Հոդված 1. Արտակարգ դրությունը
1. Արտակարգ դրությունը` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ նրա որոշ տարածքներում Հայաստանի Հանրապետության Սահմանդրության համաձայն հայտարարվող պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ նրանց պաշտոնատար անձանց գործունեության հատուկ իրավական ռեժիմ է ։
2. Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն հանգամանքների առկայության դեպքում, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, ներառյալ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու փորձը, իշխանությունը գրավելը կամ յուրացնելը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված կազմավորումների կազմակերպումը եւ գործունեությունը:
3.Սույն հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերի առկայությամբ արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ ՀՀ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի վերացումն առանց դրա անհնարին է:
Հոդված 2. Արտակարգ դրության մասին օրենդրությունը
1. Արտակարգ դրության իրավական ռեժիմը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանգրերով։
Հոդված 3. Արտակարգ դրություն հայտարարելու կարգը
1. Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ նրա առանձին տարածքներում, Հայաստանի Հանրապետության Նախագահը` խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ եւ այդ մաuին ուղերձով դիմում է ժողովրդին։
2. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը, ինչպես նաեւ հրամանագրում կատարվող փոփոխությունները եւ լրացումներն ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
3. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգին համապատասխան անհապաղ գումարվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստ:
4. Արտակարգ դրություն հայտարարելու մասին պարտադիր տեղեկացվում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության միջազգային կազմակերպությունների ներկայցուցչությունները եւ քարտուղարությունները։
Հոդված 4. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի բովանդակությունը
1. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրում պետք է սահմանվեն՝
1) արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները.
2) արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության հիմնավորումը.
3) այն տարածքի սահմանները, որտեղ հայտարարվում է արտակարգ դրություն.
4) արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցառումները, միջոցները եւ ուժերը.
5) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ժամանակավոր սահմանափակվող իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաեւ իրավունքների եւ ազատությունների սահմանափակումների ծավալը` համաձայն սույն օրենքի 7-րդ հոդվածի պահանջների.
6) արտակարգ դրության ժամանակահատվածում ստեղծվող պետական հատուկ մարմինները եւ նրանց իրավասության շրջանակները.
7) արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք.
8) արտակարգ դրության ուժի մեջ մտնելու օրը, ամիսը, ամսաթիվը եւ դրա գործողության ժամկետները։
2. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը ենթակա է անհապաղ հրապարակման հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ մամուլով եւ ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրում նշված ժամկետում։
3. Հայաստանի Հանրապետության Նախագահի` արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրում` արտակարգ դրության ռեժիմը խստացնող, իրավունքներ կամ ազատություններ սահմանափակող կամ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վիճակը այլ կերպ վատթարացնող փոփոխությունները եւ լրացումները կատարվում են սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով։
Հոդված 5. Արտակարգ դրության գործողության ժամկետը
1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ Հանրապետության առանձին տարածքներում` 60 օրը:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտից հետո արտակարգ դրությունը դադարում է: Եթե նշված ժամկետների ընթացքում չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, ինչպես նաեւ չեն վերացվել արտակարգ դրության հետեւանքները, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով` սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով եւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով:
Հոդված 6. Արտակարգ դրության դադարումը
1. Եթե արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները վերացել են մինչեւ արտակարգ դրության գործողության ժամկետի լրանալը, ապա արտակարգ դրությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, որի մասին բնակչությունն իրազեկվում է սույն օրենքով սահմանված` արտակարգ դրություն հայտարարելու մասին տեղեկացվելու կարգով։
2. Արտակարգ դրությունը կամ դրա որեւէ միջոցառում դադարեցվում է նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարվելու դեպքում։
Հոդված 7. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում կիրառվող միջոցառումները եւ իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները
1. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում, արտակարգ դրության ամբողջ ժամկետի ընթացքում արտակարգ դրության տարածքում կարող են կիրառվել հետեւյալ միջոցառումները եւ իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները.
1) արտակարգ դրության տարածքում տեղաշարժման ազատության սահմանափակում, ինչպես նաեւ նշված տարածք մուտք գործելու եւ տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում, որը ներառում է օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց՝ տվյալ տարածք մուտք գործելու եւ այնտեղ գտնվելու սահմանափակումները.
2) հասարակական կարգի, պետական պահպանության ենթակա օբյեկտների, ինչպես նաեւ բնակչության կենսաապահովման եւ տրանսպորտի գործունեությունը կանոնակարգող օբյեկտների պահպանության ուժեղացում.
3) ֆինանսա-տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների եւ ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումներ.
4) սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման եւ շրջանառության հատուկ կարգի սահմանում ՀՀ կառավարության կողմից.
5) հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակում կամ արգելում.
6) գործադուլների եւ իրավաբանական անձանց գործունեությունը կասեցնող կամ դադարեցնող այլ միջոցառումների արգելում.
7) տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակում եւ դրանց զննման իրականացում.
8) արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքների առաջացմանը նպաստող, ինչպես նաեւ այդ հանգամանքների վերացմանը խոչընդոտող վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական եւ կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող կազմակերպությունների գործունեության նկատմամբ հատուկ պետական վերահսկողության սահմանում կամ դրանց գործունեության կասեցում.
9) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, նշանակովի եւ ընտրովի պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձանց իրավասության ժամանակավոր սահմանափակում կամ կասեցում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
10) նյութական եւ մշակութային արժեքների տարահանում, եթե իրական վտանգ կա արտակարգ հանգամանքներում դրանց ոչնչացման, հափշտակության կամ վնասման համար.
11) պարետային ժամի սահմանում, այսինքն՝ օրվա որոշակի ժամանակահատվածում առանց անձը հաստատող փաստաթղթերի եւ հատուկ թույլտվությունների փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում.
12) խոսքի ազատության սահմանափակում, տպագիր մամուլի ուսումնասիրություն, մասնավորապես` զանգվածային անկարգություն հրահրելու կամ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու կամ ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն կամ փոխելուն ուղղված կոչերի հրատարակության արգելում, ինչպես նաեւ տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կիրառման արգելում.
13) անձը հաստատող փաստաթղթերի ստուգում, անձնական առարկաների եւ տրանսպորտային միջոցների զննում.
14) զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ եւ թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի արգելում, թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների եւ պատրաստուկների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմի սահմանում.
15) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած եւ տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում՝ նրանց միջոցների հաշվին, իսկ նման միջոցներ չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով.
2. Արտակարգ դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության Նախագահն իրավունք ունի կասեցնել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերը, բացառությամբ օրենքների եւ դատական ակտերի։
3. Սույն հոդվածի 14-րդ կետով նախատեսված դեպքերում թույլատրվում է քաղաքացիներից ժամանակավորապես առգրավել օրենքով սահմանված կարգով ձեռք բերված զենքը եւ ռազմամթերքը, թունավոր նյութերը, իսկ կազմակերպություններից՝ զենք, ռազմամթերքի, մարտական ու ուսումնական ռազմական տեխնիկա, պայթուցիկ եւ ռադիոակտիվ նյութեր:
Հոդված 8. Արտակարգ դրության տարածքում պետական կառավարման հատուկ մարմինները
1. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման եւ այլ հրատապ հարցեր լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով կարող է ստեղծվել արտակարգ դրության տարածքի պարետատուն (այսուհետ՝ Պարետատուն)։
2. Պարետատունն իրականացնում է արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումը։ Պարետատունը ղեկավարում է պարետը, որը նշանակվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից։
Հոդված 9. Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները եւ ուժերը
1. Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով կարող են օգտագործվել ոստիկանության, ազգային անվտանգության եւ պաշտպանության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները։
2. Ոստիկանության, ազգային անվտանգության եւ պաշտպանության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները գործադրվում են հետեւյալ խնդիրների իրականացման նպատակով.
1) արտակարգ դրության տարածք մուտք գործելու եւ տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի իրականացման ապահովում.
2) ռեժիմային, հատուկ ռեժիմային եւ հատուկ պահպանվող օբյեկտների, բնակչության կենսագործունեությունն ու տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաեւ բնակչության կյանքի եւ առողջության, շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն.
3) զինված անօրինական խմբավորումների գործունեության դադարեցում.
4) արտակարգ իրավիճակների կանխում, հնարավոր հետեւանքների նվազեցում եւ վերացում, մարդկանց կյանքի, առողջության երաշխավորում ու նյութական արժեքների փրկություն.
5) սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված սահմանափակումների ապահովում:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերում նշված խնդիրներն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են ներգրավվել միայն այն դեպքում, եթե այդ խնդիրները հնարավոր չէ ապահովել ոստիկանության եւ ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերով։
4. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները ?ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք եւ մարտական տեխնիկա կիրառում են «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի եւ մարտական տեխնիկայի կիրառման պայմաններին, կարգին ու սահմաններին համապատասխան։
Հոդված 10. Արտակարգ դրության պայմաններում ժամանակավոր սահմանափակումների եւ կիրառվող միջոցների սահմանները
1. Սույն օրենքում նշված իրավունքների եւ ազատությունների նկատմամբ սույն օրենքով թույլատրվող սահմանափակումները պետք է կիրառվեն բացառապես այն նպատակներով, որոնց համար նախատեսվել են, եւ պետք է լինեն համաչափ` հիշյալ նպատակների համեմատությամբ։
2. Արտակարգ դրության պայմաններում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը պետք է համարժեք լինի արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներով պայմանավորված իրավիճակին։
3. Արտակարգ դրության պայմաններում սույն օրենքով նախատեսված միջոցառումները եւ իրավունքների ժամանակավոր սահմանափակումները, պետք է համապատասխանեն արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղվելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին։
4. Հայաստանի Հանրապետության 44-րդ հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 15-րդ, 17-22-րդ եւ 42-րդ հոդվածով նախատեսված իրավունքներն ու ազատություններն արտակարգ դրության ժամանակ չեն կարող սահմանափակվել:
Հոդված 11. Արտակարգ դրության ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների երաշխիքները
1. Արտակարգ դրության ժամանակ ցանկացած ֆիզիկական եւ իրավաբանական անձ ունի իր խախտված իրավունքները եւ ազատությունները վարչական եւ դատական կարգով պաշտպանելու իրավունք:
Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնց գույքն ու նյութական այլ միջոցներն օգտագործվել են արտակարգ դրության հետեւանքների վերացման նպատակով կամ արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների կամ դրանց հետեւանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական եւ իրավաբանական անձինք իրավունք ունեն ստանալ համարժեք նյութական փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով։
3. Արտակարգ դրության ժամանակ առգրավված գույքը արտակարգ դրության դադարումից հետո մեկշաբաթյա ժամկետում վերադարձվում է դրանց սեփականատերերին։
Հոդված 12. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի եւ մարտական տեխնիկայի կիրառման պայմաններն ու սահմանները
1. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի եւ մարտական տեխնիկայի օրենքներով սահմանված` կիրառման պայմաններն ու սահմաններն արտակարգ դրության ժամանակ ենթակա չեն փոփոխման։
Հոդված 13. Պարետային ժամի կանոնները խախտած անձանց ձերբակալման կարգը
1. Պարետային ժամի կանոնները խախտած անձինք ենթակա են ձերբակալման արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի կողմից՝ մինչեւ պարետային ժամի ավարտը, իսկ անձը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում՝ մինչեւ նրանց անձի ինքնությունը պարզելը, բայց ոչ ավել, քան 48 ժամով՝ ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի որոշմամբ։ Ձերբակալված անձինք, նրանց մոտ եղած առարկաները եւ տրանսպորտային միջոցները կարող են ենթարկվել զննության, ինչպես նաեւ դրանց վրա մինչեւ արտակարգ դրության գործողության ժամկետի ավարտը կարող է արգելանք դրվել։ Ձերբակալման եւ արգելանքի մասին որոշումները ֆիզիկական անձի կողմից կարող են վիճարկվել դատական կամ վարչական կարգով։
Հոդված 14. Արտակարգ դրությունը դադարած հայտարարելու իրավական հետեւանքները
1. Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով ընդունված եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների ժամանակավոր սահմանափակման հետ կապված իրավական ակտերը կիրառվում են միայն արտակարգ դրության գործողության ժամկետի ընթացքում եւ ուժը կորցրած են ճանաչվում արտակարգ դրությունը չեղյալ հայտարարելու կամ արտակարգ դրությունը դադարեցնելուց հետո` անհապաղ, այդ իրավական ակտերն ընդունած մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից` համապատասխան իրավական ակտերով։
Հոդված 15. Արտակարգ դրության իրավական ռեժիմի պահանջները խախտած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց պատասխանատվությունը
1. Արտակարգ դրության իրավական ռեժիմի պահանջները խախտած ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, ինչպես նաեւ պաշտոնատար անձինք կրում են Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված քաղաքացիական, կարգապահական, վարչական կամ քրեական պատասխանատվություն։
2. Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների աշխատակիցների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի եւ մարտական տեխնիկայի ոչ իրավաչափ կիրառումը, ինչպես նաեւ այդ մարմինների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների գերազանցումը հանգեցնում են օրենքով սահմանված պատասխանատվության։
Հոդված 16.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, առանձին հոդվածներով անդրադառնալով արտակարգ դրության որոշակի հարցերին, հստակ նշում է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով: Ուստի, թեպետեւ կարեւորելով արտակարգ դրության իրավական ռեժիմի առանձնահատկությունները, արտակարգ դրության ժամանակ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունը, այնուամենայնիվ դեռեւս Հայաստանի Հանրապետության օրենքներով կարգավորված չեն այդ հարաբերությունները: Մասնավորապես սահմանված չեն արտակարգ դրության գործողության ժամկետները, կարգավորված չեն արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում կիրառվող միջոցառումների, արտակարգ դրության ժամանակ Հայաստանի Հանրապետությունում մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների հնարավոր սահմանափակումների հետ կապված առանձին հարցերը, արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվող ուժերի /մասնավորապես` ոստիկանության, ազգային անվտանգության եւ պաշտպանության/ օգտագործման սահմաններն ու նպատակները եւ այլն:
Առաջարկվող լուծումները
Նախագծով նախատեսվում է մանրամասն կարգավորել արտակարգ դրության առանձնահատկությունները: Մասնավորապես հստակ կարգավորել են արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի օգտագործման հետ կապված հարաբերությունները: Այսպես, նախագծի 9-րդ հոդվածի համաձայն ոստիկանության, ազգային անվտանգության եւ պաշտպանության, պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները գործադրվում են արտակարգ դրություն հայտարարված տարածք մուտք գործելու եւ տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի իրականացման ապահովման, ռեժիմային, հատուկ ռեժիմային եւ հատուկ պահպանվող օբյեկտների, բնակչության կենսագործունեությունն ու տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաեւ բնակչության կյանքի եւ առողջության, շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանության, զինված անօրինական խմբավորումների գործունեության դադարեցման, արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման, մարդկանց կյանքի, առողջության երաշխավորման ու նյութական արժեքների փրկության եւ այլնի համար: Ընդ որում, կոնկրետ նշվում է, որ այս խնդիրներն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են ներգրավվել միայն այն դեպքում, եթե այդ խնդիրները հնարավոր չէ ապահովել ոստիկանության եւ ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերով։ Նախագծով սահմանվել է, որ արտակարգ դրությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ նրա որոշ տարածքներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն հայտարարվող պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց (անկախ նրանց կազմակերպական-իրավական ձեւից), ինչպես նաեւ նրանց պաշտոնատար անձանց գործունեության հատուկ իրավական ռեժիմ է: Բացի այդ, նշվում է, որ այն ժամանակավոր բնույթ կրող ռեժիմ է եւ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ Հանրապետության առանձին տարածքներում` 60 օրը: Կարգավորում են ստացել նաեւ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում կիրառվող միջոցառումների եւ իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների հետ կապված հարաբերությունները: Սահմանվել արտակարգ դրություն հայտարարելու կարգը, արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի բովանդակությունը, արտակարգ դրության դադարման հիմքերը, արտակարգ դրություն հայտարարված տարածքում պետական հատուկ կառավարման մարմինները, արտակարգ դրության գործողության ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների երաշխիքները, մասնավորապես սահմանվում է, որ արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետեւանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց փոխհատուցվում է կրած նյութական վնասը, տրամադրվում է անհրաժեշտ օգնություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։ Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնց գույքն ու նյութական այլ միջոցներն օգտագործվել են արտակարգ դրության հետեւանքների վերացման նպատակով, իրավունք ունեն ստանալ համարժեք նյութական փոխհատուցում՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Միաժամանակ նախատեսվում է, որ արտակարգ դրության ժամանակ առգրավված գույքը արտակարգ դրության դադարումից հետո մեկ շաբաթյա ժամկետում վերադարձվում է դրանց սեփականատերերին։ Նախագծով կարգավորվել են նաեւ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի եւ մարտական տեխնիկայի կիրառման պայմաններն ու սահմանները, պարետային ժամի կանոնները խախտած անձանց ձերբակալման հետ կապված հարաբերությունները: Այս առումով նախատեսվել է, որ պարետային ժամի կանոնները խախտած անձինք ենթակա են ձերբակալման արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի կողմից՝ մինչեւ պարետային ժամի ավարտը, իսկ անձը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում՝ մինչեւ նրանց անձի ինքնությունը պարզելը, բայց ոչ ավել, քան 48 ժամով՝ ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի որոշմամբ։ Ձերբակալված անձինք, նրանց մոտ եղած առարկաները եւ տրանսպորտային միջոցները կարող են ենթարկվել զննության, ինչպես նաեւ դրանց վրա մինչեւ արտակարգ դրության գործողության ժամկետի ավարտը կարող է արգելանք դրվել։ Այս ոլորտում ամրագրվել են նաեւ ֆիզիկական անձանց կողմից ձերբակալման մասին որոշումը բողոքարկվելու իրավունք վերապահող դրույթներ։ Ամրագրվել են նաեւ արտակարգ դրության իրավական ռեժիմի պահանջները խախտած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց պատասխանատվության վերաբերյալ դրույթներ, մասնավորապես նշվել է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի պահանջները խախտած ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, ինչպես նաեւ պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։ Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների աշխատակիցների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի եւ մարտական տեխնիկայի անիրավաչափ կիրառումը, ինչպես նաեւ այդ մարմինների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների գերազանցումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության։
Ակնկալվող արդյունք
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մանրամասն կարգավորել Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության իրավական ռեժիմի առանձնահատկությունները` հնարավորինս բավարար երաշխիքներ սահմանելով արտակարգ դրության ժամանակ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների ապահովման համար: Ակնկալվում է հստակ նախատեսել արտակարգ դրության հասկացությունը` սահմանելով, որ արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն հանգամանքների առկայության դեպքում, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, եւ մասնավորապես` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու փորձը, իշխանությունը գրավելը կամ յուրացնելը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված կազմավորումների կազմակերպումը եւ գործունեությունը, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, անձանց կյանքին եւ առողջությանը ուղղակի սպառնացող վտանգը: Նախագծի ընդունմամբ հստակ կսահմանվի, որ արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ ՀՀ սահմանադրական կարգին սպառնացող վտանգի վերացումն անհնարին է առանց արտակարգ դրություն հայտարարելու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց եւ իրավաբանական անձանց` սույն օրենքով նախատեսված առանձին իրավունքներն ու ազատությունները ժամանակավոր սահմանափակելու:
Բացի այդ, նախագծի ընդունումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ուղղակի նախատեսված այն դրույթի ռեալիզացմանը, որով սահմանվում է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, ինչն էլ իր հերթին կհանգեցնի արտակարգ դրության իրավական ռեժիմի հետ կապված առանձնահատկությունների համապարփակ կարգավորմանը: