադրված օրենքի նախագծի հետ առնչություն չունեցող օրենքի նախագիծ:»:

Հոդված 7. Օրենքի 48-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 48. Ազգային ժողովի որոշման նախագծի ներկայացման իրավունքը

1. Սահմանադրությամբ եւ (կամ) սույն օրենքով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի պատգամավորը, եթե Սահմանադրությամբ եւ (կամ) սույն օրենքով այլ բան նախատեսված չէ։

2. Ազգային ժողովի որոշման նախագիծը չպետք է հակասի Սահմանադրությանը, օրենքին, սահմանադրական դատարանի որոշմանը կամ Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագրին:»:

Հոդված 8. Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում եւ 7-րդ մասում «քաղվածքն» բառերը փոխարինել «քաղվածքը, ինչպես նաեւ սույն օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված եզրակացություններն» բառերով:

Հոդված 9. Օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետում եւ 4-րդ մասում «քաղվածքն» բառերը փոխարինել «քաղվածքը, ինչպես նաեւ սույն օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված եզրակացություններն» բառերով:

Հոդված 10. Օրենքի 67-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման համար սահմանված ժամկետն սպառվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, հեղինակը (հիմնական զեկուցողը) գլխադասային հանձնաժողով է ներկայացնում իր համար ընդունելի առաջարկությունների հիման վրա փոփոխված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերջնական եւ փոփոխությունները նշված տարբերակները, ինչպես նաեւ սույն օրենքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացված եւ հեղինակի կողմից չընդունված բոլոր առաջարկությունների ամփոփաթերթիկը:»,

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Երկրորդ ընթերցման ներկայացված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի՝ փոփոխությունները նշված տարբերակում՝

ա) գծիկով ջնջված ներկայացվում են նախագծից հանված մասերը (նախագծերի փաթեթի դեպքում, նաեւ՝ հանված նախագիծը), նախադասությունները, բառերը, թվերը եւ կետադրական նշանները,

բ) ընդգծված ներկայացվում են նախագծում ավելացված մասերը (նախագծերի փաթեթի դեպքում, նաեւ՝ ավելացված նախագծերը), նախադասությունները, բառերը, թվերը եւ կետադրական նշանները,

գ) այն փոփոխությունները, որոնք կատարվել են սույն օրենքի 66-րդ հոդվածով նախատեսված կարգով ներկայացված առաջարկությունների հիման վրա ներկայացվում են հեղինակի անունը, ազգանունը, իսկ Կառավարության դեպքում՝ «ՀՀ կառավարություն» բառերը պարունակող մեկնաբանություններով, որոնք տեղադրվում են տեքստի աջ եզրում:»,

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Հեղինակի կողմից չընդունված առաջարկությունների ամփոթերթիկում, ըստ հոդվածների հաջորդականության, նշվում են՝

ա) առաջարկության (փոփոխության, լրացման) հեղինակը.

բ) հոդվածը, կետը, ենթակետը, որին վերաբերում է առաջարկությունը (փոփոխությունը, լրացումը).

գ) առաջարկությունը (փոփոխությունը, լրացումը).

դ) առաջարկությունը չընդունելու վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) հիմնավորումը:»,

4) 3-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ եւ 3.2-րդ մասերով՝

«3.1. Օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը գլխադասային հանձնաժողովի նիստում քննարկելիս հանձնաժողովի անդամները կարող են ներակայացնել նոր առաջարկություններ, որոնք նախագծի կամ նախագծերի փաթեթի հեղինակի (հիմնական զեկուցողի) կողմից՝

ա) ընդունվելու դեպքում ընդգրկվում են օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերջնական, ինչպես նաեւ փոփոխությունները նշված տարբերակներում,

բ) չընդունվելու դեպքում ընդգրկվում են սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված կարգով կազմված առաջարկությունների ամփոփաթերթիկում:

3.2. Սույն հոդվածի 3.1-րդ կետով նախատեսված կարգով ներկայացված այն առաջարկությունները, որոնք չեն ընդունվում հեղինակի (հիմնական զեկուցողի) կողմից, սակայն ընդունվում են գլխադասային հանձնաժողովի որոշմամբ՝ ընդգրկվում են օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերջնական, ինչպես նաեւ  փոփոխությունները նշված տարբերակներում, բացառությամբ այն դեպքի, երբ նախագծի կամ նախագծերի փաթեթի հեղինակը  Կառավարությունն է եւ նրա ներկայացուցիչն օգտվում է Սահմանադրության 75-րդ հոդվածով նախատեսված իրավունքից եւ պնդում է, որ նախագիծը կամ նախագծերի փաթեթն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվի Կառավարության համար ընդունելի ուղղումներով:»,

5) 4-րդ մասը «եզրակացության» բառից հետո լրացնել «, փոփոխությունները նշված տարբերակի» բառերով:

Հոդված 11. 69-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

 «1. Օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով:»,

2) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ» կետով՝

«գ) օրենքի նախագծից կամ նախագծերի փաթեթից չի կարող հանվել սույն օրենքի 67-րդ հոդվածի 3.2-րդ կետով նախատեսված կարգով գլխադասային հանձնաժողովի հավանությանն արժանացած առաջարկությունը, բացառությամբ այն դեպքի, երբ նախագծի կամ նախագծերի փաթեթի հեղինակը  Կառավարությունն է եւ նրա ներկայացուցիչն օգտվում է Սահմանադրության 75-րդ հոդվածով նախատեսված իրավունքից եւ պնդում է, որ նախագիծը կամ նախագծերի փաթեթն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվի Կառավարության համար ընդունելի ուղղումներով:»,

3) 3-րդ մասի վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

 «Քվեարկության ներկայացվող օրենքի նախագծին կամ նախագծերի փաթեթին կցվում է սույն օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված կարգով կազմված փոփոխությունները նշված տարբերակ եւ նոր ամփոփաթերթիկ:»:

4) 5-րդ մասում «ամփոփաթերթիկում» բառը փոխարինել «փոփոխությունները նշված տարբերակում ներկայացված բոլոր փոփոխությունները եւ  ամփոփաթերթիկում» բառերով,

5) 6-րդ մասում «Ամփոփաթերթիկում» բառը փոխարինել «Փոփոխությունները նշված տարբերակում ներկայացված փոփոխությունների եւ ամփոփաթերթիկում» բառերով:

Հոդված 12. Օրենքի 70-րդ հոդվածում՝

1)  վերնագրում «Ամփոփաթերթիկում» բառը փոխարինել  «Երկրորդ ընթերցման ներկայացված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի՝ փոփոխությունները նշված տարբերակում ներկայացված փոփոխությունների եւ ամփոփաթերթիկում» բառերով.

2)  1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Երկրորդ ընթերցման ներկայացված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի՝ փոփոխությունները նշված տարբերակում ներկայացված փոփոխությունները  չեն քվեարկվում, եթե պատգամավորներից որեւէ մեկը չի առարկում, իսկ այն փոփոխությունները, որոնց վերաբերյալ կան առարկություններ, ինչպես նաեւ ամփոփաթերթիկում ընդգրկված առաջարկությունները քվեարկվում են հետեւյալ հաջորդականությամբ՝

ա) օրենքի նախագծերի փաթեթից հանել օրենքի նախագիծը.

բ) օրենքի նախագծերի փաթեթը համալրել օրենքի նախագծով.

գ) հոդվածն ամբողջությամբ հայտարարել չեղյալ.

դ) օրենքի նախագիծը համալրել հոդվածով.

ե) հոդվածը մասամբ հայտարարել չեղյալ.

զ) տեքստում կատարել փոփոխություն.

է) տեքստում կատարել լրացում:»,

3) 4-րդ մասը «ընդունված» բառից հետո լրացնել «փոփոխությանը կամ» բառերով:

Հոդված 13. Օրենքի 71-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «փոփոխություններ, որոնք» բառերը փոխարինել «փոփոխություններ՝ հանվել կամ ավելացվել բառեր, թվեր, տառեր, կետադրական նշաններ, որոնք բովանդակային առումով» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Երրորդ ընթերցման ներկայացված օրենքի նախագծին կամ նախագծերի փաթեթին կցվում է փոփոխությունները նշված տարբերակը, որտեղ՝

ա) գծիկով ջնջված ներկայացվում են նախագծից հանված բառերը, թվերը, տառերը եւ կետադրական նշանները.

բ) ընդգծված ներկայացվում են նախագծում ավելացված բառերը, թվերը, տառերը եւ կետադրական նշանները:»:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնական նպատակն օրենսդրական գործընթացում գլխադասային հանձնաժողովների վերահսկողական գործառույթների ընդլայնումը եւ նրանց դերի բարձրացումն է:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 47-րդ հոդվածով սահմանված են որոշակի պահանջներ, որոնց պետք է համապատասխանի օրենքի նախագիծը կամ օրենքների նախագծերի փաթեթը (մասնավորապես այն, որ օրենքների նախագծերի փաթեթը պետք է ներառի օրենքի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ օրենքների նախագծեր,  ինչպես նաեւ այն, որ չի թույլատրվում օրենքի նախագծում ընդգրկել տարբեր օրենքներում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին դրույթներ, եւ այլն): Բացի այդ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը եւ չպետք է հակասեն ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներին, իսկ նույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի որոշումները չպետք է հակասեն ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ օրենքներին, ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներին եւ Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագրերին:

Սահմանադրության 73-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխան՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներն ստեղծվում են օրենքների նախագծերի եւ այլ առաջարկությունների նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու համար: Հետեւաբար, այդ հանձնաժողովները պետք է ունենան Օրենքով սահմանված բավարար լիազորություններ վերահսկելու օրենսդրական ակտերի եւ դրանց նախագծերի համար Սահմանադրությամբ, Օրենքով եւ այլ օրենքներով սահմանված պահանջների կատարումը՝ դրանց խախտման դեպքում պատշաճ եզրակացություն ներկայացնելով Ազգային ժողովին:

Սակայն, պետք է նշել, որ ներկայումս Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովների կողմից վերը նշված, ինչպես նաեւ ՀՀ օրենքներով սահմանված այլ  պահանջների կատարումն ապահովելու հստակ ընթացակարգ Օրենքով սահմանված չէ, բացառությամբ այն դեպքի, երբ գլխադասային հանձնաժողովը կարող է որեւէ խախտում հայտնաբերելու դեպքում դրական եզրակացություն չներկայացնել, որից հետո նախագիծն ընդգրկվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերի երկրորդ մասում եւ կարող է հանվել  շրջանառությունից, եթե քվեարկության արդյունքում նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցը չի ընդունվում: Բայց, այդ դեպքում էլ հանձնաժողովը պաշտոնապես չի պատճառաբանում դրական եզրակացություն չտալու հանգամանքը եւ այն կարող է պայմանավորված լինել ինչպես քվորումի բացակայությամբ, այնպես էլ՝ օրենքի նախագծի հետ հանձնաժողովի անհամաձայնությամբ, կամ այլ պատճառով:

Խնդիրը լուծելու նպատակով առաջարկվում է Օրենքով նախատեսված հետեւյալ դեպքերում գլխադասային հանձնաժողովին լիազորել ներկայացնելու բացասական եզրակացություն՝

1) նախագիծը պարունակում է Սահմանադրությանը կամ սահմանադրական դատարանի որոշմանն ակնհայտորեն հակասող դրույթ, բացառությամբ Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագծերի.

2)  նախագծում առկա է դրույթ, որն ակնհայտորեն հակասում է այն իրավական ակտին, որում փոփոխություն կամ լրացում է կատարվում, կամ այլ օրենքի (Ազգային ժողովի որոշման նախագծի դեպքում՝ նաեւ Ազգային ժողովի կողմից վավերացված միջազգային պայմանագրի կամ Ազգային ժողովի այլ որոշման), սակայն  նախագծով (նախագծերի փաթեթով) այդ հակասությունը վերացված չէ.

3) նախագծում ընդգրկված են տարբեր օրենքներում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին դրույթներ (օրենքի նախագծի դեպքում).

4) նախագծում ընդգրկված է առաջադրված օրենքի նախագծի հետ առնչություն չունեցող օրենքի նախագիծ (օրենքների նախագծերի փաթեթի դեպքում).

5) նախագիծը չի համապատասխանում Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ կետերի, 71-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերի պահանջներին (օրենքի կամ օրենքների նախագծերի փաթեթի դեպքում).

6) նախագիծը չի համապատասխանում Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին (Ազգային ժողովի որոշման դեպքում):

Այդպիսով, այն հարցը, որի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը կներկայացնի բացասական եզրակացություն կընդգրկվի հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերի նոր՝ չորրորդ մասում, որից հետո՝ Ազգային ժողովը կարող է քվեարկությամբ հարցը հանել շրջանառությունից: Կարեւոր է նաեւ, որ գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունը, ինչպես նաեւ վերը նշված հիմքերով՝ առանց հեղինակի համաձայնության հարցն հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելը հետաձգելու վերաբերյալ եզրակացությունները պետք է լինեն գրավոր եւ պատճառաբանված:

Օրենսդրական նախաձեռնությամբ նաեւ առաջարկվում է՝

1)  ուժը կորցրած ճանաչել Օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերության 2-րդ կետը՝ վերացնելով oրենքի ընդունման առնչությամբ այլ oրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին պատգամավորի կողմից տեղեկանք ներկայացնելու անհրաժեշտությունը, քանի որ գործնականում այդ տեղեկանքն ավելորդ է (անհրաժեշտության դեպքում հեղինակն օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնում է նախագծերի փաթեթով, իսկ օրենսդրական նախաձեռնությունը թերի լինելու դեպքում այդ մասին համապատասխան եզրակացություն ներկացնելու իրավասություն ունեն ՀՀ կառավարությունն ու Ազգային ժողովի աշխատակազմը),

2) ուժը կորցրած ճանաչել Օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ մասը՝ վերացնելով օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին՝ գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղականք կցելու անհրաժեշտությունը, քանի որ ներկայումս գործում է Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգը (www.arils.am), որտեղ տեղադրված են ՀՀ օրենքները, Ազգային ժողովի որոշումները եւ այլ իրավական ակտերը,

3) համապատասխան փոփոխություններ կատարել Օրենքի 67-րդ, 69-րդ եւ  70-րդ հոդվածներում նախատեսելով, որ օրենքների նախագծերը երկրորդ կամ երրորդ ընթերցման ներկայացնելիս դրանց կցվում է նաեւ օրենքի նախագծի՝ փոփոխությունները նշված (track changes) տարբերակը (նմանատիպ փոփոխություններ են նախատեսվում նաեւ Օրենքի 71-րդ հոդվածում՝ երրորդ ընթերցման ներկայացվող նախագծի համար): Բացի այդ, երկրորդ ընթերցման ներկայացվող նախագծի ամփոփաթերթում առաջարկվում է նշել միայն Օրենքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացված այն առաջարկությունները, որոնք հեղինակի կողմից չեն ընդունվել (ներկայումս նշվում են բոլոր առաջարկությունները), քանի որ նախագծի՝ փոփոխությունները նշված տարբերակում ներկայացվում են նաեւ նախագծի հեղինակի (հիմական զեկուցողի) կողմից ընդունված բոլոր առաջարկությունները եւ դրանց հեղինակները,

4) Օրենքի 67-րդ եւ 69-րդ հոդվածներում կատարել համապատասխան փոփոխություններ գլխադասային հանձնաժողովին ընձեռելով երկրորդ ընթերցման ներկայացված նախագծի վերաբերյալ նոր առաջարկություններ ներկայացնելու հնարավորություն: Այդ առաջարկությունները պարտադիր ընդգրկվում են նախագծի տեքստում եւ կարող են հանվել միայն այն դեպքում, երբ նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է եւ նրա ներկայացուցիչն օգտվում է ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածով նախատեսված իրավունքից եւ պնդում է, որ նախագիծը կամ նախագծերի փաթեթն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվի կառավարության համար ընդունելի ուղղումներով: