Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1319-28.12.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ` օրենք)  4-րդ հոդվածի`

1. 24-րդ պարբերությունից հետո լրացնել նոր հասկացություն հետեւյալ բովանդակությամբ.

«կաբոտաժային փոխադրում` որեւէ պետությունում հաշվառված ավտոտրանսպորտային միջոցով այլ պետության տարածքում տեղաբաշխված երկու կետերի միջեւ իրականացվող փոխադրում:»:

2. 25-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«երթուղի` սկզբնակետից մինչեւ վերջնակետ փոխադրման սահմանված ուղի.»:

3. 25-րդ պարբերությունից հետո լրացնել նոր հասկացություն հետեւյալ բովանդակությամբ.

«կանոնավոր փոխադրման երթուղի` հաստատված ուղեգծով եւ չվացուցակով սկզբնակետից մինչեւ վերջնակետ ուղեւորների եւ ուղեբեռների փոխադրման ուղի.»:

4. 28-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«երթուղու չվացուցակ` ժամանակացույց, որը ներառում է ավտոբուսների (միկրոավտոբուսների) մեկնման, ժամանման ժամանակի (միջպետական, միջմարզային եւ ներմարզային փոխադրումներում`  կանգառների, ուղեւորների նստեցման համար ավտոբուսի մատուցման), տեղի եւ երթերի իրականացման հաջորդականության մասին տվյալներ.»:

5. 29-րդ պարբերությունում «միայն սահմանված երթուղու» բառերը փոխարինել «տվյալ երթուղու միայն սահմանված» բառերով:

6. 31-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«երթուղու ուղեգիծ (երթուղու սխեմա)` երթուղու թղթային կամ էլեկտրոնային սխեմատիկ նկարագիր, որը պարունակում է տվյալներ երթուղու սկզբնակետի, վերջնակետի, կանգառների (միջպետական փոխադրումներում` նաեւ սահմանային անցման կետերի), միջկանգառային հեռավորությունների եւ ճանապարհների նշանակության (համայնքներում` նաեւ փողոցների անվանումների) եւ կարգի վերաբերյալ.»:

7. 32-րդ պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Միջպետական բեռնափոխադրումների դեպքում ապրանքատրանսպորտային բեռնագիրը պետք է համապատասխանի «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին  (CMR)» կոնվենցիայի պահանջներին:»:

8. 33-րդ պարբերությունում «պետհամարանիշը» բառը փոխարինել «հաշվառման համարանիշը» բառերով, իսկ «ժամանակահատվածը» բառից հետո լրացնել «(փաստացի կատարված երթերի` սկզբի ու ավարտի ժամերը)» բառերը:

9. 34-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ավտոմոբիլային երթուղային ցանց` միջպետական, միջմարզային, ներմարզային եւ ներքաղաքային կանոնավոր փոխադրման երթուղիների ամբողջականություն.»:

10. 39-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«հավաքակայան` ֆիզիկական մակերես, որտեղ իրականացվում է ավտոտրանսպորտային միջոցների կայանում, պահպանում (գիշերակաց), տեխնիկական վիճակի նախաուղերթային զննում.»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի`

1. 1-ին մասից հետո լրացնել նոր 2-րդ եւ 3-րդ մասեր հետեւյալ բովանդակությամբ.

«2. Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն թվային տախոգրաֆով (բացառությամբ «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի կողմ չհանդիսացող պետություններում հաշվառված բեռնատար տրանսպորտային միջոցները): Միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները եւ դրանցում ներգրավված վարորդները պետք է ունենան թվային տախոգրաֆի քարտեր, որոնց ձեւերը եւ տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումներն արգելվում են:»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի`

1. 1-ին մասի «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) կանոնավոր փոխադրումների դեպքում` երթուղային ավտոբուսներով (միկրոավտոբուսներով), իսկ  ոչ կանոնավոր փոխադրումների դեպքում` առանձին պատվերով ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով»:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի`

1. 1-ին մասում «չվացուցակի եւ երթուղու սխեմայի» բառերը փոխարինել «երթուղու ուղեգծի եւ չվացուցակի» բառերով:

2. 1-ին մասից հետո լրացնել նոր 1.1-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Միջպետական ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է լիազոր մարմինը համագործակցելով այլ պետությունների տրանսպորտի ոլորտը կանոնակարգող համապատասխան լիազոր մարմինների հետ:»:

3. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Միջպետական, միջմարզային, ներմարզային եւ ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների ուղեգծերը եւ չվացուցակները մշակում եւ հաստատում է դրանց երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմինը: Երթուղու ուղեգծերում եւ չվացուցակներում փոփոխությունները կատարվում են երթուղային ցանցը կազմակերպող մարմնի կողմից` իր նախաձեռնությամբ կամ փոխադրողի առաջարկությամբ: Ներքաղաքային, այդ թվում` Երեւան քաղաքի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցի հաստատված մեկ օրինակը համապատասխան համայնքի ղեկավարը տրամադրում է լիազոր մարմնին»:

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի`

1. 2-րդ մասում «Երեւանի» բառից առաջ լրացնել «Երեւան քաղաքում`» բառերը:

2. 3-րդ մասում «Մրցութային» բառից առաջ լրացնել «Միջմարզային, ներմարզային եւ ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների» բառերը:

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի`

1. 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասում նշված համապատասխան մարմինը կայացնում է  որոշում եւ մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում վերահսկողություն իրականացնող մարմնին:»:

2. 2-րդ մասի`

1) «ա» կետում «այն սահմանից, որի շնորհիվ կազմակերպությունն առավելություն էր ստացել մրցույթից հետո իր մրցակցի (մրցակիցների) նկատմամբ» բառերը հանել:

2) «բ» կետի «կամ դրան կից երթուղային թերթիկի» բառերը հանել:

3) «ե» կետի «երթուղու սպասարկման ընթացքում մրցույթում առաջարկված եւ» բառերը հանել:

4) «է» կետին հաջորդող 1-ին պարբերությունից հանել «ե» բառը:

5) «է» կետին հաջորդող 1-ին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն մասի «դ» եւ «ե» կետերում նշված դեպքերում փոխադրումներն իրականացնող կազմակերպությունը վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան ենթարկվում է վարչական պատասխանատվության: Նշված խախտումը երկու ժամվա ընթացքում չվերացնելու կամ վեց ամսվա ընթացքում խախտումը կրկին կատարելու դեպքում հսկողություն իրականացնող մարմինը նշված խախտումների մասին անմիջապես տեղեկացնում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում նշված համապատասխան մարմնին: Համապատասխան մարմինը նույն օրվա ընթացքում (եթե դա ոչ աշխատանքային օր է, ապա դրան հաջորդող աշխատանքային օրվա մինչեւ 13:00) կազմակերպում եւ անցկացնում է մրցութային հանձնաժողովի նիստ, միաժամանակ ապահովելով ուղեւորների կանոնավոր փոխադրումը: Մրցութային հանձնաժողովի եզրակացության հիման վրա համապատասխան մարմինը կայացնում է որոշում` խախտումը իրականացնող կազմակերպությանը երթուղու սպասարկման իրավունքից զրկելու մասին եւ այդ մասին նույն օրը, կամ առնվազն դրան հաջորդող առաջին աշխատանքային օրվա առաջին կեսին տեղեկացնում է վերահսկողություն իրականացնող մարմնին: Սույն կետում սահմանված ժամկետում համապատասխան մարմնի կողմից որոշում չկայացնելու դեպքում, լիազոր մարմինը կայացնում է որոշում երթուղին սպասարկող կազմակերպությանը ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար տրված լիցենզիան` մինչեւ խախտումը վերացնելը, կասեցնելու վերաբերյալ:»:

Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի`

1. 2-րդ մասում «երթուղու սխեմայով» բառերը փոխարինել «երթուղու ուղեգծով» բառերով:

2. 4-րդ մասի «պետավտոտեսչության մարմինների» բառերը փոխարինել «մարմինների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ճանապարհային ոստիկանություն)» բառերով:

Հոդված 8.  Օրենքի 16-րդ հոդվածի`

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումներ են համարվում ուղեւորների նույն խմբի զբոսաշրջային, էքսկուրսիոն, տոնական, արարողակարգային, ինչպես նաեւ այլ նպատակներով իրականացվող պատվերով մեկանգամյա ուղեւորափոխադրումները: Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումներն իրականացվում են ուղեւորների նույն խմբի նշանակման  վայր եւ վերադարձի ուղղությամբ, կամ միայն նշանակման վայր հասցնելու եւ դատարկ վերադառնալու, կամ դատարկ մեկնելու եւ նշանակման վայր փոխադրումների կազմակերպման միջոցով:»:

2. 2-րդ մասում «եւ չվացուցակների կազմումը, ըստ ճանապարհակլիմայական պայմանների,» բառերը հանել.

3. 3-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետությունից եւ դեպի Հայաստանի Հանրապետություն միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության եւ փոխադրման մյուս կողմ հանդիսացող պետությունների միջեւ կնքված տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրերի եւ սույն օրենքի պահանջներին համապատասխան: Հայաստանի Հանրապետության հետ տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրեր չունեցող պետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն եւ հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները պետք է իրականացվեն ավտոկայարաններից եւ ավտոկայաններից, իսկ տրանսպորտային միջոցների կայանումը, պահպանումը (գիշերակացը), տեխնիկական նախաուղերթային զննությունը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետությունում ավտոկայարանային գործունեություն իրականացնող կազմակերպություններում, որի վերաբերյալ պետք է նշում կատարվի տրանսպորտային միջոցի ճանապարհային թերթիկում: Հայաստանի Հանրապետության տարածքից միջպետական ոչ կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավտովարորդի մոտ պետք է գտնվի  ուղեւորների անվանացուցակը, փոխադրողի եւ պատվիրատուի միջեւ կնքված պայմանագրի պատճենը:»:

4. Հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերով.

«5. Ավտոբուսներով ուղեւորների ոչ կանոնավոր փոխադրումներն իրականացվում են յուրաքանչյուր երթի համար գրավոր պայմանագրի (բացառությամբ` Հայաստանի Հանրապետությունում իրականացվող այն ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների, որոնց դեպքում պայմանագրի կողմ չեն հանդիսանում իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը) հիման վրա, որտեղ նշվում են փոխադրման նպատակը, շարժման երթուղին, փոխադրման ամսաթիվն ու ժամանակը, փոխադրման համար նախատեսված ավտոբուսի մակնիշն ու գրանցման համարանիշը, ծառայության դիմաց վճարման չափը եւ այլ պայմաններ:

6. Ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների դեպքում ուղեւորների նստեցումը եւ իջեցումը կարող է իրականացվել ճանապարհափողոցային ցանցի թույլատրելի տեղերում, եթե դա չի հակասում ճանապարհային երթեւեկության կանոններին:

7. Ավտոբուսներով ուղեւորների ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները պետք է հաշվառվեն լիազոր մարմնում:

8. Ավտոբուսներով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանում է լիազոր մարմինը:»:

Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածի`

1. 1-ին մասի 3-րդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:

2. 2-րդ մասի`

1) «գ» կետում «վարորդի» բառից հետո լրացնել «եւ փոխադրման (ներառյալ սպասելավարձի) սակագնի» բառերը.

2) «գ» կետի վերջին պարբերության «գծանշում» բառից հետո լրացնել «, իսկ տանիքին` «Տաքսի» գրառմամբ դեղին գույնի տարբերանշան» բառերը:

3. Հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Տաքսամոտորային փոխադրումներ իրականացնողները պետք է ապահովեն`

1) մարդատար-տաքսի ավտոմոբիլի տեխնիկական նախաուղերթային զննումները.

2) մարդատար-տաքսի ավտոմոբիլի տեխնիկական սպասարկման եւ նորոգման աշխատանքները.

3) մարդատար-տաքսի ավտոմոբիլի գիշերակացը կազմակերպության հավաքակայանում:»:

Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածի`

1. 5-րդ մասի 2-րդ պարբերության վերջում լրացնել «հակառակ դեպքում ուղեւորը կարող է չվճարել փոխադրավարձը» բառերը:

2. Հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Մարդատար-տաքսի ավտոմոբիլների վարորդների կողմից ուղեւորների հավաքագրումը ցուցատախտակի կամ բարձրաձայն հայտարարությունների միջոցով արգելվում է»:

Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումներն իրականացվում են «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:»:

Հոդված 12. Օրենքի 21-րդ հոդվածի`

1. 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ը» կետով.

«ը) տրանսպորտային միջոցների կայանումն ու պահպանումը (գիշերակացը) սույն օրենքով սահմանված պահանջներին համապատասխան հավաքակայանում:»:

 2. Հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ եւ 10-րդ մասերով.

«9. Ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող փոխադրողը պարտավոր է`

1) ապահովել պայմանագրի պահանջների կատարումը, թույլ չտալ երթի ձախողումներ,  ավտոտրանսպորտային միջոցների մատուցման ուշացումներ.

2) սպասարկումն իրականացնել սույն օրենքով եւ օրենսդրական այլ ակտերով սահմանված կահավորման պահանջներին համապատասխան   ավտոտրանսպորտային միջոցներով.

3) փոխադրումն իրականացնող ավտովարորդի հետ անցկացնել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման հրահանգավորում.

4) յուրաքանչյուր երթից առաջ իրականացնել ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական եւ սանիտարական վիճակի նախաուղերթային զննություն.

5) ավտոտրանսպորտային միջոցի ներսում, ուղեւորի համար տեսանելի տեղում տեղադրել տեղեկատվություն փոխադրողի վերաբերյալ (անվանումը, հասցեն, հեռախոսահամարը).

6) փոխադրման դիմաց վճարը գանձել միայն պայմանագրային հիմունքներով.

7) չխախտել պայմանագրի պահանջները եւ ինքնակամ սահմանել  փոխադրման սկզբնական, միջանկյալ եւ վերջնական կետեր:

10. Հայաստանի Հանրապետության եւ այլ պետությունների փոխադրողները պարտավոր են Հայաստանի Հանրապետությունից եւ դեպի Հայաստանի Հանրապետություն միջպետական բեռնափոխադրումներ իրականացնել թվային տախոգրաֆով կահավորված տրանսպորտային միջոցներով, իսկ ավտովարորդը պետք է իր մոտ ունենա թվային տախոգրաֆի վարորդի քարտ:»:

Հոդված 13. Օրենքի 23-րդ հոդվածի  8-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 14. Օրենքի 26-րդ հոդվածի`

1. 5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

2. 6-րդ մասում «Արտադրողի կողմից տեղական նշանակության փոխադրումների համար նախատեսված, ինչպես նաեւ» բառերը հանել, իսկ «ընդհանուր օգտագործման նշանակությամբ» բառերը փոխարինել «ներքաղաքային կանոնավոր» բառով: Վերջում լրացնել «, իսկ միջպետական, միջմարզային եւ ներմարզային նշանակության համար նախատեսված փոխադրումներում ներգրավված ավտոբուսները կարող են ունենալ ուղեւորների նստեցման եւ իջեցման մեկ դուռ, եթե այդ տրանսպորտային միջոցը արտադրողի կողմից նախատեսված է տվյալ տիպի փոխադրումների իրականացման համար» բառերով:

Հոդված 15. Օրենքի 27-րդ հոդվածի`

1. 3-րդ մասում «պետավտոտեսչության մարմինների» բառերը փոխարինել «ճանապարհային ոստիկանության» բառերով եւ լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» եւ «ե» կետերով.

«դ) ավտոբուսի դիմապակու վրա պետք է փակցված լինի «Երեխաներ» դիմային ցուցատախտակ.

ե) ուղեկցող անձը պետք է երեխաներին հրահանգավորի փոխադրման ժամանակ անվտանգության տեխնիկայի եւ պահվածքի կանոնների վերաբերյալ, ավտոբուսի շարժման, նստեցման եւ իջեցման ժամանակ կարգ պահպանի:»:

2. 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրվանից։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» եւ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների ոլորտներում առկա օրենսդրական բացերը լրացնելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումներն իրականացվում են «Տրանսպորտի մասին» եւ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքներով սահմանված պահանջներին համապատասխան, որոնք սակայն ամբողջովին չեն կարգավորում համակարգում առկա իրավահարաբերությունները: Բացի այդ, կանոնակարգված չի նաեւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների (ուսանողական, պատվերով) ոլորտը, որտեղ առկա են օրենսդրական լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Օրենսդրական փաթեթը մշակվել է ոլորտում իրականացվող քաղաքականության վերլուծության հիման վրա, որի արդյունքում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բեռնափոխադրումներին եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներին վերաբերող  հոդվածներում: Ներկայումս որեւէ իրավական ակտով կանոնակարգված չեն ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները, որոնք փաստացի իրականացվում են Հայաստանի  Հանրապետությունում:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Օրենքների ընդունումը բարձրացնելու է բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների ոլորտի անվտանգությունը, կանոնակարգելու է ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ (ուսանողական, պատվերով) իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գործունեությունը, սահմանվելու են ներհանրապետական բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողների եւ նրանց ծառայություններից օգտվողների փոխհարաբերությունները: Սահմանվում են ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները, որոնք նախատեսվում է իրականացնել տրանսպորտի ոլորտի լիազոր մարմնի հետ համաձայնեցված կարգով, այդ փոխադրումներն իրականացնելու համար սահմանվում են հստակ պահանջներ:

Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների կազմակերպմանը ներկայացվող պահանջները ըստ փոխադրվող բեռի տեսակի ավելի են հստակեցվում: Սահմանվում են բեռների բեռնման, բեռնաթափման եւ փոխադրման պայմանները, բեռնափոխադրումների փաստաթղթերին ներկայացվող պահանջները:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Օրենքի նախագիծը մշակել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչությունը:

6. Ակնկալվող արդյունքը

Օրենքների նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի ավելացում, ինչպես նաեւ  բեռնափոխադրումների եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների կանոնակարգում եւ ոլորտների պետական կարգավորում ու վերահսկողություն: Օրենսդրական փաթեթի ընդունման դեպքում ակնկալվում է ավտոբուսներով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների իրավական կարգավորում` ելնելով փոխադրումների անվտանգության բարձրացման անհրաժեշտությունից: Նախատեսվում է անբարեխիղճ փոխադրողների նկատմամբ կիրառվող պատժամիջոցների խստացում, որը կբերի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղեւորափոխադրումների բնագավառում փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կողմից ստանձնած պարտավորությունների բարեխիղճ եւ որակով կատարմանը: