Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-13241-12.01.2012-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի թիվ  ՀՕ-308 օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:
 

ՕՐԻՆԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

Օրենսդրական փոփոխությունների առաջարկի նպատակն է ամրագրել Ազգային ժողովի ընտրությունները 100% համամասնական ընտրակարգով անցկացնելու իրավական հիմքերը: Հանրապետության օրենսդիր մարմնի ընտրությունը ամբողջությամբ համամասնական ընտրակարգով անցկացումը անհրաժեշտություն է հետեւյալ հիմնավորմամբ`

1. Սահմանադրության 7-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն կուսակցությունները նպաստում են ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորմանն ու արտահայտմանը, իսկ կուսակցությունների մասին օրենքի 21-րդ հոդվածի համաձայն կուսակցությունը միակ հասարակական միավորումն է, որն իրավունք ունի թեկնածուներ առաջադրել Ազգային ժողովի պատգամավորների, Հայաստանի Հանրապետության Նախագահի, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների եւ ավագանու ընտրություններում: Հետեւաբար Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգում կուսակցությունների դերի բարձրացումը եւ պետության կառավարման ինստիտուտներում նրանց ակտիվ մասնակցության ապահովումը պահանջում են խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների մասնակցության աստիճանի բարձրացում, ինչը կարող է իրականացվել 100 % համամասնական ընտրակարգին անցնելու միջոցով:

2. Այս ընտրակարգի ամբողջական ներմուծումը, խորհրդարանը կարող է վերածել երկրի քաղաքական թիվ մեկ ամբիոնի, որտեղ կլուծվեն երկրի կառավարմանը եւ քաղաքական կյանքին առնչվող խնդիրները եւ որտեղ կծավալվի բացառապես օրենսդրական եւ քաղաքական գործունեություն: Ներկայումս խորհրդարանի գրեթե 1/3-ը կազմող մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները (131-ից 41-ը), առանձին բացառություններով, չեն իրականացնում այդպիսի գործունեություն, եզակի թվով հարցեր են բարձրացնում, որոնք էլ  հիմնականում վերաբերում են տեղական եւ տարածքային կառավարման մարմինների գործառույթներին: Այս ամենը չի բխում Ազգային ժողովի սահմանադրությամբ նախատեսված գործառույթներից եւ նրա բարձր ու պատասխանատու դերից:

3. Սահմանադրության համաձայն քաղաքական եւ պետական կառավարման համակարգերում կարեւոր սկզբունք է համարվում բիզնեսի եւ քաղաքականության ու կառավարման տարանջատումը: Մինչդեռ այս պահանջի խախտումը հատկապես դրսեւորվում է մեծամասնական ընտրակարգի գործադրման ժամանակ: Գաղտնիք չէ, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների ճնշող մեծամասնությունը բիզնես ոլորտի ակտիվ դերակատարներից է: Այս մասին բազմիցս բարձրաձայնել են ոչ միայն միջազգային կառույցները եւ գործընկերները, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերը (այդ թվում կոալիցիոն) եւ բարձրաստիճան պաշտոնյաները: Բացի այդ, մինչ այժմ անցկացված խորհրդարանական ընտրությունների ընթացքում իրականացված ընտրակեղծիքների եւ ընտրախախտումների առկայության գերակշիռ մեծամասնությունը բացատրվում են մեծամասնական ընտրակարգով ընտրվող թեկնածուների առկայությամբ եւ նրանց գործունեությամբ:

4. Մեկ այլ կարեւոր խնդիր է այն, որ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովի բոլոր պատգամավորներն ունեն նույն լիազրությունները (իրավունքներն ու պարտականությունները), մինչդեռ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներն ու համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներն ըստ էության ունեն տարբեր իրավունքներ, օրինակ Ազգային ժողովում կառավարությանը հարցերով դիմելու, հարցապնդումներով հանդես գալու, պետական բյուջեի նախագծի ընդունման եզրափակիչ նիստում ելույթներ ունանլու ժամանակ, Ազգային ժողովի հանձնաժողովներում պատասխանատու դերակատարումներ ունենալու հարցերում եւ այլն: Ավելին նրանց համար գործում է համամասնական ընտրակարգով ներկայացուցչությունից տարբերվող ներկայացուցչականության կարգ (տարածքի ներկայացվածություն), այն դեպքում, երբ Սահմանադրությունը չի ամրագրել այդպիսի հնարավորություն:

5. Չնայած միջազգային փորձը նախատեսում է ընտրակարգերի բազմազան մոդելներ, սակայն լավագույն փորձը հուշում է, որ ամբողջական համամասնական ընտրակարգն ունի ավելի շատ առավելություններ, քան թերություններ, ապահովելով մասնակցային ժողովրդավարության արդյունավետ գործադրում: Պատասխանելով 100% համամասնական ընտրակարգի որդեգրման վերաբերյալ ԱԺ ընդդիմադի ՀՅ Դաշնակցություն եւ Ժառանգություն խմբակցությունների առաջարկին, Վենետիկի հանձնաժողովն իր կարծիքում նշել է, որ այն չի հակասում իրենց չափորոշիչներին, այլ ընդամենը պահանջում  է քաղաքական համաձայնեցում: Ամբողջական համամասնական ընտրակարգի որդեգրումը համապատասխանում է հայաստանյան իրողությանը եւ բխում է մեծամասնականը աստիճանաբար վերացնելու քաղաքական համաձայնության տրամաբանությունից: Խորհրդարանական ընտրությունները 100% համամասնական ընտրակարգով անցկացնելու վերաբերյալ իրենց աջակցությունն են հայտնել հայաստանյան քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն իրականացնող բազմաթիվ կուսակցություններ, քաղաքական ուժեր եւ հասարակական կազմակերպություններ: Սա համոզմումք է ներշնչում, որ առաջարկվող փոփոխությունները ամբողջական աջակցություն վայելելով հասարակության շրջանում, նպաստելու են ներքաղաքական համախոհության ձեւավորմանը եւ հասարակության վստահության վերականգնմանը ընտրությունների նկատմամբ: