Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1327-26.01.2012-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊՈՆՏՈՍԱՀՈՒՅՆԵՐԻ, ԱՍՈՐԻՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱԶԳԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Դատապարտելով Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն` մայիսի 19-ը հայտարարել Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

«Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  ընդունման

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եւ նրանից հետո (1912-1923 թվականներին) Օսմանյան կայսրությունում հույների զանգվածային տեղահանությունները, կոտորածները, նրանց տաժանակիր աշխատեցնելը եւ սեփականությունից զրկելը (գույքի բռնագրավում) բաղադրիչ մասերն են Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության` ուղղված հայ, հույն, ասորի եւ այլ բնիկ ժողովուրդների դեմ: Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան կայսրությունում, համաձայն օսմանական պաշտոնական տվյալների, ապրում էր առնվազն 2.7 միլիոն հույն: Աղբյուրների եւ արխիվների ուսումնասիրություններն ապացուցում են, որ 1912-1923 թվականներին զոհվել են ավելի քան յոթ հարյուր հազար հույներ` կոտորածների, ինչպես նաեւ բռնագաղթի, տաժանակիր աշխատանքների, սովի հետեւանքով:

Երկու տարբեր առիթներով Հունաստանի խորհրդարանը ճանաչել  է Օսմանյան կայսրության պոնտոսահույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը. 1994թ. փետրվարին միաձայն որոշում է կայացրել մայիսի 19-ը հայտարարել պոնտոսահույների ցեղասպանության հիշատակի օր, իսկ 1998-ին` սեպտեմբերի 14-ը որպես Փոքր Ասիայի համայն հույների ցեղասպանության հիշատակի օր: Հունաստանի խորհրդարանը 1996թ. ապրիլի 25-ին բանաձեւ (2397/1996) է ընդունել` ապրիլի 24-ը ճանաչել որպես «Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության օր»: 2010թ. մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը (Ռիկստագ) ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ, որում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը ներկայացվում են, որպես ցեղասպանություն: Բանաձեւում նշված է, որ Թուրքիայում իրականացվել են ինչպես հայերի, այնպես էլ ասորիների եւ պոնտացի հույների զանգվածային ջարդեր:

Դատապարտելով Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի դեմ իրականացված հանցագործությունը` նաեւ պարտավորվում ենք ունենալ մեր ներդրումը ապագայում նման ոճրագործությունները կանխելու հարցում: Ներկայացվող օրինագիծը մշակվել է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան, մասնավորապես ՄԱԿ-ի` «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի 5-րդ հոդվածի հիման վրա, որին միացել է Հայաստանի Հանրապետությունը, եւ որը սահմանում է, թե կոնվենցիային միացող երկիրը պարտավորվում է կոնվենցիայի դրույթները գործողության մեջ դնելու համար ընդունել իր սահմանադրությանը համապատասխան օրենսդրություն: Օրինագիծը զարգացնում է պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու հետեւանքների հաղթահարման գործընթացին միտված իրավական եւ կազմակերպչական համակարգը:

Հիմք ընդունելով վերոգրյալը եւ առաջնորդվելով ՄԱԿ-ի հետեւյալ կոնվենցիաներով.

Ելնելով Հայաստանի Հանրապետության մարդասիրական ավանդույթներից` Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը դատապարտում է 1912-1923 թվականներին պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի նկատմամբ Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանությունը: