ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ստացման, փորձարկման, բազմացման, պահման, ոչնչացման կամ վնասազերծման, կապազերծման եւ շուկայահանման, ինչպես նաեւ այդ նպատակներով դրանց ներմուծման, արտահանման կամ տարանցիկ փոխադրման հետ կապված հնարավոր անբարենպաստ ազդեցություններից շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության անվտանգությանն առնչվող հարաբերությունները` հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը:
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են.
1) կենսաբանական բազմազանություն` (այսուհետ` կենսաբազմազանություն) ցամաքային, օդային եւ ջրային էկոհամակարգերի բաղադրիչներ հանդիսացող կենդանի օրգանիզմների տարատեսակություն, որը ներառում է բազմազանությունը տեսակի շրջանակներում, տեսակների միջեւ եւ էկոհամակարգերի բազմազանությունը.
2) կենդանի օրգանիզմ՝ ցանկացած կենսաբանական գոյություն, որն ունի գենետիկ նյութի փոխանցման կամ վերարտադրման (ռեպլիկացիայի) ունակություն, ներառյալ ստերիլ օրգանիզմները, վիրուսները եւ վիրոիդները.
3) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմ (կամ կենդանի վերափոխված օրգանիզմ)` ցանկացած կենդանի օրգանիզմ, բացառությամբ մարդու, որը պարունակում է ժամանակակից կենսատեխնոլոգիայի օգտագործման շնորհիվ ստացված գենետիկական նյութի նոր համակցություն.
4) ժամանակակից կենսատեխնոլոգիա՝
ա. օրգանիզմից դուրս (ին վիտրո) մեթոդով նուկլեինաթթուների համակցման եւ բջիջների կամ օրգանելների մեջ նուկլեինաթթվի ուղղակի ներարկման եղանակներ,
բ. տարբեր կարգաբանական (տաքսոնոմիկ) կարգավիճակ ունեցող օրգանիզմների բջիջների միաձուլման եղանակներ, որոնք թույլ են տալիս հաղթահարել բնական ֆիզիոլոգիական վերարտադրողական կամ վերահամակցման (ռեկոմբինացիոն) արգելքները եւ աճեցման ու սելեկցիայի ավանդական եղանակներ չեն հանդիսանում.
5) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածություն` գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մեկուսացված համակարգում օգտագործման, կանխամտածված կապազերծման, կամ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների շուկայահանման գործընթացներ, ներառյալ դրանց հետ կապված արտահանումը, ներմուծումը եւ տարանցիկ փոխադրումը.
6) մեկուսացված համակարգ` փակ, մեկուսացված եւ հսկողության տակ գտնվող տարածք կամ միջավայր, որտեղ կիրառվում են ֆիզիկական, կամ ֆիզիկական, քիմիական, կենսաբանական եւ այլ մեկուսացման միջոցառումներ` շրջակա միջավայրի կամ մարդկանց հետ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի շփումը սահմանափակելու կամ մեկուսացված համակարգից դուրս դրա գենետիկ նյութի վերարտադրման կամ փոխանցման ունակությունները նվազեցնելու նպատակով.
7) մեկուսացված համակարգում օգտագործում` մեկուսացված համակարգում կենդանի օրգանիզմի ձեւափոխման, կամ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի աճեցման, բազմացման, պահեստավորման, հետազոտման, փորձարկման, տեղափոխման, ոչնչացման կամ վնասազերծման հետ կապված ցանկացած գործընթաց.
8) կանխամտածված կապազերծում` գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ազատ արձակումը շրջակա միջավայր` առանց կիրառելու դրանց հետ շփումը սահմանափակող եւ պաշտպանողական միջոցներ` ուղղված շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության անվտանգության ապահովմանը` հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը.
9) շուկայահանում` գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմները վաճառելը կամ անհատույց, կամ այլ ձեւով երրորդ անձանց փոխանցելը, վաճառքի համար նախապատրաստելը, կամ վճարովի կամ անվճար վաճառքի կամ այլ ձեւով փոխանցելու համար երրորդ անձանց առաջարկելը.
10) ռիսկ` շրջակա միջավայրի, կենսաբազմազանության վրա գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի գործածության անբարենպաստ ազդեցության հավանականությունը եւ այդ ազդեցության աստիճանը` հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը.
11) ռիսկի գնահատում` գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության արդյունքում շրջակա միջավայրին, կենսաբազմազանությանը սպառնացող ուղղակի եւ անուղղակի, անմիջական կամ հեռավոր ներգործության գնահատում` հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը.
12) ռիսկի կառավարում` գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության հետ կապված ռիսկերի մոնիթորինգի (դիտանցի) իրականացման եւ հաղթահարման համալիր միջոցառումների մշակում ու կիրառում.
13) պատահար` գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ոչ կանխամտածված կապազերծման ցանկացած դեպք, որը կարող է անմիջական կամ հեռավոր վտանգ սպառնալ շրջակա միջավայրին, կենսաբազմազանությանը, մարդու կյանքին եւ առողջությանը.
14) Կողմ` Հայաստանի Հանրապետության կողմից 2004 թվականի մարտի 16-ին վավերացրած (Ն-081-3) Կենսաբանական բազմազանության վերաբերյալ կոնվենցիայի «Կենսաբանական անվտանգության մասին» կարթագենյան արձանագրության կողմ հանդիսացող երկիր.
15) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության հետ կապված կենսաբանական անվտանգություն (այսուհետ` կենսանվտանգություն)` երաշխիք, որ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության ցանկացած գործընթաց անբարենպաստ ազդեցություն չի ունենա շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության վրա` հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը.
16) կենսանվտանգության ոլորտ` գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածությունը եւ այն կարգավորող հասարակական հարաբերությունները.
17) Կենսանվտանգության` տեղեկատվություն տրամադրող հաստատություն` գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության վերաբերյալ գիտական, տեխնիկական, բնապահպանական եւ իրավական տեղեկատվություն տրամադրող համակարգ:
18) հայտատու` գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի գործածությամբ զբաղվելու ցանկություն ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձ.
19) հայտ` փաստաթուղթ, որի միջոցով հայտատուն դիմում է լիազորված պետական կառավարման մարմնին` իր կողմից նախատեսվող գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության թույլտվություն ստանալու նպատակով.
20) չկանխամտածված տեղափոխություն` գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կամ դրանց համակցությունների ցանկացած ոչ միտումնավոր անդրսահմանային տեղափոխություն, որը պետք է ենթարկվի ռիսկերի գնահատման` կիրառելով շրջակա միջավայրին, կենսաբազմազանությանը սպառնացող վտանգի կանխարգելմանը եւ հետեւանքների վերացմանն ուղղված համապատասխան միջոցառումներ` հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը.
21) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների անդրսահմանային տեղափոխություն` գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների, կամ դրանց համակցությունների ցանկացած տեղափոխություն` որեւէ պետության տարածքից այլ պետության տարածք.
22) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների հարցերով ազգային հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածությամբ զբաղվելու լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու, ինչպես նաեւ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածություն իրականացնելու թույլտվություն տրամադրելու կամ դրանք մերժելու վերաբերյալ եզրակացություն տվող մարմին.
23) փորձագիտական խորհուրդ` ռիսկերի գնահատման փորձաքննություն իրականացնող աշխատանքային խումբ` կազմված բնապահպանության, կենդանաբանության, բուսաբանության, մանրէաբանության, մոլեկուլային կենսաբանության, գենետիկայի, առողջապահության, գյուղատնտեսության, էկոլոգիայի, կենսատեխնոլոգիայի եւ այլ ոլորտի համապատասխան փորձագետներից ու մասնագետներից.
24) նախապես հիմնավորված համաձայնություն` գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների, ներմուծման մասին նախապես գրավոր ծանուցմանն ուղղված պետական լիազորված մարմնի պատասխանը` ներմուծման թույլտվությունների որոշումների հիմնավորման համար կարեւոր նշանակություն ունեցող որոշակի տեղեկությունների վերաբերյալ.
25) գենետիկական անվտանգության գոտի` տարածք, որի սահմաններում արգելվում է գենետիորեն ձեւափոխված օրգանիզմի գործածության որեւէ գործընթաց.
26) ապօրինի գործածություն` սույն օրենքով սահմանված նորմերի եւ կանոնների խախտմամբ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մեկուսացված համակարգում օգտագործման, դրանց կանխամտածված կապազերծման, շուկայահանման գործընթացներ, ներառյալ դրանց հետ կապված արտահանումը, ներմուծումը եւ տարանցիկ փոխադրումը:
Հոդված 3. Օրենքի կիրառման ոլորտը
1. Սույն օրենքի գործողությունները տարածվում են գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության հետ կապված հետեւյալ գործընթացների վրա.
1) մեկուսացված համակարգում ցանկացած կենդանի օրգանիզմի ձեւափոխման, գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների հետազոտության, աճեցման, բազմացման, փորձարկման, պահման, տեղափոխման, ոչնչացման կամ վնասազերծման ցանկացած ձեւերի,
2) ցանկացած գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի, ներառյալ վերարտադրման ունակություն ունեցող դրա կենդանի կառուցվածքային միավորների, կանխամտածված կապազերծման, շուկայահանման, ներմուծման, արտահանման կամ տարանցիկ փոխադրման,
2. Սույն օրենքի գործողությունները չեն տարածվում այնպիսի գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության գործընթացների վրա, որոնք հանդիսանում են.
1) մարդու եւ կենդանիների բուժման համար նախատեսված դեղագործական պատրաստուկներ,
2) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված մարդու եւ կենդանիների համար 1-4-րդ խմբերի ախտածին միկրոօրգանիզմներ, հելմինթներ եւ կենսաբանական ծագում ունեցող թույներ,
3) գենետիկ ինժեներիայի եղանակով ստացված օրգանիզմներ, որոնց հետ կապված գործունեությունները լիցենզավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված գենետիկ ինժեներիայի գործունեության իրականացման լիցենզավորման կարգի շրջանակներում:
4) որպես սննդամթերք կամ կեր անմիջական օգտագործման կամ վերամշակման համար նախատեսված գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների շուկայահանման, ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման:
Հոդված 4. Օրենքի նպատակն ու խնդիրները
1. Օրենքի նպատակն է. Հայաստանի Հանրապետությունում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության ռիսկերի կառավարումը եւ անվտանգության ապահովումը` բացառելով կամ նվազագույնի հասցնելով դրանց հնարավոր անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, կենսաբազմազանության վրա` հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը:
2. Օրենքի խնդիրներն են.
1) Հայաստանի Հանրապետության կենսանվտանգության ոլորտի կարգավորման մարմինների սահմանումը.
2) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության հետ կապված կենսանվտանգության ապահովման սկզբունքների եւ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կարգավորման իրավական հիմքերի սահմանումը.
3) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության հետ կապված շրջակա միջավայրի, կենսաբազմազանության վրա հնարավոր անբարենպաստ ազդեցության կանխարգելման, կամ նվազագույնին հասցնելու պահանջների եւ պայմանների սահմանումը` հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը.
4) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության եւ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների հետ կապված այլ գործընթացների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման եւ հասարակության իրազեկման ապահովումը:
Հոդված 5. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության իրավական կարգավորումը
1. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով ու իրավական ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 6. Կենսանվտանգության ապահովման հիմնական սկզբունքները
1. Կենսանվտանգության ապահովման հիմնական սկզբունքներն են.
1) շրջակա միջավայրի, կենսաբազմազանության, մարդու կյանքի եւ առողջության պահպանության գերակայությունը գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների տնտեսական արդյունավետության նկատմամբ,
2) ցանկացած գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի գործածության յուրաքանչյուր դեպք կարող է թույլատրվել միայն շրջակա միջավայրի, կենսաբազմազանության վրա ուղղակի կամ անուղղակի վնասակար ազդեցության բացառման վերաբերյալ գիտականորեն հիմնավորված անվտանգության երաշխիքների առկայության դեպքում` հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը,
3) ցանկացած գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի գործածության յուրաքանչյուր դեպքի համար պարտադիր պետք է իրականացվի շրջակա միջավայրի, կենսաբազմազանության վրա հնարավոր անբարենպաստ ազդեցության գնահատում` հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը,
4) ցանկացած գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի կապազերծումը, կամ դրա շուկայահանումը կարող է թույլատրվել միայն այն դեպքում, եթե կապազերծման դեպքում դրա նախորդ` մեկուսացված համակարգում օգտագործման փուլում, իսկ շուկայահանման դեպքում` դրա նախորդ` կանխամտածված կապազերծման փուլում գիտականորեն հիմնավորված անվտանգության բարձր մակարդակը հնարավորություն է տալիս անցում կատարել հաջորդ փուլին,
5) ցանկացած գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի գործածության յուրաքանչյուր փուլում պետք է ապահովվի դրա վերահսկելիությունը,
6) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության վերաբերյալ պետք է ապահովվի տեղեկատվության հրապարակայնությունը եւ մատչելիությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
7) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության որոշումների կայացման գործում հանրության մասնակցության ապահովումը եւ կարծիքը հաշվի առնելը,
8) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության հետ կապված յուրաքանչյուր նախատեսվող գործունեություն` որպես պոտենցիալ կենսաբանական վտանգ դիտարկելը:
Հոդված 7. Ռիսկի գնահատումը
1. Կախված շրջակա միջավայրի, կենսաբազմազանության վրա գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության սույն օրենքով սահմանված գործընթացների հնարավոր անբարենպաստ ազդեցության աստիճանից` հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը, մեկուսացված համակարգերի համար սահմանվում են ռիսկի գնահատման հետեւյալ դասերը.
1) առաջին դաս` գործընթաց, որի իրականացման ռիսկը աննշան է.
2) երկրորդ դաս` գործընթաց, որի իրականացման ռիսկը ցածր է.
3) երրորդ դաս` գործընթաց, որի իրականացման ռիսկը միջին մակարդակի է.
4) չորրորդ դաս` գործընթաց, որի իրականացման ռիսկը բարձր է:
2. Իրավաբանական կամ ֆիզիկական անձիք մեկուսացված համակարգում օգտագործման որեւէ գործընթաց նախաձեռնելուց առաջ, պարտադիր ապահովում են կատարվելիք գործընթացի ռիսկի գնահատում` դասակարգելով սույն հոդվածի առաջին մասով սահմանված ռիսկի որեւէ դասին:
3. Մեկուսացված համակարգում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների օգտագործման գործընթացների ռիսկերի դասակարգման չափանիշներն ու անվտանգության ապահովման նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով:
4. Ռիսկի գնահատումն իրականացվում է յուրաքանչյուր գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի գործածության յուրաքանչյուր դեպքի համար` գիտականորեն հիմնավորվածության եւ թափանցիկության սկզբունքով եւ հաշվի առնելով սույն օրենքով եւ միջազգային պայմանագրով սահմանված ռիսկերի գնահատման մեթոդներն ու ուղեցույցները:
5. Հայաստանի Հանրապետությունում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության ռիսկերի գնահատման կարգը եւ մեթոդական ուղեցույցը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Սույն օրենքով սահմանված պահաջներին համապատասխան ռիսկերի գնահատումն ապահովում են գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի գործածությամբ զբաղվել ցանկացող իրավաբանական կամ ֆիզիկական անձիք` սեփական միջոցների հաշվին:
Հոդված 8. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածությամբ զբաղվողները, գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության գործունեության լիցենզավորումը եւ թույլտվությունների տրամադրումը
1. Հայաստանի Հանրապետությունում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի գործածությամբ կարող են զբաղվել իրավաբանական կամ ֆիզիկական անձինք:
2. Ռիսկի 3-րդ եւ 4-րդ դասերում դասակարգված գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության գործընթացները հանդիսանում են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ:
3. Իրավաբանական կամ ֆիզիկական անձիք յուրաքանչյուր գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի գործածության յուրաքանչյուր գործընթաց կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության համապատասխան լիազորված պետական մարմնի թույլտվության առկայության դեպքում:
4. Իրավաբանական կամ ֆիզիկական անձիք յուրաքանչյուր գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի գործածության յուրաքանչյուր տեսակով զբաղվելու լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) կամ յուրաքանչյուր գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի յուրաքանչյուր գործածություն իրականացնելու թույլտվություն (այսուհետ` թույլտվություն) ստանալու համար Հայաստանի Հանրապետության համապատասխան լիազորված պետական մարմնին ներկայացնում են հայտ` սույն օրենքով գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի տվյալ գործածության համար սահմանված պահանջներին համապատասխան:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված լիցենզիաները կամ թույլտվությունները տրամադրում է Հայաստանի Հանրապետության համապատասխան լիազորված պետական մարմինը:
6. Լիցենզիաները տրամադրվում են այն իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, որոնց համապատասխան գործունեության իրականացման աշխատանքային տարածքը, օգտագործվող սարքավորումները եւ դրանց տեխնիկատեխնոլոգիական պայմանները, ինչպես նաեւ նախատեսված գործընթացն իրականացնողների մասնագիտական որակավորումները ապահովում են շրջակա միջավայրի, կենսաբազմազանության անվտանգությունը` հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը:
7. Լիցենզիաները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների հարցերով ազգային հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա: գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների հարցերով ազգային հանձնաժողովի եզրակացությունները տրվում են սույն օրենքով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների հարցերով ազգային հանձնաժողովի կանոնադրությամբ նախատեսված կարգով:
8. Սույն հոդվածի համաձայն տրվող լիցենզիաների համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով եւ չափերով:
9. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի գործածության լիցենզավորման կարգը, սույն հոդվածի 6-րդ մասում սահմանված մասնագիտական որակավորման պահանջները, ինչպես նաեւ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության թույլտվությունների տրամադրման կարգը սահմանվում է Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության լիցենզավորման եւ թույլտվությունների տրամադրման կարգով` որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված մարդու եւ կենդանիների համար 1-4-րդ խմբերի ախտածին միկրոօրգանիզմների, հելմինթների եւ կենսաբանական ծագում ունեցող թույների ցանկում ընգրկված օրգանիզմներից գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ստացման եւ դրանց գործածության գործունեությանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են «Մանրէաբանական (կենսաբանական) եւ տոքսինային զենքերի մշակման, արտադրության, կուտակման արգելման եւ դրանց ոչնչացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի հիմնարար դրույթներով եւ սույն ոլորտի հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով ու իրավական ակտերով
11.Գենետիկ ինժեներիայի գործունեություն իրականացնող բուժհաստատությունների լիցենզավորմանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված գենետիկ ինժեներիայի գործունեության իրականացման լիցենզավորման կարգով:
Հոդված 9. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության ռիսկի գնահատման փորձաքննությունը
1. Մարդու կյանքի եւ առողջության, շրջակա միջավայրի, կենսաբազմազանության անվտանգությունը ապահովելու նպատակով յուրաքանչյուր գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի գործածության յուրաքանչյուր նախատեսվող գործընթացի համար իրականացվում է ռիսկի գնահատման փորձաքննություն (այսուհետ` փորձաքննություն)` սույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ընտրված փորձագիտական խմբի կողմից:
2. Փորձաքննության են ենթարկվում իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից ներկայացված.
1) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության գործընթացների համար ներկայացվող համապատասխան փաստաթղթերի լիարժեքությունը,
2) մարդու կյանքի եւ առողջության, շրջակա միջավայրի, կենսաբազմազանության վրա գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի գործածության հնարավոր ազդեցության աստիճանի համապատասխանությունը իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից ներկայացված ռիսկի գնահատման հետ,
3) նախատեսվող աշխատանքային տարածքի, օգտագործվող սարքավորումների եւ դրանց տեխնիկատեխնոլոգիական պայմանների համապատասխանությունը` սույն հոդվածի 6-րդ մասում սահմանված կարգով ամրագրված կենսանվտանգության ապահովման անհրաժեշտ պայմանների ու պահանջների հետ,
4) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի գործածության տվյալ գործընթացում ներգրավված աշխատողների մասնագիտական որակավորումների, կամ հնարավոր անբարենպաստ ազդեցության մոնիտորինգի ու հնարավոր անբարենպաստ ազդեցությունների վերացման միջոցառումների ծրագրերի եւ հնարավոր պատահարների դեպքում իրականացվելիք արտակարգ իրավիճակի պլանի համապատասխանությունը` սույն հոդվածի 6-րդ մասում ամրագրված կարգով կենսանվտանգության ապահովման անհրաժեշտ պայմանների ու պահանջների հետ:
3. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների վերաբերյալ ներկայացված տեղեկությունները լաբորատոր պայմաններում ճշգրտելու անհրաժեշտության դեպքերում փորձաքննությունը կարող է իրականացվել լաբորատոր փորձարկումների միջոցով` լիազորված փորձարկման լաբորատորիաներում:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված լիազորված փորձարկման լաբորատորիաները ընտրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված մրցույթային կարգով` հիմնվելով դրանց կենսատեխնոլոգիական սարքավորումների եւ մասնագիտական կադրերի հզորությունների վրա:
5. Փորձաքննության համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով եւ չափերով:
6. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության ռիսկերի գնահատման փորձաքննության իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 10. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության վերաբերյալ տեղեկատվությունը
1. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության վերաբերյալ հանրության տեղեկատվության ապահովումն իրականացվում է «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Պետական, առեւտրային կամ ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
3. Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց առեւտրային եւ մտավոր սեփականություն հանդիսացող տեղեկատվության գաղտնիությունը պահպանվում է սույն օրենքի 27-րդ հոդվածով եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
4. Կենսանվտանգության` տեղեկատվություն տրամադրող հաստատության միջոցով ապահովվում է գիտական, տեխնիկական, բնապահպանական եւ իրավական տեղեկատվության տրամադրում եւ փոխանակում` Հայաստանի Հանրապետության կողմից 2004 թվականի մարտի 16-ին վավերացրած (Ն-081-3) Կենսաբանական բազմազանության վերաբերյալ կոնվենցիայի «Կենսաբանական անվտանգության մասին» կարթագենյան արձանագրությամբ (այսուհետ` Արձանագրություն) սահմանված ընթացակարգով:
ԳԼՈՒԽ 2
ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆՆԵՐԻ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ոդված 11. Կենսանվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը
1. Կենսանվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունն է`
1) պետական կառավարման մարմինների լիազորությունները սահմանելը.
2) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության դեպքում հնարավոր բացասական ազդեցությունից մարդու կյանքի եւ առողջության, շրջակա միջավայրի, կենսաբազմազանության պահպանության պետական ծրագրերի հաստատումը.
3) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների հարցերով ազգային հանձնաժողովի ստեղծումը, նրա կազմի եւ կանոնադրության հաստատումը.
4) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության եւ կենսանվտանգության ապահովման վերաբերյալ սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կարգավորման ենթակա իրավական ակտերի հաստատումը.
5) օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
Հոդված 12. Կենսանվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական մարմինների իրավասությունը
1. Կենսանվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական մարմինների իրավասությունն է`
1) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության հնարավոր բացասական ազդեցությունից շրջակա միջավայրի, կենսաբազմազանության պահպանության պետական ծրագրերի մշակումը` հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը.
2) լիցենզիայի կամ թույլտվության տրամադրումը, կամ դրանց մերժումը` գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների հարցերով ազգային հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա.
3) ներմուծման վերաբերյալ իր կողմից տրամադրված պատասխանների վերանայումը` մարդու կյանքի եւ առողջության, շրջակա միջավայրի, կենսաբազմազանության վրա գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների հնարավոր անբարենպաստ ազդեցության վերաբերյալ գիտական նոր տվյալների հիման վրա.
4) միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելը.
6) Կենսանվտանգության` տեղեկատվություն տրամադրող հաստատության միջոցով գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածությանն առնչվող տեղեկատվության տրամադրման եւ փոխանակման ապահովումը.
7) հասարակության տարբեր խավերի իրազեկության բարձրացման եւ կրթադաստիարակչական նպատակով համապատասխան գիտակրթական եւ ուսուցողական ծրագրերի մշակումը եւ իրականացումը.
8) սույն օրենքի դրույթներից բխող այլ լիազորություններ, որոնք անհրաժեշտ են կենսանվտանգության ապահովման համար:
Հոդված 13. Կենսանվտանգության ոլորտում տարածքային կառավարման մարմինների իրավասությունը
1. Կենսանվտանգության ոլորտում տարածքային կառավարման մարմինների իրավասությունն է`
1) մասնակցությունը գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության հնարավոր բացասական ազդեցություններից շրջակա միջավայրի, կենսաբազմազանության պահպանության պետական ծրագրերի մշակմանը եւ իր իրավասության սահմաններում դրանց իրականացումը` հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը.
2) իրենց վարչական սահմաններում նախատեսվող գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ համապատասխան լիազորված պետական մարմիններին առաջարկություններ ներկայացնելը.
3) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության հնարավոր անբարենպաստ ազդեցություններից շրջակա միջավայրի, կենսաբազմազանության պահպանության նպատակով իրենց վարչական սահմաններում գենետիկական անվտանգության գոտիներ հայտարարելու վերաբերյալ որոշումներ կայացնելը` հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը.
4) իրենց վարչական սահմաններում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության հնարավոր անբարենպաստ ազդեցություններից շրջակա միջավայրի, կենսաբազմազանության պահպանության կազմակերպումը` հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը.
5) իրենց վարչական սահմաններում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ապօրինի գործածության կամ չկանխամտածված տեղափոխման վերաբերյալ լիազորված պետական մարմիններին օրենքով սահմանված կարգով տեղեկացնելը.
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 14. Կենսանվտանգության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը
1. Կենսանվտանգության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների կամավոր իրավասություն է`
1) մասնակցությունը գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության հնարավոր բացասական ազդեցություններից շրջակա միջավայրի, կենսաբազմազանության պահպանության պետական ծրագրերի մշակմանը եւ իրենց իրավասության սահմաններում դրանց իրականացումը` հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը.
2) համայնքի վարչական սահմաններում նախատեսվող գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ լիազորված պետական մարմիններին օրենքով սահմանված կարգով առաջարկություններ տալը.
3) իրենց վարչական սահմաններում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության հնարավոր անբարենպաստ ազդեցություններից շրջակա միջավայրի, կենսաբազմազանության պահպանության նպատակով գենետիկական անվտանգության գոտիներ հայտարարելու վերաբերյալ օրենքով սահմանված կարգով որոշումներ կայացնելը` հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը.
4) համայնքի վարչական սահմաններում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության հնարավոր անբարենպաստ ազդեցություններից շրջակա միջավայրի, կենսաբազմազանության պահպանության կազմակերպումը` հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը.
5) համայնքի վարչական սահմաններում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ապօրինի գործածության կամ չկանխամտածված տեղափոխման վերաբերյալ լիազորված պետական մարմիններին գրավոր տեղեկացնելը.
2. Սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:
ԳԼՈՒԽ 3
ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁեւԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Հոդված 15. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների հարցերով ազգային հանձնաժողովը
1. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների հարցերով ազգային հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կազմում չեն կարող ընգրկվել այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնք իրականացնում են գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների հետ կապված արտադրության կամ իրացման գործունեություն:
3. Հանձնաժողովի նախագահը բնապահպանության ոլորտի լիազորված պետական կառավարման մարմնի ղեկավարն է:
Հոդված 16. Հանձնաժողովի իրավասությունը եւ պարտավորությունը
1. Հանձնաժողովը իրավասու է` փորձագիտական խմբի անդամների փորձագիտական եզրակացությունների հիման վրա տալ եզրակացություններ` լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու, ինչպես նաեւ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածություն իրականացնելու թույլտվություն տրամադրելու կամ մերժելու վերաբերյալ:
2. Հանձնաժողովը պարտավոր է պահպանել պետական առեւտրային, ծառայողական կամ սույն օրենքով սահմանված կարգով գաղտնի ճանաչված առեւտրային կամ մտավոր սեփականության գաղտնիք պարունակող տեղեկատվությունը:
ԳԼՈՒԽ 4
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Հոդված 17. Փորձագիտական խորհուրդը
1. Փորձագիտական խորհուրդը բաղկացած է բնապահպանության, կենդանաբանության, բուսաբանության, մանրէաբանության, մոլեկուլային կենսաբանության, գենետիկայի, առողջապահության, գյուղատնտեսության, էկոլոգիայի, կենսատեխնոլոգիայի եւ այլ ոլորտի համապատասխան փորձագետներից ու մասնագետներից, որոնց մասնագիտական գիտելիքների եւ փորձի վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունն ապահովում է բնապահպանության ոլորտի լիազորված պետական կառավարման մարմինը` Կենսանվտանգության` տեղեկատվություն տրամադրող հաստատության միջոցով:
2. Փորձագիտական խորհրդի կազմը պարբերաբար համալրվում է սույն հոդվածի 1-ին մասում ամրագրված ոլորտների փորձագետների եւ մասնագետների կողմից բնապահպանության ոլորտի լիազորված պետական մարմնին ներկայացված դիմումի հիման վրա` հաշվի առնելով համապատասխան ոլորտում ունեցած աշխատանքային փորձը եւ գիտական աշխատությունների առկայությունը:
3. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի գործածության յուրաքանչյուր նախատեսվող գործընթացի ռիսկերի գնահատման փորձաքննությունն իրականացնում է փորձագիտական խորհրդի կազմից Հայաստանի Հանրապետության համապատասխան լիազորված պետական մարմնի (այսուհետ` համապատասխան լիազորված մարմին) կողմից ընտրված փորձագիտական խումբը` ելնելով նախատեսվող գործընթացի եւ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի բնութագրի հետ փորձագիտական խորհրդի անդամների մասնագիտական տվյալների համապատասխանությունից եւ տվյալ մասնագիտական ոլորտի վերաբերյալ փորձագիտական եզրակացության անհրաժեշտությունից:
Հոդված 18. Փորձագիտական խմբի անդամների իրավասությունը եւ պարտավորությունները
1. Փորձագիտական խմբի անդամներն իրավասու են`
1) սույն օրենքով սահմանված կարգով իրականացնել ռիսկերի գնահատման փորձաքննություն.
2) Հանձնաժողովին ներկայացնել գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության վերաբերյալ համապատասխան ոլորտի փորձագիտական եզրակացություն.
2. Փորձագիտական խմբի անդամները պատասխանատու են`
1) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության վերաբերյալ տրված փորձագիտական եզրակացության հավաստիության համար.
2) գնահատվող օբյեկտների վերաբերյալ պետական առեւտրային, ծառայողական կամ սույն օրենքով սահմանված կարգով գաղտնի ճանաչված առեւտրային կամ մտավոր սեփականության գաղտնիք պարունակող տեղեկատվության պահպանման համար:
3. Փորձագիտական խմբի անդամների կողմից փորձագիտական եզրակացությունների ներկայացման ընթացակարգը սահմանում է համապատասխան լիազորված մարմինը:
ԳԼՈՒԽ 5
ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁեւԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 19. Մեկուսացված համակարգում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների օգտագործումը
1. Իրավաբանական կամ ֆիզիկական անձինք մեկուսացված համակարգում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների օգտագործում իրականացնելու եւ լիցենզիա ստանալու համար, մինչեւ համապատասխան լիազորված մարմնին հայտ ներկայացնելը, պարտադիր գնահատում են իրենց կողմից նախատեսվող մեկուսացված համակարգում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի օգտագործման գործունեության տվյալ տեսակի ռիսկը` դասակարգելով այն սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ռիսկերի որեւէ դասին:
2. Մեկուսացված համակարգում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի օգտագործման հայտում պահաջվող տեղեկություններն են.
1) հայտատուի, օգտագործվող կենդանի օրգանիզմների եւ դրանց ձեւափոխման մեթոդների, նախատեսվող գործընթացի, ինչպես նաեւ այդ գործընթացն իրականացնելու համար նախատեսված միջավայրն ու գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմը, այդ թվում` նոր ստացվող, բնութագրող հատկանիշների վերաբերյալ,
2) նախատեսվող աշխատանքային տարածքի, օգտագործվող սարքավորումների եւ դրանց տեխնիկատեխնոլոգիական պայմանների, կիրառվելիք մեկուսացման միջոցների, գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ոչնչացման կամ վնասազերծման, ինչպես նաեւ տվյալ գործընթացում ներգրավված աշխատողների մասնագիտական որակավորումների վերաբերյալ,
3) սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված կարգով պահպանման ենթակա առեւտրային կամ մտավոր սեփականություն հանդիսացող գաղտնի տվյալների վերաբերյալ` եթե այդպիսիք առկա են,
4) մեկուսացված համակարգում օգտագործման համապատասխան գործընթացի ռիսկերի գնահատման վերաբերյալ,
5) սույն օրենքի 28-րդ հոդված 2-րդ մասի 2-րդ կետում նշված հասարակական լսումների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը,
6) տվյալ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի Հայաստանի Հանրապետության տարածքում եւ դրանից դուրս մեկուսացված համակարգում օգտագործման գործընթացների եւ դրանց արդյունքների վերաբերյալ` եթե ադպիսիք առկա են,
7) տվյալ գործընթացի ժամանակ հնարավոր պատահարների դեպքում իրականացվելիք արտակարգ իրավիճակի պլանը, որն իր մեջ պետք է ներառի տեղեկություններ.
ա. պատահարի դեպքում մարդու կյանքի եւ առողջության, շրջակա միջավայրի, կենսաբազմազանության վրա հնարավոր անբարենպաստ ազդեցության վերաբերյալ,
բ. պատահարի ուղղակի եւ հեռակա անբարենպաստ ազդեցության եւ պատահարի վերացման միջոցառումների վերաբերյալ,
գ. պատահարի վերացման միջոցառումների իրականացման գործում ներգրավվող անձանց կամ կազմակերպությունների կամ ծառայությունների վերաբերյալ,
դ. պատահարի դեպքում համապատասխան լիազորված մարմնին, պատահարի վերացման միջոցառումների իրականացման գործում ներգրավվող անձանց կամ կազմակերպություններին կամ ծառայություններին, ինչպես նաեւ հանրությանը տեղեկացնելու եւ նախազգուշացնելու միջոցների վերաբերյալ:
3. Մեկուսացված համակարգում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի օգտագործման հայտի ձեւը եւ ներկայացման կարգը հաստատվում է սույն օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:
4. Սույն օրենքով սահմանված կարգով թույլտվություն ստացած իրավաբանական կամ ֆիզիկական անձը մեկուսացված համակարգում օգտագործման ընթացքում ռիսկի փոփոխություններ բացահայտելու դեպքում, իսկ կենդանի օրգանիզմի ձեւափոխման դեպքում` նաեւ ստացված նոր գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմը բնութագրող հատկանիշների վերաբերյալ գրավոր տեղեկացնում է համապատասխան լիազորված մարմնին:
5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված տեղեկատվության ներկայացման ժամկետները սահմանվում են յուրաքանչյուր գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի մեկուսացված համակարգում օգտագործման համար տրված թույլտվության մեջ:
6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված ժամկետներում տեղեկատվություն չստանալու դեպքում համապատասխան լիազորված մարմինն իրավունք ունի դադարեցնել տվյալ գործունեությունը եւ անվավեր ճանաչել թույլտվությունը` վտանգավոր հետեւանքների բացահայտման դեպքում:
7. Մեկուսացված համակարգում օգտագործման ընթացքում ռիսկի փոփոխություններ կարող են առաջանալ նաեւ այն դեպքերում, երբ հայտնի են դառնում գիտականորեն հիմնավորված նոր փաստեր` շրջակա միջավայրի, կենսաբազմազանության վրա տվյալ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի ազդեցության մասին, հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը:
8. Եթե, սույն հոդվածի 4-րդ եւ 7-րդ մասով սահմանված ռիսկի փոփոխությունները կարող են անբարենպաստ ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության վրա` հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը, համապատասխան լիազորված մարմինը պարտավոր է պահանջել մեկուսացված համակարգում օգտագործման պայմանների փոփոխություն, որը չապահովելու դեպքում` իրավունք ունի դադարեցնել տվյալ գործունեությունը եւ անվավեր ճանաչել թույլտվությունը, իսկ սույն օրենքի համաձայն լիցենզավորված գործունեության դեպքերում` կասեցնել լիցենզիայի գործածությունը :
9. Մեկուսացված համակարգում օգտագործման ընթացքում տեղի ունեցած պատահարի դեպքում օգտագործողն անհապաղ գրավոր տեղեկացնում է համապատասխան լիազորված մարմնին` պատահարի իրադրության, գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի տեսակի եւ օգտագործված քանակի, պատահարի վերացման նպատակով ձեռնարկած միջոցառումների եւ պատահարի հետեւանքների հնարավոր անբարենպաստ ազդեցությանն ուղղված ցանկացած տեղեկատվության վերաբերյալ:
10. Սույն հոդվածի 9-րդ մասում նշված պատահարի վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու դեպքում համապատասխան լիազորված մարմնինն իրավունք ունի դադարեցնել տվյալ գործունեությունը եւ անվավեր ճանաչել թույլտվությունը` ծանուցողից պահանջելով մեկուսացված համակարգում օգտագործման ընթացքում տեղի ունեցած պատահարի վնասակար հետեւանքների վերացում` սեփական միջոցների հաշվին:
11. Համապատասխան լիազորված մարմինը` գնահատելով շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության վրա պատահարի հետեւանքների հնարավոր անբարենպաստ ազդեցությունը, հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը, հանրությանը զանգվածային լրատվական միջոցներով անհապաղ տեղեկացնում է այդ մասին եւ միջոցներ է ձեռնարկում դրանց վերացման ուղղությամբ:
12. Սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված յուրաքանչյուր պատահարի դեպքում, անբարենպաստ ազդեցությունների վերացման անհրաժեշտ միջոցառումները եւ դրանք իրականացնող մարմինների կազմն ու միջոցները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ԳԼՈՒԽ 6
ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁեւԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ԿԱՊԱԶԵՐԾՈՒՄԸ
Հոդված 20. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կանխամտածված կապազերծումը
1. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կանխամտածված կապազերծում իրականացնելու համար իրավաբանական կամ ֆիզիկական անձինք համապատասխան լիազորված մարմնին ներկայացնում են հայտ:
2. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կանխամտածված կապազերծման մասին հայտի մեջ նշվում են տեղեկություններ.
1) սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 1-6 կետերում նշված տեղեկությունները` կապված գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կանխամտածված կապազերծման համապատասխան գործընթացի հետ,
2) գենետիկական անվտանգության գոտու չափերի վերաբերյալ, որի հեռավորությունը բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանական գոտու, բուսական եւ կենդանական աշխարհի պահպանության օբյեկտների, նմանատիպ գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցված հողերի սահմաններից պետք է լինի առնվազն 5 կմ,
3) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կանխամտածված կապազերծման արդյունքում շրջակա միջավայրի ու կենսաբազմազանության վրա ուղղակի եւ հեռակա հնարավոր անբարենպաստ ազդեցության մոնիտորինգի ծրագիրը` հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը,
4) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կանխամտածված կապազերծման դեպքում շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության վրա հնարավոր անբարենպաստ ազդեցությունների վերացման միջոցառումների ծրագիրը` հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը:
3. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կանխամտածված կապազերծման հայտի ձեւը եւ ներկայացման կարգը հաստատվում է սույն օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:
4. Սույն օրենքով սահմանված կարգով թույլտվություն ստացած իրավաբանական կամ ֆիզիկական անձը գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի կանխամտածված կապազերծում իրականացնելու ընթացքում համապատասխան լիազորված մարմնին գրավոր ներկայացնում է հաշվետվություն` թույլատրված գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի կապազերծման արդյունքների, կապազերծման ընթացքում բացահայտված շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության վրա անբարենպաստ ազդեցությունների եւ դրանց վերացման ուղղությամբ կատարված միջոցառումների վերաբերյալ` հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը:
5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված հաշվետվության ներկայացման ժամկետները սահմանվում են յուրաքանչյուր գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի կանխամտածված կապազերծման համար տրամադրված թույլտվության մեջ:
6. Իրավաբանական կամ ֆիզիկական անձը կանխամտածված կապազերծման ընթացքում ռիսկի փոփոխություններ բացահայտելու դեպքում այդ մասին պարտադիր գրավոր տեղեկացնում է համապատասխան լիազորված մարմնին:
7. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված ժամկետներում տեղեկատվություն չստանալու դեպքում համապատասխան լիազորված մարմինն իրավունք ունի դադարեցնել տվյալ գործունեությունը եւ անվավեր ճանաչել թույլտվությունը:
8. Կանխամտածված կապազերծման ընթացքում ռիսկի փոփոխություններ կարող են տեղի ունենալ նաեւ այն դեպքում, երբ հայտնի են դառնում գիտականորեն հիմնավորված նոր փաստեր` շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության վրա ազդեցության վերաբերյալ, հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը:
9. Կանխամտածված կապազերծման ընթացքում չնախատեսված փոփոխություններ ի հայտ գալու դեպքում, իրավաբանական կամ ֆիզիկական անձն անհապաղ գրավոր տեղեկացնում է համապատասխան լիազորված մարմնին` կապազերծված գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների տեսակի եւ քանակի, վտանգի վերացման նպատակով ձեռնարկած միջոցառումների եւ հետեւանքների հնարավոր անբարենպաստ ազդեցության գնահատմանն ուղղված ցանկացած տեղեկատվության վերաբերյալ:
10. Եթե, սույն հոդվածի 6-րդ, 8-րդ եւ 9-րդ մասերում նշված ռիսկի փոփոխություները կարող են անբարենպաստ ազդեցություն ունենալ մարդու կյանքի եւ առողջության, շրջակա միջավայրի, կենսաբազմազանության վրա` համապատասխան լիազորված մարմինն իրավունք ունի, փորձագիտական խմբի կողմից տրված փորձագիտական եզրակացության հիման վրա, դադարեցնել տվյալ գործունեությունը եւ անվավեր ճանաչել թույլտվությունը` ծանուցողից պահանջելով կապազերծված գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների վնասազերծում կամ ոչնչացում, վնասակար հետեւանքների վերացում` սեփական միջոցների հաշվին:
11. Համապատասխան լիազորված մարմինը` գնահատելով շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության վրա պատահարի հետեւանքների հնարավոր անբարենպաստ ազդեցությունը, հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը, հանրությանը զանգվածային լրատվական միջոցներով անհապաղ տեղեկացնում է այդ մասին:
12. Սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված պահանջին համապատասխան իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից ձեռնարկած գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների վնասազերծման կամ ոչնչացման, վնասակար հետեւանքների վերացման միջոցառումների ընթացքում արտակարգ իրավիճակների սպառնալիքի կամ առաջացման դեպքում համապատասխան լիազորված մարմինն այդ մասին անհապաղ ազդարարում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ հանրությանը` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվության ստացման եւ ազդարարման կարգի:
13. Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակների սպառնալիքի կամ առաջացման դեպքում, անբարենպաստ ազդեցությունների վերացման անհրաժեշտ միջոցառումները եւ դրանք իրականացնող մարմինների կազմն ու միջոցները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ԳԼՈՒԽ 7
ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՇՈՒԿԱՅԱՀԱՆՈՒՄԸ
Հոդված 21. Գենետիորեն ձեւափոխված օրգանիզմների շուկայահանումը
1. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների շուկայահանում իրականացնելու համար իրավաբանական կամ ֆիզիկական անձինք համապատասխան լիազորված պետական մարմնին ներկայացնում են հայտ:
2. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմները շուկայահանելու մասին հայտի մեջ նշվում են տեղեկություններ.
1) հայտատուի վերաբերյալ,
2) շուկայահանման ենթակա գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմը բնութագրող հատկանիշների եւ նախատեսվող օգտագործման վերաբերյալ,
3) ռիսկերի գնահատման վերաբերյալ,
4) սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված կարգով պահպանման ենթակա մտավոր կամ առեւտրային սեփականություն հանդիսացող գաղտնի տվյալների վերաբերյալ` եթե այդպիսիք առկա են,
5) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի անվտանգ վերամշակման մեթոդների վերաբերյալ,
6) պահեստավորման, տեղափոխման եւ օգտագործման առանձնահատուկ պայմանների վերաբերյալ,
7) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կանոնների եւ ստանդարտների համաձայն փաթեթավորման, պիտակավորման, մակնշման պահանջների ու պայմանների վերաբերյալ,
8) տեղեկություններ` օգտագործվող գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի կանխամտածված կապազերծումների եւ դրանց արդյունքների վերաբերյալ` իրականացված Հայաստանի Հանրապետության տարածքում եւ դրանից դուրս, եթե այդպիսիք առկա են
9) Արձանագրության 2-րդ հավելվածներով ամրագրված համապատասխան այլ տվյալներ:
3. Յուրաքանչյուր նոր գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի, շուկայահանման թույլտվություն ստանալու նպատակով ներկայացվում է նոր հայտ` սույն հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան:
4. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ապրանքային պիտակի վրա եւ ապրանքաուղեկից փաստաթղթերում պարտադիր եւ պարզ ընթեռնելի նշվում են «պարունակում է գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմ» բառերը` նշելով ընդհանուր զանգվածում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի պարունակության տոկոսը: Նշված գրառումը պետք է զբաղեցնի ապրանքային պիտակի եւ ապրանքաուղեկից փաստաթղթերի ընդհանուր մակերեսի առնվազն 10 տոկոսը:
5. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների շուկայահանման հայտի ձեւը եւ ներկայացման կարգը հաստատվում է սույն օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 8
ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՆԵՄՈՒԾՈՒՄԸ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ
Հոդված 22. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ներմուծմանը եւ արտահանմանը ներկայացվող պահանջները
1. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ներմուծումը կամ արտահանումը կարող է իրականացվել եթե ապահովվել են.
1) սույն օրենքի 23-րդ եւ 24-րդ հոդվածներով սահմանված հայտերի եւ թույլտվությունների պահանջները,
2) Արձանագրությամբ սահմանված ծանուցումների, համաձայնեցումների եւ թույլտվությունների պահանջները:
2. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ներմուծումը կամ արտահանումը պետք է իրականացվի ըստ հետեւյալ պահանջների.
1) անհրաժեշտության դեպքում, լիազորված պետական մարմնի կողմից կարող է կիրառվել նախապես հիմնավորված համաձայնության ընթացակարգը` համաձայն սույն օրենքի 23-րդ հոդվածի,
2) իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից պետք է ապահովվեն ներմուծման, արտահանման կամ տարանցիկ փոխադրման ենթակա գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների `
ա. ռիսկերի գնահատումը,
բ. փաթեթավորման, պիտակավորման եւ մակնշման պահանջների եւ պայմանների պահպանումը` համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ օրենքով սահմանված կանոնների եւ ստանդարտների.
3) տեղեկատվության փոխանակման ապահովումը,
4) սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված կարգով պահպանման ենթակա մտավոր կամ առեւտրային սեփականություն հանդիսացող գաղտնի տվյալների գաղտնիության պահպանման ապահովումը,
5) ապօրինի կամ չկանխամտածված տեղափոխման նախազգուշացումը եւ արտակարգ իրավիճակների դեպքերում` դրանց կանխարգելմանը եւ հետեւանքների վերացմանն ուղղված միջոցառումների ապահովումը:
Հոդված 23. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ներմուծման նախապես հիմնավորված համաձայնության ընթացակարգը
1. Նախապես հիմնավորված համաձայնության ընթացակարգը ներառում է.
1) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի գործածության գործընթացի տեսակների սահմանումը, որոնց նկատմամբ կիրառվում է նախապես հիմնավորված համաձայնության ընթացակարգը,
2) ներմուծման կամ արտահանման մտադրության վերաբերյալ նախապես ծանուցումը,
3) ներմուծման կամ արտահանման թույլտվությունը,
4) անհրաժեշտության դեպքում` պետական լիազորված մարմնի կողմից ներմուծման վերաբերյալ տրամադրված պատասխանի վերանայումը:
2. Նախապես հիմնավորված համաձայնության ընթացակարգի կիրառմամբ իրականացման ենթակա են.
1) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մեկուսացված համակարգում օգտագործումը,
2) կանխամտածված կապազերծումը,
3) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների շուկայահանումը:
3. Ներմուծողը` գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ներմուծման նախապես հիմնավորված համաձայնություն ստանալու համար այդ մասին գրավոր տեղեկացնում է համապատասխան լիազորված մարմնին:
4. Համապատասխան լիազորված մարմինը սույն հոդվածի 3-րդ մասում նշված գրավոր ծանուցումը ստանալուց հետո, 90 օրվա ընթացքում, ներմուծողին գրավոր պատասխանում է, նշելով.
1) ծանուցման ստացման ամսաթիվը,
2) պարունակում է արդյոք, ներկայացված ծանուցումը լիազորված պետական մարմնի պատասխանը ստանալու համար անհրաժեշտ տեղեկություններ,
3) տեղեկություններ` գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի գործածության համապատասխան գործընթացի հայտի ձեւի եւ դրա ներկայացման ընթացակարգի վերաբերյալ:
Հոդված 24. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ներմուծման կարգը
1. Իրավաբանական կամ ֆիզիկական անձիք, մինչեւ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ներմուծումը` համապատասխան լիազորված մարմնին ներկայացնում են.
1) մեկուսացված համակարգում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմը օգտագործելու նպատակով ներմուծման դեպքում` սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկություններով հայտը.
2) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմները կանխամտածված կապազերծելու նպատակով ներմուծման դեպքում` սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկություններով հայտը.
3) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների շուկայահանելու նպատակով ներմուծման դեպքում` սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ եւ մասով սահմանված տեղեկություններով հայտը.
4) տեղեկություններ` փոխադրման միջոցների եւ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների անվտանգ տեղափոխելու պայմանների վերաբերյալ.
5) ներմուծման ժամանակ հնարավոր պատահարների դեպքում իրականացվելիք արտակարգ իրավիճակի պլանը, որն իր մեջ պետք է ներառի սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով սահմանված տեղեկությունները:
2. Լիազորված պետական մարմինը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին համապատասխան ներմուծման նպատակով ներկայացված հայտերը ստանալուց հետո, 90 օրվա ընթացքում, սույն օրենքով սահմանված գործընթացների տեսակների համար նախատեսված ընթացակարգերին համապատասխան հայտատուին գրավոր ներկայացնում է հետեւյալ պատասխաններից մեկը.
1) ներմուծումը հնարավոր է իրականացնել համապատասխան լիազոր մարմնի կողմից տրամադրվող թույլտվության առկայության դեպքում` նշելով թույլտվության տրամադրման պայմանները.
2) նեմուծումն արգելվում է` նշելով արգելման հիմնավորված պատճառները:
3. Հայտատուի կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված պատասխանի հաստատումը ստանալուց հետո, 90 օրվա ընթացքում, համապատասխան լիազորված մարմինը սույն օրենքով սահմանված գործընթացների տեսակների համար նախատեսված ընթացակարգերին համապատասխան գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ներմուծման վերաբերյալ հայտատուին գրավոր ուղարկում է հետեւյալ պատասխաններից մեկը.
1) ներմուծումը հնարավոր է թույլատրել որոշակի պայմաններով, կամ առանց պայմանի.
2) ներմուծումը արգելվում է.
3) անհրաժեշտ են որոշակի լրացուցիչ տեղեկություններ.
4) լրացուցիչ տեղեկությունները գնահատելու նպատակով պատասխանի ներկայացման ժամկետը անհրաժեշտ է երկարաձգել:
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված առանց պայմանի թույլատրման վերաբերյալ պատասխանին կից` համապատասխան լիազորված մարմինը հայտատուին տրամադրում է համապատասխան թույլտվություն, իսկ որոշակի պայմանով թույլատրման, ինչպես նաեւ 2-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերում նշված պատասխաններին կից ` դրանց հիմնավորումները:
Հոդված 25. Համապատասխան լիազորված մարմնի կողմից ներմուծման վերաբերյալ տրամադրված պատասխանների վերանայումը
1. Համապատասխան լիազորված մարմինը կարող է վերանայել իր կողմից ներմուծման վերաբերյալ տրամադրված պատասխանը` շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության վրա գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների հնարավոր անբարենպաստ ազդեցության վերաբերյալ, հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջության սպառնացող վտանգները, գիտական նոր տվյալների հիման վրա:
2. Հայտատուն կարող է համապատասխան լիազոր մարմնի կողմից ներմուծման վերաբերյալ տրամադրված պատասխանը վերանայելու նպատակով գրավոր դիմել այդ մարմնին` սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հայտերի միջոցով, եթե.
1) փոխվել են պատասխանի համար հիմք հանդիսացած ռիսկերի գնահատման արդյունքները որոշելու պայմանները,
2) տիրապետում է լրացուցիչ գիտական տեղեկատվությամբ, կամ առկա են պատասխանի գիտականորեն հիմնավորված չլինելու վերաբերյալ ապացույցներ:
3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո, 5-օրյա ժամկետում համապատասխան լիազորված մարմինը ներմուծման վերաբերյալ պատասխանի վերանայման, ինչպես նաեւ դրա փոփոխության պատճառների մասին գրավոր տեղեկացնում է ծանուցողին:
Հոդված 26. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ապօրինի եւ չկանխամտածված տեղափոխման դեպքերում ձեռնարկվող միջոցները
1. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ապօրինի տեղափոխման դեպքերի վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինը տեղեկացնում է միջպետական մարմիններին` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված նորմերին համապատասխան:
2. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի կամ դրանց համակցության չկանխամտածված տեղափոխման դեպքերում համապատասխան լիազորված մարմինը միջազգային պայմանագրերով սահմանված նորմերին համապատասխան միջոցներ է ձեռնարկում տեղեկացման, ինչպես նաեւ շրջակա միջավայրին եւ կենսաբազմազանությանն առնչվող ցանկացած սպառնալիքի բացառման ուղղությամբ` հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը:
3. Համապատասխան լիազորված պետական մարմինը զանգվածային լրատվության բոլոր միջոցներով հասարակայնությանը տեղյակ է պահում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կամ դրանց համակցության չկանխամտածված տեղափոխման արդյունքում ի հայտ եկող իրավիճակները կանխող միջոցների մասին:
ԳԼՈՒԽ 9
ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 27. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը եւ գաղտնիքի ճանաչման կարգը
1. Անհրաժեշտության դեպքում հայտատուն կարող է գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության մասին հայտում հիմնավորված փաստերով նշել առեւտրային եւ մտավոր սեփականություն հանդիսացող այն տեղեկատվության վերաբերյալ, որի գաղտնիությունը պետք է պահպանել:
2. Գաղտնի չեն կարող համարվել գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի գործածության հետ կապված հետեւյալ բնույթի տեղեկությունները.
1) հայտատուի վերաբերյալ տվյալները,
2) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի ընդհանուր բնութագիրը,
3) գործածության նպատակը եւ վայրը.
4) ռիսկի դասակարգումը.
5) կիրառվելիք մեկուսացման միջոցները.
6) շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության վրա հնարավոր անբարենպաստ ազդեցությունը, ինչպես նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը:
7) հնարավոր պատահարների դեպքում իրականացվելիք արտակարգ իրավիճակի պլանը,
8) հնարավոր անբարենպաստ ազդեցության մոնիթորինգի ծրագիրը,
9) հնարավոր անբարենպաստ ազդեցությունների վերացման միջոցառումների ծրագիրը,
10) սույն օրենքի 28-րդ հոդված 2-րդ մասի 2-րդ կետում նշված հասարակական լսումների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը:
3. Համապատասխան լիազորված պետական մարմինը` սույն օրենքով սահմանված կարգով գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության հայտերը ստանալուց հետո, 7 օրվա ընթացքում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գաղտնի չհանդիսացող տեղեկատվության մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին:
4. Հայաստանի Հանրապետության կենսանվտանգության ոլորտի կարգավորման մարմինները պարտավոր են պահպանել գաղտնի տեղեկատվությունը եւ հայտատուի մտավոր սեփականության իրավունքները: Սույն հոդվածի համաձայն գաղտնի ճանաչված տեղեկությունները որպես գաղտիք պաշտպանված են մնում նաեւ այն դեպքում, եթե հայտատուն հետ է վերցնում իր հայտը, կամ այն մերժվում է:
ԳԼՈՒԽ 10
ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԲԱՂՎՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 28. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության զբաղվել ցանկացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները եւ պարտավորությունները
1. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածությամբ զբաղվել ցանկացող իրավաբանական կամ ֆիզիկական անձիք իրավունք ունեն` Հայաստանի Հանրապետության օրենսդությամբ սահմանված կարգով համապատասխան լիազորված մարմնից ստանալ տեղեկատվություն` նախատեսվող գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության տվյալ գործընթացի հետ կապված գիտական նոր տվյալների վերաբերյալ` եթե այդպիսիք առկա են:
2. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածությամբ զբաղվել ցանկացող իրավաբանական կամ ֆիզիկական անձիք մինչեւ համապատասխան գործընթացի թույլտվություն ստանալու հայտ ներկայացնելը պարտավոր են `
1) սեփական միջոցների հաշվին իրականացնել գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության նախատեսվող գործընթացի ռիսկերի գնահատում.
2) հասարակական լսումների միջոցով մարզի կամ համայնքի հանրությանը տեղեկացնել տվյալ մարզի կամ համայնքի վարչական սահմաններում նախատեսվող մեկուսացված համակարգում օգտագործման եւ կապազերծման, ինչպես նաեւ դրանց ռիսկերի գնահատման արդյունքների մասին:
Հոդված 29. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածությամբ զբաղվողների իրավունքները եւ պարտավորությունները
1. Սույն օրենքով սահմանված կարգով գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության թույլտվություն ստացած իրավաբանական կամ ֆիզիկական անձիք իրավունք ունեն`
1) համապատասխան լիազորված մարմնից պահանջել սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված կարգով գաղտնի ճանաչված տեղեկատվության գաղտնիքի պահպանում.
2) համապատասխան լիազորված մարմնից Հայաստանի Հանրապետության օրենսդությամբ սահմանված կարգով ստանալ տեղեկատվություն` իրենց կողմից իրականացվող գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության տվյալ գործընթացի հետ կապված գիտական նոր տվյալների վերաբերյալ` եթե այդպիսիք առկա են:
2. Սույն օրենքով սահմանված կարգով գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության թույլտվություն ստացած իրավաբանական կամ ֆիզիկական անձիք պարտավոր են`
1) յուրաքանչյուր գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի գործածության յուրաքանչյուր տեսակով զբաղվել տվյալ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմի գործածության տվյալ գործընթացի համար սույն օրենքով սահմանված կարգով ստացված թույլտվության պայմաններին եւ պահանջներին համապատասխան.
2) սույն օրենքով սահմանված կարգով թույլատրված գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածություն իրականացնելու ընթացքում ապահովել շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության անվտանգությունը` հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը.
3) հնարավոր պատահարների եւ չնախատեսված իրավիճակների դեպքերում անհապաղ գրավոր տեղեկացնել այդ մասին համապատասխան լիազորված մարմնին եւ սեփական միջոցների հաշվին անհապաղ միջոցներ ձեռնարկել շրջակա միջավայրի, կենսաբազմազանության վրա հնարավոր վնասակար ազդեցության, մարդու կյանքի եւ առողջության սպառնալիքների կանխարգելման եւ հետեւանքների վերացումն ապահովելու ուղղությամբ.
4) համապատասխան լիազորված մարմնին ներկայացնել գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության հետ կապված անհրաժեշտ տեղեկատվությունները եւ հաշվետվությունները` համաձայն սույն օրենքով սահմանված պահանջների:
ԳԼՈՒԽ 11
ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 30. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության վերահսկողությունը
Հայաստանի Հանրապետության տարածքում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության համար Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ իրավական այլ ակտերով սահմանված նորմերի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական լիազորված մարմինները:
ԳԼՈՒԽ 12
ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄԸ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ
Հոդված 31. Հանրությանը տրամադրվող տեղեկատվությունը
1. Համապատասխան լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանրությանը տրամադրում է տեղեկատվություն`
1) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության նախատեսվող գործընթացների մասին.
2) ծանուցողի, նրա կողմից իրականացվող գործունեության եւ դրա իրականացման վայրի մասին.
3) ռիսկի գնահատման մասին.
4) հայտատուներին տրամադրված պատասխանների մասին.
5) տրամադրված թույլտվությունների մասին.
6) արտակարգ իրավիճակների մասին.
7) հանրության իրազեկման համար սույն օրենքով սահմանված այլ տեղեկություններ:
2. Համապատասխան լիազորված մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվության տրամադրման միջոցներն են`
1) զանգվածային լրատվության միջոցները.
2) էլեկտրոնային հաղորդակցության միջոցները.
3) հասարակական լսումների կազմակերպումը.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարցումներին պատասխանելը.
5) համապատասխան լիազորված մարմնի պաշտոնական վեբ կայքը,
6) կենսանվտանգության` տեղեկատվություն տրամադրող հաստատությունը:
3. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կապազերծման եւ շուկայահանման հետ կապված թույլտվությունների տրամադրման գործընթացները բաց են հանրության առջեւ, իսկ մեկուսացված համակարգում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների օգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացների թափանցիկությունն ապահովում է համապատասխան լիազորված մարմինը:
4. Համապատասխան լիազորված մարմինը սույն օրենքով սահմանված կարգով հայտերը ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում, հանրությանը տեղեկացնում է այդ մասին` իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից ներկայացված հայտերը լիազորված պետական մարմնի պաշտոնական վեբ կայքում տեղադրելու միջոցով:
5. Հանրության մեկնաբանություններն ընդունվում են սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով տեղեկացնելու օրվան հաջորդող 15 օրերի ընթացքում:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով եւ ժամկետում ստացված մեկնաբանությունները համապատասխան լիազորված մարմինը ներկայացնում է Հանձնաժողովին` համապատասխան գործընթացի վերաբերյալ եզրակացությունների կազմման ժամանակ հաշվի առնելու նպատակով:
7. Համապատասխան լիազորված մարմինը, կախված ստացված մեկնաբանություններից, քննարկման առարկա հանդիսացող ցանկացած հարցի շուրջ կարող է կազմակերպել հասարակական քննարկումներ:
8. Համապատասխան լիազորված մարմինն ապահովում է հանրության մասնակցությունը սույն օրենքով սահմանված թույլտվությունների վերաբերյալ եզրակացությունների եւ ներմուծման ծանուցումների պատասխանների ձեւակերպման գործընթացներին` սույն օրենքով եւ միջազգային պայմանագրերով սահմանված պահանջներին համապատասխան:
Հոդված 32. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության մասին տեղեկատվություն ստանալու հանրության իրավունքը
1. Յուրաքանչյուր անձ իրավունք ունի`
1) համապատասխան լիազորված մարմնից պահանջել եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով ստանալ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության գործընթացների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն` բացառությամբ սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված կարգով գաղտնի ճանաչված տեղեկությունների.
2) գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածություն իրականացնող իրավաբանական եւ ֆիզիկական անձանցից պահանջել եւ ստանալ սույն օրենքով սահմանված կարգով իրենց թույլատրված մեկուսացված համակարգում օգտագործվող եւ կապազերծվող գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների, շուկայահանված գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների վերաբերյալ սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկությունները:
ԳԼՈՒԽ 13
ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 33. Կենսանվտանգության ապահովման ֆինանսավորումը
Կենսանվտանգության ապահովման հետ կապված փորձագիտական խմբի գործունեության ծախսերը, այդ թվում` նրա անդամների վարձատրությունը եւ լաբորատոր փորձարկումների միջոցով փորձաքննության իրականացման համար անհրաժեշտ ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին:
ԳԼՈՒԽ 14
ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 34. Կենսանվտանգության ոլորտում պատասխանատվությունը
Սույն օրենքի դրույթները խախտողները կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 15
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 35. Սույն օրենքը ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության մասին» ՀՀ օրենքի նախագծի
1. Անհրաժեշտությունը
«Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) խիստ արդիական եւ հրատապ ընդունման անհրաժեշտություն ունեցող իրավական ակտ է, որը գլոբալ առումով նպատակուղղված է ԳՁՕ-ների գործածության հետ կապված ռիսկերի կառավարմանը` սահմանելով մեխանիզմներ, որոնք բացառում կամ նվազագույնին են հասցնում շրջակա միջավայրի, կենսաբազմազանության վրա ԳՁՕ-ների գործածության հետ կապված հնարավոր անբարենպաստ ազդեցությունները` հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը:
Օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2004 թվականի մարտի 16-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից վավերացրած (Ն-081-3) Կենսաբանական բազմազանության վերաբերյալ կոնվենցիայի Կենսաբանական անվտանգության վերաբերյալ կարթագենյան արձանագրության 2-րդ հոդվածի 1-ին կետում նշված պահանջից, համաձայն որի յուրաքանչյուր կողմ երկիր պետք է իրավական, վարչական եւ այլ միջոցներ ձեռնարկի Արձանագրությամբ նախատեսված պարտականությունների կատարման համար:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Ներկայումս ԳՁՕ-ների կիրառումը հանրապետությունում իրականացվում է անկառավարելիորեն, ինչը կարող է հանգեցնել կենդանի բնության մեջ գոյություն ունեցող հավասարակշռության խախտման եւ մարդու կյանքի եւ առողջության, շրջակա միջավայրի, կենսաբազմազանության անվտանգության տեսանկյունից պարունակում է ռիսկի մեծ գործոն: Նոր հատկանիշներ ունեցող կենդանի օրգանիզմները, քանի դեռ լիովին ուսումնասիրված եւ բացահայտված չեն դրանց հատկություններն ու վարքագծերը, անկանխատեսելի վտանգ են ներկայացնում կենսաբազմազանության պահպանության եւ մարդու առողջության համար` ինչն էլ մտահոգության տեղիք է տվել եւ դարձել է համաշխարհային հանրությանը անհանգստացնող առարկա:
Այսօր, ԳՁՕ-ների անկառավարելի օգտագործման հետեւանքով, հանրությանը հայտնի բացասական ազդեցություներն են.
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ներկայացվող օրենքով գործող քաղաքականության մեջ փոփոխություններն առաջանում են ԳՁՕ-ների գործածության հետ կապված ռիսկերի կառավարմանը նպատակուղղված իրավական եւ վարչական մեխանիզմների սահմանմանման միջոցով:
Օրենքով սահմանվում են կենսանվտանգության ապահովման հիմնական սկզբունքները եւ խնդիրները, կենսանվտանգության ոլորտում ՀՀ կառավարության, լիազորված պետական մարմնի իրավասությունները, կենսանվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի եւ փորձագիտական խորհրդի իրավասություններն ու պատասխանատվությունը, ինչպես նաեւ ԳՁՕ-ների գործածությամբ զբաղվել ցանկացողների եւ զբաղվողների իրավունքներն ու պարտավորությունները եւ հանրության իրազեկման մեխանիզմները:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Օրենքի նպատակն է` գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության հետ կապված ռիսկերի կառավարումը եւ անվտանգության ապահովումը` բացառելով կամ նվազագույնի հասցնելով դրանց հնարավոր անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության վրա` հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը:
Այդ նպատակին արդյունավետ հասնելու համար օրենքով կարգավորում է գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ստացման, փորձարկման, բազմացման, պահման, ոչնչացման կամ վնասազերծման, կապազերծման եւ շուկայահանման, ինչպես նաեւ այդ նպատակներով դրանց ներմուծման, արտահանման կամ տարանցիկ փոխադրման հետ կապված հնարավոր անբարենպաստ ազդեցություններից շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության անվտանգությանն առնչվող հարաբերությունները` հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Օրենքը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից` աշխատակազմի Կենսառեսուրսների կառավարման գործակալության նախաձեռնությամբ:
6. Ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունման արդյունքում.