Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1320-29.12.2011-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 11-ի ՀO-474-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ կետով.

«12) հարազատ` ազգական (ազգակցական կապի մեջ գտնվող եւ մինչեւ նախապապը կամ նախատատն ընդհանուր նախնիներ ունեցող անձ)»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաները կիրառվում են  միայն վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձի (անձանց) մոտ վերարտադրողական առողջության խնդիրների առկայության դեպքում` Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած բժշկասոցիալական ցուցումների հիման վրա:»:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածը լրացնել նոր 2-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պայմանագրով կարող է նախատեսվել  նաեւ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձի (ամուսինների) կողմից  փոխնակ մոր հղիության, ծննդաբերության, կյանքի ապահովագրության, փոխնակ մոր եւ նրա ամուսնու հոգեբանական, առողջապահական, իրավական խորհրդատվության ստացման,  մինչեւ երեխային պայմանագիր կնքած անձին կամ ամուսիններին հանձնելու պահը փոխնակ մոր կողմից երեխային խնամելու եւ վերոգրյալ բոլոր ծախսերից ածանցյալ ողջամիտ այլ ծախսերի եւ բաց թողնված օգուտների  փոխհատուցումը:»:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածում.

1) 1-ին մասը «ունեն» բառից հետո լրացնել «նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած,» բառերով.

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «5. Փոխնակ մայրը չի կարող միաժամանակ լինել նաեւ ձեւաբջջի դոնոր»:

3) ուժը կորցրած ճանաչել 6–րդ մասը.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-րդ մասով.

«9.1. Փոխնակ մայրը պարտավոր է խնամել իրենից ծնված երեխային մինչեւ նրան սահմանված կարգով պայմանագիր կնքած անձին կամ ամուսիններին հանձնելու պահը:»:

5) ուժը կորցրած ճանաչել 13–րդ  մասը:

Հոդված 5. Օրենքը լրացնել նոր 15.1–րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 15.1. ՓՈԽՆԱԿ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՉ ԿՈՄԵՐՑԻՈՆ ԲՆՈՒՅԹԸ

1. Արգելվում է փոխնակ մայրության ծառայություններ գովազդելը տեղեկատվության տարածման որեւէ ձեւով, ինչպես նաեւ հատուցելի հիմունքներով փոխնակ մայրության ծառայություններ առաջարկելու որեւէ այլ ձեւով միջնորդություն անելը:»:

Հոդված 6. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքով նախատեսված դրույթները չեն տարածվում այն պայմագրերի վրա, որոնք կնքվել են մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» , «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածով առաջարկվում է սահմանել «հարազատ» հասկացությունը, ինչը իրավական որոշակիություն կմտցնի Օրենքում, քանի որ ներկա խմբագրությամբ Օրենքում գործածվում է «հարազատ» հասկացությունը, սակայն սահմանված չէ դրա բովանդակությունը:

Օրենքը նախատեսում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքը: Սույն ոլորտը կարգավորող միջազգային փաստաթղթերի, ինչպես նաեւ միջազգային պրակտիկայի ուսումնասիրությունը փաստում է, որ այս իրավունքի ծագումը պետք է պայմանավորված լինի այն անձանց ծնող դառանալու հնարավորության անհրաժեշտությամբ, ովքեր զրկված են դրանից` բացառապես առողջական պատճառներով: Հետեւաբար, այս իրավունքի կիրառումը թույլատրելի է միայն այս կատեգորիայի անձանց նկատմամբ: Նման կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ էթիկական եւ բարոյական պահանջներով, քանի որ առողջական խնդիրներից բացի, այլ պատճառները չեն կարող հիմք լինել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքն իրացնելու համար:

Օրենքը` որպես վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների տարատեսակ, նախատեսում է նաեւ փոխնակ մայրության ինստիտուտը: Նախագծում իրացվել են այսպես կոչված «կոմերցիոն» փոխնակ մայրության իրավահարաբերությունների կարգավորման համար էական համարվող եւ այս ոլորտում աշխարհի փորձառու երկրների օրենսդրությամբ արդեն իսկ ամրագրված մի շարք դրույթներ: Այսպես, աշխարհի զարգացած այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Նիդերլանդները, վաղուց օրենսդրորեն կարգավորված են «կոմերցիոն» փոխնակ մայրության հետ կապված հարցերը: Առաջադեմ աշխարհը գնացել է երեք բացառությունների ճանապարհով, ի մասնավորի`

ա/ արգելվում է փոխնակ մայրության ծառայություններ գովազդելը տեղեկատվության տարածման որեւէ ձեւով,

բ/ արգելվում է կոմերցիոն նպատակներով փոխնակ մայրության ծառայություններ առաջարկելու որեւէ  ձեւով միջնորդություն անելը,

գ/ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձի (ամուսինների) կողմից  փոխնակ մորը կարող են փոխհատուցվել միայն փոխնակ մոր հղիության, ծննդաբերության, մինչեւ երեխային պայմանագիր կնքած անձին կամ ամուսիններին հանձնելու պահը փոխնակ մոր կողմից երեխային խնամելու եւ դրանցից ածանցյալ ողջամիտ ծախսերը:

Օրենքը սահմանում է փոխնակ մորը վերաբերող մի շարք պահանջներ, մասնավորապես` տարիքի վերին եւ ներքին ցենզ, առողջական վիճակ: Այս շարքում, սակայն սահմանված չէ երեխային հանձնելու փոխնակ մոր հոգեբանական պատրաստվածության խնդիրը: Որպես փոխնակ մայր հանդես եկող կինը առնվազն մեկ անգամ արդեն իսկ պետք է ծննդաբերած լինի, ինչը հնարավորություն կստեղծի ապագա փոխնակ մորը գնահատելու երեխային հանձնելու հոգեբանական իր պատրաստվածությունը: Սահմանվում է նաեւ, որ փոխնակ մայրը չի կարող միաժամանակ լինել նաեւ ձեւաբջջի դոնոր:

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման պայմանների խախտման համար իրավական հետեւանքներ նախատեսված չեն, ինչը վտանգում է դրանց անշեղ իրականացումը: Խնդրի կարգավորման նպատակով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում նախատեսվում է սահմանել համապատասխան պատասխանատվություն:

ՀՀ ընտանեկան օրենսգիրքը չի նախատեսում երեխայի սերման փաստի հաստատումը այն ծնողներից (ծնողից), ովքեր օրենքով սահմանված կարգով օգտվել են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից` արհեստական սերմնավորում կամ արհեստական բեղմնավորում եւ սաղմի ներպատվաստում եւ (կամ) պտղի հասունացում այլ կնոջ (փոխնակ մոր) միջոցով, ինչը չի բխում վերարտադրողական իրավունքի իրացման եւ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման էությունից եւ բովանդակությունից: Նախագծերի փաթեթը լուծում է նաեւ այս խնդիրը: