Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)` 124-րդ հոդվածի 9-րդ մասի «ուղեւորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, այլ» բառերը հանել, իսկ 10-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգիրք 137-րդ հոդվածի`
1. 4-րդ մասում «քաղաքային» բառը փոխարինել «ներքաղաքային» բառով, «հաղորդակցության ավտոբուսներով, երթուղային տաքսիով» բառերը փոխարինել «կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող ավտոբուսներով (միկրոավտոբուսներով)» բառերով, իսկ «երեք տոկոսի» բառերը հանել:
2. 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Ուղեւորների անտոմս երթեւեկելը միջպետական, միջմարզային, ներմարզային եւ միջքաղաքային կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող ավտոբուսներով (միկրոավտոբուսներով)`
առաջացնում է տուգանքի նշանակում uահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգիրքի 137.1-րդ եւ 137.2-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 137.1. Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումների իրականացման հիմնական պահանջները չկատարելը
1. Առանց Հայաստանի Հանրապետության եւ փոխադրման մյուս կողմ հանդիսացող պետության միջեւ կնքված տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումների իրականացումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով.
2. Առանց ուղեւորափոխադրում իրականացնող ավտոբուսի կառուցվածքով նախատեսված տեղում կամ տեսանելի կենտրոնական մասում երթուղու սկզբնակետի եւ վերջնակետի անվանմամբ հայերենով եւ անգլերենով գրված ցուցատախտակի միջպետական կանոնավոր փոխադրումների իրականացումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում որեւէ այլ պետությունում հաշվառված տրանսպորտային միջոցով ուղեւորների կաբոտաժային փոխադրումների իրականացումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
4. Սույն հոդվածի նախատեuված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը `
առաջացնում են տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով uահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
Հոդված 137.2. Հայաստանի Հանրապետության տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների իրականացման պահանջները չկատարելը
1. Առանց ուղետոմսի կամ առանց ուղեբեռային անդորրագրի ավտոբուսներով ուղեւորների եւ ուղեբեռի կանոնավոր ուղեւորափոխադրումների իրականացումը`
առաջացնում է տուգանքի նշանակում փոխադրող կազմակերպությանը (իսկ միջպետական եւ միջմարզային փոխադրումներում` ավտոկայարանային ծառայություններ մատուցող կազմակերպությանը)` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
2. Միջպետական եւ միջքաղաքային կանոնավոր ուղեւորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցների համար նախատեսված նստատեղերի քանակից ավել ուղեւորների փոխադրումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
3. Միջպետական եւ միջքաղաքային կանոնավոր ուղեւորափոխադրումների ժամանակ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի չափերը կամ քաշը գերազանցող իրեր, կամ առարկաներ, կամ oրենսդրությամբ արգելված այլ նյութեր, կամ իրեր փոխադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
4. Ավտոբուսային կանոնավոր ուղեւորափոխադրումները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների առանց երթուղին արտահայտող ցուցատախտակի, երթուղին սպասարկող կազմակերպության անվանման եւ գտնվելու վայրի նշմամբ ցուցանակի շահագործումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
5. Կանոնավոր փոխադրումներ իրականացնողների կողմից երթուղու սպասարկման ընթացքում սահմանված փոխադրավարձից բարձր փոխադրավարձով ուղեւորափոխադրումներ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` փոխադրող կազմակերպությանը սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ վարորդին` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
6. Առանց ճանապարհային թերթիկի կամ ճանապարհային թերթիկում համապատաuխան նշումների բացակայությամբ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
7. Հայաuտանի Հանրապետությունում առանց սահմանված կարգով ձեռքբերված իրավունքի կանոնավոր փոխադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
8. Կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնողների կողմից հաստատված չվացուցակներով սահմանված երթերի չկատարումը, կամ երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումները, կամ վերջնակետի (սկզբնակետի) խախտումները`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
9. Կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնողների կողմից ավտոբուսների (միկրոավտոբուսների) մեկնման ժամերի խախտումները`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
10. Կոտրված կամ վնասված նստատեղերով կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
11. Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձանց պաշտոնական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը կամ նրանց կողմից տրված օրինական պահանջները չկատարելը
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
12. Սույն հոդվածով նախատեuված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով uահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:»:
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 137.5-րդ, 137.6-րդ եւ 137.7-րդ հոդվածներով.
«Հոդված 137.5 Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների իրականացման հիմնական պահանջները չկատարելը
1. Ավտոբուսներով սահմանված խմբի ուղեւորներից ավել կամ այլ ուղեւորների խմբի ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների իրականացումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
2. Ուղեւորների ոչ կանոնավոր փոխադրումների կազմակերպման Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտմամբ փոխադրումների իրականացումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով:
3. Տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնում ավտոմոբիլային տրանսպորտով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները չհաշվառելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
4. Սույն հոդվածի նախատեuված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով uահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
Հոդված 137.6 Հայաստանի Հանրապետության տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների իրականացման պահանջները չկատարելը
1. Կազմակերպության կամ ֆիզակական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից առանց մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի ուղեւորափոխադրումների իրականացումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
2. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի ներդիրի փոխանցումը մեկ այլ ավտոմոբիլին կամ մեկ այլ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի ներդիրով մարդատար-տաքսի ավտոմոբիլ վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկ չափով:
3. Առանց ուղեւորների համար տեսանելի մասում տեղադրված սակաչափիչի (տաքսամետրի) կամ անսարք սակաչափիչով ուղեւորափոխադրումների իրականացումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ կահավորված տրանսպորտային միջոցներով տաքսամոտորային փոխադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
5. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի պայմանների խախտմամբ տաքսամոտորային փոխադրումների իրականացումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
6. Դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշները Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիայից զրկվելուց կամ լիցենզիայի ներդիրի ժամկետի ավարտից հետո չվերադարձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիթսունապատիկի չափով:
7. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը `
առաջացնում են տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
Հոդված 137.7. Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների կազմակերպման պահանջները խախտելը
1. Առանց թույլտվության վտանգավոր բեռներ կամ չվնասազերծված տարաներ փոխադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
2. Առանց համապատասխան կահավորման տրանսպորտային միջոցով վտանգավոր բեռներ փոխադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
3. Առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման վտանգավոր բեռների բեռնման-բեռնաթափման աշխատանքներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
4. Առանց մակնշման վտանգավոր բեռներ փոխադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
5. Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
6. Հայաստանի Հանրապետությունում առանց թվային տախոգրաֆի կահավորված տրանսպորտային միջոցներով միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելը (բացառությամբ «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի կողմ չհանդիսացող պետություններում հաշվառված բեռնատար տրանսպորտային միջոցների), կամ առանց թվային տախոգրաֆի քարտի (բացառությամբ քարտի կորստի, գողության, վնասվելու կամ անվավերության համար «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներին համապատասխան լիազոր մարմնին դիմում ներկայացնելու դեպքում), կամ առանց քարտը թվային տախոգրաֆում տեղադրելու, կամ առանց «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներով սահմանված վարորդի աշխատանքի ռեժիմի պահպանման միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով:
7. Հայաստանի Հանրապետությունում առանց թվային տախոգրաֆի քարտի միջպետական բեռնափոխադրումների կազմակերպումը`
առաջացնում է Հայաստանի Հանրապետությունում հաշվառված փոխադրող կազմակերպության նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով:
8. Հայաստանի Հանրապետությունում առանց արհեստանոցի քարտի թվային տախոգրաֆի ստուգաչափում իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
9. Հայաստանի Հանրապետության տարածքում որեւէ այլ պետությունում հաշվառված տրանսպորտային միջոցով բեռների կաբոտաժային փոխադրումների իրականացումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
10. Սույն հոդվածի նախատեuված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը `
առաջացնում են տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով uահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:»:
Հոդված 5. Օրենսգրքի 24413 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 24413 . Հայաստանի Հանրապետության տրանսպորտի բնագավառի պետական լիազոր մարմինը `
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչությունը քննում է սույն օրենսգրքի 137.1-137.7 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետը կամ նրա կողմից լիազորված անձը:»:
Հոդված 6. Օրենսգրքի 305-րդ հոդվածում`
1. 2-րդ, 3-րդ եւ 4-րդ պարբերություններում «եւ 140-րդ» բառերից առաջ լրացնել «, 137.1-րդ, 137.2-րդ, 137.5- 137.7-րդ» բառերը:
2. 2-րդ պարբերության «ոստիկանություն» բառը փոխարինել «վարույթ իրականացնող եւ վարչական տույժ նշանակող մարմնին» բառերով:
Հոդված 7.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրվանից, իսկ 137.6-րդ հոդվածը` 2012 թվականի հուլիսի 1-ից։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» եւ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների ոլորտներում առկա օրենսդրական բացերը լրացնելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումներն իրականացվում են «Տրանսպորտի մասին» եւ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքներով սահմանված պահանջներին համապատասխան, որոնք սակայն ամբողջովին չեն կարգավորում համակարգում առկա իրավահարաբերությունները: Բացի այդ, կանոնակարգված չի նաեւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների (ուսանողական, պատվերով) ոլորտը, որտեղ առկա են օրենսդրական լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
Օրենսդրական փաթեթը մշակվել է ոլորտում իրականացվող քաղաքականության վերլուծության հիման վրա, որի արդյունքում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բեռնափոխադրումներին եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներին վերաբերող հոդվածներում: Ներկայումս որեւէ իրավական ակտով կանոնակարգված չեն ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները, որոնք փաստացի իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.
Օրենքների ընդունումը բարձրացնելու է բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների ոլորտի անվտանգությունը, կանոնակարգելու է ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ (ուսանողական, պատվերով) իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գործունեությունը, սահմանվելու են ներհանրապետական բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողների եւ նրանց ծառայություններից օգտվողների փոխհարաբերությունները: Սահմանվում են ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները, որոնք նախատեսվում է իրականացնել տրանսպորտի ոլորտի լիազոր մարմնի հետ համաձայնեցված կարգով, այդ փոխադրումներն իրականացնելու համար սահմանվում են հստակ պահանջներ:
Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների կազմակերպմանը ներկայացվող պահանջները ըստ փոխադրվող բեռի տեսակի ավելի են հստակեցվում: Սահմանվում են բեռների բեռնման, բեռնաթափման եւ փոխադրման պայմանները, բեռնափոխադրումների փաստաթղթերին ներկայացվող պահանջները:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Օրենքի նախագիծը մշակել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչությունը:
6. Ակնկալվող արդյունքը
Օրենքների նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի ավելացում, ինչպես նաեւ բեռնափոխադրումների եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների կանոնակարգում եւ ոլորտների պետական կարգավորում ու վերահսկողություն: Օրենսդրական փաթեթի ընդունման դեպքում ակնկալվում է ավտոբուսներով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների իրավական կարգավորում` ելնելով փոխադրումների անվտանգության բարձրացման անհրաժեշտությունից: Նախատեսվում է անբարեխիղճ փոխադրողների նկատմամբ կիրառվող պատժամիջոցների խստացում, որը կբերի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղեւորափոխադրումների բնագավառում փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կողմից ստանձնած պարտավորությունների բարեխիղճ եւ որակով կատարմանը: