Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի /01 հուլիսի 1998թ. ՀՕ-248/ 442 հոդվածը շարադրել հետեւալ բովանդակությամբ .
Հոդված 442. ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼԸ
Անչափահաս մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառել թույլատրվում է միայն այն դեպքում, երբ նրան վերագրվում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների կատարում:
Հոդված 2.
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ /Խափանման միջոցների հասկացությունը եւ տեսակները/ հոդվածի 3-րդ մասում նշված է, որ « Կալանավորումը եւ գրավը կարող են կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ»: Այսինքն օրենսգիրքը սահմանում է, որ բացի մեղադրյալից քրեական դատավարության այլ մասնակիցներից որեւէ մեկի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի կարող կիրառվել եւ բացառություններ լինել չեն կարող:
Գործող քրեական դատավարության օրենսգրքի 442 հոդվածում նշված է, որ « Անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառել թույլատրվում է միայն այն դեպքում, երբ նրան վերագրվում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների կատարում:»
Համեմատելով վերը նշված երկու հոդվածները պարզվում է, որ ըստ 442 հոդվածի կալանքը որպես խափանման միջոց կարող է կիրառվել նաեւ անչափահաս կասկածյալի նկատմամբ, որը բացառվում է:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ընդհանուր մասի 134-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված դրույթը ունի սկզբունքային, առաջնային եւ որոշիչ նշանակություն, ուստի հատուկ մասի 442 հոդվածում ամրագրված դրույթը` անչափահաս կասկածյալի նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրելու մասին, չի կարող հակասել նրան: