Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-13254-18.01.2012-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի  ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2981-րդ  հոդվածով.

«Հոդված 298.1 Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կանոնները խախտելը

1. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներն ապօրինաբար ստանալը, փորձարկելը, բազմացնելը, պահելը, ոչնչացնելը եւ կամ վնասազերծելը, կապազերծելը, շուկայահանելը, ներմուծելը, արտահանելը եւ տարանցիկ փոխադրելը, որոնք առաջացրել են վնաս պատճառող կենդանիների կամ բույսերի զանգվածային հիվանդություններ, կենդանիների կամ բույսերի վերարտադրության նվազում, կենդանիների  կամ բույսերի սերնդում ժառանգական խախտումներ`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով` կամ ազատազրկմամբ մեկ տարի ժամկետով:

2. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ ստանալու, փորձարկելու, բազմացնելու, պահելու, ոչնչացնելու կամ վնասազերծելու, կապազերծելու, շուկայահանելու, ներմուծելու, արտահանելու, տարանցիկ փոխադրելու ընթացքում անվտանգության կամ այլ կանոնները խախտելը, որոնք առաջացրել են խոշոր վնաս պատճառող կենդանիների կամ բույսերի զանգվածային հիվանդություններ, կենդանիների կամ բույսերի վերարտադրության նվազում, կենդանիների  կամ բույսերի սերնդում ժառանգական խախտումներ`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով` կամ ազատազրկմամբ մեկ տարի ժամկետով` որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, մարդկանց զանգվածային հիվանդություններ, մարդկանց սերնդում ժառանգական խախտումներ`
պատժվում է ազատազրկմամբ երեքից յոթ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով:

4.  Սույն հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով նախատեսված արարքը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ`
պատժվում է ազատազրկմամբ` ութից տասներկու տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի առաջին մասում վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկը չգերազանցող գումարը, երկրորդ մասում խոշոր վնաս է համարվում յոթհարյուրապատիկից հազարապատիկը չգերազանցող գումարը»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ քրեական օրեսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտությունն առաջացել է  «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության  մասին» ՀՀ օրենքի նախագծի 34-րդ հոդվածի պահանջից, համաձայն որի  օրենքի դրույթները խախտողները կրում են պատասխանատվություն`  ինչի վերաբերյալ նշված օրենսգրքում համապատասխան դրույթներ չեն սահմանված: