ՀՈԴՎԱԾ 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մարտի 7-ի ՀՕ-380-Ն օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բռնադատվածների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն ընդունելու վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը
Իրավական ակտի անհրաժեշտությունը կապված է իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներով, ինչպես նաեւ պետական կենսաթոշակային համակարգի տեղեկատվական նոր շտեմարանի ներդրմամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
2011 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկման ընթացքում առաջացան մի շարք խնդիրներ:
Մասնավորապես, օրենքով սահմանված` կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու հիմքերը ամբողջությամբ չեն արտացոլում առկա վիճակը: Առկա են դեպքեր, երբ կենսաթոշակառուն դիմում է իր կենսաթոշակը դադարեցնելու համար (անհրաժեշտ է լինում այլ պետությունում կենսաթոշակ նշանակելու համար), սակայն մերժվում է, քանի որ օրենքը չի նախատեսում անձի դիմումի հիման վրա կենսաթոշակի դադարեցման հնարավորություն:
Տեղեկատվական բազայում հաշվառված են կենսաթոշակառուներ, ում կենսաթոշակ է նշանակվել խորհրդային նմուշի անձնագրի հիման վրա եւ որպես ՀՀ քաղաքացիներ` նույնականացված չեն: Սակայն, գործող օրենսդրությունը հնարավորություն չի տալիս նրանց հանել հաշվառումից:
Խնդրո առարկա է նաեւ այն հանգամանքը, որ թաղման նպաստը վճարվում է` անկախ կենսաթոշակառուի մահվան եւ հուղարկավորության վայրից:
Անհրաժեշտություն է առաջացել նաեւ օրենքով ամբողջական կարգավորել կենսաթոշակը նշանակելը, հաշվարկելը, վերահաշվարկելը, վճարելը կարգավորող առանձին դրույթներ:
Գործող օրենսդրության շրջանակներում մահացած անձի ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակի իրավունք ունեցող բոլոր անդամներին նշանակվում եւ վճարվում է մեկ կենսաթոշակ: Այն փոխկապակցված է կենսաթոշակի չափի հաշվարկման կարգին, որի համաձայն` մահացածի ենթադրյալ կենսաթոշակի աշխատանքային մասից հաշվարկվող գումարի չափը կախված է շահառուների թվից: Վերոնշյալ մոտեցումը չի ապահովում կենսաթոշակը անձամբ կենսաթոշակառուին կամ նրա օրինական ներկայացուցչին վճարելու դրույթը:
Չնայած օրենքի դրույթներից բխում է, սակայն` ուղղակիորեն ամրագրված չէ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու պահանջը` կենսաթոշակի վճարումը վերսկսելու եւ կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակ վճարելու առանձին դեպքերում:
Միաժամանակ, առկա են անհամապատասխանություններ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքների` կենսաթոշակից պահումներ կատարելու վերաբերյալ դրույթներում:
2. Առկա խնդիրներին առաջադրվող լուծումները
Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկվում է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում:
3. Ակնկալվող արդյունքը
Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում hստակեցվում են կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու եւ վերականգնելու, կենսաթոշակ վճարելը դադարեցնելու եւ վերսկսելու հիմքերը, որը հնարավորություն կտա կենսաթոշակառուների հաշվառման նոր ձեւավորված տեղեկատվական համակարգով իրականացնել հստակեցնել հաշվառում, ինչպես նաեւ լուծումներ տալ իրավակիրառական պրակտիկայում առաջացած` օրենսդրական լուծումներ պահանջող մի շարք խնդիրների: