Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-621-28.03.2002,12.02.2004-ՊԻ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

ԲԱԺԻՆ I.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ 1.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով կարգավորվող հարաբերությունները

1. Սույն օրենսգիրքը կարգավորում է կոլեկտիվ եւ անհատական աշխատանքային հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների ծագման, փոփոխման եւ դադարման հիմքերն ու այդ հարաբերությունների իրականացման կարգը, աշխատանքային իրավունքի սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ աշխատողների անվտանգության ու առողջության պահպանման պայմանները:

2. Աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով:

Հոդված 2. Աշխատանքային օրենսդրության նպատակը

Աշխատանքային օրենսդրության նպատակն է սահմանել քաղաքացիների աշխատանքային իրավունքների եւ ազատությունների պետական երաշխիքները, նպաստել աշխատանքի բարենպաստ պայմանների ստեղծմանը, պաշտպանել աշխատողների եւ գործատուների իրավունքներն ու շահերը:

Հոդված 3. Աշխատանքային եւ դրանց հետ անմիջականորեն կապված հարաբերությունների իրավական կարգավորման սկզբունքները

1. Աշխատանքային եւ դրանց հետ անմիջականորեն կապված հարաբերությունների իրավական կարգավորման հիմնական սկզբունքներն են`

1) աշխատանքի ազատությունը, ներառյալ` աշխատանքի իրավունքը, որը յուրաքանչյուրն ազատորեն ընտրում է կամ որին ազատորեն համաձայնում է, աշխատանքային ունակությունները տնօրինելու, մասնագիտության եւ գործունեության տեսակի ընտրության իրավունքը.

2) ցանկացած ձեւի (բնույթի) հարկադիր աշխատանքի արգելումը.

3) աշխատանքային իրավունքի սուբյեկտների իրավահավասարությունը` անկախ նրանց սեռից, սեռական կողմնորոշումից, ռասայից, ազգությունից, լեզվից, ծագումից, քաղաքացիությունից, սոցիալական դրությունից, դավանանքից, ամուսնական վիճակից եւ ընտանեկան դրությունից, տարիքից, համոզմունքներից կամ տեսակետներից, կուսակցություններին, արհեստակցական միություններին կամ հասարակական կազմակերպություններին պատկանելությունից, աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից.

4) յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի ապահովումը, այդ թվում` անվտանգության եւ հիգիենայի պահանջները բավարարող պայմանները, հանգստի իրավունքը.

5) աշխատողների իրավունքների եւ հնարավորությունների հավասարությունը.

6) յուրաքանչյուր աշխատողի` ժամանակին եւ ամբողջությամբ աշխատանքի արդարացի վարձատրության իրավունքի ապահովումը` ոչ ցածր օրենքով սահմանված աշխատավարձի նվազագույն չափից.

7) գործատուների եւ աշխատողների` աշխատանքային իրավունքների եւ շահերի պաշտպանության համար ազատորեն միավորվելու իրավունքի ապահովումը, ներառյալ` արհեստակցական եւ գործատուների միություններ ստեղծելու կամ դրանց անդամագրվելու իրավունքը.

8) աշխատանքային հարաբերությունների կայունությունը.

9) կոլեկտիվ բանակցությունների ազատությունը.

10) կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի կողմերի պատասխանատվությունն ըստ իրենց պարտականությունների:

2. Պետությունն ապահովում է աշխատանքային իրավունքների իրականացումը սույն օրենսգրքի եւ այլ օրենքների դրույթներին համապատասխան: Աշխատանքային իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական եւ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար:

Հոդված 4. Աշխատանքային օրենսդրությունը եւ այլ իրավական ակտերը

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը կազմված է սույն օրենսգրքից, այլ օրենքներից եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող Հայաստանի Հանրապետության կառավարության` օրենքի ուժ ունեցող որոշումներից, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերից եւ կարգադրություններից, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներից:

Աշխատանքային օրենսդրությունը սահմանում է`

1) աշխատանքային օրենսդրության կիրառման ոլորտները, նպատակը եւ սկզբունքները.

2) աշխատանքի իրավունքի իրականացման իրավական հիմքերը.

3) կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի կնքման եւ կատարման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ կողմերի պատասխանատվությունն ըստ իրենց պարտականությունների.

4) աշխատանքի վարձատրության կարգն ու պայմանները.

5) աշխատաժամանակի առավելագույն տեւողությունը եւ հանգստի ժամանակի նվազագույն նորմերը.

6) արտոնությունների, հատուցումների, երաշխիքների նվազագույն չափը (սահմանը).

7) աշխատողների առողջության եւ անվտանգության ապահովման հիմնական կանոններն ու նորմերը.

8) արհեստակցական միությունների ներկայացուցիչների իրավունքները.

9) աշխատանքային կարգապահության ապահովման իրավական հիմքերը.

10) նյութական պատասխանատվության պայմաններն ու չափը (սահմանները).

11) աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության եւ վերահսկողության հետ կապված հիմնական դրույթները:

2. Գերատեսչական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող ակտեր կարող են հրապարակել միայն աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ու սահմաններում:

3. Գործատուները օրենսդրությամբ սահմանված կարգով, իրենց իրավասությունների սահմաններում, կարող են ընդունել ներքին (լոկալ) իրավական ակտեր, որոնցով կարող են սահմանվել աշխատողների կամ նրանց առանձին խմբերի համար աշխատանքային օրենսդրությամբ եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված աշխատանքային, սոցիալական եւ այլ արտոնությունների համեմատ լրացուցիչ արտոնություններ: Եթե ներքին (լոկալ) ակտերը պարունակում են պայմաններ, որոնք նվազ բարենպաստ են, քան աշխատողների` աշխատանքային օրենսդրությամբ եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված իրավունքները եւ երաշխիքները, ապա նման ակտերը կամ դրանց համապատասխան մասերն իրավաբանական ուժ չունեն:

Հոդված 5. Աշխատանքային եւ դրա հետ անմիջականորեն կապված հարաբերությունների կարգավորումը պայմանագրային կարգով

1. Աշխատանքային օրենսդրությանը եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան աշխատանքային եւ դրա հետ անմիջականորեն կապված հարաբերությունների կարգավորումը կարող է իրականացվել աշխատողների եւ գործատուների կողմից կնքվող կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի միջոցով:

Կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերը չեն կարող պարունակել այնպիսի պայմաններ, որոնք նվազ բարենպաստ են, քան աշխատողների` աշխատանքային օրենսդրությամբ եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված իրավունքները եւ երաշխիքները: Եթե կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերը պարունակում են նման պայմաններ, ապա այդ պայմանները իրավաբանական ուժ չունեն:

2. Այն դեպքերում, երբ աշխատանքային օրենսդրությունը եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերը աշխատանքային իրավահարաբերության կողմերի կողմից փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները պայմանագրային կարգով ինքնուրույն որոշելու ուղղակի արգելք չեն պարունակում, ապա պայմանագրային կարգով նման իրավունքներ եւ պարտականություններ որոշելիս կողմերը պետք է առաջնորդվեն արդարացիության, ողջամտության եւ ազնվության սկզբունքներով:

Հոդված 6. Աշխատանքային օրենսդրության գործողության ոլորտը

1. Աշխատանքային օրենսդությունը եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերը տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ծագած աշխատանքային հարաբերությունների վրա, անկախ նրանից, թե որտեղ է կատարվում աշխատանքը` Հայաստանի Հանրապետությունում, թե օտարերկրյա պետություններում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդության եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթները ենթակա են պարտադիր կատարման բոլոր գործատուների (քաղաքացիներ (Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձինք) կամ կազմակերպություններ) համար անկախ նրանց կազմակերպական-իրավական եւ սեփականության ձեւից:

3. Այն դեպքերում, երբ դատական կարգով հաստատված է, որ գործատուի եւ աշխատողի միջեւ կնքված քաղաքացիա-իրավական բնույթի պայմանագրով փաստացի կարգավորվում են աշխատանքային հարաբերություններ, ապա նման հարաբերությունների նկատմամբ կիրառվում են աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթները:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերը տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, նրանց (մասնակցությամբ) հիմնադրած (գործող) կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա իրավաբանական անձանց աշխատողների վրա, եթե օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

5. Տրանսպորտային միջոցներում կատարվող աշխատանքի ժամանակ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերը կիրառվում են այն դեպքում, եթե գործատուի սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցները, գտնվում են Հայաստանի Հանրապետության դատազորության ներքո:

6. Քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ քաղաքացիական, տեղական ինքնակառավարման մարմինների եւ օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների ծառայողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ:

7. Սույն օրենսգիրքը չի կարգավորում զինծառայողների եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նրանց հավասարեցված անձանց մասնակցությամբ ծառայողական (աշխատանքային) հարաբերությունները:

Հոդված 7. Օտարերկրյա իրավունքի կիրառումը

1. Օտարերկրյա իրավունքը կիրառվում է Հայաստանի Հանրապետությում գոյություն ունեցող աշխատանքային հարաբերությունների նկատմամբ, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով:

2. Օտարերկրյա իրավունքը չի կարող կիրառվել, եթե դրա կիրառումը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադությամբ եւ օրենքներով ամրագրված հասարակական կարգին: Նման դեպքերում կիրառվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը:

Հոդված 8. Միջազգային բնույթի աշխատանքային հարաբերությունների նկատմամբ կիրառման ենթակա իրավունքը

Եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքներով, ապա աշխատանքային հարաբերությունների նկատմամբ կիրառման ենթակա իրավունքը որոշվում է հետեւյալ չափանիշներով`

1) եթե աշխատանքը մշտապես կատարվում է մի պետությունում, կիրառվում է այդ պետության աշխատանքային իրավունքը, անկախ այն հանգամանքից, որ աշխատողը ժամանակավորապես աշխատում է այլ պետությունում.

2) եթե աշխատողը մշտական աշխատանք չի կատարում պետություններից որեւէ մեկում, ապա կիրառվում է այն պետության աշխատանքային իրավունքը, որտեղ գործատուն ստացել է պետական գրանցում.

3) եթե սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերին համապատասխան անհնար է որոշել կիրառվելիք իրավունքը, ապա կիրառվում է աշխատանքային հարաբերությունների հետ առավել սերտ կապված իրավունքը:

Հոդված 9. Միջազգային պայմանագրեր

1. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ կանոններ, քան սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով, կիրառվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը:

2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը աշխատանքային հարաբերությունների նկատմամբ կիրառվում են անմիջականորեն՝ բացառությամբ այն դեպքերի, երբ միջազգային պայմանագրից բխում է, որ դրա կիրառման համար պահանջվում է ներպետական ակտի հրապարակում:

Հոդված 10. Աշխատանքային իրավական նորմերի կիրառումն անալոգիայով

1. Այն դեպքերում, երբ աշխատանքային հարաբերությունները ուղղակիորեն կարգավորված չեն օրենքով, նման հարաբերությունների նկատմամբ, եթե դա չի հակասում դրանց էությանը, կիրառվում են համանման հարաբերություններ կարգավորող աշխատանքային օրենսդրության նորմերը (օրենքի անալոգիա):

2. Օրենքի անալոգիայի կիրառման անհնարիության դեպքում կողմերի իրավունքները եւ պարտականությունները որոշվում են` ելնելով աշխատանքային օրենսդրության սկզբունքներից (իրավունքի անալոգիա):

3. Անալոգիա չի կարող կիրառվել, եթե դրանով սահմանափակվում են քաղաքացիների եւ իրավաբանական անձանց իրավունքները, ազատությունները, կամ նրանց համար նախատեսվում է նոր պարտավորություն կամ պատասխանատվություն, կամ խստացնում են քաղաքացիների անձանց նկատմամբ կիրառվող հարկադրանքի միջոցները եւ դրանց կիրառման կարգը, քաղաքացիների եւ իրավաբանական անձանց նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու պայմաններն ու կարգը:

Հոդված 11. Աշխատանքային օրենսդրության նորմերի մեկնաբանման սկզբունքները

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմերը պետք է մեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով սույն օրենսգրքի պահանջները:

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմի մեկնաբանումը չպետք է փոփոխի դրա իմաստը:

2. Եթե իրավական ակտն ընդունվել է ի կատարումն կամ համաձայն նույն կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի, ապա այդ ակտը մեկնաբանվում է` առաջին հերթին հիմք ընդունելով ավելի բարձր իրավական ուժ ունեցող ակտի դրույթներն ու սկզբունքները:

3. Իրավական ակտի կամ իրավական ակտի բաժնի, գլխի կամ հոդվածի վերնագիրը չի կարող օգտագործվել իրավական ակտի կամ համապատասխանաբար նրա բաժնի, գլխի կամ հոդվածի մեկնաբանման համար:

Հոդված 12. Աշխատանքային օրենսդրության գործողությունը ժամանակի ընթացքում

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը տարածվում է մինչեւ դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունեն հետատարձ ուժ միայն սույն օրենսգրքով, այլ օրենքներով, ինչպես նաեւ տվյալ նորմատիվ իրավական ակտով նախատեսված դեպքերում: Հետադարձ ուժ չի կարող տրվել կազմակերպությունների կամ քաղաքացիների իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգը սահմանող կամ խստացնող, կազմակերպությունների կամ քաղաքացիների գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաեւ նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին:
 
 

ԳԼՈՒԽ 2.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԾԱԳՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ

Հոդված 13. Աշխատանքային իրավահարաբերությունները

Աշխատանքային իրավահարաբերություններ են համարվում աշխատողի եւ գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված այն հարաբերությունները, որոնց հիման վրա աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք) ենթարկվելով աշխատանքային ներքին կարգապահության կանոններին` գործատուի կողմից աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ ապահովելու պայմանով:

Հոդված 14. Աշխատանքային իրավահարաբերությունների ծագման հիմքերը

Աշխատողի եւ գործատուի միջեւ աշխատանքային իրավահարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա:

Հոդված 15. Քաղաքացիների աշխատանքային իրավունակությունը եւ գործունակությունը

1. Աշխատանքային իրավունքներ ունենալու եւ պարտականություններ կրելու ունակությունը (աշխատանքային իրավունակություն) հավասարապես ճանաչվում է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար: Օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետությունում ունեն այնպիսի աշխատանքային իրավունակություն, ինչպիսին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

2. Աշխատանքային իրավունուկությունը եւ իր գործողություններով աշխատանքային իրավունքներ ձեռք բերելու եւ իրականացնելու, իր համար աշխատանքային պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունը (աշխատանքային գործունակություն) լրիվ ծավալով ծագում են տասնվեց տարեկան դառնալու պահից, բացառությամբ սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված դեպքերի:

Հոդված 16. Աշխատող

1. Աշխատողը` սույն օրենսգրքի 15-րդ հոդվածին համապատասխան աշխատանքային լրիվ իրավունակություն եւ գործունակություն ունեցող, գործատուի ղեկավարությամբ, վարձատրության դիմաց աշխատանքային պայմանագրով աշխատող քաղաքացին է:

2. Աշխատող են համարվում նաեւ ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի համաձայնությամբ աշխատանքային պայմանագրով աշխատող տասնչորսից մինչեւ տասնվեց տարեկան քաղաքացիները:

3. Մինչեւ տասնչորս տարեկան քաղաքացիների հետ աշխատանքային պայմանագրի կնքումը կամ աշխատանքի ընդունումը արգելվում է:

Հոդված 17. Աշխատողների կոլեկտիվ

Աշխատողների կոլեկտիվը կազմում են գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ մտած բոլոր աշխատողները:

Հոդված 18. Գործատուների աշխատանքային իրավունակությունը եւ գործունակությունը

1. Գործատու հանդիացող իրավաբանական անձանց աշխատանքային իրավունակությունը եւ գործունակությունը ծագում է նանց ստեղծման պահից:

2.Գործատուները ձեռք են բերում աշխատանքային իրավունքներ եւ կրում են աշխատանքային պարտականություններ, ինչպես նաեւ դրանք իրականացնում են իրենց մարմինների միջոցով: Այդ մարմինները ձեւավորվում եւ գործում են օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի, գործատուի կանոնադրության եւ նրա հաստատած (ընդունած) փաստաթղթերի հիման վրա:

Գործատու հանդիսացող քաղաքացիները կարող են իրականացնել աշխատանքային իրավունքներ եւ կրել պարտականություններ ինքնուրույնաբար:

Հոդված 19. Գործատու

1. Գործատու կարող է լինել սույն օրենսգրքի 18-րդ հոդվածին համապատասխան աշխատանքային իրավունակություն եւ գործունակություն ունեցող կազմակերպությունը` անկախ կազմակերպական-իրավական եւ սեփականության ձեւից, գործունեություն բնույթից եւ տեսակից:

Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որպես գործատու կարող է հանդես գալ աշխատանքային պայմանագիր կնքելու իրավունք ունեցող այլ սուբյեկտը (հիմնարկ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին եւ այլն):

2. Գործատու կարող է լինել նաեւ յուրաքանչյուր քաղաքացի: Գործատու քաղաքացու իրավունակությունը եւ գործունակությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով:

3. Գործատու հանդիսացող կազմակերպություններին վերաբերող սույն օրենսգրքի դրույթները տարածվում են սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում եւ 2-րդ մասում նշված գործատուների վրա, եթե սույն օրենսգրքով նախատեսված չէ, որ այդ նորմերը տարածվում են բացառապես կազմակերպություն հանդիսացող գործատուների վրա:

ԳԼՈՒԽ 3.

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ԿՈԼԵԿՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Հոդված 20. Ներկայացուցչության կամավորությունը եւ ազատությունը

Իրենց իրավունքների ու շահերի պաշտպանության եւ ներկայացման նպատակով գործատուները եւ աշխատողները կարող են օրենքով սահմանված կարգով ազատորեն միավորվել ստեղծելով գործատուների եւ արհեստակցական միություններ եւ իրենց ներկայացուցիչների միջոցով ու իրենց կամքով վարել կոլեկտիվ բանակցություններ:

Հոդված 21. Ներկայացուցչության հիմունքները

1. Գործատուները եւ աշխատողները կարող են ձեռք բերել աշխատանքային իրավունքներ եւ պարտականություններ, փոփոխել կամ հրաժարվել դրանցից եւ պաշտպանել դրանք իրենց ներկայացնող սուբյեկտների միջոցով: Գործատուների եւ աշխատողների ներկայացուցչությունը կարող է իրականացվել ինչպես կոլեկտիվ, այնպես էլ անհատական աշխատանքային հարաբերություններում: Ներկայացուցչությունը` կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում կարգավորվում է սույն օրենսգրքի եւ այլ օրենքների, իսկ ներկայացուցչությունը` անհատական աշխատանքային հարաբերություններում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթներով:

2. Ներկայացուցչությունը կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում ծագում է, եթե ներկայացուցիչը ներկայացնում է աշխատողների կեսից ավելիի կամքը: Նման ներկայացուցչության միջոցով ստանձնված ընդհանուր բնույթի պարտավորությունները պարտադիր են նաեւ կոլեկտիվ ներկայացուցչության սուբյեկտին հատուկ լիազորություններ չվերապահած բոլոր այն աշխատողների համար, որոնք գտնվում են ստանձնված պարտավորությունների գործողության ոլորտում:

Հոդված 22. Աշխատողների ներկայացուցիչները

1. Աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնել եւ աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանել կարող են արհեստակցական միությունները:

Կազմակերպությունում արհեստակցական միության բացակայության դեպքում աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից, աշխատողների ներկայացուցչության եւ շահերի պաշտպանության գործառույթները կարող են փոխանցվել համապատասխան ճյուղային կամ տարածքային արհեստակցական միությանը: Այդ դեպքում աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից ընտրվում է ներկայացուցիչ (ներկայացուցիչներ), որը ճյուղային կամ տարածքային արհեստակցական միության պատվիրակության կազմում մասնակցում է տվյալ գործատուի հետ վարվող կոլեկտիվ բանակցություններին:

2. Միեւնույն ներկայացուցիչը միաժամանակ չի կարող ներկայացնել աշխատողների եւ գործատուների շահերն ու պաշտպանել դրանք:

Հոդված 23. Արհեստակցական միությունների գործունեության կանոնակարգումը

Արհեստակցական միություններն աշխատողների աշխատանքային, մասնագիտական, տնտեսական եւ սոցիալական իրավունքներն ու շահերը պաշտպանելիս ղեկավարվում են սույն օրենսգրքով, արհեստակցական միությունների գործունեությունը կարգավորող օրենքներով եւ իրենց կանոնադրություններով:

Հոդված 24. Աշխատողների ներկայացուցիչների իրավունքները

1. Աշխատողների ներկայացուցիչներն իրավունք ունեն`

1) վարել կոլեկտիվ բանակցություններ, կնքել կոլեկտիվ պայմանագրեր, իրականացնել դրանց կատարման վերահսկողությունը.

2) գործատուին ներկայացնել առաջարկություններ աշխատանքի կազմակերպման վերաբերյալ.

3) կազմակերպել եւ գլխավորել գործադուլներ եւ այլ օրինական միջոցառումներ, որոնց անցկացնելու իրավունք ունեն աշխատողները.

4) առաջարկություններ ներկայացնել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին.

5) աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ իրականացնել ոչ պետական վերահսկողություն.

6) սույն օրենսգրքով սահմանված կարգով գործատուից ստանալ տեղեկատվություն.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերին հակասող կամ աշխատողների ներկայացուցչի իրավունքները խախտող գործատուի եւ նրա լիազորած անձանց որոշումները եւ գործողությունները բողոքարկել դատարան:

2. Աշխատողների ներկայացուցիչները իրավասու են կատարելու նաեւ այլ օրինական գործողություններ` իրականացնելով աշխատողների շահերի ներկայացուցչությունը: Կոլեկտիվ պայմանագրով աշխատողների ներկայացուցիչներին կարող են վերապահվել օրենսդրությանը չհակասող լրացուցիչ իրավասություններ:

Հոդված 25. Գործատուի պարտականությունները եւ իրավունքները` կապված աշխատողների ներկայացուցիչների հետ

1.Գործատուն պարտավոր է`

1) հարգել աշխատողների ներկայացուցիչների իրավունքները եւ չխոչնդոտել նրանց գործունեությունը: Աշխատողների ներկայացուցչի գործունեությունը չի կարող դադարեցվել գործատուի ցանկությամբ.

2) խորհրդակցել աշխատողների ներկայացուցիչների հետ` աշխատողների իրավական վիճակի վրա ազդող որոշումներ ընդունելիս, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` ստանալ նրանց համաձայնությունը.

3) չձգձգել կոլեկտիվ բանակցությունները.

4) սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում, իսկ ժամկետներ սահմանված չլինելու դեպքում` ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում քննարկել աշխատողների ներկայացուցիչների առաջարկությունները եւ տալ գրավոր պատասխաններ.

5) աշխատողների ներկայացուցիչներին անվճար տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ կազմակերպությունում աշխատանքին վերաբերող հարցերի վերաբերյալ.

6) աշխատողների ներկայացուցիչների համար ստեղծել բավարար պայմաններ իրենց գործառույթներն իրականացնելու համար.

7) կատարել կոլեկտիվ պայմանագրով սահմանված այլ պարտականություններ.

8) ապահովել աշխատողների ներկայացուցչի օրենսդրությամբ սահմանված իրավունքների իրականացումը:

2. Աշխատողների ներկայացուցչի կողմից գործատուի իրավունքները խախտող անօրինական գործողություններ կատարելու դեպքում, գործատուն իրավունք ունի դիմել դատարան` աշխատողների ներկայացուցչի գործունեությունը դադարեցնելու պահանջով:

Հոդված 26. Գործատուների ներկայացուցիչները

1. Կոլեկտիվ եւ անհատական աշխատանքային հարաբերություններում որպես գործատուի ներկայացուցիչ հանդես է գալիս կազմակերպության ղեկավարը (տնօրեն, գլխավոր տնօրեն, նախագահ եւ այլն): Օրենքով կամ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում կամ իրենց լիազորությունների սահմաններում գործատուներին կարող են ներկայացնել նաեւ այլ անձինք:

2. Կազմակերպության ղեկավարն իրավունք ունի աշխատանքային իրավունքի բնագավառի իր լիազորությունները կամ դրանց մի մասը փոխանցել քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց:

3. Հանրապետական, ճյուղային եւ տարածքային մակարդակների կոլեկտիվ հարաբերություններում որպես գործատուի ներկայացուցիչ հանդես է գալիս գործատուների համապատասխան միությունը:

Գործատուների միությունը ոչ առեւտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ է, որը միավորում է գործատու հանդիսացող կազմակերպություններին եւ գործատու քաղաքացիներին: Միության անդամ գործատու կազմակերպությունները միությունում ներկայացվում են իրենց լիազոր ներկայացուցիչների միջոցով:

Գործատուների միության գործունեությունը կարգավորվում է սույն օրենսգրքով եւ նրա անդամների հաստատած կանոնադրությամբ:
 

ԳԼՈՒԽ 4.

ԺԱՄԿԵՏՆԵՐ

Հոդված 27. Ժամկետ որոշելը

1. Աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրով կամ դատարանի նշանակած ժամկետը որոշվում է օրացուցային տարով, ամսով, ամսաթվով կամ տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով կամ ժամերով հաշվարկվող որոշակի ժամանակահատվածի ավարտով:

2. Ժամկետը կարող է որոշվել նաեւ այն իրադարձության մատնանշմամբ, որն անխուսափելիորեն պետք է տեղի ունենա:

Հոդված 28. Ժամկետներ հաշվարկելը

1. Ժամանակահատվածով որոշվող ժամկետը սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը:

2. Տարիներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին եւ ամսաթվին: Եթե հնարավոր չէ ճշգրիտ պարզել, թե որ ամսին է սկսվել տարիներով հաշվարկվող ժամկետը, ժամկետի վերջին օր համարվում է համապատասխան տարվա հունիսի 30-ը:

Կես տարով որոշված ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվարկվող ժամկետների կանոնները:

3. Տարվա եռամսյակներով հաշվարկվող ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվարկվող ժամկետի կանոնները: Ընդ որում, եռամսյակը համարվում է երեք ամսին հավասար, իսկ եռամսյակների հաշվարկը կատարվում է տարվա սկզբից:

4. Ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին:

Եթե ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է այն ամսին, որը չունի համապատասխան ամսաթիվ, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:

Եթե հնարավոր չէ ճշգրիտ պարզել, թե որ օրն է սկսվել ամիսներով հաշվարկվող ժամկետը, ժամկետի վերջին օր համարվում է համապատասխան ամսվա տասնհինգերորդ օրը:

5. Կես ամսով որոշվող ժամկետը դիտվում է որպես օրերով հաշվարկվող ժամկետ եւ համարվում է հավասար տասնհինգ օրվա:

6. Շաբաթներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին շաբաթվա համապատասխան օրը:

7. Օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետներում ներառվում են նաեւ հանգստյան օրերը եւ ոչ աշխատանքային տոնական ու հիշատակի օրերը: Եթե ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը: Օրերով հաշվարկվող ժամկետը հաշվարկվում է օրացուցային օրերով, եթե աշխատանքային օրենսդրությամբ կամ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով այլ բան նախատեսված չէ:

8. Եթե ժամկետը սահմանվել է որեւէ գործողություն կատարելու համար, ապա այդ գործողությունը կարող է կատարվել մինչեւ ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը: Սակայն, եթե այդ գործողությունը պետք է կատարվի կազմակերպությունում, ապա ժամկետը լրանում է այն ժամին, երբ սահմանված կանոններով այդ կազմակերպությունում դադարեցվում են համապատասխան գործառնությունները:

9. Կապի կազմակերպությանը մինչեւ ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը տրված գրավոր դիմումները եւ ծանուցումները համարվում են ժամկետին տրված:

Հոդված 29. Հայցային վաղեմություն

1. Հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

2. Սույն օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների համար հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է, բացառությամբ սույն օրենսգրքի 271-րդ հոդվածով նախատեսված դեպքերի: Պահանջների որոշ տեսակների համար օրեքներով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:

3. Հայցային վաղեմություն չի տարածվում աշխատողի պատվի եւ արժանապատվության պաշտպանության պահանջներով:

4. Աշխատանքային օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ հայցային վաղեմությունը չի տարածվում նաեւ որոշ այլ պահանջների վրա:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական եւ քաղաքացիական դատավարության օրենսգրքերի հայցային վաղեմության վերաբերյալ դրույթները կարող են կիրառվել աշխատանքային հարաբերությունների նկատմամբ միայն սույն օրենսգրքով հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ դրույթների բացակայության դեպքում:

Հոդված 30. Մարման ժամկետներ

1. Աշխատանքային օրենսդրությամբ կարող են սահմանվել այնպիսի ժամկետներ, որոնց ավարտով վերանում են դրանց հետ կապված իրավունքները եւ պարտականությունները (մարման ժամկետներ):

2. Մարման ժամկետները ենթակա չեն կասեցման, երկարաձգման կամ վերականգնման, բացառությամբ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Հոդված 31. Դատավարական ժամկետներ

Աշխատանքային օրենսդրությամբ սահմանված դատավարական գործողությունների կատարման ժամկետները որոշվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի` նման ժամկետների հաշվարկման եւ կիրառման վերաբերյալ դրույթներով, բացառությամբ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Հոդված 32. Աշխատանքային ստաժը

1. Աշխատանքային ստաժ է համարվում այն ժամանակահատվածը, որի ընթացքում քաղաքացին եղել է սույն օրենսգրքով կարգավորվող աշխատանքային հարաբերություններում, ինչպես նաեւ այլ ժամանակահատվածները, որոնք նորմատիվ իրավական ակտերին կամ կոլեկտիվ պայմանագրերին համապատասխան կարող են հաշվարկվել աշխատանքային ստաժում, որի հետ աշխատանքային օրենսդրությունը, այլ նորմատիվ իրավական ակտերը եւ կոլեկտիվ պայմանագրերը կապում են որոշակի աշխատանքային իրավունքներ կամ աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ ու արտոնություններ: Աշխատանքային ստաժը կարող է լինել`

1) ընդհանուր աշխատանքային ստաժ, որում հաշվարկվում է քաղաքացու աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածը, ինչպես նաեւ այլ ժամանակահատվածները, որոնք թույլատրվում է հաշվարկել աշխատանքային ստաժում.

2) հատուկ աշխատանքային ստաժ, որում հաշվարկվում են այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում կատարվել է աշխատանք որոշակի մասնագիտությամբ կամ զբաղեցվել է որոշակի պաշտոն կամ կատարվել է աշխատանք աշխատանքի որոշակի պայմաններում, ինչպես նաեւ այլ ժամանակահատվածներ, որոնք թույլատրվում է հաշվարկել տվյալ տիպի աշխատանքային ստաժում.

3) որոշակի կազմակերպությունում աշխատանքային ստաժ, որում հաշվարկվում է տվյալ աշխատատեղում աշխատաժամանակը, ինչպես նաեւ այն ժամանակահատվածները, որոնք թույլատրվում է հաշվարկել տվյալ տիպի աշխատանքային ստաժի մեջ: Կազմակերպության վերակազմակերպումը, անվանման, հիմնադրի (մասնակցի, բաժնետիրոջ, փայատիրոջ եւ այլն) փոփոխությունը, չեն կարող ազդել տվյալ կազմակերպությունում աշխատողի աշխատանքային ստաժի վրա.

4) անընդմեջ աշխատանքային ստաժ, որում հաշվարկվում է միեւնույն կազմակերպությունում կամ մի քանի կազմակերպություններում աշխատանքի ժամանակահատվածը, եթե մի աշխատատեղից մյուսի փոխադրումը կատարվել է գործատուների փոխադարձ համաձայնությամբ կամ աշխատանքային ստաժը չընդհատող այլ հիմքերով, կամ եթե մի աշխատանքից մյուսին անցնելու ընդմիջումը չի գերազանցել սահմանված ժամկետները.

5) ապահովագրական ստաժ, որում հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված աշխատանքային եւ այլ գործունեության ժամանակահատվածների հանրագումարը, որի ընթացքում քաղաքացին ենթակա է եղել ապահովագրության, նրա համար եւ (կամ) նրա կողմից` օրենքով սահմանված կարգով կատարվել են պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ:

2. Աշխատանքային ստաժի հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
 


ԳԼՈՒԽ 5.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 33. Աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողություն եւ վերահսկողություն իրականացնող մարմինները

Աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողությունն ու վերահսկողությունը իրականացնում են համապատասխան պետական մարմինները, իսկ ոչ պետական վերահսկողությունը` արհեստակցական միությունները եւ գործատուները (գործատուների ներկայացուցիչները):

Հոդված 34. Աշխատանքային օրենսդրության, կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ պետական հսկողությունը, վերահսկողությունը

Գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի եւ կոլեկտիվ պայմանագրերի նորմատիվ դրույթների կատարման նկատմամբ պետական հսկողությունն ու վերահսկողությունն իրականացնում է աշխատանքի պետական տեսչությունը, իսկ օրենքով սահմանված դեպքերում` այլ պետական մարմինները:

Աշխատանքի պետական տեսչության գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով:

Հոդված 35. Աշխատանքային օրենսդրության, կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողությունը

Գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի եւ կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողությունն իրականացնում են արհեստակցական միությունները, իսկ աշխատողների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի եւ կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողությունը` գործատուները (գործատուների ներկայացուցիչները):
 

ԳԼՈՒԽ 6.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 36. Աշխատանքային իրավունքների եւ պարտականությունների ծագման հիմքերը

Աշխատանքային իրավունքները եւ պարտականությունները կարող են ծագել, փոփոխվել եւ դադարել`

1) սույն օրենսգրքով, այլ օրենքներով, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, աշխատանքային եւ կոլեկտիվ պայմանագրերով նախատեսված հիմքերից, ինչպես նաեւ քաղաքացիների եւ կազմակերպությունների այն գործողություններից, որոնք թեեւ օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ աշխատանքային օրենսդրության սկզբունքների` առաջացնում են աշխատանքային իրավունքներ եւ պարտականություններ.

2) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ակտերից, որոնք օրենքով նախատեսված են որպես աշխատանքային իրավունքների եւ պարտականությունների ծագման հիմքեր.

3) աշխատանքային իրավունքներ եւ պարտականություններ սահմանող դատական ակտից.

4) այլ անձին վնաս պատճառելու հետեւանքով.

5) այնպիսի իրադարձությունների հետեւանքով, որոնց հետ օրենքը կամ այլ իրավական ակտը կապում է աշխատանքային իրավական հետեւանքների առաջացում:

Հոդված 37. Աշխատանքային իրավունքների իրականացումը եւ պարտականությունների կատարումը

1. Գործատուները, աշխատողները եւ նրանց ներկայացուցիչներն իրենց իրավունքներն իրականացնելիս եւ պարտականությունները կատարելիս պարտավոր են պահպանել օրենքը, հարգել համակեցության կանոնները` գործելով բարեխիղճ եւ ողջամիտ: Աշխատանքային իրավունքների չարաշահումն արգելվում է:

2. Աշխատանքային իրավունքների իրականացմամբ եւ պարտականությունների կատարմամբ չպետք է խախտվեն այլ անձանց` օրենքներով պաշտպանվող իրավունքներն ու շահերը:

3. Արգելվում է խոչընդոտել աշխատողների` արհեստակցական միություններում միավորվելուն եւ խոչընդոտներ ստեղծել նրանց օրինական գործունեության համար:

Հոդված 38. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը

1. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը:

2. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացնում են արհեստակցական միություններն` սույն օրենսգրքով եւ իրենց գործունեությունը կարգավորող օրենքներով սահմանված կարգով:

3. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացվում է`

1) իրավունքը ճանաչելով.

2) մինչեւ իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով.

3) իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով.

4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտն անվավեր ճանաչելով.

5) դատարանի կողմից պետական եւ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին հակասող ակտը չկիրառելով.

6) իրավունքի ինքնապաշտպանությամբ.

7) պարտականությունը բնեղենով կատարելուն հարկադրելով.

8) վնասներ հատուցելով.

9) տուգանք (տուժանք) բռնագանձելով.

10) իրավահարաբերությունը դադարեցնելով կամ փոփոխելով.

11) օրենքով նախատեսված այլ եղանակներով:
 


ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

ԲԱԺԻՆ II.

ԿՈԼԵԿՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԳԼՈՒԽ 7.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈԼՈՐՏՈՒՄ

Հոդված 39. Սոցիալական գործընկերության հասկացությունը եւ սկզբունքները

1. Սոցիալական գործընկերությունը աշխատողների (նրանց ներկայացուցիչների), գործատուների (նրանց ներկայացուցիչների), իսկ սույն օրենսգրքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ փոխհարաբերությունների համակարգ է, որը կոչված է ապահովել աշխատողների եւ գործատուների շահերի համաձայնեցումը` կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում:

2 . Սոցիալական գործընկերության հիմնական սկզբունքներն են`

1) կողմերի իրավահավասարությունը.

2) կոլեկտիվ բանակցությունների ազատությունը.

3) կողմերի շահերը հաշվի առնելը եւ հարգալից վերաբերմունք դրսեւորելը.

4) կողմերի եւ նրանց ներկայցուցիչների կողմից աշխատանքային օրենսդրության եւ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանումը.

5) կողմերի ներկայացուցիչների լիազորվածությունը.

6) քննարկման առաջարկվող` աշխատանքի վերաբերյալ հարցերի ընտրության ազատությունը.

7) պարտավորություններ ստանձնելու կամավորությունը.

8) ընդունվող պարտավորությունների իրատեսական լինելը.

9) կոլեկտիվ պայմանագրերի կատարման պարտադիր լինելը.

10) կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ վերահսկողությունը.

11) կողմերի կամ նրանց ներկայացուցիչների մեղքով կոլեկտիվ պայմանագրերի չկատարման համար պատասխանատվությունը:

Հոդված 40. Սոցիալական գործընկերության կողմերը

Սոցիալական գործընկերության կողմերն են աշխատողները եւ գործատուները` ի դեմս իրենց ներկայացուցիչների: Եռակողմ սոցիալական գործընկերության դեպքում աշխատողների եւ գործատուների ներկայացուցիչների հետ միասին, հավասար հիմունքներով մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչները:

Հոդված 41. Սոցիալական գործընկերության համակարգը

Սոցիալական գործընկերության համակարգը ներառում է հետեւյալ մակարդակները`

1) հանրապետական մակարդակ, որը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի բնագավառի հարաբերությունների կարգավորման հիմունքները: Այդ գործընկերության կողմերն են` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միությունը, գործատուների հանրապետական միությունը.

2) ճյուղային մակարդակ, որը սահմանում է արդյունաբերության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում (ճյուղերում) աշխատանքի բնագավառի հարաբերությունների կարգավորման հիմունքները: Այդ գործընկերության կողմերն են արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը եւ գործատուների համապատասխան ճյուղային միությունը.

3) տարածքային մակարդակ, որը սահմանում է որոշակի տարածքում աշխատանքի բնագավառի հարաբերությունների կարգավորման հիմունքները: Այդ գործընկերության կողմերն են արհեստակցական կազմակերպությունների համապատասխան տարածքային միությունը եւ գործատուների համապատասխան տարածքային միությունը.

4) կազմակերպության մակարդակ, որը սահմանում է գործատուների եւ աշխատողների միջեւ աշխատանքի բնագավառի որոշակի փոխադարձ պարտավորություններ: Այդ գործընկերության կողմերն են` գործատուների եւ աշխատողների ներկայացուցիչները:

Հոդված 42. Սոցիալական գործընկերության ձեւերը

Սոցիալական գործընկերությունն իրականացվում է հետեւյալ ձեւերով`

1) կոլեկտիվ բանակցությունների վարում` կապված կոլեկտիվ պայմանագրերի նախագծերի կազմման եւ կնքման հետ.

2) փոխադարձ խորհրդատվությունների անցկացում եւ տեղեկատվության փոխանակում:

Հոդված 43. Տեղեկատվություն ստանալը

1. Աշխատողներն իրավունք ունեն ստանալ աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ տեղեկատվություն:

2. Աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ տեղեկատվությունը գործատուն տրամադրում է աշխատողների ներկայացուցիչներին: Տրամադրվող տեղեկատվության չափը պայմանավորվում է սոցիալական գործընկերության մակարդակով:

3. Տեղեկատվությունը ներառում է`

1) տեղեկություններ գործատուի ներկա եւ ապագա գործունեության մասին.

2) տեղեկություններ զբաղվածության հնարավոր փոփոխությունների մասին.

3) տեղեկություններ աշխատողների թվաքանակի հնարավոր կրճատումների դեպքում

իրականացվելիք միջոցառումների մասին.

4) այլ տեղեկություններ աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ, եթե այդ տեղեկությունները պետական, ծառայողական կամ առեւտրային գաղտնիք չեն համարվում:

4. Տեղեկատվության տրամադրման կարգը եւ պայմանները սահմանվում են կոլեկտիվ պայմանագրերով:

Հոդված 44. Սույն բաժնի նորմերի կիրառման առանձնահատկությունները

Քաղաքացիական, տեղական ինքնակառավարման մարմինների եւ օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների ծառայողների նկատմամբ սույն բաժնի նորմերը կարող են կիրառվել միայն համապատասխան օրենքներում նախատեսված դեպքերում եւ կարգով:

Քաղաքական, հայեցողական եւ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների նկատմամբ չեն կիրառվում սույն բաժնում սահմանված նորմերը:
 


ԳԼՈՒԽ 8.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 45. Սոցիալ-աշխատանքային հարաբերությունները կարգավորող հանձնաժողովներ

1. Սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորումը, կոլեկտիվ բանակցությունների վարումը եւ կոլեկտիվ պայմանագրերի նախագծերի կազմումն ու կնքումը ապահովելու, ինչպես նաեւ բոլոր մակարդակներում կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ վերահսկողությունիրականացնելու համար կողմերի համաձայնությամբ` հավասար անդամության սկզբունքով ձեւավորվում են համապատասխան լիազորություններով օժտված խորհուրդներ (հանձնաժողովներ):

2. Սոցիալ-աշխատանքային հարաբերությունները կարգավորելու համար հանրապետական մակարդակով ձեւավորվում է Հայաստանի Հանրապետության եռակողմ խորհուրդը (այսուհետ` եռակողմ խորհուրդ): Եռակողմ խորհուրդը կազմավորվում է արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության, գործատուների հանրապետական միության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հավասար թվով ներկայացուցիչներից, որոնք ունեն հավասար իրավունքներ:

3. Եռակողմ խորհրդի կազմավորման կարգը, գործառույթները, իրավունքները, լիազորությունների ժամկետը, աշխատանքի կազմակերպումը սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան սահմանվում են եռակողմ խորհրդի կանոնադրությամբ, որը հաստատում են սույն հոդվածի 2-րդ մասում նշված կողմերը:

4. Եռակողմ խորհրդի կանոնադրությունը, դրա փոփոխությունները եւ լրացումները ենթակա են հրապարակման Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում` հաստատվելուց հետո մեկ ամսվա ընթացքում:

5. Արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության, գործատուների հանրապետական միության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչները պարտավոր են քննարկվող հարցերի վերաբերյալ եռակողմ խորհրրդին ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն:

6. Եռակողմ խորհուրդը կարող է կնքել եռակողմ կոլեկտիվ պայմանագիր: Եռակողմ կոլեկտիվ պայմանագիրը տպագրվում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում եւ ուժի մեջ է մտնում պայմանագրում սահմանված ժամկետում:

Հոդված 46. Երկկողմ խորհուրդներ (հանձնաժողովներ)

1. Սոցիալ-աշխատանքային հարաբերությունները կարգավորելու համար տարածքային մակարդակով կարող են ձեւավորվել երկկողմ խորհուրդներ (հանձնաժողովներ):

2. Կոլեկտիվ բանակցությունների վարման, ճյուղային կոլեկտիվ պայմանագրերի նախագծերի մշակման եւ ընդունման նպատակով ճյուղային մակարդակով կարող են ստեղծվել երկկողմ խորհուրդներ (հանձնաժողովներ):

3. Կոլեկտիվ բանակցությունների վարման, կոլեկտիվ պայմանագրերի նախագծերի մշակման եւ ընդունման նպատակով կազմակերպության մակարդակով կարող են ստեղծվել խորհուրդներ (հանձնաժողովներ):

4. Երկկողմ խորհուրդների (հանձնաժողովների) կազմավորման կարգը, լիազորությունների ժամկետը եւ գործառույթները սահմանվում են համապատասխան խորհուրդների (հանձնաժողովների) կանոնադրություններով, որոնք հաստատում են այդ խորհուրդները (հանձնաժողովները) սույն օրենսգրքի, այլ օրենքների եւ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
 

ԳԼՈՒԽ 9.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 47. Կոլեկտիվ պայմանագրեր

1. Կոլեկտիվ պայմանագիրը` գործատուի (գործատուի ներկայացուցչի) կամ գործատուների կազմակերպության կամ գործատուների կազմակերպությունների միության եւ աշխատողների կամ նրանց արհեստակցական միության կամ այլ ներկայացուցիչների, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ գրավոր ձեւով կնքված կամավոր համաձայնություն է, որը կարգավորում է աշխատողների եւ գործատուների միջեւ աշխատանքային հարաբերությունները: Կոլեկտիվ պայմանագրերը երկկողմ են, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության մասնակցությամբ կնքվող կոլեկտիվ պայմանագրի, որն եռակողմ է:

2. Կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների կողմերը եւ նրանց ներկայացուցիչներն իրենց շահերը համաձայնեցնում եւ վեճերը լուծում են կոլեկտիվ բանակցությունների միջոցով: Կոլեկտիվ բանակցությունների ցանկություն հայտնող կողմը պարտավոր է այդ մասին գրավոր ծանուցել կոլեկտիվ բանակցությունների մյուս կողմին: Ծանուցման մեջ նշվում է կոլեկտիվ բանակցությունների նպատակը, ինչպես նաեւ առաջարկությունները եւ պահանջները:

3. Կոլեկտիվ բանակցության կողմերը պայմանավորվում են կոլեկտիվ բանակցությունները սկսելու օրվա եւ կոլեկտիվ բանակցությունների վարման կարգի վերաբերյալ:

4. Կոլեկտիվ բանակցությունների վարումը պետք է իրականացվի ողջամիտ եւ առանց ձգձգումների:

5. Կոլեկտիվ պայմանագրի կողմերը կամ նրանց ներկայացուցիչներն իրավունք ունեն կոլեկտիվ բանակցությունների հետ կապված հարցերի վերաբերյալ միմյանց անելու հարցումներ: Հարցման պատասխանները պետք է ներկայացվեն հարցումն անելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընքացքում: Այդ ժամկետնը կարող է փոփոխվել կողմերի կամ նրանց ներկայացուցիչների լրացուցիչ պայմանավորվածությամբ:

6. Հարցմանն ի պատասխան տեղեկատվություն տրամադրող կողմն իրավունք ունի մյուս կողմից պահանջելու չհրապարակել ստացված տեղեկատվությունը: Նման դեպքերում տեղեկատվությունը հրապարակած կողմը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրնսդրությամբ սահմանված կարգով:

7. Կոլեկտիվ բանակցությունները համարվում են ավարտված կոլեկտիվ պայմանագիր կնքելու կամ տարաձայնությունների մասին արձանագրություն կազմելու կամ կողմերից մեկի կողմից մյուս կողմին կոլեկտիվ բանակցություններից դուրս գալու մասին գրավոր ծանուցում ուղարկելու պահից, եթե կողմերն այլ որոշում չեն ընդունել:

8. Կոլեկտիվ բանակցությունները համարվում են չկայացած, եթե սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան ծանուցում ստացած կողմը հրաժարվում է մասնակցել կոլեկտիվ բանակցություններին:

Հոդված 48. Կոլեկտիվ պայմանագրերի մակարդակները

Կոլեկտիվ պայմանագրերը կարող են լինել հետեւյալ մակարդակների`

1) հանրապետական մակարդակով կնքված կոլեկտիվ պայմանագիր.

2) ճյուղային կամ տարածքային մակարդակով կնքված կոլեկտիվ պայմանագիր.

3) կազմակերպության կամ նրա առանձնացված (կառուցվածքային) ստորաբաժանման մակարդակով կնքված կոլեկտիվ պայմանագիր:

ԳԼՈՒԽ 10.

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ, ՃՅՈՒՂԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՅՄԱՆԳՐԵՐ

Հոդված 49. Հանրապետական, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի գործողության ոլորտը

Հանրապետական, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի դրույթները տարածվում են այն կազմակերպությունների բոլոր աշխատողների վրա, որոնց գործատուները պայմանագրի գործողության ժամկետում հանդիսանում են պայմանագիր կնքած գործատուների միության անդամներ:

Հոդված 50. Հանրապետական, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի կողմերը

1. Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կողմեր են հանդիսանում արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միությունը, գործատուների հանրապետական միությունը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Ճյուղային կոլեկտիվ պայմանագրի կողմեր են հանդիսանում արդյունաբերության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղի գործատուների միությունը եւ արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը:

3. Տարածքային կոլեկտիվ պայմանագրի կողմեր են հանդիսանում որոշակի տարածքում գորունեություն ծավալող արհեստակցական կազմակերպությունների տարածքային միությունը եւ գործատուների համապատասխան տարածքային միությունը:

Հոդված 51. Հանրապետական, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի բովանդակությունը

1. Հանրապետական, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի բովանդակությունը եւ կառուցվածքը որոշում են պայմանագրի կողմերը:

2. Հանրապետական կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել`

1) աշխատանքի անվտանգությունը եւ հիգիենան ապահովող լրացուցիչ միջոցառումները.

2) զբաղվածության լրացուցիչ երախշիքները.

3) սոցիալ-աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ, որոնք կողմերը համարում են անհրաժեշտ.

4) կոլեկտիվ պայմանագրի կատարման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու եւ դրա կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը:

3. Սույն օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված կոլեկտիվ պայմանագրերը կարող են ներառել աշխատողների եւ գործատուների փոխադարձ պարտավորությունները հետեւյալ հարցերով`

1)  աշխատանքի վարձատրության պայմանները.

2) աշխատանքի պայմանները.

3) աշխատաժամանակը եւ հանգստի ժամանակը, ներառյալ արձակուրդների տրամադրումը եւ դրանց տեւողությունը.

4) աշխատողների թվաքանակի կրճատման կարգը եւ պայմանները, երաշխիքները կրճատումների դեպքերում.

5) աշխատանքի անվտանգության եւ հիգիենայի պայմանները.

6) աշխատողների մասնագիտություն ձեռք բերելու, որակավորումը բարձրացնելու եւ վերաորակավորվելու պայմանները.

7) այնպիսի երաշխիքներ եւ հատուցումներ, որոնք կողները համարում են անհրաժեշտ.

8) կոլեկտիվ պայմանագրի կատարման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու եւ դրա կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը.

9) կոլեկտիվ պայմանագիրը չկատարելու համար պատասխանատվությունը.

10) կոլեկտիվ աշխատանքային վեճերի դեպքում աշխատողների եւ գործատուների կողմից պահանջների ներկայացման կարգը.

11) կոլեկտիվ վեճերից, գործադուլներից խուսափելուն ուղղված սոցիալական գործընկերության միջոցառումները.

12) կողմերի համաձայնությամբ այլ հարցեր:

Հոդված 52. Հանրապետական, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի կնքման կարգը

1. Սույն օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված հանրապետական, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի կնքումը նախաձեռնում են սույն օրենսգրքի 50-րդ հոդվածում նշված կողմերը:

2. Հանրապետական, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի մշակման կարգը եւ ժամկետները, ինչպես նաեւ դրանց հետ կապված հարցերը որոշում են պայմանագրի կողմերը:

Հոդված 53. Հանրապետական, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի գրանցումը

1. Հանրապետական, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի գրանցումը իրականացնում է աշխատանքի բնագավառի պետական լիազոր մարմինը` համապատասխան դիմումը եւ կոլեկտիվ պայմանագիրը ներկայացնելու դեպքում: Հանրապետական, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերը, ստորագրման պահից տասն օրվա ընթացքում, գրանցման է ներկայացնում կողմ հանդիսացող գործատուների միությունը: Կողմերի ստորագրած եւ գրանցման ներկայացրած կոլեկտիվ պայմանագրի գրանցման մերժումը որեւէ պատճառաբանությամբ արգելվում է:

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետում գործատուների միությունը պայմանագիրը գրանցման չի ներկայացնում, ապա հանրապետական, ճյուղային կամ տարածքային կոլեկտիվ պայմանագիրը գրանցման կարող է ներկայացնել պայմանագրի կողմ հանդիսացող արհեստակցական միությունը: Արհեստակցական միությունը հանրապետական, ճյուղային կամ տարածքային կոլեկտիվ պայմանագիրը գրանցման է ներկայացնում սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը լրանալուց հետո հինգ օրվա ընթացքում:

Հոդված 54. Հանրապետական, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերերի գործողությունը եւ լուծումը

1. Հանրապետական, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերը ուժի մեջ են մտնում ստորագրման պահից, եթե կոլեկտիվ պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

2. Հանրապետական, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի գործողության ժամկետը սահմանում են կողմերը, սակայն ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով: Կողմերն իրավունք ունեն երկարաձգել պայմանագրի գործողության ժամկետը, սակայն ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով:

3. Հանրապետական, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրի ժամկետը ավարտվելու օրվանից առնվազն երեք ամիս առաջ, կողմերը կարող են սկսել կոլեկտիվ բանակցություններ նոր կոլեկտիվ պայմանագիր կնքելու կամ գործող կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամկետը սահմանված կարգով երկարաձգելու վերաբերյալ:

4. Հանրապետական, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերը գործում են մինչեւ դրանցում նշված ժամկետի ավարտը եւ վաղաժամկետ կարող են լուծվել կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերում եւ կարգով:

Հոդված 55. Հանրապետական, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ վերահսկողությունը

Հանրապետական, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են կողմերը կամ այդ նպատակով նրանց լիազորած ներկայացուցիչները: Հանրապետական, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ հսկողություն եւ վերահսկողություն կարող է իրականացնել պետական լիազոր մարմինը, եթե կոլեկտիվ պայմանագրի կողմերը անկարող են ինքնուրույն իրականացնել վերահսկողություն եւ համապատասխան խնդրանքով դիմել են պետական լիազոր մարմնին:

Հոդված 56. Հանրապետական, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի կնքման եւ կատարման ժամանակ ծագած վեճերի լուծումը

Հանրապետական, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի կնքման եւ կատարման ընթացքում ծագած վեճերը լուծվում են սույն օրենսգրքի 12-րդ գլխով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 11.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Հոդված 57. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը եւ դրա կնքման ոլորտները

1. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանների վերաբերյալ գործատուի եւ տվյալ կազմակերպության աշխատողների կոլեկտիվի միջեւ կնքված գրավոր համաձայնությունն է:

2. Կազմակերպությունում կնքված կոլեկտիվ պայմանագիրը տարածվում է այդ կազմակերպության բոլոր աշխատողների վրա: Կազմակերպության առանձնացված եւ կառուցվածքային ստորաբաժանումներում կազմակերպության կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերում եւ կարգով կարող են կնքվել կոլեկտիվ պայմանագրեր:

Հոդված 58. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի կողմերը

1. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի կողմեր են հանդիսանում կազմակերպության աշխատողների կոլեկտիվը` ի դեմս, կազմակերպությունում գործող արհեստակցական կազմակերպության եւ գործատուն` ի դեմս կազմակերպության ղեկավարի կամ նրա լիազորած անձի:

2. Կազմակերպությունում մի քանի արհեստակցական կազմակերպությունների առկայության դեպքում կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը կնքվում է արհեստակցական կազմակերպությունների միասնական ներկայացուցչական մարմնի եւ գործատուի միջեւ:

3. Արհեստակցական կազմակերպությունների միասնական ներկայացուցչական մարմինը ստեղծում են արհեստակցական կազմակերպությունները` համապատասխան բանակցությունների միջոցով: Արհեստակցական կազմակերպությունների համաձայնության բացակայության պատճառով արհեստակցական կազմակերպությունների միասնական ներկայացուցչական մարմին չստեղծվելու դեպքում, միասնական ներկայացուցչական մարմնի ստեղծման մասին որոշում կարող է ընդունել աշխատողների ժողովը (համաժողովը):

4. Կազմակերպությունում արհեստակցական կազմակերպության բացակայության պատճառով աշխատողների ներկայացուցչության եւ պաշտպանության գործառույթները համապատասխան տարածքային կամ ճյուղային արհեստակցական միությանը փոխանցված լինելու դեպքում, կոլեկտիվ պայմանագրի կողմեր են հանդիսանում գործատուն եւ համապատասխան տարածքային կամ ճյուղային արհեստակցական միությունը:

Հոդված 59. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի բովանդակությունը

1. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրով կողմերը սահմանում են աշխատանքային օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով կամ հանրապետական, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերով չկարգավորվող կամ դրանց չհակասող եւ դրանցով նախատեսված պայմանների համեմատ աշխատողների դրությունը չվատթարացնող պայմաններ:

2. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը բովանդակում է աշխատողների եւ գործատուների փոխադարձ պարտավորությունները սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հարցերի կամ դրանց մի մասի վերաբերյալ:

Հոդված 60. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի նախագծի մշակումը եւ քննարկումը

1. Սույն օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին համապատասխան կոլեկտիվ պայմանագիր կնքելու համար բանակցություններ սկսելու համաձայնություն ձեռք բերած կողմերը կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի մշակման համար հավասար անդամության սկզբունքով ձեւավորում են հանձնաժողով: Հանձնաժողովի կազմը նշվում է կողմերի կազմած արձանագրությունում: Արձանագրության ստորագրման օրը համարվում է կոլեկտիվ բանակցությունների սկիզբը:

2. Սկսելով կոլեկտիվ բանակցությունները՝ կողմերը պայմանավորվում են իրենց կողմից տրամադրման ենթակա տեղեկատվության բովանդակության, դրա ներկայացման ժամկետների, կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի մշակման կարգի եւ ժամկետների վերաբերյալ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանների վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք չբերվելու դեպքում կազմվում է արձանագրություն տարաձայնությունների մասին: Արձանագրությունում նշվում է տարաձայնությունների վերացման վերաբերյալ կողմերի առաջարկությունները, ինչպես նաեւ սահմանվում է կոլեկտիվ բանակցությունները վերսկսելու ժամկետը:

4. Կոլեկտիվ բանակցությունների արդյունքում մշակված եւ կողմերի համաձայնությունն ստացած կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի նախագիծը ներկայացվում է աշխատողների ժողովի (համաժողովի) քննարկմանը: Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի նախագիծը աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից հավանության չարժանանալու դեպքում` աշխատողների ժողովը (համաժողովի) կարող է որոշում ընդունել կոլեկտիվ բանակցությունները նորից սկսելու կամ կոլեկտիվ աշխատանքային վեճ նախաձեռնելու մասին: Կոլեկտիվ աշխատանքային վեճ կարելի է նախաձեռնել նաեւ, եթե հնարավոր չի լինում վերացնել սույն հոդվածի 3-րդ մասում նշված տարաձայնությունները: Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի նախագիծը աշխատողների ժողովում (համաժողովում) հավանության արժանանալու դեպքում, պայմանագիրը ստորագրում են գործատուի եւ աշխատողների ներկայացուցիչները:

5. Աշխատողների ժողովը իրավազոր է, եթե դրան մասնակցում են կազմակերպության աշխատողների կեսից ավելին, իսկ համաժողովը` աշխատողների կողմից ընտրված պատվիրակների երկու երրորդից ավելին: Եթե աշխատողների ժողովին (համաժողովին) նշված թվով աշխատողներ (պատվիրակներ) չեն մասնակցում, ապա ոչ ուշ քան ժողովի (համաժողովի) անցկացման օրվանից հինգ օրվա ընթացքում հրավիրվում է աշխատողների նոր ժողով (համաժողով):

6. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրով սահմանված կարգով աշխատողների ժողով կարող է հրավիրվել կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումներում: Քվեարկության ընդհանուր արդյունքները որոշվում են այդ ժողովներում տրված ձայների հանրագումարով:

7. Աշխատողների ժողովի (համաժողովի) որոշումները համարվում են ընդունված, եթե դրանց օգտին քվեարկել են ժողովի (համաժողովի) մասնակիցների (պատվիրակների) երկու երրորդով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

8. Աշխատողների ժողովի մասնակիցների (համաժողովի պատվիրակների) ձայների մեծամասնությամբ կայացված որոշմամբ աշխատողների ժողովի (համաժողովի) որոշումները կարող են ընդունվել գաղտնի քվեարկությամբ:

Հոդված 61. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի ուժի մեջ մտնելը եւ գործողության ժամկետը

1. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, եթե այդ պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

2. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամկետը սահմանում են կողները, սակայն ոչ ավելի, քան երեք տարի: Կողմերն իրավունք ունեն երկարաձգել պայմանագրի ժամկետը, սակայն երեք տարուց ոչ ավելի ժամկետով:

3. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը գործում է մինչեւ դրանում նշված ժամկետի ավարտը եւ վաղաժամկետ կարող է լուծվել սույն օրենսգրքով եւ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերում եւ կարգով:

4. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի ժամկետը ավարտվելու օրվանից առնվազն երեք ամիս առաջ, կողմերը կարող են սկսել կոլեկտիվ բանակցություններ նոր կոլեկտիվ պայմանագիր կնքելու կամ գործող կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամկետը սահմանված կարգով երկարաձգելու վերաբերյալ:

5. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը պահպանում է իր ուժը կազմակերպության անվանման փոփոխության կամ կազմակերպության ղեկավարի (պայմանագիրը ստորագրած գործատուի ներկայացուցչի) հետ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքերում:

6. Կազմակերպության վերակազմակերպման դեպքում կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը իր գործողության մնացած ժամկետով շարունակում է գործել նաեւ վերակազմակերպման արդյունքում ստեղծված կազմակերպություններում:

Հոդված 62. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի փոփոխությունները եւ լրացումները

Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու կարգը սահմանվում է կազմակերպության կոլեկտիվ պայմանագրով: Եթե կազմակերպության կոլեկտիվ պայմանագրով նման կարգ սահմանված չէ, ապա կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի փոփոխությունները եւ լրացումները կատարվում են պայմանագրի կնքման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 63. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի լուծումը

1. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը դրանով սահմանված դեպքերում եւ կարգով կարող է լուծել կողմերից յուրաքանչյուրը՝ այդ մասին նախազգուշացնելով մյուս կողմին` ոչ ուշ, քան երեք ամիս առաջ: Կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը իր գործողության առաջին վեց անսվա ընթացքում չի կարող լուծվել, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված դեպքերի:

2. Կազմակերպության մասնավորեցման (ապապետականացման) դեպքում կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը համարվում է միակողմանիորեն լուծված նախկին գործատուի կողմից անկախ դրա գործողության ժամկետից:

3. Պարտապան կազմակերպության սնանկ ճանաչելու մասին դատարանի վճռի հիման վրա կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը համարվում է լուծված:

Հոդված 64. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի կատարման նկատմամբ վերահսկողությունը

1. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են կողմերը կամ այդ նպատակով նրանց լիազորած ներկայացուցիչները: Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ հսկողություն եւ վերահսկողություն կարող է իրականացնել պետական լիազոր մարմինը, եթե կոլեկտիվ պայմանագրի կողմերը անկարող են ինքնուրույն իրականացնել վերահսկողություն եւ համապատասխան խնդրանքով դիմել են պետական լիազոր մարմնին: 2. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման վերաբերյալ կողմերի ներկայացուցիչները հաշվետու են աշխատողների ժողովին (համաժողովին): Հաշվետվության ներկայացման կարգը եւ ժամկետները սահմանվում են կազմակերպության կոլեկտիվ պայմանագրով:

Հոդված 65. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի կնքման եւ կատարման ժամանակ ծագած վեճերի լուծման կարգը

Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի կնքման եւ կատարման ընթացքում ծագած վեճերը լուծվում են սույն օրենսգրքի 12-րդ գլխով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 12.

ԿՈԼԵԿՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 66. Կոլեկտիվ աշխատանքային վեճ

Կոլեկտիվ աշխատանքային վեճը` արհեստակցական միության եւ գործատուի կամ սույն օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կոլեկտիվ պայմանագիր կնքելու իրավունք ունեցող սուբյեկտների միջեւ տարաձայնություններն են կապված կոլեկտիվ պայմանագրի կնքման (փոփոխման) եւ կատարման վերաբերյալ կողմերի ներկայացրած եւ սույն օրենսգրքով սահմանված կարգով չբավարարված պահանջների հետ:

Հոդված 67. Պահանջների առաջադրումը

1. Գործատուին կամ կոլեկտիվ պայմանագրի կողմին կոլեկտիվ աշխանտանքային վեճերի վերաբերյալ պահանջներ առաջադրելու իրավունք ունեն արհեստակցական միությունները:

2. Պահանջները պետք է ներկայացվեն գրավոր` լինեն հստակ շարադրված ու պատճառաբանված: Գրավոր պահանջները հանձնվում են գործատուին կամ կոլեկտիվ պայմանագրի համապատասխան կողմին:

Հոդված 68. Պահանջների քննարկումը

Գործատուն կամ պահանջներ ստացած համապատասխան կողմը պարտավոր է քննարկել ստացված պահանջները եւ դրանք ստանալուց հետո յոթ օրվա ընթացքում կայացնել որոշում ու ընդունված որոշման բովանդակության մասին գրավոր ձեւով տեղեկացնել պահանջներ առաջադրողին: Եթե ընդունված որոշումը չի բավարարում պահանջներ առաջադրողներին, ապա կողմերը կարող են վեճը քննարկել սույն գլխով սահմանված այլ ընթացակարգերով:

Հոդված 69. Կիրառվող ընթացակարգերը

1. Կոլեկտիվ աշխատանքային վեճերի քննարկման կարգը կազմված է հետեւյալ փուլերից`

1) կոլեկտիվ աշխատանքային վեճի քննարկում հաշտեցման հանձնաժողովում (այդ թվում` միջնորդի մասնակցությամբ): Կոլեկտիվ աշխատանքային վեճի քննումը հաշտեցման հանձնաժողովի կողմից հանդիսանում է կոլեկտիվ վեճերի քննարկման պարտադիր փուլ.

2) կոլեկտիվ աշխատանքային վեճի քննում դատարանում, եթե կոլեկտիվ աշխատանքային վեճը վերաբերում է կոլեկտիվ պայմանագրի կատարմանը:

2. Կոլեկտիվ աշխատանքային վեճի կողմերից որեւը մեկը իրավունք չունի խուսափել հաշտեցման ընթացակարգերի մասնակցությունից:

Կողմերի ներկայացուցիչները, հաշտեցման հանձնաժողովը, միջնորդը պարտավոր են օգտագործել օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները առաջացած կոլեկտիվ աշխատանքային վեճը լուծելու համար:

Հոդված 70. Հաշտեցման հանձնաժողովների ստեղծումը

1. Հաշտեցման հանձնաժողովները ձեւավորվում են կոլեկտիվ աշխատանքային վեճի կողմերի հավասար թվով ներկայացուցիչներից: Հաշտեցման հանձնաժողովի անդամների ընդհանուր թիվը որոշվում է կողմերի համաձայնությամբ: Հաշտեցման հանձնաժողովը ստեղծվում է առաջադրված պահանջները մերժելու մասին գրավոր որոշումը պահանջներ առաջադրած կողմի ստանալու օրվանից հետո յոթ օրվա ընթացքում:

2. Եթե կողմերը ընդանուր համաձայնությամբ չեն կարողանում որոշել հաշտեցման համձնաժողովի անդամների ընդհանուր թիվը, ապա նրանք, իրենց հայեցողությամբ, հաշտեցման հանձնաժողով են պատվիրակում իրենց ներկայացուցիչներին: Ներկայացուցիչների թիվը յուրաքանչյուր կողմից չպետք է գերազանցի հինգը:

Հոդված 71. Կոլեկտիվ աշխատանքային վեճի քննումը հաշտեցման հանձնաժողովի կողմից

1. Հաշտեցման հանձնաժողովը կոլեկտիվ աշխատանքային վեճը պետք է քննարկի հաշտեցման հանձնաժողովի ստեղծումից հետո յօթ օրվա ընթացքում: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ:

2. Հաշտեցման հանձնաժողովում վեճի քննարկման ընթացքում կողմերի ներկայացուցիչները կարող են հրավիրել մասնագետներ (խորհրդատուներ, փորձագետներ եւ այն):

3. Գործատուն պարտավոր է ստեղծել անհրաժեշտ պայմաններ հաշտեցման հանձնաժողովի աշխատանքների համար:

Հոդված 72. Հաշտեցման հանձնաժողովի որոշումը

1. Հաշտեցման հանձնաժողովի որոշումն ընդունվում է աշխատանքային վեճի կողմերի համաձայնությամբ, ձեւակերպվում է արձանագրությամբ, այդ վեճի կողմերի համար ունի պարտադիր ուժ եւ ենթակա է կատարման հաշտեցման հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով եւ ժամկետներում:

2. Հաշտեցման հանձնաժողովում ներկայացված պահանջների կամ դրանց մի մասի վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կոլեկտիվ աշխատանքային վեճի կողմերը կարող են կոլեկտիվ աշխատանքային վեճը քննարկել միջորդի մասնակցությամբ, եթե վեճը վերաբերում է կոլեկտիվ պայմանագրի կնքմանը (փոփոխմանը) կամ ավարտել հաշտեցման գործընթացը՝ կազմելով տարաձայնությունների մասին արձանագրություն:

3. Հաշտեցման հանձնաժողովի որոշման մասին տեղեկացվում է աշխատողներին:

Հոդված 73. Կոլեկտիվ աշխատանքային վեճի քննարկումը միջնորդի մասնակցությամբ

1. Հաշտեցման հանձնաժողովում ներկայացված պահանջների կամ դրանց մի մասի վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերելու եւ հաշտեցման հանձնաժողովի կողմից տարաձայնությունների մասին արձանագրություն կազմելուց հետո կոլեկտիվ աշխատանքային վեճի կողմերը կարող են երեք աշխատանքային օրվա ընթացքում հրավիրել միջնորդ: Անհրաժեշտության դեպքում կոլեկտիվ աշխատանքային վեճի կողմերը կարող են դիմել աշխատանքի բնագավառի պետական լիազորված մարմնին միջնորդի թեկնածության վերաբերյալ: Եթե երեք աշխատանքային օրվա ընթացքում կոլեկտիվ աշխատանքային վեճի կողմերը չեն կայացնում համաձայնություն միջնորդի թեկնածության վերաբերյալ, ապա բանակցությունները համարվում են ավարտված:

2. Միջնորդի մասնակցությամբ կոլեկտիվ աշխատանքային վեճի քննարկման կարգը որոշվում է կողմերի համաձայնությամբ` որին մասնակցում է նաեւ միջնորդը:

3. Միջնորդն իրավունք ունի հարցադրումներ ներկայացնել կոլեկտիվ աշխատանքային վեճի կողմերին եւ ստանալ նրանցից տվյալ վեճին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթեր եւ տեղեկություններ: Միջնորդն իրավունք ունի կոլեկտիվ աշխատանքային վեճի կողմերին ներկայացնել առաջարկություններ:

4. Կոլեկտիվ աշխատանքային վեճի քննարկումը միջնորդի մասնակցությամբ իրականացվում է նրան հրավիրելուց հետո` յոթ օրվա ընթացքում եւ ավարտվում է կոլեկտիվ աշխատանքային վեճի կողմերի համաձայնեցված` գրավոր որոշում ընդունելով կամ տարաձայնությունների մասին արձանագրություն կազմելով:

Հոդված 74. Կոլեկտիվ աշխատանքային վեճի քննարկումը դատարանում

Կոլեկտիվ պայմանագրի կատարման վերաբերյալ կոլեկտիվ աշխատանքային վեճի դեպքում, հաշտեցման հանձնաժողովում համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կոլեկտիվ աշխատանքային վեճի կողմերը տարաձայնությունների մասին արձանագրությունը կազմելուց հետո տասն օրվա ընթացքում կարող են դիմել դատարան:

Հոդված 75. Գործադուլ

Գործադուլը կոլեկտիվ պայմանագրի կնքման (փոփոխման) հետ կապված կոլեկտիվ վեճը չլուծվելու (կոլեկտիվ բանակցությունները չկայանալու, հաշտեցման հանձնաժողովում հարցի քննարկումից հրաժարվելու) կամ հաշտեցման հանձնաժողովի, ընդունած` աշխատողներին բավարարող որոշումը չկատարելու դեպքում, մեկ կամ մի քանի կազմակերպությունների աշխատողների կամ աշխատողների խմբի աշխատանքի ժամանակավոր դադարեցումն է:

Հոդված 76. Գործադուլ հայտարարելը

1. Գործադուլ (այդ թվում` նախազգուշական) անելու որոշում ընդունելու եւ հայտարարելու իրավունք ունի արհեստակցական միությունը` իր կանոնադրությամբ սահմանված կարգով: Գործադուլը հայտարարվում է միայն աշխատողների ժողովի կողմից համապատասխան որոշման ընդունման դեպքում: Գործադուլ հայտարարելու մասին որոշումը ընդունվում է գաղտնի քվեարկությամբ: Որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել են`

1) կազմակերպությունում գործադուլ հայտարարելիս` կազմակերպության աշխատողների ընդհանուր թվի երկու երրորդը.

2) կազմակերպության առանձնացված (կառուցվածքային) ստորաբաժանումում գործադուլ հայտարարելիս` այդ ստորաբաժանման աշխատողների երկու երրորդը, սակայն ոչ պակաս, կազմակերպության աշխատողների ընդհանուր թվի կեսից:

2. Նախատեսվող գործադուլի սկսման մասին գործադուլի կազմակերպիչները պարտավոր են գործատուին գրավոր տեղեկացնել գործադուլն սկսելու օրվանից առնվազն յոթ օր առաջ: Տեղեկացման հետ միաժամանակ գործատուին է ուղարկվում սույն հոդվածով սահմանված կարգով ընդունված որոշումը: Գործադուլ հայտարարելիս թույլատրվում է ներկայացնել միայն հաշտեցման ընթացակարգերի ժամանակ չբավարարված պահանջները:

3. Մինչեւ գործադուլ սկսելը կարող է կազմակերպվել նախազգուշական գործադուլ: Այն չի կարող շարունակվել երկու ժամից ավելի: Այդ գործադուլի մասին գործատուն պետք է գրավոր տեղեկացվի ոչ ուշ, քան երեք օր առաջ:

4. Երկաթուղային եւ քաղաքային հասարակական տրանսպորտի, քաղաքացիական ավիացիայի, կապի, առողջապահական, սննդի արտադրության, ջրամատակարարման, կոյուղու եւ թափոնների տեղափոխման գործունեությամբ զբաղվող կազմակերպություններում, անընդհանտ գործող արտադրությամբ կազմակերպություններում, ինչպես նաեւ այն կազմակերպություններում, որտեղ աշխատանքի դադարեցումը կարող է հասարակության կամ առանձին անձանց կյանքի եւ առողջության համար ծանր կամ վտանգավոր հետեւանքներ ունենալ, գործադուլ անելու որոշում ընդունելու դեպքում գործատուն պետք է գրավոր ձեւով նախազգուշացվի գործադուլը սկսելուց առնվազն տասնչորս օր առաջ:

5. Գործադուլ հայտարարելու որոշման մեջ նշվում է`

1) գործադուլ հայտարարելու եւ անցկացնելու համար հիմք հանդիսացող, կոլեկտիվ աշխատանքային վեճի կողմերի տարաձայնությունների ցանկը.

2) գործադուլն սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը եւ ժամը, դրա հնարավոր տեւողությունը եւ մասնակիցների հնարավոր քանակը.

3) գործադուլը ղեկավարող մարմինը (կազմակերպությունը).

4) գործադուլին մասնակցող աշխատողների քանակը կամ խումբը (արտադրամաս, բաժին եւ այլն):

Հոդված 77. Սահմանափակումները գործադուլ անցկացնելու ժամանակ

1. Արգելվում է գործադուլ հայտարարել ոստիկանությունում, զինված ուժերում (դրան հավասարեցված այլ ծառայություններում), պահպանության ծառայություններում, ինչպես նաեւ կենտրոնացված էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, ջերմամատակարարման, գազամատակարարման կազմակերպություններում, անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններում: Նման կազմակերպությունների եւ ծառայությունների աշխատողների առաջադրած պահանջները լուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` եռակողմ խորհրդի եզրակացության հիման վրա:

2. Տարերային աղետի գոտիներում, ինչպես նաեւ այն տարածաշրջաններում, որոնցում սահմանված կարգով հայտարարված է ռազմական դրություն կամ արտակարգ իրավիճակ (դրություն), գործադուլներն արգելվում են մինչեւ տարերեյին աղետի հետեւանքների վերացումը կամ ռազմական դրության, արտակարգ իրավիճակի (դրության) սահմանված կարգով վերացումը:

3. Կոլեկտիվ պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում արգելվում է գործադուլ հայտարարելը:

Հոդված 78. Գործադուլի ղեկավարումը

Գործադուլը ղեկավարում է արհեստակցական միությունը կամ նրա ձեւավորած գործադուլային կոմիտեն:

Հոդված 79. Գործադուլի ընքացքը

1. Գործադուլը ղեկավարող մարմինը եւ գործատուն պարտավոր են ձեռնարկել իրենցից կախված բոլոր միջոցները գործադուլի ընթացքում ապահովեու հասարակական կարգի պաշտպանությունը, աշխատողների կյանքի ու կազմակերպության գույքի պահպանությունը:

2. Սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 4-րդ մասում նշված կազմակերպություններում գործադուլ անելու ընթացքում, պետք է ապահովվեն նվազագույն պայմաններ (ծառայություններ), որոնք անհրաժեշտ են հասարակության անհետաձգելի (կենսականորեն անհրաժեշտ) կարիքներն հոգալու համար: Այդ նվազագույն պայմանները (ծավալները) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Այդ պայմանների կատարումը ապահովում են գործադուլը ղեկավարող մարմինը, գործատուն եւ նրանց կողմից նշանակված աշխատողները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված պայմանները չկատարվելու դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը դրանք ապահովելու համար կարող են ներգրավել այլ ծառայություններ:

Հոդված 80. Գործադուլի օրինականությունը

1. Գործադուլ հայտարարելուց հետո գործատուն կամ պահանջներ ստացած սուբյեկտը կարող է դիմել դատարան գործադուլը անօրինական ճանաչելու պահանջով: Գործը պետք է քննվի եւ վճիռ կայացվի դատարանի կողմից հայցն ընդունելու օվանից յոթնօրյա ժամկետում:

2. Դատարանը գործադուլն անօրինական է ճանաչում, եթե գործադուլի նպատակները հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, այլ օրենքներին, կամ եթե գործադուլը հայտարարվել է սույն օրենսգրքով սահմանված պահանջների եւ կարգի խախտմամբ, կամ առաջադրվել են ոչ իրատեսական պահանջներ:

3. Գործադուլի անօրինական ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո գործադուլը չի կարող սկսվել, իսկ արդեն սկսված գործադուլը պետք է անհապաղ դադարեցվի:

4. Հասարակության անհետաձգելի (կենսականորեն անհրաժեշտ) կարիքներն հոգալու համար նվազագույն պայմաններ (ծառայություններ) չապահովելու անմիջական վտանգ առաջանալու դեպքում, որը կարող է վտանգել մարդկանց կյանքը, առողջությունը եւ անվտանգությունը դատարանը կարող է երեսուն օրով հետաձգել չսկսված գործադուլը, իսկ արդեն սկսված գործադուլը` կասեցնել նույն ժամկետով:

Հոդված 81. Գործադուլավորների իրավական վիճակը եւ երաշխիքները

1. Գործադուլին մասնակցությունը կամավոր է: Որեւէ մեկին չի կարող պարտադրվել մասնակցելու գործադուլի կամ հրաժարվել դրանից: Աշխատողին գործադուլի մասնակցելու կամ դրանից հրաժարվելու պարտադրող անձինք ենթակա են պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Գործադուլի ընթացքում գործադուլին մասնակցող աշխատողների համար աշխատանքային պայմանագրի կատարումը կասեցվում է: Այդ ընքացքում պահպանվում է աշխատողի աշխատանքային ստաժը եւ ապահովվում է պետական սոցիալական ապահովագրությունը:

3 Գործադուլին մասնակցող աշխատողներին աշխատավարձ չի վճարվում, նրանք ազատվում են իրենց աշխատանքային գործառույթները կատարելու պարտականություններից: Գործադուլը դադարեցնելու վերաբերյալ կողմերի բանակցությունների ընթացքում հնարավոր է համաձայնության կայացումը գործադուլավորներին լրիվ չափով կամ մասնակիորեն աշխատավարձ վճարելու վերաբերյալ:

4. Գործադուլին չմասնակցող, բայց գործադուլի պատճառով իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու հնարավորությունից զրկված աշխատողներին վճարվում է աշխատավարձ` իրենց մեղքից անկախ պատճառներով առաջացած պարապուրդի համար կամ համապատասխան համաձայնության առկայության դեպքում նրանք կարող են փոխադրվել այլ աշխատանքի:

Հոդված 82. Գործողություններ, որոնք չի կարող կատարել գործատուն` գործադուլ հայտարարելիս

1. Գործադուլ հայտարարելու մասին որոշում ընդունելուց հետո եւ գործադուլի ընթացքում գործատուն չի կարող`

1) խոչնդոտել բոլոր կամ առանձին աշխատողներին` հաճախելու իրենց աշխատատեղերը.

2) հրաժարվել աշխատողներին աշխատանք կամ աշխատանքային գործիքներ տրամադրելուց.

3) աշխատողներին գործադուլին կամ կոլեկտիվ աշխատանքային վեճին մասնակցելու համար ենթարկել կարգապահական պատասխանատվության.

4) աշխատողներին գործադուլին կամ կոլեկտիվ աշխատանքային վեճին մասնակցելու պատճառով ազատել աշխատանքից:

2. Գործադուլի ժամանակ գործատուին արգելվում է գործադուլավորների փոխարեն նոր աշխատողներ ընդունել՝ բացառությամբ սույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

Հոդված 83. Գործադուլի դադարում

1. Գործադուլը դադարում է այն դեպքերում, երբ`

1) բավարարվում են առաջադրված պահանջները.

2) գործադուլի ընթացքում կողմերը կայացնում են համաձայնություն համապատասխան պայմաններով գործադուլի դադարեցման մասին.

3) գործադուլը կազմակերպած արհեստակցական միությունը ընդունում է գործադուլի հետագա շարունակման աննպատակահարմարությունը:

2. Պահանջները բավարարելուց հետո գործադուլը դադարեցնելու մասին որոշումը ընդունում է գործադուլ հայտարարած արհեստակցական միությունը: Գործադուլը դադարեցնելու գրավոր որոշման մեջ պետք է նշվի աշխատանքները վերսկսելու ժամկետը:

Հոդված 84. Գործադուլի հետեւանքով առաջացող պատասխանատվությունը

1. Անօրինական գործադուլի դեպքում գործադուլ հայտարարած եւ ղեկավարած արհեստակցական միությունը գործատուին վճարում է տուգանք ոչ պակաս, քան Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով, ինչպես նաեւ անօրինական գործադուլի մասնակցած յուրաքանչուր աշխատողի յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Տուգանքի չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում գործատուի կրած վնասները:

2. Կազմակերպության, նրա առանձնացված (կառուցվածքային) ստորաբաժանման ղեկավարները եւ այլ պաշտոնատար անձիք, որոնց մեղքով հայտարարվել է գործադուլ կամ չեն կատարել կամ ուշացած են կատարել հաշտեցման հանձնաժողովի որոշումները, խախտել են սույն օրենսգրքի 82-րդ հոդվածի պահանջները, օրենքով սահմանված կարգով կարող են ենթարկվել վարչական կամ նյութական պատասխանատվության իրենց վեց ամսվա աշխատավարձի չափով, եթե նրանց մեղքով գործատուին վնաս է պատճառվել:

3. Գործադուլի հետեւանքով այլ անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՄԱՍ ԵՐՐՈՐԴ

ԲԱԺԻՆ III.

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԳԼՈՒԽ 13.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

Հոդված 85. Աշխատանքային պայմանագրի հասկացությունը

Աշխատանքային պայմանագիրը՝ համաձայնություն է աշխատողի եւ գործատուի միջեւ, համաձայն որի աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք կամ մատուցել որոշակի ծառայություններ` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը եւ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:

Հոդված 86. Աշխատանքային պայմանագրի բովանդակությունը

1. Աշխատանքային պայմանագրի բովանդակությունը՝ կողմերի ձեռք բերած համաձայնությունն է պայմանագրի պայմանների մասին, որոնցով սահմանվում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

2. Աշխատանքային պայմանագրով կողմերը չեն կարող սահմանել աշխատանքի այնպիսի պայմաններ, որոնք աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով եւ կոլեկտիվ պայմանագրով սահմանված աշխատանքնային պայմանների համեմատ վատթարացնում են աշխատողի դրությունը: Եթե աշխատանքային պայմանագրով սահմանված պայմանները հակասում են սույն օրենսգրքին, օրենքներին, այլ նորմատիվ իրավական ակտերին կամ կոլեկտիվ պայմանագրին, ապա կիրառվում են սույն օրենսգրքի, այլ օրենքների եւ նորմատիվ իրավական ակտերի կամ կոլեկտիվ պայմանագրի դրույթները:

Հոդված 87. Աշխատանքային պայմանագրի պայմանները

1. Աշխատանքային պայմանագրում նշվում է աշխատանքային պայմանագիր կնքող աշխատողի անունը, ազգանունը (նրա ցանկությամբ նաեւ հայրանունը) եւ գործատուի անվանումը (անունը, ազգանունը (նրա ցանկությամբ նաեւ հայրանունը), եթե գործատուն քաղաքացի է):

Աշխատանքային պայմանագիրը պետք է ներառի հետեւյալ պայմանները`

1) աշխատանքի վայրը (նշելով կառուցվածքային ստորաբաժանումը).

2) աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը.

3) պաշտոնի, մասնագիտության կամ աշխատանքային գործառույթի անվանումը, որակավորմանը ներկայացվող պահանջները.

4) աշխատողի իրավունքներն ու պարտականությունները.

5) գործատուի իրավունքներն ու պարտականությունները.

6) աշխատանքի վարձատրության պայմանները.

7) աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը:

2. Աշխատանքային պայմանագրերի առանձին տեսակների համար աշխատանքային օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել պայմանագրում ամրագրման ենթակա այլ պարտադիր պայմաններ:

3. Աշխատանքային պայմանագրում կողմերը կարող են սահմանել սույն հոդվածի 1-ին մասում չնախատեսված այլ պայմաններ:

Հոդված 88. Աշխատանքային պայմանագրի կնքումը

1. Աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված`

1) կողմերի ստորագրելու պահից (գրավոր պայմանագրի դեպքում).

2) դրա պայմանների վերաբերյալ կողմերի համաձայնությունը ձեռք բերելու պահից (բանավոր պայմանագրի դեպքում):

2. Աշխատանքային պայմանագիրը կնքվում է գրավոր ձեւով: Բանավոր կերպով աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել միայն այն դեպքում, եթե աշխատանքի տեւողությունը չի գերազանցում երկու շաբաթը:

Գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից: Աշխատանքային պայմանագիրը ստորագրում են գործատուն կամ նրա ներկայացուցիչը եւ աշխատողը: Ստորագրված աշխատանքային պայմանագրի մեկ օրինակը տրվում է աշխատողին, մյուսը պահպանվում է գործատուի մոտ: Աշխատանքային պայմանագիրը նույն օրը գրանցվում է գործատուի աշխատանքային պայմանագրերի գրանցման մատյանում: Այդպիսի մատյանը պարտադիր չէ այն դեպքում, եթե գործատու քաղաքացու մոտ աշխատում են ոչ ավելի, քան հինգ աշխատող:

3. Գործատուն գրավոր աշխատանքային պայմանագրով աշխատողին թույլատրում է անցնել աշխատանքի միայն աշխատանքային պայմանագիրը կնքելուց եւ պայմանագրի երկրորդ օրինակը աշխատողին հանձնելուց հետո, իսկ բանավոր աշխատանքային պայմանագրի դեպքում` կողմերի որոշած ժամկետում: Աշխատանքային պայմանագրի պատշաճ կազմման պատասխանատվությունը կրում է գործատուն:

4. Աշխատանքի ընդունման ժամանակ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր են աշխատանքի ընդունվող անձին ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ աշխատանքային պայմանագրին (դրա առկայության դեպքում), աշխատանքային կարգապահության կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող այլ իրավական ակտերին:

5. Աշխատողը պարտավոր է պայմանագիրը կնքելու հաջորդ օրն անցնել աշխատանքի, եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 89. Աշխատանքային պայմանագրի կնքման նախադրյալները

1. Գործատուն իրավունք ունի ինքնուրույն, ուղղակիորեն (առանց մրցութային կամ այլ ընթացակարգերի) համալրել թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը` կնքելով սույն օրենսգրքով սահմանված աշխատանքային պայմանագրեր: Աշխատող փնտրող գործատուն կարող է թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը համալրել նաեւ իր կողմից կազմակերպվող մրցույթով կամ օգտվել համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների ծառայություններից: Թափուր աշխատատեղերի համալրման նպատակով մրցույթի կազմակերպման եւ անցկացման, ինչպես նաեւ մրցույթում հաղթած անձանց հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը, սահմանում է գործատուն:

2. Քաղաքացիական, տեղական ինքնակառավարման մարմինների եւ օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների ծառայողների թափուր պաշտոնները համալրելու կարգը եւ պայմանները սահմանում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով:

Հոդված 90. Ընտրովի պաշտոն

Ընտրովի պաշտոններ են համարվում ընտրությունների միջոցով զբաղեցվող պաշտոնները: Այդ պաշտոնները, ինչպես նաեւ ընտրությունների անցկացման կարգն ու պայմանները սահմանվում են համապատասխան օրենքներով կամ կազմակերպության կանոնադրությամբ:

Հոդված 91. Որակավորման քննություններ

Հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջող աշխատանքների կատարման կամ պաշտոնի նշանակման համար կարող է պահանջվել որակավորման քննությունների հանձնում: Որակավորման պահանջները եւ որակավորման քննությունների անցկացման կարգը սահմանում է գործատուն` օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջների համապատասխան:

Հոդված 92. Աշխատանքի ընդունման ժամանակ պահանջվող փաստաթղթերը

1. Աշխատանքային պայմանագիր կնքելու համար գործատուն պարտավոր է պահանջել հետեւյալ փաստաթղթերը`

1) անձը հաստատող փաստաթուղթ.

2) աշխատանքային գրքույկ (բացառությամբ առաջին անգամ աշխատանքի ընդունվողների) եւ անհատական սոցիալական քարտը (դրա առկայության դեպքում).

3) կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայական.

4) տեղեկանք առողջական վիճակի մասին (սանիտարական գրքույկ), եթե աշխատանքային պայմանագիրը կնքվում է այնպիսի աշխատանքների համար, որը պահանջում է սկզբնական եւ պարբերական բժշկական զննում, ինչպես նաեւ մինչեւ տասնութ տարեկան անձանց աշխատանքի ընդունելու ժամանակ, եթե այդ աշխատանքների համար նախատեսված են հատուկ պայմաններ: Այդպիսի աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ նշված տեղեկանքի (սանիտարական գրքույկի) ձեւը` պետական լիազոր մարմինը.

5) ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի համաձայնությունը, եթե աշխատանքի է ընդունվում տասնչորսից տասնվեց տարեկան անչափահասը.

6) օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:

2. Աշխատանքի ընդունելիս արգելվում է պահանջել այնպիսի փաստաթղթեր, որոնք նախատեսված չեն օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով:

3. Աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ գործատուին ներկայացնել բնութագիր, երաշխավորագիր եւ նախկին աշխատավայրում նրան բնութագրող այլ փաստաթղթեր, ինչպես նաեւ մասնագիտական գիտելիքների եւ դրանց կիրառման վերաբերյալ տվյալներ կամ փաստաթղթեր:

Հոդված 93. Աշխատանքային գրքույկը

1. Աշխատանքային գրքույկ է համարվում այն փաստաթուղթը, որը հաստատում է ըստ աշխատանքային պայմանագրով աշխատելու փաստը:

2. Գործատուն պարտավոր է հիմնական աշխատավայրում աշխատող բոլոր աշխատողների համար վարել աշխատանքային գրքույկ:

3. Աշխատանքային գրքույկում լրացվում են՝

1) աշխատողի անուն, ազգանունը.

2) աշխատողի ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը.

3) աշխատանքային պայմանագրի համաձայն աշխատելու ժամանակաշրջանը:

Հատուկ ամրագրվում է նաեւ այն աշխատանքների կամ աշխատանքային պայմանների ժամանակահատվածը, որը օրենսդրությանը համապատասխան հնարավորություն է ընձեռնում աշխատողին արտոնյալ պայմաններով անցնելու կենսաթոշակի:

4. Աշխատողի պահանջով աշխատանքային գրքույկի մեջ լրացվում են`

1) աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը.

2) զբաղեցրած պաշտոնի կամ կատարած աշխատանքի մասին տեղեկությունները.

3) համատեղության կարգով աշխատելու ժամանկաշրջանը՝ աշխատողի կողմից հիմական աշխատավայրի գործատուին համատեղությամբ աշխատանքը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում:

5. Աշխատանքային գրքույկում սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված տեղեկություններից բացի, այլ տեղեկություններ չեն գրառվում:

6. Աշխատանքային գրքույկի ձեւը, ինչպես նաեւ աշխատանքային գրքույկի կրկնօրինակ տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 94. Փորձաշրջանը աշխատանքային պայմանագիր կնքելիս

1. Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` աշխատողի համապատասխանությունը նախատեսված աշխատանքին (պաշտոնին) ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխպանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով:

2. Փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները եւ կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են սույն օրենսգրքով, այլ օրենքներով եւ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերով:

3. Փորձաշրջան չի կարող նախատեսվել, եթե աշխատանքի են ընդունվում`

1) տասնութ տարին չլրացած անձինք.

2) մրցույթով կամ ընտրության միջոցով աշխատանքի ընդունվողները, ինչպես նաեւ պաշտոնի նշանակման համար որակավորման քննություններ հանձնած անձինք.

3) գործատուների փոխադարձ համաձայնությամբ այլ աշխատանքի փոխադրվող անձինք.

4) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Հոդված 95. Փորձաշրջանի ժամկետը

1. Փորձաշրջանի ժամկետը չի կարող երեք ամիսից ավելի լինել, բաառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կարող է սահմանվել փորձաշրջան մինչեւ վեց ամիս ժամկետով:

3. Փորձաշրջանի ժամկետում չի հաշվարկվում աշխատանքից աշխատողի բացակայության ժամանակահատվածը, հետեւյալ դեպքերում`

1) եթե դա նախատեսված է կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով.

2) կողմերի համաձայնությամբ, այդ թվում՝ առանց աշխատավարձի պահպանման արձակուրդի ժամանակահատվածում.

3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ընթացքում.

4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աշխատողի վրա դրված պարտականությունների կատարման ընթացքում.

5) օրինական գործադուլի ժամանակ, եթե աշխատողը մասնակցում է գործադուլին օրենքով նախատեսված կարգով:

Հոդված 96. Փորձաշրջանի արդյունքները

1. Եթե գործատուն գտնում է, որ նախատեսված աշխատանքում (պաշտոնում) աշխատողի համապատասխանության ստուգման նպատակով սահմանված փորձաշրջանի ընթացիկ արդյունքներով աշխատողը չի համապատասխանում առաջադրված պահանջներին, ապա կարող է մինչեւ փորձաշրջանի ժամկետը լրանալը աշխատողին ազատել աշխատանքից՝ այդ մասին երեք օր առաջ, գրավոր ձեւով, ծանուցելով նրան: Այդ դեպքում գործատուի կողմից աշխատողին հատուցում չի տրվում:

2. Եթե փորձաշրջանը սահմանվել է աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար, ապա փորձաշրջանի արդյունքները գնահատում է աշխատողը: Փորձաշրջանի ընթացքում աշխատողն իրավունք ունի լուծել աշխատանքային պայմանագիրը` այդ մասին երեք օր առաջ, գրավոր ձեւով, ծանուցելով գործատուին:

3. Եթե փորձաշրջանն անցնելուց հետո աշխատողը շարունակում է աշխատել, ապա նա համարվում է փորձաշրջան անցած եւ գործատուն կարող է նրա հետ աշխատանքային պայմանագիրը լուծել միայն սույն բաժնի 16-րդ գլխում նախատեսված հիմքերով:
 


ԳԼՈՒԽ 14.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԵՐԸ

Հոդված 97. Աշխատանքային պայմանագրի ձեւերը

1. Աշխատանքային պայմանագիրը կնքվում է`

1) անորոշ ժամկետով.

2) որոշակի ժամկետով:

2. Եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:

Հոդված 98. Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր

1. Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել որոշակի ժամկետով կամ պայմանագրի օրացույցային ժամկետի սահմանումով, կամ մինչեւ աշխատանքների ավարտը, սակայն հինգ տարուց ոչ ավելի: Հինգ տարուց պակաս ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո, աշխատանքային պայմանագրի ժամկետը կողմերի համաձայնությամբ կարող է երկարաձգվել: Նույն գործատուի մոտ հինգ տարուց պակաս ժամկետով կնքված որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրերի գործողության ընդհանուր գումարային ժամկետը չի կարող գերազանցել հինգ տարին, եթե որոշակի ժամկետով կնքված պայմանագրերի ընդհատումը չի գերազանցում մեկ ամիսը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին կողմերի գրավոր համաձայնությունը կայացվում է պայմանագրի ժամկետի ավարտից առնվազն տասն օր առաջ:

Նույն գործատուի մոտ որոշակի ժամկետով կնքված պայմանագիրը հինգ տարվա ընթացքում լուծվելու եւ ոչ ավելի, քան մեկ ամսվա ընթացքում նոր` որոշակի ժամկետով պայմանագիր կնքվելու դեպքում, աշխատողի աշխատանքը համարվում է չընդհատվող:

2. Ընտրովի պաշտոններում աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է ընտրված ժամանակահատվածով:

3. Աշխատանքային պայմանագիրը որոշակի ժամկետով կարող է կնքվել նաեւ, երբ՝

1) աշխատողի կողմից մատուցվում են ծառայություններ.

2) աշխատանքը կատարում են տնաշխատները.

3) կատարվում է համատեղությամբ աշխատանք.

4) կատարվում են սեզոնային աշխատանքներ.

5) կատարվում է ժամանակավոր (մինչեւ երկու ամիս ժամկետով) աշխատանք:

Հոդված 99. Աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի սահմանումը

Աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը կարող է սահմանվել մինչեւ որոշակի օրացուցային տարին, ամիսը, ամսաթիվը կամ մինչեւ որոշակի իրադարձության տեղի ունենալը, փոփոխվելը կամ ավարտվելը:

Հոդված 100. Ծառայություններ մատուցելու մասին աշխատանքային պայմանագիրը

Ծառայություն մատուցելու մասին աշխատանքային պայմանագիրն այն պայմանագիրն է, որի հիման վրա աշխատողը պարտավորվում է գործատուին մատուցել անձնական ծառայություններ` տնային տնտեսության վարման համար: Ծառայություններ մատուցելու մասին աշխատանքային պայմանագրի նկատմամբ կիրառվում են սույն օրենեսգրքով սահմանված կանոնները:

Հոդված 101. Աշխատանքային պայմանագիրը տնաշխատների հետ

Տնաշխատ են համարվում այն անձինք, որոնք աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանքները կատարում են տանը` գործատուի կողմից տրամադրված կամ իր կողմից եւ իր հաշվին ձեռք բերած նյութերով, գործիքներով ու սարքավորումներով:

Տնաշխատի կողմից սեփական գործիքներով ու սարքավորումներով աշխատանքը կատարվելու դեպքում վճարվում է հատուցում գործիքների ու սարքավորումների մաշվածության համար` աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում եւ կարգով:

Տնաշխատին հումքով, նյութերով եւ կիսաֆաբրիկատներով ապահովելու կարգը եւ ժամկետները, տնաշխատին պատկանող նյութերի դիմաց վճարման կարգը, պատրաստի արտադրանքի տեղափոխման, ինչպես նաեւ աշխատավարձի վճարման կարգն ու ժամկետները սահմանվում են աշխատանքային պայմանագրով:

Տնաշխատների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով:

Հոդված 102. Համատեղությամբ աշխատանքը

1. Համատեղությամբ աշխատանք է համարվում հիմնական աշխատանքային ժամանակից դուրս, միեւնույն գործատուի կամ այլ գործատուի հետ աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանքը:

2. Համատեղությամբ աշխատանքի համար աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել որոշակի կամ անորոշ ժամկետով:

Հոդված 103. Սեզոնային աշխատանքային պայմանագիրը

1. Սեզոնային աշխատանքային պայմանագիրը կնքվում է սեզոնային աշխատանք կատարելու համար: Սեզոնային է համարվում այն աշխատանքը, որը բնակլիմայական պայմանների պատճառով կատարվում է ոչ թե ամբողջ տարին, այլ ութ ամիսը չգերազանցող որոշակի ժամանակահատվածում (սեզոնում), եւ որը սահմանված է սեզոնային աշխատանքների ցանկով:

2. Սեզոնային աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սեզոնային աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողներին հատկացվում է վճարովի արձակուրդ կամ վճարվում է հատուցում պայմանագիրը լուծելիս` յուրաքանչյուր ամսվա համար երկու աշխատանքային օրվա հաշվարկով:

4. Աշխատողը կամ գործատուն իրավունք ունեն լուծելու սեզոնային աշխատանքային պայմանագիրը, նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն երեք օր առաջ գրավոր ձեւով ծանուցելով միմյանց:

5. Աշխատանքի սեզոնային բնույթի մասին պայմանը նշվում է աշխատանքային պայմանագրում:

Հոդված 104. Ժամանակավոր աշխատանքային պայմանագիր

1. Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը, դա այն աշխատանքային պայմանագիրն է, որը կնքվում է մինչեւ երկու ամիս ժամկետով:

2. Ժամանակավոր աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները, այդ ժամկահատվածում կարող են ներգրավվել աշխատանքի հանգստյան օրերին եւ ոչ աշխատանքային տոնական ու հիշատակի օրերին: Հանգստյան օրերի եւ ոչ աշխատանքային տոնական ու հիշատակի օրերի համար վճարումը կատարվում է սույն օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

3. Ժամանակավոր աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողներին հատկացվում է վճարովի արձակուրդ կամ վճարվում է հատուցում պայմանագիրը լուծելիս` յուրաքանչյուր ամսվա համար երկու աշխատանքային օրվա հաշվարկով:

4. Աշխատողը կամ գործատուն իրավունք ունեն լուծելու ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը, նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն երեք օր առաջ գրավոր ձեւով ծանուցելով միմյանց:

Հոդված 105. Անօրինական աշխատանք

1. Անօրինական է համարվում այն աշխատանքը՝

1) որը կատարվում է առանց աշխատանքային պայմանագիր կնքելու՝ չնայած առկա են սույն օրենսգրքի 85-րդ հոդվածով սահմանված աշխատանքային պայմանագրի հատկանիշները.

2) սույն օրենսգրքի, օրենքի եւ այլ իրավական ակտերի խախտումով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա կատարվող աշխատանքը:

2. Կամավոր աշխատանքը եւ օգնություն ցուցաբերելու նպատակով կատարված աշխատանքը չի կարող համարվել անօրինական: Այդպիսի աշխատանքների կատարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

3. Անօրինական աշխատանք կատարելու թույլտվություն տված գործատուները կամ նրանց ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
 


ԳԼՈՒԽ 15.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 106. Պարտականությունների կատարումը եւ իրավունքների իրականացումը

1. Գործատուն իր պարտականությունները կատարում է անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով:

2. Աշխատողն իր պարտականությունները կատարում է անձամբ: Աշխատողը կարող է այլ անձի հանձնել իր աշխատանքների կատարումը միայն գործատուի թույլտվությամբ:

3. Կողմերն իրենց իրավունքներն իրականացնում են անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով:

Հոդված 107. Աշխատանքային պայմանագրով չնախատեսված աշխատանքի կատարումը

Գործատուն իրավունք ունի աշխատողից պահանջել կատարելու աշխատանքային պայմանագրով չնախատեսված աշխատանքներ միայն օրենքով սահմանված դեպքերում: Լրացուցիչ աշխատանքը կամ պարտականությունը կարող է սահմանվել կողմերի լրացուցիչ համաձայնությամբ, եթե նման հնարավորություն նախատեսված է աշխատանքային պայմանագրով:

Հոդված 108. Աշխատանքային պայմանգրի փոփոխումը

1. Արտադրության, դրա ծավալների, աշխատանքի կազմակերպման եւ տեխնոլոգիայի փոփոխման դեպքում, ինչպես նաեւ արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված այլ դեպքերում գործատուն իրավունք ունի փոփոխել աշխատանքային պայմանագրի պայմանները: Փոփոխված պայմաններով աշխատանքը կատարելու աշխատողի անհամաձայնության դեպքում աշխատողը կարող է ազատվել աշխատանքից սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի համապատասխան՝ պահպանելով աշխատանքային պայմանագրի լուծման սահմանված կարգը:

2. Սույն օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ ու 4-րդ կետերով եւ 2-րդ մասով սահմանված աշխատանքային պայմանագրի պայմանները կարող են փոփոխվել աշխատողի նախնական գրավոր համաձայնությամբ` բացառությամբ սույն օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

3. Առանց աշխատողի գրավոր համաձայնության, աշխատանքի վարձատրության պայմանները, գործատուն կարող է փոփոխել միայն տնտեսության որոշակի ոլորտում, որոշակի կազմակերպությունում կամ աշխատողների որոշակի կատեգորիայի համար` օրենքով կամ կոլեկտիվ պայմանագրով սահմանված աշխատավարձի վճարման պայմանների փոփոխության դեպքում: Օրենքով կամ կոլեկտիվ պայմանագրով սահմանված աշխատանքի վարձատրության պայմանների փոփոխման դեպքում, աշխատողի աշխատավարձը կարող է նվազեցվել միայն նրա գրավոր համաձայնությամբ:

Հոդված 109. Աշխատանքի պայմանների ժամանակավոր փոփոխումը հատուկ դեպքերում

1. Գործատուն իրավունք ունի մինչեւ մեկ ամիս ժամկետով աշխատողին նույն աշխատավայրում փոխադրել աշխատանքային պայմանգրով չնախատեսված այլ աշխատանքի, ինչպես նաեւ փոփոխել աշխատանքային պայմանագրի սույն օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ ու 4-րդ կետերով եւ 2-րդ մասով սահմանված պայմանները տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման նպատակով:

2. Աշխատողի փոխադրումը նրա առողջական վիճակին հակացուցված աշխատանքի արգելվում է:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում աշխատանքի վարձատրությունը կատարվում է կատարված աշխատանքին համապատասխան: Եթե այլ աշխատանքի փոխադրման դեպքում աշխատողի աշխատավարձը նվազում է գործատուից անկախ պատճառներով, ապա պահպանվում է նրա նախկին աշխատանքի համար վճարված միջին աշխատավարձի չափը:

Հոդված 110. Պարապուրդի դեպքում այլ աշխատանքի փոխադրումը

1. Ոչ աշխատողի մեղքով պարապուրդն, աշխատավայրում ստեղծված այն իրավիճակն է, որի ժամանակ գործատուն կազմակերպչական կամ տեխնիկական պայմանների բացակայությամբ, անհաղթահարելի ուժով կամ այլ հանգամանքներով պայմանավորված աշխատողի համար չի կարողանում ապահովել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը:

2. Գործատուն իրավունք ունի պարապուրդի ժամանակ աշխատողին նրա գրավոր համաձայնությամբ փոխադրել ցանկացած այլ աշխատանքի՝ հաշվի առնելով աշխատողի մասնագիտությունը, որակավորումը եւ առողջական վիճակը: Աշխատողի համաձայնությամբ նա կարող է փոխադրվել նաեւ այլ աշխատանքի` առանց հաշվի առնելու նրանց մասնագիտությունը եւ որակավորումը:

3. Պարապուրդի հետեւանքով այլ աշխատանքի փոխադրված աշխատողների աշխատանքի վարձատրությունը կատարվում է սույն օրենսգրքի 192-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 111. Աշխատանքի չթույլատրելը

1. Գործատուն աշխատողին չի թույլատրում կատարելու իր աշխատանքային պարտականությունները եւ չի վճարում աշխատավարձ, եթե աշխատողը գտնվում է ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ: Գործատուն կարող է աշխատողին աշխատանքի չթույլատրել նաեւ օրենքով սահմանված այլ դեպքերում: 2. Աշխատանքի չթույլատրելու ժամանակահատվածը լրանալուց հետո աշխատողը վերադառնում է նախկին աշխատանքին այն դեպքում, եթե աշխատանքի չթույլատրելու պատճառների հետ կապված աշխատանքային պայմանագրի լուծման հիմքեր չեն առաջացել:

3. Աշխատողն, օրենսդրությամբ սահմանված կարգով, իրավունք ունի պահանջել վնասների հատուցում, եթե գործատուն անհիմն կերպով նրան չի թույլատրել աշխատանքի:

ԳԼՈՒԽ 16.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

Հոդված 112. Աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը

Աշխատանքային պայմանագիրը լուծվում է`

1) կողմերի համաձայնությամբ.

2) պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում.

3) աշխատողի նախաձեռնությամբ.

4) գործատուի նախաձեռնությամբ.

5) սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

Հոդված 113. Աշխատանքային պայմանագրի լուծումը կողմերի համաձայնությամբ

1. Կողմերի համաձայնությամբ աշխատանքային պայմանագրի մի կողմը կարող է գրավոր ձեւով առաջարկել մյուս կողմին լուծելու պայմանագիրը: Առաջարկի հետ համաձայնվելու դեպքում մյուս կողմը պետք է յոթ օրվա ընթացքում իր համաձայնության մասին ծանուցի առաջարկ ներկայացրած կողմին: Եթե կողմերը համաձայնվում են լուծել պայմանագիրը, ապա այդ մասին կնքում են գրավոր համաձայնագիր, որում նշվում է պայմանագրի լուծման ժամկետը եւ այլ պայմաններ (հատուցումներ եւ այլն):

2. Եթե պայմանագիրը լուծելու առաջարկություն ստացած կողմը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում չի ծանուցում պայմանագիրը լուծելու իր համաձայնության մասին, ապա աշխատանքային պայմանագրի լուծման մասին առաջարկը համարվում է մերժված:

Հոդված 114. Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի լուծումը նրա գործողության ժամկետը լրանալու պատճառով

1. Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով գործատուն կամ աշխատողն իրավունք ունեն լուծել պայմանագիրը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Գործատուն կարող է ժամկետը լրանալու պատճառով լուծել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը, այդ մասին գրավոր ծանուցելով աշխատողին առնվազն տասն օր առաջ:

3. Սույն հոդվածում նախատեսված ժամկետները չեն կիրառվում այն աշխատողների նկատմամբ, որոնք աշխատանքի են ընդունվել բացակայող աշխատողի փոխարեն:

4. Աշխատողը կարող է լուծել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը ժամկետը լրանալու պատճառով, այդ մասին գրավոր ծանուցելով գործատուին՝ պայմանագրի ժամկետի ավարտից առնվազն տասն օր առաջ: Եթե աշխատողը չի ծանուցել գործատուին որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին եւ պայմանագրով նախատեսված վերջին աշխատանքային օրվան, հաջորդող աշխատանքային օրից դուրս չի եկել աշխատանքի, ապա պայմանագիրը համարվում է լուծված եւ գործատուն պարտավոր է աշխատողին հանձնել աշխատանքային գրքույկը եւ նրա հետ կատարել վերջնահաշվարկ, աշխատողի կողմից պահանջը ներկայացնելու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:

5. Եթե որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանգրի ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում սույն հոդվածով սահմանված կարգով եւ աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կողմերի համաձայնությամբ կնքված անորոշ ժամկետով:

Հոդված 115. Աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատողի նախաձեռնությամբ

1. Աշխատողն իրավունք ունի լուծել անորոշ ժամկետով, ինչպես նաեւ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն տասնչորս օր առաջ գրավոր ձեւով ծանուցելով գործատուին: Կոլեկտիվ պայմանագրով, նման դեպքերի համար, կարող է նախատեսվել ծանուցման ավելի երկար ժամկետ: Ծանուցման ժամկետը լրանալուց հետո աշխատողն իրավունք ունի դադարեցնել աշխատանքը, իսկ գործատուն պարտավոր է ձեւակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը եւ աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ:

2. Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով, ինչպես նաեւ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը, նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն երեք օր առաջ գրավոր ձեւով ծանուցելով գործատուին, եթե աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է իր կողմից կատարվող աշխատանքը խոչընդոտող հիվանդության կամ հաշմության հետ կամ կոլեկտիվ պայմանագրով սահմանված այլ հարգելի պատճառներով կամ եթե գործատուն չի կատարում աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները, խախտում է օրենքը կամ կոլեկտիվ պայմանագիրը, ինչպես նաեւ սույն օրենսգրքում նախատեսված այլ դեպքերում: Եթե աշխատողն արդեն ձեռք է բերել ծերության կենսաթոշակի անցնելու իրավունք կամ ստանում է այդ կենսաթոշակը, ապա նա կարող է լուծել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրն` այդ մասին ոչ ուշ, քան երեք օր առաջ գրավոր ձեւով ծանուցելով գործատուին: Նման դեպքերում աշխատանքային պայմանագիրը պետք է լուծվի աշխատողի ծանուցման մեջ նշված ժամկետից:

3. Աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում հետ վերցնել պայմանագիրը լուծելու մասին իր դիմումը: Նշված ժամկետից հետո նա կարող է հետ վերցնել իր դիմումը միայն գործատուի համաձայնությամբ:

Հոդված 116. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ

1. Գործատուն իրավունք ունի մինչեւ պայմանագրի ժամկետը ավարտվելը, լուծելու որոշակի ժամկետով կնքված կամ անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը`

1) կազմակերպության լուծարման դեպքում.

2) գործատուի սնանկ ճանաչվելու դեպքում.

3) կազմակերպչական, տնտեսական եւ տեխնոլոգիական պատճառներով աշխատողների թվաքանակի կրճատման (այսուհետ` աշխատողների թվաքանակի կրճատում) դեպքում.

4) աշխատողի զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում.

5) փորձաշրջանի անբավարար արդյունքի պատճառով.

6) աշխատողի ծառայողական պարտականությունները չկատրելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում.

7) աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում.

8) աշխատողի կողմից անվայել արարք կատարելու դեպքում.

9) աշխատողի երկարատեւ անաշխատունակության հետեւանքով.

10) աշխատողի տարիքի պատճառով.

11) սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

2. Գործատուն սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 10-րդ կետերում նախատեսված հիմքերով որոշակի ժամկետով կամ անորոշ ժամկետով կնքված պայմանագրերը լուծելիս գործատուն պարտավոր է այդ մասին աշխատողին ծանուցել սույն օրենսգրքի 118-րդ հոդվածում նշված ժամկետներում:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել այն դեպքում, եթե իր մոտ առկա ֆինանսական, տեխնիկական, տնտեսական հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք եւ եթե աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից: Գործատուի մոտ ֆինանսական, տեխնիկական, տնտեսական համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու:

Հոդված 117. Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքը

1.Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է`

1) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում.

2) աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում.

3) օրինական գործադուլի ժամանակ, եթե աշխատողը այդ գործադուլին մասնակցում է սույն օրենսգրքով սահմանված կարգով.

4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աշխատողի վրա դրված պարտականությունների կատարման ընթացքում, բացառությամբ սույն օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված դեպքերի.

2. Եթե աշխատողը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների ավարտից հետո չի ներկայանում աշխատանքի աշխատանքային պայմանագիրը նրա հետ կարող է լուծվել աշխատանքային պայմանագրի լուծման սույն գլխով սահմանված կարգով:

3. Սույն հոդվածի 1-ին մասը չի կիրառվում, երբ աշխատանքային պայմանագրի լուծումը պայմանավորված է կազմակերպության լուծարման կամ գործատուի սնանկ ճանաչման հետ:

4. Աշխատանքային հարաբերությունների դադարեցման օրինական պատճառներ չեն կարող լինել՝

1) արհեստակցական միությանը անդամակցելը կամ ոչ աշխատանքային ժամերին, իսկ գործատուի համաձայնությամբ նաեւ աշխատանքային ժամերին արհեստակցական միության գործունեությանը մասնակցելը.

2) երբեւէ աշխատողների ներկայացուցիչ հանդիսանալը.

3) օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի կամ կոլեկտիվ պայմանագրի խախտման համար գործատուին մեղադրանք ներկայացնելը.

4) սեռը, սեռական կողմնորոշումը, ռասան, ազգությունը, լեզուն, ծագումը, քաղաքացիությունը, սոցիալական դրությունը, դավանանքը, ամուսնական վիճակը եւ ընտանեկան դրությունը, համոզմունքները կամ տեսակետները, կուսակցություններին կամ հասարակական կազմակերպություններին անդամակցելը.

5) տարիքը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատողը ձեռք է բերել ծերության կենսաթոշակ ստանալու իրավունք կամ ստանում է այդ կենսաթոշակը:

Հոդված 118. Աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը

1. Աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել`

1) կազմակերպության լուծարման դեպքում ոչ ուշ, քան երկու ամիս առաջ.

2) աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում`

- մինչեւ մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ ունեցող աշխատողին` ոչ ուշ, քան երկու շաբաթ առաջ,

- մեկից մինչեւ հինգ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ ունեցող աշխատողին` ոչ ուշ, քան երեք շաբաթ առաջ,

- հինգից տասը տարվա անընդհատ աշխատանքային ստաժ ունեցող աշխատողին` ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ,

- տասը տարուց ավելի անընդհատ աշխատանքային ստաժ ունեցող աշխատողին` ոչ ուշ, քան երկու ամիս առաջ.

3) զբաղեցրած պաշտոնին կամ կատապած աշխատանքին աշխատողի չհամապատասխանելու դեպքում ոչ ուշ, քան երկու շաբաթ առաջ.

4) աշխատողի տարիքի պատճառով`

- եթե տվյալ գործատուի մոտ աշխատողը ունի մինչեւ 10 տարվա անընդհատ աշխատանքային ստաժ`ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ,

- եթե տվյալ գործատուի մոտ աշխատողը ունի 10 տարուց ավելի անընդհատ աշխատանքային ստաժ`ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:

Կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրով կարող են սահմանվել սույն մասում նախատեսված ծանուցման ժամկետների համեմատ ավելի երկար ժամկետներ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետները չպահպանելու դեպքում գործատուն, պարտավոր է աշխատողին վճարել հատուցում ծանուցման յուչաքանչյուր ժամկետանց օրվա համար, նրա միջին օրական աշխատավարձի չափով:

3. Գործատուի սնանկ ճանաչվելու դեպքում, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 127-րդ եւ 128-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում թույլատրվում է աշխատանքային պայմանագիրը լուծել առանց աշխատողին ծանուցելու:

4. Սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի 6-8-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու ժամանակ գործատուն պարտավոր է պահպանել կարգապահական տույժերի կիրառման սույն օրենսգրքով սահմանված կարգը: Աշխատողի մեղքով աշխատանքային պայմանագիրը լուծելու ժամանակ գործատուն պարտավոր չէ աշխատողին ծանուցել պայմանագրի լուծման մասին եւ վճարել հատուցում:

5. Աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման մեջ պետք է նշվեն՝

1) աշխատանքից ազատելու հիմքը եւ պատճառները.

2) աշխատանքից ազատելու տարին, ամիսը, ամսաթիվը.

3) ազատվող աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը:

6. Սույն հոդվածի 1-ին մասում սահմանված ժամանակահատվածներում, նոր աշխատանք փնտրելու համար, գործատուն պետք է աշխատողին տրամադրի ազատ ժամանակ: Տրամադրվող ժամանակի տեւողությունը չի կարող պակաս լինել ծանուցման աշխատաժամանակի նորմայի տաս տոկոսից: Աշխատանք փնտրելու համար ազատ ժամանակը հատկացվում է աշխատողի եւ գործատուի որոշած կարգով: Այդ ժամանակահատվածում պահպանում է աշխատողի միջին աշխատավարձը:

7. Աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին ծանուցումը ուժը կորցրած է համարվում այն դեպքում, եթե ծանուցման ժամկետը լրանալուց հետո անցել է մեկ ամսից ավել ժամանակ եւ գործատուն չի լուծել պայմանագիրը: Այդ ժամկետում չի հաշվարկվում աշխատողի արձակուրդի եւ ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածները:

Հոդված 119. Զանգվածային ազատումները

1. Կազմակերպության լուծարման կամ աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում աշխատանքային պայմանագրերը լուծելիս, գործատուն պարտավոր է աշխատանքային պայմանագրերը լուծելու եւ ազատվող աշխատողների թվաքանակի մասին տվյալները ներկայացնել Հայաստանի Հանրապետության զբաղվածության պետական ծառայությանը եւ աշխատողների ներկայացուցչին ոչ ուշ, քան երեք ամիս առաջ, եթե երկու ամսվա ընթացքում նախատեսվում է աշխատանքից ազատել աշխատողների ընդհանուր թվի տասը տոկոսից ավելին, սակայն ոչ պակաս 10 աշխատողից (զանգվածային ազատումներ):

Եթե զանգվածային ազատումը պայմանավորված է գործատուի սնանկ ճանաչվելու հետ, ապա աշխատողների մասին տվյալները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության զբաղվածության պետական ծառայությանը սնանկ ճանաչելու մասին դատարանի վճռի կայացման օրվանից ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում:

2. Այն դեպքում, եթե նախատեսվում է աշխատանքից ազատել հիսուն եւ ավելի աշխատողներ, ապա գործատուն մինչեւ աշխատանքային պայմանագրերի լուծման մասին աշխատողներին ծանուցելը պետք է ոչ ուշ, քան զանգվածային ազատումներից երկու շաբաթ առաջ խորհրդակցի աշխատողների ներկայացուցիչների հետ զանգվածային ազատման բացասական հետեւանքներից խուսափելու նպատակով:

3. Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրով եւ սեզոնային աշխատանքային պայմանագրով աշխատողների ազատման դեպքերը, եթե դրանք կատարվել են առանց պայմանագրերում նշված ժամկետների խախտման, աշխատողների զանգվածային ազատումներ չեն համարվում:

Հոդված 120. Հղի կանանց եւ երեխա խնամող աշխատողների երաշխիքները

1. Աշխատանքային պայմանագիրը չի կարող լուծվել հղի կանանց հետ, սկսած գործատուին հղիության մասին տեղեկանք ներկայացնելու օրվանից եւ հղիության ու ծննդաբերության արձակուրդը լրանալուց հետո եւս մեկ ամսվա ընթացքում` բացառությամբ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-8-րդ կետերով եւ 127-րդ հոդվածով սահմանված դեպքերի:

2. Մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը չի կարող լուծվել աշխատողի մեղքի բացակայության դեպքում` բացառությամբ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-8-րդ կետերով եւ 127-րդ հոդվածով սահմանված դեպքերի:

Հոդված 121. Մասնագիտական հիվանդություն եւ աշխատանքային խեղում ստացած աշխատողի երաշխիքները

1. Մասնագիտական հիվանդության կամ աշխատանքային խեղմանարդյունքում աշխատունակությունը կորցրած աշխատողի համար պահպանվում է աշխատատեղը եւ պաշտոնը մինչեւ աշխատունակության վերականգնումը կամ հաշմանդամության կարգի որոշումը: Աշխատողի հետ, որի հաշմանդամության կարգը որոշվել է, աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել սույն գլխի դրույթների պահպանմամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված դեպքերում ժամանակավոր անաշխատունակ դարձած աշխատողները պահպանում են իրենց աշխատատեղը եւ պաշտոնը, եթե նրանք ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չեն ներկայացել ոչ ավելի, քան 120 օր անընդմեջ կամ ոչ ավելի, քան 140 օր` վերջին տասներկու ամսվա ընթացքում, եթե օրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը եւ պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով:

Հոդված 122. Աշխատողների ներկայացուցիչների երաշխիքները

1. Աշխատողների ներկայացուցչական մարմիններում ընտրված աշխատողները իրենց լիազորությունների իրականացման ժամկետում չեն կարող սույն օրենսգրքի 116-րդ հոդվածին համապատասխան ազատվել աշխատանքից, բացառությամբ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-8-րդ կետերով եւ 127-րդ հոդվածով նախատեսված դեպքերի առանց աշխատանքի տեսուչի նախնական համաձայնության:

2. Աշխատողների ներկայացուցչին, աշխատանքից ազատելու մասին համաձայնություն ստանալու վերաբերյալ գործատուն պետքէ դիմի աշխատանքի պետական տեսուչին: Աշխատանքի պետական տեսուչը պարտավոր է պատասխանել գործատուին դիմումն ստանալուց օրվանից 14 օրվա ընթացքում: Աշխատանքի պետական տեսուչն աշխատողին ազատելու համաձայնություն տալու կամ համաձայնություն տալը մերժելու մասին որոշումը պարտավոր է ներկայացնել գրավոր: Եթե սահմանված ժամկետում գործատուին պատասխան չի տրվում, ապա գործատուն իրավունք ունի լուծել աշխատանքային պայմանագիրը:

3. Աշխատողին ազատելու համաձայնություն չտալու մասին որոշումը, գործատուն կարող է բողոքարկել դատական կարգով: Դատարանը կարող է անվավեր ճանաչել այդ որոշումը, եթե դրանով էականորեն ոտնահարվում են գործատուի շահերը:

4. Կոլեկտիվ պայմանագրով կարող է նախատեսվել, որ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված երաշխիքը կիրառվում է նաեւ մյուս աշխատողների նկատմամբ:

5. Աշխատողին ազատելու համաձայնություն տալու մասին աշխատանքի պետական տեսուչի որոշումն ուժի մեջ է մինչեւ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար սույն օրենսգրքի 118-րդ հոդվածով սահմանված ծանուցման ժամկետի ավարտը: Սույն հոդվածի պահանջների խախտումով աշխատանքից ազատված աշխատողը կարող է դիմել դատարան:

Հոդված 123. Աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատողի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում

1. Գործատուն իրավունք ունի սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատողը վերջին մեկ տարվա ընթացքում թեկուզեւ մեկ անգամ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:

2. Գործատուն իրավունք ունի լուծել աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատողը թեկուզեւ մեկ անգամ կոպիտ կերպով խախտում է աշխատանքային կարգապահությունը կամ կատարել է աշխատանքային պայմանագրի կոպիտ խախտում:

3. Սույն հոդվածին համապատասխան աշխատանքային պայմանագիրը լուծելիս, գործատուն պարտավոր է պահպանել կարգապահական պատասխանատվության կիրառման կանոնները:

Հոդված 124. Աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով

1. Գործատուն իրավունք ունի սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը գործատուի վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը`

1) փչացրել, պակասեցրել, վնասել կամ կորցրել է գործատուի գույքը, ինչպես նաեւ աշխատանքի վայրում գողացել է այլ աշխատողի գույքը.

2) գործատուի գույքի պահպանությունը դրել է վտանգի տակ.

3) անվստահություն է առաջացրել սպառողների, հաճախորդների կամ գործատուի գործընկերների մոտ:

Հոդված 125. Աշխատանքային պայմանագրի լուծումը անվայել արարքի համար

1. Գործատուն իրավունք ունի սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատողը աշխատանքի վայրում կատարել է անվայել արարք:

2. Անվայել է համարվում այն արարքը, որը հակասում է համընդհանուր ճանաչված բարոյականության նորմերին կամ վարքաբեկում է աշխատողին կամ գործատուին:

Հոդված 126. Աշխատանքային պայմանագրի լուծումը կապված աշխատողի տարիքի հետ

Գործատուն իրավունք ունի սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 10-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը, եթե լրացել է աշխատողի 65 տարին:

Հոդված 127. աշխատանքային պայմանագրի լուծումը առանց նախազգուշացման

Աշխատանքային պայմանագիրը, առանց նախազգուշացման, ենթակա է լուծման հետեւյալ դեպքերում՝

1) առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որին համապատասխան աշխատողը ենթարկվել է այնպիսի պատասխանատվության, որը հնարավորություն չի տալիս շարունակելու աշխատանքը: Սահմանված կարգով աշխատողին կալանքի վերցնելու դեպքում, աշխատանքային պայմանագիրը լուծվում է աշխատողին կալանքի վերցնելու օրվանից.

2) եթե օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողը զրկվել է որոշակի աշխատանքներ կատարելու համար հատուկ իրավունքներից.

3) եթե աշխատողը բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի եզրակացությանը համապատասխան չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը, կամ կատարել այդ աշխատանքը.

4) եթե աշխատողը տասնչորսից տասնվեց տարեկան է եւ ծնողներից մեկը, որդեգրողը կամ հոգաբարձուն, նրա առողջության նկատմամբ հսկողություն իրականացնող բժիշկը կամ աշխատանքի տեսուչը պահանջում են աշխատանքային պայմանագրի լուծում:

Հոդված 128. Աշխատանքային պայմանագրի լուծումը կապված զորակոչի կամ ժամկետային զինվորական ծառայության անցնելու հետ

1. Աշխատողի ժամկետային զինվորական ծառայության անցնելու հետ կապված ոչ ուշ, քան համապատասխան ծանուցագրում նշված ժամկետից երեք օրացուցային օր առաջ գործատուն ծառայության ամբողջ ժամանակահատվածով ժամանակավորապես լուծում է աշխատանքային պայմանագիրը:

2. Զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերի կցագրվելու եւ վարժական հավաքների կանչվելու ընթացքում աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով սահմանված կարգով:

Հոդված 129. Աշխատանքային պայմանագիրը լուծելը գործատուի սնանկության դեպքում

Գործատուի սնանկ ճանաչվելու դեպքում սնանկության գործերով կառավարիչը իրավունք ունի, սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, 116-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատողների աշխատանքային պայմանագրերը:

Հոդված 130. Աշխատանքային պայմանագիրը լուծելու սահմանափակումները կազմակերպությունը վերակազմակերպելիս

Կազմակերպության վերակազմակերպումը, ինչպես նաեւ նրա նկատմամբ գույքային, կամ այլ իրավունքներ ունեցող անձանց փոփոխությունը հիմք չէ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար:

Հոդված 131. Աշխատանքային պայմանագրի` օրենսդրության հետ հակասությունները վերացնելը

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրության կամ միջազգային պայմանագրերի խախտումով կնքված աշխատանքային պայմանագիրը ենթակա է լուծման կամ դրա համապատասխան մասը` անվավեր ճանաչման: Նման խախտում կատարած գործատուն կամ նրա կողմից լիազորված անձը ենթակա է պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:

2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան աշխատանքային պայմանագրի լուծման կամ օրենսդրությանը հակասելու պատճառով, դրա առանձին մասերի անվավերության վերաբերյալ վեճերը լուծում է դատարանը:

Հոդված 132. Աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատողի մահվան դեպքում

Աշխատողի մահվան դեպքում գործատուն լուծում է աշխատանքային պայմանագիրը աշխատողի մահվան օրվանից:

Հոդված 133. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի մահվան դեպքում

Գործատուի մահը հիմք չէ աշխատանքային պայմանագրի լուծման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատողն ընդունվել է աշխատանքի գործատուին անձնական ծառայություններ մատուցելու համար: Այդ դեպքում աշխատանքային պայմանագիրը լուծվում է գործատուի ժառանգների կամ աշխատանքի տեսուչի կողմից: Աշխատանքային պայմանագիրը լուծվում է գործատուի մահվան օրվանից:

Հոդված 134. Արձակման նպաստ

Սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-4 կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում աշխատողին վճարվում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով` օրենքով նախատեսված կարգով: Կոլեկտիվ պայմանագրով կարող է նախատեսվել արձակման նպաստի վճարում ավելի երկար ժամանակահատվածով:

Հոդված 135. Ազատվող աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը

1. Գործատուն պարտավոր է աշխատանքից ազատվող աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ նրա ազատման օրը, եթե օրենսդրությամբ, կամ գործատուի եւ աշխատողի միջեւ համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:

2. Գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել հասանելիք դրամական միջոցները եւ սահմանված կարգով լրացնել աշխատողի աշխատանքային գրքույկը:

3. Աշխատողի ցանկությամբ` գործատուն պարտավոր է տրամադրել աշխատողի աշխատանքային գործառույթների (պարտականությունների), աշխատանքի ժամանակահատվածի, իսկ աշխատողի առանձին միջնորդության դեպքում՝ նաեւ աշխատավարձի չափի եւ աշխատանքի գնահատականի վերաբերյալ տեղեկանք:

ԳԼՈՒԽ 17.

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 136. Աշխատողի անձնական տվյալների հասկացությունը եւ այդ տվյալների մշակումը

Աշխատողի անձնական տվյալներն` աշխատանքային հարաբերությունների հետ կապված եւ կոնկրետ աշխատողին վերաբերող գործատուին անհրաժեշտ տեղեկություններն են:

Աշխատողի անձնական տվյալների մշակում է համարվում աշխատողի անձնական տվյալների ստացումը, պահպանությունը, համակարգումը, փոխանցումը կամ ցանկացած այլ կերպ օգտագործումը:

Հոդված 137. Աշխատողի անձնական տվյալների մշակման ընդհանուր պահանջները եւ նրանց պահպանման երաշխիքները

Մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների ապահովման նպատակով գործատուն աշխատողի անձնական տվյալները մշակելիս պարտավոր է պահպանել հետեւյալ պահանջները՝

1) աշխատողի անձնական տվյալների մշակումը կարող է իրականացվել բացառապես օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարումն ապահովման նպատակով՝ աջակցելով աշխատողների աշխատանքի տեղավորմանը, ուսուցմանը եւ աշխատանքում առաջխաղացմանը, աշխատողների անձնական անվտանգության ապահովմանը, կատարվող աշխատանքի քանակի եւ որակի հսկմանը ու գույքի պաշտպանության ապահովմանը.

2) աշխատողի վերաբերյալ մշակվող անձնական տվյալների ծավալը եւ բովանդակությունը որոշելիս գործատուն պետք է ղեկավարվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով.

3) աշխատողի բոլոր անձնական տվյալները պետք է ստացվեն աշխատողից: Եթե աշխատողի անձնական տվյալները հնարավոր է ստանալ միայն երրորդ անձից՝ ապա աշխատողը պետք է այդ մասին նախապես տեղեկացված լինի եւ նրանից պետք է ստացված լինի գրավոր համաձայնություն: Գործատուն պարտավոր է տեղեկացնել աշխատողին անձնական տվյալների ստացման նպատակի, անձնական տվյալների ստացման ենթադրվող միջոցների եւ աղբյուրների, ինչպես նաեւ ստացման ենթակա անձնական տվյալների բնույթի եւ աշխատողի կողմից դրանց ստացման գրավոր համաձայնություն տալը մերժելու հետեւանքների մասին.

4) գործատուն իրավունք չունի ձեռք բերել եւ մշակել աշխատողի քաղաքական, կրոնական եւ այլ համոզմունքների կամ անձնական կյանքի վերաբերյալ անձնական տվյալները: Աշխատանքային հարաբերությունների հետ անմիջականորեն կապված դեպքերում, գործատուն իրավունք ունի ձեռք բերել եւ մշակել աշխատողի անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ՝ միայն նրա գրավոր համաձայնությամբ.

5) գործատուն իրավունք չունի ձեռք բերել եւ մշակել աշխատողի հասարակական միավորումներում անդամակցության կամ արհեստակցական միություններում նրա գործունեության մասին անձնական տվյալներ՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

6) աշխատողի շահերը շոշափող որոշումներ ընդունելիս գործատուն իրավունք չունի հիմնվել բացառապես ավտոմատացված մշակման արդյունքում կամ էլեկտրոնային միջոցներից ստացված` աշխատողի անձնական տվյալների վրա.

7) աշխատողի անձնական տվյալների ոչ օրինական օգտագործումից կամ կորուստից պահպանությունը, օրենքով սահմանված կարգով պետք է ապահովի գործատուն` իր միջոցների հաշվին.

8) աշխատողները եւ նրանց ներկայացուցիչները պետք է ստորագրությամբ ծանոթացվեն աշխատողների անձնական տվյալների մշակման կարգը սահմանող, ինչպես նաեւ այդ բնագավառում իրենց իրավունքներն ու պարտականությունները ամրագրող գործատուի փաստաթղթերին.

9) աշխատողներն իրավունք չունեն հրաժարվել գաղտնիության պահպանության եւ պաշտպանության իրենց իրավունքներից.

10) գործատուները, աշխատողները եւ նրանց ներկայացուցիչները պետք է համատեղ մշակեն աշխատողների անձնական տվյալների պահպանության միջոցները:

Հոդված 138. Աշխատողների անձնական տվյալների պահպանությունը եւ օգտագործումը

Աշխատողների անձնական տվյալների պահպանության եւ օգտագործման կարգը սահմանում է գործատուն՝ սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան:

Հոդված 139. Աշխատողի անձնական տվյալների փոխանցումը

Աշխատողի անձնական տվյալները փոխանցելիս գործատուն պարտավոր է պահպանել հետեւյալ պահանջները՝

1) աշխատողի անձնական տվյալները չհայտնել երրորդ անձանց առանց աշխատողի գրավոր համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է աշխատողի կյանքի եւ առողջության սպառնալիքի նախազգուշացման համար, ինչպես նաեւ օրենքով սահմանված դեպքերում.

2) առանց աշխատողի գրավոր համաձայնության չհայտնել նրա անձնական տվյալները` առեւտրային նպատակներով.

3) նախազգուշացնել աշխատողի անձնական տվյալները ստացող անձանց այն մասին, որ այդ տվյալները կարող են օգտագործվել միայն այն նպատակներով, որոնց համար աշխատողները տեղեկացված են եւ պահանջել այդ անձանցից հավաստում այդ կանոնի պահպանման մասին: Աշխատողների անձնական տվյալները ստացող անձինք պարտավոր են պահպանել գաղտնիությունը: Այս դրույթը չի տարածվում օրենքներով սահմանված կարգով աշխատողների անձնական տվյալների փոխանակման վրա.

4) աշխատողների անձնական տվյալների փոխանցումը մեկ կազմակերպության ներսում իրականացնել գործատուի ներքին իրավական ակտերին համապատասխան, որոնց հետ աշխատողը պետք է ստորագորթյամբ ծանոթացվի.

5) աշխատողների անձնական տվյալներին ծանոթանալու իրավունք վերապահել միայն հատուկ լիազորություններ ունեցող անձանց, ընդ որում, այդ անձինք կարող են ստանալ աշխատողի միայն այն անձնական տվյալները, որոնք անհրաժեշտ են կոնկրետ գործառույթն իրականացնելու համար.

6) չպահանջել աշխատողի առողջության վերաբերյալ տեղեկություններ, բացառությամբ այն տվյալների, որոնք վերաբերում են աշխատողի կողմից աշխատանքային գործառույթ իրականացնելու հնարավորությանը.

7) փոխանցել աշխատողի անձնական տվյալները աշխատողների ներկայացուցիչներին, սույն օրենսգրքով սահմանված կարգով եւ սահմանափակվել միայն աշխատողի անձնական այն տվյալներով, որոնք անհրաժեշտ են նշված ներկայացուցիչների կողմից իրենց գործառույթներն իրականացնելու համար:

Հոդված 140. Աշխատողի իրավունքները կապված գործատուի մոտ պահպանվող անձնական տվյալների պահպանության հետ

Գործատուի մոտ պահպանվող անձնական տվյալների անվտանգության ապահովման նպատակով աշխատողն իրավունք ունի՝

1) ստանալ ամբողջական տեղեկատվություն իր անձնական տվյալների եւ դրանց մշակման վերաբերյալ.

2) ազատորեն եւ անվճար ծանոթանալ իր անձնական տվյալներին, ստանալ անձնական տվյալներ պարունակող յուրաքանչյուր գրառման պատճենը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

3) ծանոթանալ իրեն վերաբերող բժշկական տվյալներին, ներառյալ իր ընտրած բժշկի մասնակցությամբ.

4) պահանջել հանելու կամ ուղղելու սխալ կամ ոչ լիարժեք, ինչպես նաեւ սույն օրենսգրքի պահանջների խախտումով մշակված անձնական տվյալները: Գործատուի կողմից աշխատողի անձնական սխալ տվյալները հանելու կամ ուղղելու մերժման դեպքում, աշխատողն իրավունք ունի գրավոր դիմել գործատուին հայտնելով իր անհամաձայնությունը` կցելով համապատասխան հիմնավորումները.

5) պահանջել գործատուից` նախկինում իր վերաբերյալ սխալ կամ ոչ լիարժեք տեղեկություններ փոխանցված բոլոր անձանց տեղեկացնելու հանված տեղեկությունների, ուղղումների եւ լրացումների մասին.

6) դատական կարգով բողոքարկել գործատուի ցանկացած գործողությունը կամ անգործությունը, կապված իր անձնական տվյալները մշակելու եւ պահպանելու հետ:

Հոդված 141. Աշխատողի անձնական տվյալների մշակման եւ պահպանման համար պատասխանատվությունը

Աշխատողի անձնական տվյալների մշակման եւ պահպանման սույն օրենսգրքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված կարգը խախտող անձինք ենթակա են պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:

ԲԱԺԻՆ IV.

ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԸ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ

ԳԼՈՒԽ 18.

ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԸ

Հոդված 142. Աշխատաժամանակի հասկացությունը

Աշխատաժամանակ է համարվում այն ժամանակահատվածը, որի ընթացքում աշխատողը պարտավոր է կատարել իրեն հանձնարարված աշխատանքը, ինչպես նաեւ դրան հավասարեցված այլ ժամանակահատվածները:

Հոդված 143. Աշխատաժամանակի կառուցվածքը

1. Աշխատաժամանակը ներառում է՝

1) փաստացի աշխատած ժամանակահատվածը, հերթապահությունը աշխատավայրում կամ տանը.

2) ծառայողական գործուղման, այլ վայր ծառայողական ուղեւորության ժամանակահատվածը.

3) աշխատավայրը, աշխատանքային գործիքները եւ պաշտպանության միջոցները կարգի բերելու կամ նախապատրաստելու համար անհրաժեշտ ժամանակահատվածը.

4) օրենքով, կոլեկտիվ պայմանագրով կամ ներքին իրավական ակտերով սահմանված կարգով աշխատաժամանակում ներառվող ընդմիջումները.

5) պարտադիր բժշկական հետազոտության ժամանակահատվածը.

6) աշխատավայրում կամ ուսումնական կենտրոններում որակավորման բարձրացման համար անհրաժեշտ ժամանակահատվածը.

7) սույն օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված կարգով աշխատողին աշխատանքի չթույլատրելու ժամանակահատվածը, եթե աշխատանքի չթույլատրված աշխատողին թույլատրվում է մնալ աշխատավայրում` պահպանեովլ աշխատավայրում սահմանված կարգը.

8) պարապուրդի ժամանակահատվածը.

9) օրենքով, կոլեկտիվ պայմանագրով կամ ներքին իրավական ակտերով սահմանված այլ ժամանակահատվածները:

2. Աշխատաժամանակում չեն ներառվում, սակայն հաշվարկվում են աշխատանքային ստաժում՝

1) գործալքության ժամանակահատվածը.

2) կազմակերպության ղեկավարիկան նրա ներկայացուցչի համաձայնությամբ աշխատանքի չներկայանալու ժամանակահատվածը.

3) պետական, հասարակական կամ քաղաքացիական պարտականությունների կատարման, զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերի կցագրվելու, վարժական հավաքներին մասնակցելու եւ ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածը.

4) ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.

5) հանգստի կամ սնվելու համար ընդմիջումները, ամենօրյա (միջհերթափոխային), ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը, սույն օրենսգրքով ոչ աշխատանքային օրեր համարվող տոնական եւ հիշատակի օրերը, արձակուրդը: Նշված ժամանակահատվածները կարող են ներառվել աշխատաժամանակում, եթե աշխատողը այդ օրերին կատարում է աշխատանք սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում եւ կարգով.

6) օրենքով, կոլեկտիվ պայմանագրով կամ ներքին իրավական ակտերով սահմանված այլ ժամանակահատվածները:

Հոդված 144. Աշխատաժամանակի տեւողությունը

1. Աշխատաժամանակի նորմալ տեւողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից:

2. Ամենօրյա աշխատաժամանակի տեւողությունը չի կարող անցնել 8 աշխատանքային ժամից, բացառությամբ սույն օրենսգրքով, օրենքով, այլ իրավական ակտերով եւ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի:

3. Աշխատաժամանակի առավելագույն տեւողությունը՝ ներառյալ`

1) գործատուի պահանջով սույն օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դեպքերում արտաժամյա աշխատաժամանակը, 7 օրվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից.

2) կողմերի համաձայնությամբ արտաժամյա աշխատանքը չի կարող անցնել օրական 12 ժամից` ներառյալ հանգստի եւ սնվելու համար ընդմիջումները:

4. Առանձին կատեգորիայի աշխատողների (անընդմեջ հերթապահության ռեժիմով աշխատող բուժական կազմակերպություններ, հոգաբարձության (խնամակալության) կազմակերպություններ, մանկական դաստիարակչական կազմակերպություններ, մասնագիտացված էներգետիկ, գազի, ջեռուցման ծառայություններ, կապի եւ վթարների հետեւանքների վերացման մասնագիտացված ծառայություններ եւ այլն) աշխատաժամանակի տեւողությունը կարող է կազմել օրական 24 ժամ: Այդ աշխատողների աշխատաժամանակի միջին տեւողությունը յոթ օրվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից, իսկ աշխատանքային օրերի միջեւ հանգստի ժամանկը չի կարող պակաս լինել 24 ժամից: Նման աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Տարբեր վայրերում կամ նույն աշխատանքի վայրում երկու եւ ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի աշխատաժամանակի տեւողությունը (ներառյալ հանգստի եւ սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել 12 ժամից:

Հոդված 145. Աշխատաժամանակի կրճատ տեւողություն

1. Աշխատաժամանկի կրճատ տեւողություն սահմանվում է՝

1) տասնչորսից տասնվեց տարեկան աշխատողների համար շաբաթական 24 ժամ, տասնվեցից տասնութ տարեկանների համար` շաբաթական 36 ժամ.

2) աշխատողների առողջության եւ անվտանգության համար իրավական ակտերով սահմանված` առողջության համար վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը (քանակը) գերազանցող աշխատանքային միջավայրում աշխատողների համար, եթե տեխնիկական կամ այլ միջոցներով աշխատանքային միջավայրում հնարավոր չէ վնասակար գործոնների մակարդակը իջեցնել առողջության համար անվտանգ մակարդակի: Այդ դեպքում աշխատաժամանակը սահմանվում է կախված աշխատանքային միջավայրից, սակայն շաբաթական 36 ժամից ոչ ավելի տեւողությամբ.

3) գիշեր ժամանակ աշխատող անձանց համար:

2. Մտավոր եւ հուզական գերլարված բնույթ կրող աշխատանքներում աշխատողների աշխատաժամանակի կրճատման կարգն ու պայմանները սահմանվում է կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով:

Հոդված 146. Ոչ լրիվ աշխատաժամանակ

1. Ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանաքային շաբաթ սահմանվում է՝

1) աշխատողի եւ գործատուի համաձայնությամբ.

2) աշխատողի պահանջով` կապված նրա առողջական վիճակի հետ, բժշկական եզրակացության հիման վրա.

3) հղի կնոջ եւ մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով.

4) մինչեւ 18 տարեկան աշխատողի պահանջով.

5) հաշմանդամի պահանջով՝ բժշկական եզրակացության հիման վրա.

6) ընտանիքի հիվանդ անդամի խնամքն իրականացնող աշխատողի պահանջով՝ բժշկական եզրակացության հիման վրա, սակայն ոչ ավելի քան վեց ամիս ժամանակով եւ յուրաքանչյուր օրվա համար ոչ ավելի, քան օրվա համար սահմանված աշխատաժամանակի կեսը:

2. Կողմերի համաձայնությամբ ոչ լրիվ աշխատաժամանակ կարող է սահմանվել շաբաթվա աշխատանքային օրերը կամ աշխատանքային օրը (հերթափոխը) կրճատելու միջոցով կամ երկուսը միաժամանակ կիրառելով, եթե բժշկական եզրակացությամբ այլ բան նախատեսված չէ: Աշխանտանքային օրվա ընթացքում ոչ լրիվ աշխատաժամանակը կարող է բաժանվել մասերի: Սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերում սահմանված, ոչ լրիվ աշխատաժամանակի տեւողությունը եւ դրա հատկացման կարգը սահմանվում է կողմերի համաձայնությամբ եւ կարող է ներառվել աշխատանքային պայմանագրում:

3. Ամենամյա արձակուրդի տեւողությունը սահմանելու, աշխատանքային ստաժը հաշվարկելու, ավելի բարձր պաշտոնի նշանակելու, որակավորումը բարձրացնելու, ինչպես նաեւ աշխատողի աշխատանքային այլ իրավունքներն իրականացնելու ժամանակ, ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններում կատարված աշխատանքը չի կարող հիմք հանդիսանալ սահմանափակումներ կիրառելու համար:

Հոդված 147. Աշխատաժամանակի ռեժիմը

1. Յուրաքանչյուր աշխատողի աշխատաժամանկի եւ հանգստի ժամանկի բաշխումը (փոփոխությունները) օրվա, շաբաթվա կամ հաշվետու ժամանակահատվածի ընթացքում, ինչպես նաեւ ամենօրյա աշխատանքի (հերթափոխի) սկիզբը եւ ավարտը սահմանվում է կազմակերպության աշխատանքային կարգապահության կանոններով: Աշխատանքի (հերթափոխի) գրաֆիկները հաստատում է կազմակերպության ղեկավարը կամ նրա ներկայացուցիչը, իսկ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերում եւ կարգով այն համաձայնեցնում է կազմակերպության աշխատողների ներկայացուցիչների հետ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ նրանց ենթակա կազմակերպություններում աշխատաժամանակի սկիզբը եւ ավարտը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Աշխատողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ՝ երկու հանգստյան օրով: Այն կազմակերպություններում, որտեղ արտադրության բնույթով կամ այլ պայմաններով պայմանավորված անհնար է հնգօրյա աշխատանքային շաբաթի կիրառումը՝ սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ՝ մեկ հանգստյան օրով:

3. Աշխատողները պարտավոր են աշխատել սահմանված աշխատանքի (հերթափոխի) գրաֆիկներին համապատասխան: Կազմակերպության աշխատանքի (հերթափոխի) գրաֆիկները փակցվում են ծանոթանալու համար մատչելի տեղում ոչ ուշ, քան դրանց ուժի մեջ մտնելուց երկու շաբաթ առաջ: Գործատուն պարտավոր է ապահովել հերթափոխության համաչափությունը:

4. Արգելվում է աշխատողին երկու հերթափոխով անընդմեջ աշխատանքի ներգրավումը:

5. Առանց ամուսնու (կնոջ) մինչեւ 14 տարեկան անչափահաս խնամող աշխատողը ունի աշխատանքային հերթափոխի նախապատվության իրավունք` գործատուի մոտ նման հնարավորության առկայության դեպքում:

6. Աշխատողների կողմից աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ նշում է կատարվում աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում, որոնց ձեւը եւ վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 148. Աշխատաժամանակի գումարային հաշվարկը

1. Չընդհատվող ռեժիմով գործող կազմակերպություններում, ինչպես նաեւ առանձին արտադրություններում, արտադրամասերում եւ այն աշխատանքներում, որտեղ արտադրության (աշխատանքի) պայմանների պատճառով հնարավոր չէ պահպանել աշխատողների համար սահմանված ամենօրյա կամ ամենշաբաթյա աշխատաժամանակի տեւողությունը, կազմակերպության աշխատողների ներկայացուցիչների կարծիքը հաշվի առնելով (նրանց առկայության դեպքում) թույլատրվում է մտցնել աշխատաժամանակի գումարային հաշվարկ, այն հաշվով, որ հաշվառված ժամանակամիջոցի աշխատաժամանակի տեւողությունը չգերազանցի աշխատանքային ժամերի նորմալ քանակը: Աշխատաժամանակի գումարային հաշվարկի դեպքում չի թույլատրվում աշխատաժամանակի գերազանցումը շաբաթական միջինը 48 ժամից եւ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում 12 ժամից: Գումարային հաշվարկվող ժամանակահատվածի տեւողությունը չի կարող գերազանցել 4 ամիսը:

2. Աշխատաժամանակի գումարային հաշվարկի դեպքում աշխատողի համար պետք է երաշխավորվի սույն օրենսգրքով սահմանված, օրվա եւ շաբաթվա ընթացքում անընդմեջ հանգստի տեւողությունը: Եթե աշխատաժամանակի գումարային հաշվարկի ընթացքում գերազանցվում է աշխատողների համար սահմանված աշխատանքային ժամերի քանակը, ապա աշխատողի ցանկությամբ կրճատվում է նրա աշխատանքային օրը կամ տրամադրվում է ազատ օր (օրեր)՝ կոլեկտիվ պայմանագրով կամ աշխատանքային կարգապահության կանոններով սահմանված կարգով կամ իրականացվում է պարտադիր արտաժամյա աշխատանքի համար սահմանված լրացուցիչ վճարում:

Հոդված 149. Արտաժամյա աշխատանքի սահմանափակումները

1. Արտաժամյա աշխատանքներ են համարվում սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասով, 145-րդ եւ 146-րդ հոդվածներով ու 147-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված աշխատաժամանակից ավելի տեւողությամբ աշխատանքը:

Արտաժամյա աշխատանքները լինում են պարտադիր (գործատուի պահանջով) եւ կամավոր (կողմերի համաձայնությամբ):

2. Գործատուն կարող է աշխատողին ներգրավել պարտադիր արտաժամյա աշխատանքների միայն սույն օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված բացառիկ դեպքերում:

3. Արտաժամյա աշխատանքներին չեն ներգրավվում՝ մինչեւ 18 տարեկան աշխատողները, առանց արտադրությունից կտրվելու հանրակրթական եւ մասնագիտական դպրոցներում սովորող աշխատողները՝ դասերի օրերին, թունավոր եւ առողջության համար վտանգավոր գործոնների ազդեցությամբ արտադրություններում աշխատելու, ինչպես նաեւ օրենսդրությամբ եւ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

4. Հղի կանայք եւ մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են արտաժամյա աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:

Հաշմանդամները կարող են ներգրավվել արտաժամյա աշխատանքի, եթե բժշկական եզրակացությամբ դա նրանց արգելված չէ:

5. Արտաժամյա չի համարվում, սահմանված աշխատաժամանակը գերազանցող, կազմակերպության ղեկավարի կամ ղեկավար պաշտոնատար անձանց աշխատանքը: Այդ պաշտոնների ցանկը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով եւ աշխատանքային կարգապահության կանոններով:

Արտաժամյա չի համարվում քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ քաղաքացիական, տեղական ինքնակառավարման մարմինների եւ օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների ծառայողների բարձրագույն խմբի եւ գլխավոր խմբի առաջին ենթախմբի (դրա առկայության դեպքում) պաշտոն զբաղեցնողների եւ օրենքով նախատեսված այլ ծառայողների աշխատանքը:

Հոդված 150. Պարտադիր արտաժամյա աշխատանքների թույլատրելու բացառիկ դեպքերը

1. Պարտադիր արտաժամյա աշխատանքները թույլատրվում են հետեւյալ բացառիկ դեպքերում, եթե՝

1) կատարվում են պետության պաշտպանության, ինչպես նաեւ տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների վերացման համար անհրաժեշտ աշխատանքներ.

2) անհրաժեշտ է ավարտել սկսած աշխատանքները, որոնք արտադրության տեխնիկական պայմաններով չկանխատեսված կամ պատահական ձգձգման հետեւանքով չէր կարող ավարտվել աշխատաժամանակի ընթացքում, եւ եթե սկսած աշխատանքների դադարեցումը կարող է առաջացնել նյութերի ոչնչացում կամ սարքավորումների անսարքություն.

3) իրականացվում է մեխանիզմների կամ սարքավորումների նորոգում կամ վերանորոգում, եւ եթե դրանց անսարքությունը առաջացնում է աշխատանքի ընդհատում զգալի թվով աշխատողների համար.

4) աշխատանքի չի ներկայանում հերթափոխային աշխատողը, ինչը կարող է հանգեցնել աշխատանքային անընդհատության խաթարման: Այդ դեպքերում կազմակերպության ղեկավարը կամ նրա ներկայացուցիչը պարտավոր է ոչ ուշ, քան հերթափոխի կեսի ավարտը, աշխատողին փոխարինել այլ աշխատողով.

5) կատարվում են բեռնման-բեռնաթափման կամ դրանց հետ կապված տրանսպորտային աշխատանքներ, եթե անհրաժեշտ է ազատել տրանսպորտային կազմակերպության պահեստները, ինչպես նաեւ կատարել բեռնման կամ բեռնաթափման աշխատանքներ, որպեսզի կանխվի կամ վերացվի առաքման եւ նշանակման կետերում տրանսպորտային միջոցների պարապուրդը կամ բեռների կուտակումը.

6) արտադրական կամ պայմանագրային պարտավորությունների անհապաղ կատարման անհրաժեշտությունից ելնելով:

2. Պարտադիր արտաժամյա աշխատանքների ներգրավելու անհրաժեշտության դեպքերում գործատուն պետք է այդ մասին տեղեկացնի աշխատողին` ողջամիտ ժամկետներում, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքերի:

Հոդված 151. Արտաժամյա աշխատաժամանակի տեւողությունը

1. Աշխատողի պարտադիր արտաժամյա աշխատանքը իրար հաջորդող երկու օրվա ընթացքում չպեք է գերազանցի 4 ժամը եւ 120 ժամը՝ տարվա ընթացքում:

Կամավոր արտաժամյա աշխատանքը չի կարող անցնել օրական 12 ժամից` ներառյալ հանգստի եւ սնվելու համար ընդմիջումները:

2. Գործատուն պարտավոր է յուրաքանչյուր աշխատողի կատարած արտաժամյա աշխատաժամանակը ստույգ հաշվառել աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրերում:

Հոդված 152. Աշխատանքի տեւողությունը տոնական ու հիշատակի եւ հանգստյան օրերի նախօրյակին

1. Տոնական եւ հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տեւողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ այն աշխատողների, որոնք աշխատում են կրճատ աշխատանքային ժամանակի պայմաններով:

2. Վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, հանգստյան օրերի նախօրյակին աշխատանքի տեւողությունը չի կարող 5 ժամից ավելի լինել:

Հոդված 153. Աշխատանքը գիշեր ժամանակ

1. Գիշերային ժամանակ է համարվում ժամը 22-ից մինչեւ 6-ը:

2. Գիշերային աշխատանք է համարվում այն աշխատանքը, եթե երեք աշխատանքային ժամ համընկնում է գիշերային ժամանակին: Գիշերային աշխատանքի տեւողությունը կրճատվում է մեկ ժամով:

3. Գիշերային աշխատանքի ներգրավել չի թույլատրվում՝ մինչեւ տասնութ տարեկան անձանց, ինչպես նաեւ այն աշխատողներին, որոնց գիշերային աշխատանքը արգելված է բժշկական եզրակացությամբ:

4. Հղի կանայք եւ մինչեւ երեք տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:

5. Գիշերային աշխատանքի տեւողությունը չի կրճատվում չնդհատվող ռեժիմով արտադրությունում, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ աշխատանքային պայմանագրին համապատասխան աշխատողը ընդունվում է աշխատանքի գիշեր ժամանակ աշխատելու համար:

6. Այն դեպքերում, երբ հաստատվում է, որ գիշերային աշխատանքը վտանգել է կամ կարող է վտանգել աշխատողի առողջությունը, ապա գործատուն պարտավոր է աշխատողին տեղափոխել միայն ցերեկային աշխատանքի:

Հոդված 154. Հերթապահություն

1. Առանձին դեպքերում, երբ անհրաժեշտ է կազմակերպությունում ապահովել աշխատանքային կարգապահությունը կամ ապահովել անհետաձգելի աշխատանքների կատարումը, գործատուն կարող է աշխատողին ներգրավել հերթապահության կազմակերպությունում կամ տանը, մինչեւ աշխատանքային օրվա ավարտը կամ ոչ աշխատանքային տոնական ու հիշատակի եւ հանգստյան օրերին՝ ոչ ավել, քան ամիսը մեկ անգամ կամ աշխատողի համաձայնությամբ ոչ ավել, քան շաբաթը մեկ անգամ:

2. Աշխատանքի վայրում հերթապահության ժամանակը աշխատաժամանակի (հերթափոխի) հետ միասին, երբ հերթապահությունը իրականացվում է աշխատանքային օրվա (հերթափոխի) ավարտից հետո, չի կարող գերազանցել սույն օրենսգրքի 144-րդ հոդվածով սահմանված աշխատանքային օրվա (հերթափոխի) տեւողությունը, իսկ հերթապահությունը կազմակերպությունում ոչ աշխատանքային տոնական ու հիշատակի եւ հանգստյան օրերին, ինչպես նաեւ տանը չի կարող գերազանցել օրական 8 ժամը: Կազմակերպությունում հերթապահությունը հավասարեցվում է աշխատաժամանակին, իսկ տանը՝ ոչ պակաս, քան աշխատաժամանակի կեսին:

3. Սահմանված աշխատաժամանակի գերազանցումով (սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասեր, 145-րդ եւ 146-րդ հոդվածներ եւ 148-րդ հոդվածի 1-ին մաս) կազմակերպությունում կամ տանը հերթապահության համար առաջիկա ամսվա ընթացքում պետք է տրամադրվի այն նույն տեւողությամբ հանգստի ժամանակ կամ աշխատողի ցանկությամբ հանգստի այդ ժամանակը կարող է գումարվել ամենամյա արձակուրդին կամ վճարվել որպես արտաժամյա աշխատանք:

4. Կազմակերպությունում կամ տանը հերթապահության ներգրավել չի թույլատրվում՝ մինչեւ տասնութ տարեկան աշխատողներին: Հղի կանայք եւ մինչեւ երեք տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են կազմակերպությունում կամ տանը հերթապահության ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:
 


ԳԼՈՒԽ 19.

ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Հոդված 155. Հանգստի ժամանակի հասկացությունը

Հանգստի ժամանակը՝ սույն օրենսգրքով, օրենքով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կանոնակարգված աշխատանքից ազատ ժամանակն է, որն աշխատողն օգտագործում է իր հայեցողությամբ:

Հոդված 156. Հանգստի ժամանակի ձեւերը

Հանգստի ժամանակի ձեւերն են՝

1) հանգստանալու եւ սնվելու համար ընդմիջումը.

2) աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում հանգստանալու համար լրացուցիչ եւ հատուկ ընդմիջումները.

3) աշխատանքային օրերի (հերթափոխերի) միջեւ ընկած անընդմեջ հանգիստը.

4) ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը.

5) ամենամյա հանգստի ժամանակը (ոչ աշխատանքային տոնական ու հիշատակի օրեր, արձակուրդ):

Հոդված 157. Ընդմիջում հանգստի եւ սնվելու համար

1. Հանգստանալու եւ սնվելու համար աշխատողներին տրվում է ընդմիջում ոչ ավելի, քան 2 ժամ եւ ոչ պակաս, քան կես ժամ տեւողությամբ: Այդ ընդմիջումը, որպես կանոն, տրվում է աշխատանքային օրվա (հերթափոխի) կեսի ավարտից հետո, սակայն ոչ ուշ, քան աշխատանքը սկսելուց 4 ժամ հետո:

2. Աշխատողն իր ընդմիջումն օգտագործում է սեփական հայեցողությամբ: Նա իրավունք ունի այդ ժամանակ բացակայել աշխատանքի վայրից: Այդ ընդմիջումը չի ներառվում աշխատաժամանակում:

3. Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, ոչ աշխատանքային տոնական ու հիշատակի եւ հանգստյան օրերի նախօրյակին աշխատանքը կարող է իրականացվել առանց հանգստի եւ սնվելու համար ընդմիջման, եթե աշխատանքային օրվա տեւողությունը չի գերազանցում 6 ժամից:

4. Այն աշխատանքներում, որտեղ արտադրության պայմաններից ելնելով, հանգստի եւ սնվելու համար ընդմիջում տրամադրելն անհնար է, աշխատողին պետք է տրամադրվի հնարավորություն սնվելու աշխատանքի ընթացքում:

5. Հանգստի եւ սնվելու ընդմիջման սկիզբը եւ ավարտը սահմանվում է աշխատանքային կարգապահության կանոններով, աշխատանքային գրաֆիկով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով:

Հոդված 158. Լրացուցիչ եւ հատուկ ընդմիջումներ

1. Աշխատանքի, սույն օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված պայմանները հաշվի առնելով, աշխատողներին աշխատաժամանակի ընթացքում տրվում է հանգստի համար լրացուցիչ ընդմիջում:

2. Մինչեւ տասնութ տարեկան աշխատողներին, որոնց աշխատաժամանակի տեւողությունը գերազանցում է 4 ժամը, աշխատաժամանակի ընթացքում պետք է տրվի հանգստի համար լրացուցիչ ընդմիջում՝ նվազագույնը 30 րոպե:

3. Հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե կատարվում է պլյուս 40 աստիճանից բարձր կամ մինուս 10 աստիճանից ցածր օդի ջերմասիճանային պայմաններում աշխատանք, ինչպես նաեւ ծանր ֆիզիկական կամ մտավոր եւ հուզական գերլարված բնույթ կրող աշխատանք կամ առողջության համար ոչ բարենպաստ գործոններով աշխատանք այլ:

4. Լրացուցիչ եւ հատուկ ընդմիջումները ներառվում են աշխատաժամանակում, իսկ դրանց տրամադրման կարգը սահմանվում է աշխատանքային կարգապահության կանոններով, աշխատանքային գրաֆիկով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով:

5. Լրացուցիչ եւ հատուկ ընդմիջումների քանակը, տեւողությունը եւ հանգստի վայրը սահմանվում է կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով:

Հոդված 159. Հանգիստը օրվա ընթացքում

1. Աշխատանքային օրերի (հերթափոխերի) միջեւ, ամենօրյա անընդմեջ հանգիստի տեւողությունը չի կարող պակաս լինել 11 ժամից:

2. Ամենօրյա անընդմեջ հանգիստի տեւողությունը մինչեւ տասնվեց տարեկան աշխատողների համար չի կարող պակաս լինել 14 ժամից, իսկ տասնվեցից տասնութ տարեկան աշխատողների համար՝ ոչ պակաս` 12 ժամից եւ ներառի ժամը 22-ից մինչեւ 6-ը:

Հոդված 160. Ամենշաբաթյա անընդմեջ հանգիստ

1. Ընդհանուր հանգստյան օրը հանդիսանում է կիրակին, իսկ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ շաբաթը եւ կիրակին, բացառությամբ սույն հոդվածի 2-4-րդ մասերով եւ այլ իրավական ակտերով սահմանված դեպքերի:

2. Այն կազմակերպություններում, որտեղ բնակչությանը սպասարկելու (քաղաքային տրանսպորտ, էներգետիկ կազմակերպություններ, թատրոն, թանգարան, հանրային սնունդ եւ այլն) անհրաժեշտությամբ պայմանավորված ընդհանուր հանգստյան օրը անհնար է դադարեցնել աշխատանքը, հանգստյան օրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Այն կազմակերպություններում, որոնցում աշխատանքների դադարեցումը հնարավոր չէ, կապված արտադրության տեխնիկական պայմանների կամ բնակչության մշտական անընդհատ սպասարկման անհրաժեշտության հետ, ինչպես նաեւ չնդհատվող ռեժիմով աշխատող այլ կազմակերպություններում հանգստյան օրերը հատկացվում են շաբաթվա այլ օրերի՝ աշխատանքային գրաֆիկով յուրաքանչյուր խմբի աշխատողների համար սահմանված հերթականությամբ: Այդ գրաֆիկները կազմվում եւ հաստատվում են սույն օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Աշխատաժամանակի գումարային հաշվարկի դեպքում աշխատողներին հանգստյան օրերը հատկացվում են աշխատանքի (հերթափոխի) գրաֆիկներին համապատասխան:

5. Ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը չպետք է պակաս լինի 35 ժամից: Սույն հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված դեպքերում տրամադրող երկու հանգստյան օրերը պետք է հաջորդեն իրար:

6. Արգելվում է, հանգստյան օրերին աշխատողներին ներգրավել աշխատանքներում, բացառությամբ այն աշխատանքների, որոնց դադարեցումը արտադրության տեխնիկական պատճառներով անհնար է, որոնք անհրաժեշտ են բնակչության սպասարկման համար, ինչպես նաեւ անհետաձգելի վերանորոգման եւ բեռնման-բեռնաթափման աշխատանքներում: Հղի կանայք, մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող եւ մինչեւ տասնութ տարեկան աշխատողը կարող են հանգստյան օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:

7. Մինչեւ տասնութ տարեկան աշխատողներին պետք է տրվի ոչ պակաս, քան երկու հանգստյան օր շաբաթվա ընթացքում:

Հոդված 161. Ոչ աշխատանքային տոնական եւ հիշատակի օրեր

1. Հայաստանի Հանրապետությունում ոչ աշխատանքային տոնական եւ հիշատակի օրերն են ՝

1) դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը եւ 2-ը - Ամանոր.

2) հուվարի 6-ը - Սուրբ ծնունդ եւ Հայտնություն.

3) հունվարի 28-ը - Բանակի օր.

4) մարտի 8-ը - Կանանց տոն.

5) ապրիլի 24-ը - Ցեղասպանության զոհերի հիշատակի օր.

6) մայիսի 1-ը - Աշխատանքի օր.

7) մայիսի 9-ը - Հաղթանակի եւ խաղաղության տոն.

8) մայիսի 28-ը - Հանրապետության տոն.

9) հուլիսի 5-ը - Սահմանադրության օր.

10) սեպտեմբերի 21-ը - Անկախության տոն:

2. Ոչ աշխատանքային տոնական եւ հիշատակի օրերին արգելվում է աշխատողներին ներգրավել աշխատանքում, բացառությամբ այն աշխատանքների, որոնց դադարեցումն արտադրության տեխնիկական պատճառներով անհնար է, որոնք անհրաժեշտ են բնակչության սպասարկման համար, ինչպես նաեւ անհետաձգելի վերանորոգման եւ բեռնման-բեռնաթափման աշխատանքներում: Հղի կանայք, մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող եւ մինչեւ տասնութ տարեկան աշխատողը կարող են հանգստյան օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:

3. Ոչ աշխատանքային տոնական եւ հիշատակի օրերն պահպանվում է աշխատողի պաշտոնային դրույքաչափը:

Հոդված 162. Տոնական եւ հիշատակի այլ օրեր

Օրենքով սահմանված, եկեղեցական կամ ավանդական այլ տոնական եւ հիշատակի օրերը համարվում են աշխատանքային օրեր:

Հոդված 163. Ամենամյա արձակուրդ

1. Ամենամյա արձակուրդը օրացուցային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու եւ աշխատունակությունը վերականգնելու համար եւ, որի ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը (պաշտոնը) եւ վճարվում է միջին աշխատավարձը:

2. Ամենամյա արձակուրդը լինում է նվազագույն, երկարացված եւ լրացուցիչ:

Հոդված 164. Ամենամյա նվազագույն արձակուրդը

1. Ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը 28 օրացուցային օր է:

2. Ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններով աշխատող աշխատողների ամենամյա արձակուրդը չի կրճատվում:

Հոդված 165. Ամենամյա երկարացված արձակուրդ

Երկարացված՝ մինչեւ 35 օրացուցային օր տեւողությամբ, ամենամյա արձակուրդ տրվում է աշխատանքի հատուկ պայմաններում աշխատող որոշակի կատեգորիայի աշխատողների, որոնց աշխատանքը կապված է մտավոր եւ հուզական գերլարվածության եւ մասնագիտական ռիսկի հետ: Նման արձակուրդի իրավունք ունեցող կատեգորիայի աշխատողների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 166. Ամենամյա լրացուցիչ արձակուրդ

1. Ամենամյա լրացուցիչ արձակուրդ կարող է տրամադրվել՝

1) աշխատանքի վնասակար եւ վտանգավոր պայմաններում աշխատող աշխատողներին.

2) չնորմավորված աշխատանքային օրով աշխատողներին.

3) հատուկ բնույթի աշխատանքներում աշխատող աշխատողներին:

2. Ամենամյա լրացուցիչ արձակուրդի տեւողությունը, պայմանները եւ տրամադրման կարգը սահմանում է կոլեկտիվ պայմանագրով կամ ներքին իրավական ակտերով:

Հոդված 167. Ամենամյա արձակուրդ տալու կարգը

1. Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ տարում:

2. Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո: Երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար, ամենամյա արձակուրդը տրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ՝ ամենամյա արձակուրդի տրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագիր բացակայության դեպքում` կողմերի համաձայնությամբ:

3. Մինչեւ անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը, աշխատողի խնդրանքով ամենամյա արձակուրդ տրամադրվում է՝

1) կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո.

2) կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

4. Անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն՝

1) մինչեւ տասնութ տարեկան աշխատողները.

2) հղի կանայք եւ մինչեւ 14 տարեկան երեխա խնամող աշխատողը:

5. Տղամարդկանց` իրենց ցանկությամբ, ամենամյա արձակուրդը տրվում է կնոջ հղիության ու ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում:

6. Ուսումնական հաստատությունների մանկավարժներին առաջին աշխատանքային տարում ամենամյա արձակուրդը տրվում է սովորողների եւ ուսանողների ամառային արձակուրդի ժամանակ, անկախ այն հանգամանքից, թե երբ են այդ մանկավարժները սկսել իրենց աշխատանքը:

7. Առանց աշխատանքից կտրվելու սովորող անձանց ամենամյա արձակուրդը իրենց ցանկությամբ տրվում է քննությունների, ստուգարքների, դիպլոմային աշխատանքների նախապատրաստման, լաբորատոր աշխատանքների կատարման ժամկետներին համապատասխան:

8. Տանը հիվանդի կամ հաշմանդամի խնամքն իրականացնող աշխատողին, ինչպես նաեւ խրոնիկական հիվանդություններով հիվանդ անձանց, բժշկական եզրակացության հիման վրա, ամենամյա արձակուրդը տրվում է նրանց նախընտրած ժամանակ:

Հոդված 168. Ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժը

1. Աշխատանքային տարում, որի համար տրվում է ամենամյա արձակուրդ ներառվում են՝

1) փաստացի աշխատած ժամանակահատվածը.

2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում օրենսդրությանը համապատասխան, աշխատողի համար պահպանվում է աշխատատեղը (պաշտոնը) եւ աշխատավարձը՝ ամբողջությամբ կամ մասամբ.

3) այն ժամանակը, որի ընթացքում օրենսդրությանը համապատասխան աշխատողի համար պահպանվում է աշխատատեղը (պաշտոնը) եւ վճարվում է կրթաթոշակ կամ այլ վճարումներ, բացառությամբ այն ժամանակի, երբ աշխատողը գտնվում է մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում.

4) այն ժամանակը, որի ընթացքում աշխատողը ստացել է հիվանդության նպաստ.

5) վճարովի ամենամյա արձակուրդը.

6) նախկին աշխատանքին վերադարձած հարկադիր պարապուրդում աշխատողի գտնվելու ժամանակահատվածը.

7) օրինական գործադուլի ժամանակահատվածը.

8) օրենսդրությամբ սահմանված այլ ժամնակահատվածները:

2. Ամենամյա արձակուրդ տալու աշխատանքային տարին հաշվարկվում է աշխատողին աշխատանքի ընդունելու օրվանից:

Հոդված 169. Ամենամյա արձակուրդի տեւողության որոշումը

1. Ամենամյա լրացուցիչ արձակուրդը միացվում է ամենամյա նվազագույն արձակուրդին եւ կարող է տրվել դրա հետ միասին կամ առանձին:

2. Ամենամյա երկարացված եւ ամենամյա լրացուցիչ արձակուրդ ստանալու իրավունք ունեցող աշխատողներին, իրենց ընտրությամբ տրվում է կամ միայն ամենամյա երկարացված արձակուդը, կամ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ամենամյա նվազագույն արձակուրդին ավելացրած լրացուցիչ արձակուրդը:

Հոդված 170. Ամենամյա արձակուրդի մասերով տալը

Աշխատողի ցանկությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրվել մասերով: Արձակուրդի յուրաքանչյուր մասի տեւողությունը չի կարող պակաս լինել 14 օրացուցային օրից:

Հոդված 171. Ամենամյա արձակուրդից հետ կանչելը

Ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ: Ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը տրվում է սույն օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին համապատասխան:

Հոդված 172. Ամենամյա արձակուրդի տեղափոխումը եւ երկարաձգումը

1. Ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ: Ամենամյա արձակուրդը տեղափոխվում է նաեւ, եթե աշխատողը՝

1) գտնվում է ժամանակավոր անաշխատունակության վիճակում.

2) ձեռք է բերում սույն օրենսգրքի 176-րդ հոդվածով նախատեսված նպատակային արձակուրդի իրավունք.

3) ձեռք է բերում սույն օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առանց վճարման արձակուրդի իրավունք.

4) սույն օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերին համապատասխան ազատվում է աշխատանքից պետական կամ հասարակական պարտականություններ կատարելու համար.

5) մասնակցում է տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման աշխատանքներին՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգով է նա ներգրավվել այդ աշխատանքներում:

2. Եթե ամենամյա արձակուրդը օգտագործելու հնարավորություն չտվող սույն հոդվածի 1-ին մասում նշված կամ այլ պատճառները առաջացել են մինչեւ ամենամյա արձակուրդի սկսվելը՝ աշխատողի եւ գործատուի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը տեղափոխվում է հաջորդ տարի: Եթե այդ պատճառներն առաջացել են ամենամյա արձակուրդի ընթացքում, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է համապատասխան օրերի քանակով կամ գործատուի ու աշխատողի համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը տեղափոխվում է այլ ժամանակ:

3. Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրվում է նույն աշխատանքային տարում: Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել եւ միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:

Հոդված 173. Չօգտագործված ամենամյա արձակուրդի տրամադրումը աշխատանքից ազատվելիս

Աշխատանքից ազատվելու դեպքում (բացառությամբ իր մեղքով ազատման դեպքերի) չօգտագործված ամենամյա արձակուրդը աշխատողի ցանկությամբ տրվում է ազատման տարին, ամիսը, ամսաթիվը տեղափոխելու միջոցով: Այդ դեպքում, աշխատանքից ազատման օր է համարվում ամենամյա արձակուրդի ժամկետի ավարտի հաջորդող օրը:

Հոդված 174. Ամենամյա արձակուրդի վճարումը

1. Ամենամյա արձակուրդի ընթացքում աշխատողի համար երաշխավորվում է նրա միջին աշխատավարձը: Միջին աշխատավարձի հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդն սկսելուց երեք օրացուցային օր առաջ: Եթե աշխատողի համար հաշվարկված աշխատավարձը սահմանված ժամկետում չի վճարվում աշխատողի մեղքից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդը տեղափոխվում է այնքան օրով, որքան օրով երկարաձգվել է աշխատավարձի վճարումը եւ երկարաձգված ժամանակի համար վճարումը կատարվում է ինչպես ամենամյա արձակուրդի համար:

Հոդված 175. Ամենամյա արձակուրդի չօգտագործման դրամական հատուցումը

1. Ամենամյա նվազագույն արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Եթե աշխատանքային հարաբերությունների դադարեցման հետեւանքով աշխատողին չի կարող տրվել ամենամյա արձակուրդ կամ աշխատողը չի ցանկանում դրա տրամադրումը, նրան վճարվում է դրամական հատուցում:

2. Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս՝ անկախ դրա գործողության ժամկետից: Փոխհատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Եթե աշխատողին ամենամյա արձակուրդը չի տրվել մեկ տարուց ավելի ժամանակահատվածով՝ հատուցումը վճարվում է բոլոր չօգտագործված արձակուրդների համար:

Հոդված 176. Նպատակային արձակուրդի տեսակները

Նպատակային արձակուրդ է համարվում՝

1) հղիության եւ ծննդաբերության արձակուրդը.

2) մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրվող արձակուրդը.

3) ուսումնական արձակուրդը.

4) պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրվող արձակուրդը.

5) չվճարվող արձակուրդը:

Հոդված 177. Հղիության եւ ծննդաբերության արձակուրդը

1. Աշխատող կանանց տրվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդ՝ վճարելով լրիվ աշխատավարձը՝

1) 140 օրացուցային օր (70 օրացուցային օր՝ հղիության, 70 օրացուցային օր՝ ծննդաբերության).

2) 155 օրացուցային օր (70 օրացուցային օր՝ հղիության, 85 օրացուցային օր՝ ծննդաբերության) բարդ ծննդաբերության դեպքում.

3) 180 օրացուցային օր (70 օրացուցային օր՝ հղիության, 110 օրացուցային օր՝ ծննդյան) զույգ եւ ավելի երեխաներ ունենալու դեպքում:

Այդ արձակուրդը հաշվարկվում է միանգամից եւ կնոջը տրվում է ամբողջությամբ, անկախ մինչեւ ծննդաբերությունը օգտագործած օրերի քանակից:

2. Նորածնին որդեգրած կամ խնամակալ ճանաչված աշխատողին տրամադրվում է արձակուրդ` որդեգրելու կամ խմանակալ ճանաչվելու օրվանից մինչեւ նորածնի 70 օրական դառնալը:

3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում սահմանված դեպքերում արձակուրդի համար վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 178. Մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրվող արձակուրդը

1. Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր), տատի, պապի կամ այլ հարազատի, այդ թվում` երեխային խնամակալ նշանակված անձի ցանկությամբ տրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչեւ երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը կարող է վերցվել ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ:

2. Արձակուրդի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատատեղը (պաշտոնը), բացառությամբ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված դեպքերի:

Հոդված 179. Ուսումնական արձակուրդը

1. Աշխատողներին տրվում է արձակուրդ միջնակարգ մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակովքննություններին նախապատրաստվելու համար՝ յուրաքանչյուր քննության համար` 3 օր:

2. Հանրակրթական, միջնակարգ-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին, ուսումնական հաստատության միջնորդությամբ տրվում է ուսումնական արձակուրդ՝

1) ընթացիկ քննություններին նախապատրաստվելու եւ հանձնելու համար՝ յուրաքանչյուր քննության համար երեք օր.

2) ստուգարքներին նախապատրաստվելու եւ հանձնելու համար՝ յուրաքանչյուր ստուգարքի համար երկու օր.

3) լաբորատոր աշխատանքների կատարման համար՝ ուսումնական պլանով նախատեսված օրերի քանակով.

4) դիպլոմային աշխատանքի նախապատրաստման եւ պաշտպանության համար՝ երեսուն օրացուցային օր.

5) պետական (ավարտական) քննություններին նախապատրաստվելու եւ հանձնելու համար՝ յուրաքանչյուր քննության համար 6 օր:

3. Ուսումնական արձակուրդում չի հաշվարկվում ուսումնական հաստատության վայր մեկնելու եւ վերադառնալու ժամանակը:

Հոդված 180. Պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքից ազատումը

1. Աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից, պահպանելով աշխատատեղը (պաշտոնը)`

1) ընտրական իրավունքն իրականացնելիս.

2) հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազի եւ դատարանի կանչով որպես վկա, տուժող, փորձագետ, մասնագետ, թարգմանիչ, ընթերակա ներկայանալիս.

3) որպես աշխատողների ներկայացուցիչ դատական նիստերին մասնակցելիս.

4) դոնորի պարտականություններ կատարելիս.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

2. Պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված աշխատողի միջին աշխատավարձը վճարում կամ հատուցում է այն կազմակերպությունը (մարմինը), որի առաջադրած պարտականությունները կատարում է աշխատողը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Կազմակերպությունում գործող արհեստակցական միության ընտրովի աշխատողները տարվա ընթացքում ազատվում են աշխատանքից մինչեւ վեց աշխատանքային օր ժամկետով՝ արհեստակցական միության միջոցառումներին մասնակցելու կամ որպես արհեստակցական միության անդամ որակավորումը բարձրացնելու համար: Աշխատանքային պարտականությունների կատարումից ազատման եւ այդ օրերի համար վճարման կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով:

Հոդված 181. Չվճարվող արձակուրդ

1. Աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրվում է՝

1) հղիության եւ ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաեւ մինչեւ մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն՝ նրա միջնորդությամբ: Այդ արձակուրդի ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը.

2) հաշմանդամ աշխատողին կամ ընտանիքի հիվանդ անդամին խնամող աշխատողին՝ բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ավել, քան 30 օր տարվա ընթացքում.

3) ամուսնության համար՝ մեկ օրացուցային օր.

4) ընտանիքի մահացած անդամի թաղման դեպքում՝ ոչ պակաս երեք օրացուցային օր:

2. Այլ պատճառներով չվճարվող արձակուրդ տրամադրվում է կոլեկտիվ պայմանագրով սահմանված կարգով:

3. Կողմերի համաձայնությամբ աշխատողին կարող է տրվել չվճարվող արձակուրդ, իրենց որոշած ժամկետով: Քաղաքացիական, տեղական ինքնակառավարման մարմինների եւ օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների ծառայողներին կարող է մեկ տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ ոչ ավելի, քան երեսուն օր:

Հոդված 182. Արձակուրդի լրացուցիչ արտոնություններ

Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կարող են սահմանվել այլ տեսակի եւ ավելի երկար տեւողությամբ արձակուրդներ, լրացուցիչ արտոնություններ կապված ամենամյա արձակուրդի ընտրության ժամկետի հետ, ավելի մեծ վճարումներ ամենամյա եւ նպատակային արձակուրդի համար, քան սահմանված են սույն օրենսգրքով: Այդ արտոնությունները` բացառությամբ ամենամյա արձակուրդի ընտրության ժամկետի, չեն կարող տրամադրվել այն կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերով, որոնցով կողմ են հանդիսանում պետական կամ համայնքի բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունները, սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը կամ պետության մասնակցությամբ հիմնադրված այլ հիմնադրամները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:
 


ԲԱԺԻՆ V.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԵՎ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ

ԳԼՈՒԽ 20.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

Հոդված 183. Աշխատավարձը

1. Աշխատավարձը՝ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է:

2. Տղամարդկանց եւ կանանց միեւնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց վճարվում է աշխատավարձ նույն չափերով:

3. Աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը եւ գործատուի կողմից աշխատողին իր կատարած աշխատանքի դիմաց ցանկացած եղանակով տրված լրացուցիչ վարձատրությունը:

4. Աշխատողի աշխատավարձը կախված է աշխատանքի քանակից եւ որակից, կազմակերպության գործունեության արդյունքներից եւ աշխատանքի շուկայում աշխատանքի պահանջարկից:

5. Աշխատավարձի վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության փողով (արժույթով)` Հայաստանի Հանրապետության դրամով:

Հոդված 184. Նվազագույն աշխատավարձ

1. Աշխատավարձի ամսական եւ ժամավճարի նվազագույն չափը սահմանվում է օրենքով: Տնտեսության առանձին ճյուղերի, բնակավայրերի, աշխատողների որոշակի խմբերի համար օրենքով կարող է սահմանել ամսական նվազագույն աշխատավարձի (ժամավճարի) այլ չափ:

Աշխատավարձի վարձատրության նվազագույն չափի մեջ չեն ներառվում հավելումները, հավելավճարները, պարգեւատրումները եւ այլ խրախուսական վճարումները:

2. Կոլեկտիվ պայմանագրով կարող է սահմանվել սույն հոդվածի 1-ին մասում սահմանված նվազագույն աշխատավարձից ավելի բարձր նվազագույն աշխատավարձի չափ:

3. Աշխատողի ժամավճարի չափը կամ ամսական աշխատավարձը չի կարող պակաս լինել սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված չափերից:

Հոդված 185. Աշխատանքի վարձատրության կազմակերպումը

1. Աշխատանքի վարձատրության պայմանները, չափերը, մասնագիտական եւ պաշտոնեական, տարիֆային եւ որակավորման պահանջները, աշխատանքի նորմաները, աշխատանքների եւ աշխատողների տարիֆավորումը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. Ժամավճարային եւ ամսական դրույքաչափը, աշխատանքի վարձատրության այլ ձեւերն ու պայմանները, աշխատանքի նորմաները սահմանվում են կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով:

3. Աշխատանքների որակավորման համակարգի կիրառման դեպքում միեւնույն չափանիշները պետք է կիրառվեն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց նկատմամբ եւ այդ համակարգը պետք է մշակված լինի այնպես, որպեսզի բացառի սեռային հատկանիշներով ցանկացած խտրականություն:

Հոդված 186. Պաշտոնատար անձանց եւ ծառայողների աշխատանքի վարձատրությունը

Քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ քաղաքացիական եւ օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների ծառայողների, այլ պետական պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքի վարձատրության կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

Հոդված 187. Աշխատավարձի ինդեքսավորումը

Աշխատավարձի ինդեքսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 188. Աշխատանքի նորմալ պայմանների ապահովումը

Գործատուն պարտավոր է ապահովել աշխատանքի նորմալ պայմաններ, որպեսզի աշխատողները կարողանան կատարել աշխատանքի նորմաները: Այդպիսի պայմաններ են հանդիսանում՝

1) մեխանիզմների եւ սարքավորումների սարքին վիճակը.

2) տեխնիկական փաստաթղթերով ժամանակին ապահովելը.

3) աշխատանքի կատարման համար անհրաժեշտ նյութերի եւ գործիքների պատշաճ որակը եւ դրանց ժամանակին տրամադրելը.

4) արտադրության ապահովելը էլեկտրաէներգիայով, գազով եւ էներգիայի այլ տեսակներով.

5) առողջության համար աշխատանքի անվտանգ եւ անվնաս պայմանները (անվտանգության տեխնիկայի նորմերի եւ կանոնների պահպանումը, պատշաճ լուսավորությունը, ջեռուցումը, օդափոխությունը, սահմանված նվազագույն նորմաներից ցածր աղմուկը, ճառագայթումը, վիբրացիան եւ աշխատողի առողջության համար բացասական ներգործություն ունեցող այլ վտանգավոր գործոնները).

6) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են որոշակի աշխատանքներ կատարելու համար:

Հոդված 189. Աշխատանքի վարձատրությունը աշխատանքի նորմալ պայմաններից շեղումների դեպքում

1. Աշխատանքի նորմալ պայմաններից շեղումների դեպքում աշխատանքի վարձատրվությունը կատարվում է ավելի բարձր տարիֆային դրույքով, քան նորմալ պայմաններում կատարված աշխատանքի համար: Վճարման չափը որոշվում է կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով:

2. Աշխատանքի պայմանների դասակարգումը եւ առողջության համար վնասակար գործոնների թույլատրելի նվազագույն մակարդակն ու քանակը սահմանվում են օրենքներով եւ այլ իրավական ակտերով:

Հոդված 190. Արտաժամյա աշխատանքի եւ գիշերային աշխատանքի վարձատրությունը

Պարտադիր արտաժամյա աշխատանքի եւ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար սահմանվում է հավելում` ժամային դրույքաչափի մեկուկես անգամից ոչ պակաս չափով:

Կամավոր արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար վճարվում է ոչ պակաս, քան աշխատողի սահմանված ժամային դրույքաչափը:

Հոդված 191. Աշխատանքի վճարումը հանգստյան եւ ոչ աշխատանքային տոնական ու հիշատակի օրերին

1. Հանգստյան եւ սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված օրերին կատարված աշխատանքը, եթե դա նախատեսված չէ աշխատանքային գրաֆիկով, սահմավում է հավելում ժամային (օրական) դրույքաչափի կրկնակի չափից ոչ պակաս չափով կամ աշխատողի ցանկությամբ նրան մեկ ամսվա ընթացքում տրվում է այլ հանգստյան օր կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:

2. Աշխատանքային գրաֆիկով հանգստյան օրը կատարված աշխատանքը վճարվում է ժամային (օրական) դրույքաչափի կրկնակի չափով:

Հոդված 192. Վճարումը պարապուրդի ժամանակ

1. Ոչ աշխատողի մեղքով պարապուրդի յուրաքանչյուր ժամի համար աշխատողը վճարվում է միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:

2. Եթե ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ընթացքում աշխատողն իր համաձայնությամբ ժամանակավորապես տեղափոխվում է ավելի ցածր աշխատավարձով, սակայն իր մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող եւ առողջական վիճակին վնաս չպատճառող մեկ այլ աշխատանքի, ապա նոր աշխատանքի յուրաքաչյուր ժամի համար աշխատողը վարձատրվում է ոչ պակաս, քան պարապուրդի ամսվան նախորդող նրա տարիֆային աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի մեկ ժամի վարձատրության) երկու երրորդի չափով:

3. Եթե պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողը պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վարձատրվում է ոչ պակաս, քան մինչեւ պարապուրդը նրա տարիֆային աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի մեկ ժամի վարձատրության) երկու երրորդի չափով:

4. Եթե աշխատողը հրաժարվում է առաջարկված ժամանակավոր աշխատանքից, որը համապատասխանում է նրա մասնագիտությանը եւ որակավորմանը, եւ որը նա կարող էր իրականացնել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա պարապուրդի յուրաքանչյուր ժամի համար նրան վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նվազագույն ժամային դրույքաչափի երեսուն տոկոսից ոչ պակաս՝ պարապուրդի յուրաքանչյուր ժամի համար:

5. Պարապուրդի ժամանակ գործատուի պահանջով աշխատավայրում գտնվելու համար աշխատողին վճարվում է աշխատավարձ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված չափով:

6. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կարող են նախատեսվել դեպքեր, երբ աշխատողը կարող է պարապուրդի ժամանակ ընդհանրապես չներկայանալ աշխատանքի:

7. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ ճանաչված պատճառներով առաջացած, ինչես նաեւ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակը չի վճարվում:

Հոդված 193. Ոչ լրիվ աշխատաժամանակի վարձատրությունը

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում, ինչպես նաեւ գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ ոչ լրիվ աշխատաժամանակի (ոչ լրիվ աշխատանքային օր կամ շաբաթ) կիրառման դեպքերում աշխատանքը վարձատրվում է աշխատած փաստացի ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան:

Հոդված 194. Աշխատանքի վարձատրությունը աշխատանքի ծավալի ավելացման դեպքում

1. Եթե սահմանված նորմաների համեմատությամբ ավելանում է աշխատողի աշխատանքի ծավալը, ապա նրա աշխատանքը վարձատրվում է կատարված աշխատանքի ծավալին համապատասխան:

2. Աշխատանքի վարձատրության կոնկրետ չափերը սահմանվում են կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով:

Հոդված 195. Աշխատանքի վարձատրությունը աշխատաժամանակի կրճատ տեւողության դեպքում

Աշխատաժամանակի կրճատ տեւողությամբ աշխատաժամանակով աշխատողների աշխատանքի վարձատրության պայմանները սահմանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հոդված 196. Աշխատանքի վարձատրությունը խոտան արտադրանք արտադրելլու դեպքում

1. Ոչ աշխատողի մեղքով խոտան արտադրանք արտադրվելու դեպքում, աշխատողի աշխատանքը վարձատրվում է պիտանի արտադրանքի համար նախատեսված վարձատրության չափով:

2. Գործատուի մեղքով արտադրանքի խոտանի կամ վերամշակվող նյութի թաքնված թերության, ինչպես նաեւ արտադրանքի ընդունումից հետո նկատված խոտան արտադրանքի համար աշխատողի աշխատանքը վարձատրվում է պիտանի արտադրանքի համար նախատեսված վարձատրության չափով:

3. Աշխատողի մեղքով խոտան արտադրանք արտադրվելու դեպքում աշխատանքը վարձատրվում է նվազեցված չափով՝ կախված արտադրանքի պիտանելիության աստիճանից:

Հոդված 197. Աշխատանքի վարձատրությունը աշխատանքային նորմաները չկատարելու դեպքում

1. Եթե աշխատողը ոչ իր մեղքով չի կատարում աշխատանքային նորմաները, ապա աշխատանքի վարձատրությունը կատարվում է փաստացի կատարված աշխատանքի համար: Այս դեպքում ամսական աշխատավարձը չի կարող պակաս լինել նրա տարիֆային աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի մեկ ժամի վարձատրության) երկու երրորդից եւ Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձից:

2. Աշխատողի մեղքով աշխատանքի նորմաները չկատարելու դեպքում աշխատանքը վարձատրվում է փաստացի կատարված աշխատանքի համար:

Հոդված 198. Աշխատավարձի վճարման ժամկետները, վայրը եւ կարգը

1. Աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում եւ վճարվում է աշխատողին, աշխատանքային օրերին, ամսական առնվազն մեկ անգամ` մինչեւ հաջորդ ամսվա 15-ը:

Գործատուն կարող է ամսական աշխատավարձ վճարել մեկ անգամից ավելի պարբերականությամբ:

2. Աշխատավարձի վճարումը պարտավորագրերով եւ արժեթղթերով արգելվում է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Աշխատավարձը կարող է վճարվել բանկային վկայագրով, չեկերով կամ աշխատողի կողմից նշված բանկային հաշվին դրամական փոխանցումով:

Հոդված 199. Հաշվարկային թերթիկներ

1. Գործատուն բոլոր աշխատողներին պետք է ներկայացնի հաշվարկային թերթիկներ:

2. Հաշվարկային թերթիկում նշվում է հաշվարկված, աշխատողին վճարված եւ պահված գումարները:

Հոդված 200. Աշխատանքի վարձատրության նոր պայմանների մասին ծանուցումը

Սույն օրենսգրքի 108-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում աշխատանքի վարձատրության նոր պայմաններ սահմանելիս գործատուն այդ մասին գրավոր ձեւով պետք է ծանուցի աշխատողին ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ մինչեւ նոր պայմանների ուժի մեջ մտնելը:

Հոդված 201. Միջին աշխատավարձ

1. Օրենսդրությամբ, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով սահմանված դեպքերում աշխատողներին երաշխավորվում է միջին աշխատավարձ: Միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները, որոնք կիրառվում են տվյալ կազմակերպությունում` անկախ վճարման աղբյուրից:

2. Աշխատղի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասնմեկ լրիվ ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողին վճարված ամենամսյա աշխատավարձի, ներառյալ` լրավճարների, հավելավճարների եւ պարգեւատրումների ընդհանուր գումարը տասնմեկի բաժանելու միջոցով: Հաշվառման ենթակա տասնմեկ լրիվ ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ, ամենամյա հերթական արձակուրդում, հղիության եւ ծննդաբերության, չվճարվող կամ երեխային խնամելու համար արձակուրդում: Եթե որեւէ պատճառով տասնմեկ ամիսները լրիվ չեն ձեւավորվում, ապա աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը հաշվարկվում է հնարավոր մյուս բոլոր միմյանց հաջորդող լրիվ ամիսների եւ դրանց համար աշխատողին վճարված աշխատավարձի` ներառյալ լրավճարների, հավելավճարների եւ պարգեւատրումների ընդհանուր գումարը լրիվ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով:

Միջին ամսական աշխատավարձը որոշելիս հաշվի չեն առնվում այն պարգեւատրումները, որոնք տվյալ գործատուի տնտեսական կամ այլ գործունեության տարեկան արդյունքների հիման վրա այլ գործատուների կողմից տրվել են տվյալ գործատուի մոտ աշխատող անձանց:

Հոդված 202. Աշխատողների պահանջների բավարարումը գործատուի սնանկության դեպքում

Գործատուի սնանկության դեպքում աշխատողների աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների վճարման հետ կապված պահանջները բավարարվում են սնանկության իրավահարաբերությունները կարգավորող օրենքին համապատասխան:

Հոդված 203. Աշխատավարձի վճարումը աշխատանքային պայմանագիրը լուծվելու կամ աշխատողի մահվան դեպքում

1. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում աշխատողի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կատարվում են պայմանագրի լուծման օրվանից երեք օրվա ընթացքում:

2. Աշխատողի մահվան դեպքում նրան հասանելիք աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները վճարվում են մահացածի ընտանիքի անդամին մահվան վկայականը եւ ընտանիքի անդամ լինելու փաստը հավաստող անհրաժեշտ այլ փաստաթղթերը անձի մահից հետո վեց ամսվա ընթացքում ներկայացնելու դեպքում` ներկայացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Սահմանված ժամկետում չստացված աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները ենթակա են ժառանգման` օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 204. Աշխատավարձի եւ աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարումների ժամկետանց վճարումը

1. Եթե գործատուի մեղքով աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կատարվում են սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատողին վճարվում է տուգանք օրենքով սահմանված չափերով եւ կարգով:

2. Կազմակերպության սնանկ ճանաչման դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքների հաշվարկումը դադարեցվում է` սնանկ ճանաչելու մասին դատարանի վճռի կայացման պահից:

Հոդված 205. Աշխատավարձի եւ աշխատանքի այլ պայմանների վերաբերյալ տվյալները

1. Աշխատողի աշխատավարձի եւ աշխատանքի այլ պայմանների վերաբերյալ տվյալները տրամադրվում կամ հրապարակվում են միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում կամ աշխատողի համաձայնությամբ:

2. Աշխատողի պահանջով գործատուն պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք աշխատավայրից` նշելով աշխատողի պաշտոնը, նրա աշխատած ժամանակահատվածը, աշխատավարձի եւ վճարված հարկերի, ինչպես նաեւ պետական սոցիալական ապահովագրության վճարումների չափերը:

ԳԼՈՒԽ 21.

ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԵՎ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ

Հոդված 206. Ուսուցման համար արձակուրդի վարձատրության պայմանները

1. Սույն օրենսգրքի 179-րդ հոդվածում նշված այն աշխատողին, որը գործատուի ուղեգրով է սովորում հանրակրթական, միջնակարգ-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում, ուսումնական արձակուրդները վճարում է գործատուն՝ միջին աշխատավարձից ոչ պակաս չափով:

2. Ընդունելության քննություններ հանձնող կամ անձնական նախաձեռնությամբ սովորող աշխատողների ուսումնական արձակուրդի վճարման հարցը կարող է կարգավորվել կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ:

Հոդված 207. Աշխատանքային պայմանագիրը լուծելու ծանուցում ստացած աշխատողների մասնագիտական ուսուցումը

Սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելու ծանուցում ստացած աշխատողները կարող են ուղեգրով ուղարկվել աշխատանքի տեղական շուկայի պահանջներին համապատասխան մասնագիտություն սովորելու կամ որակավորումը բարձրացնելու: Նրանց մասնագիտական ուսուցման կամ որակավորումը բարձրացնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հոդված 208. Աշխատանքի վարձատրությունը աշխատողի առողջական վիճակի կապակցությամբ այլ աշխատանքի փոխադրման դեպքում

1. Եթե տվյալ կազմակերպությունում կատարվող աշխատանքի պատճառով աշխատողի առողջական վիճակը վատթարացել է (չի կարող իրականացնել նախկին աշխատանքը վնասվածքի, մասնագիտական հիվանդության, առողջության վնասման այլ պատճառներով) եւ նրան իր մասնագիտությանը, որակավորմանը եւ առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանքի փոխադրելը հնարավոր չէ` կազմակերպությունում համապատասխան աշխատանք չլինելու պատճառով, ապա նրան օրենսդրությամբ սահմանված չափով վճարվում է հիվանդության նպաստ՝ մինչեւ նրա աշխատունակության մասին պետական բժշկասոցիալական փորձաքննականհանձնաժողովից եզրակացություն ստանալը: Աշխատունակությունը կորցնելու աստիճանը որոշելուց հետո, եթե աշխատողը աշխատանքում դժբախտ դեպքերից եւ մասնագիտական հիվանդություններից ապահովագրված չի եղել, ապա նրան վճարվում է վնասի հատուցում:

2. Եթե աշխատողը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում փոխադրվում է այլ աշխատանքի, ապա այդ դեպքում պահպանվում է նրա նախկին միջին աշխատավարձը ՝ մինչեւ նրա աշխատունակության մասին պետական բժշկասոցիալական փորձաքննականհանձնաժողովից եզրակացություն ստանալը:

Հոդված 209. Լրացուցիչ եւ հատուկ ընդմիջումների վճարումը

Լրացուցիչ եւ հատուկ ընդմիջումներն ընդգրկվում են աշխատաժամանակում եւ դրանց համար վճարվում է աշխատողի միջին աշխատավարձը:

Հոդված 210. Առողջության ստուգման համար երաշխիքները

Այն աշխատողին, որի առողջության ստուգումն իր աշխատանքի բնույթով պայմանավորված պարտադիր է, առողջության ստուգման համար ծախսվող ժամանակի համար նրան վճարվում է միջին աշխատավարձը:

Հոդված 211. Աշխատանքի առանձին պայմաններով կամ բնույթով պայմանավորված հատուցումը

Այն աշխատողներին, որոնց աշխատանքը կատարվում է ճանապարհին, դաշտային պայմաններում, կրում է տեղափոխման կամ փոխադրման բնույթ հատուցվում է աշխատանքի պայմաններով կամ բնույթով պայմանավորված նրանց կատարած լրացուցիչ ծախսերը: Այդ հատուցումների նվազագույն չափը եւ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Պետական կամ համայնքի բյուջեից ֆինանսավորվող հատուցումների առավելագույն չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 212. Վճարումը` աշխատանքը կատարելուց հրաժարվելու դեպքում

Այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը պատճառաբանված հրաժարվել է աշխատանք կատարելուց կապված անվտանգության եւ առողջության համար վտանգի առկայության հետ, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ չի ուսուցանվել աշխատանքների անվտանգ կատարման համար, կամ եթե բացակայում են կոլեկտիվ պաշտպանության միջոցները կամ, եթե նա ապահովված չէ անձնական պաշտպանության անհրաժեշտ միջոցներով, աշխատողին վճարվում է նրա միջին աշխատավարձը: Եթե աշխատողի աշխատանք կատարելուց հրաժարվելը հիմնավորված չէ, չաշխատած ժամանակահատվածը չի վճարվում եւ այդ կապակցությամբ գործատուին պատճառած վնասը աշխատողը հատուցում է Հայաստանի Հանրապետության օրեսնդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 213. Երաշխիքներ դոնորներին

Արյան կամ դրա բաղադրիչների հանձնման օրը եւ դրան հաջորդող օրը դոնորն ազատվում է աշխատանքից: Աշխատանքի չներկայանալու մասին աշխատողը պարտավոր է գործատուին տեղեկացնել ոչ ուշ, քան մեկ օր առաջ: Կազմակերպության ղեկավարը կամ նրա ներկայացուցիչը չպետք է խոչնդոտի դոնորին արյան կամ դրա բաղադրիչների հանձնումն իրականացնելիս:

Հոդված 214. Աշխատողին պատկանող գործիքների, աշխատանքային հագուստի մաշվածության դիմաց հատուցումը

1. Գործատուն երաշխավորում է աշխատողներին աշխատանքի համար անհրաժեշտ գործիքների, սարքավորումների, հատուկ հագուստի եւ անհատական ու կոլեկտիվ պաշպանության այլ միջոցների անվճար տրամադրումը:

2. Եթե աշխատանքում օգտագործվում է աշխատողներին պատկանող, սույն հոդվածի 1-ին մասում նշված միջոցները, ապա գործատուն պարտավոր է հատուցել աշխատողին այդ միջոցների մաշվածության համար:

Հոդված 215. Երաշխիքները եւ հատուցումները ծառայողական գործուղումների դեպքում

1. Ծառայողական գործուղման մեկնած աշխատողներին երաշխավորվում է նրանց աշխատատեղի (պաշտոնի) եւ աշխատավարձի պահպանումը գործուղման ամբողջ ժամանակահատվածում: Բացի այդ, նրանց վճարվում է օրապահիկ եւ հատուցվում է գործուղման հետ կապված ծախսերը:

2. Այդ վճարումների նվազագույն չափը եւ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Պետական կամ համայնքի բյուջեից ֆինանսավորվող գործուղման ծախսերի առավելագույն չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Մինչեւ տասնութ տարեկան աշխատողին արգելվում է ուղարկել ծառայողական գործուղման: Հղի կանայք եւ մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են ծառայողական գործուղման ուղարկվել միայն իրենց համաձայնությամբ:

Հոդված 216. Երաշխիքները եւ հատուցումները աշխատանքի այլ վայր փոխադրվելու կամ այլ վայրում աշխատանքի ընդունելու դեպքերում

1. Երբ աշխատողը փոխադրվում է աշխատանքի այլ վայր կամ աշխատանքի է ընդունվում այլ վայրում (բացառությամբ անձնական ցանկությամբ աշխատանքի ընդունման եւ փոխադրման դեպքերի), ապա նրան վճարվում է`

1) իր եւ իր ընտանիքի անդամների տեղափոխման հետ կապված ծախսերը.

2) անհրաժեշտ գույքի տեղափոխման ծախսերը.

3) ճանապարհին գտնվելու ժամանակահատվածի օրապահիկը.

4) տեղափոխման համար նախապատրաստվելու եւ նոր վայրում տեղավորվելու ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը, սակայն ոչ ավելի, քան վեց օրից` ներառյալ ճանապարհին գտնվելու ժամանակը:

2. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կարող է սահմանվել նաեւ տեղափոխման հետ կապված այլ ծախսերի վճարում (միանվագ նպաստների ձեւով եւ այլն) :

3. Եթե աշխատողը փոխադրվում է աշխատանքի այլ վայր կամ աշխատանքի է ընդունվում այլ վայրում անձնական ցանկությամբ, ապա սույն հոդվածի 1-ին մասում նշված վճարումները կարող են սահմանվել կողմերի համաձայնությամբ:

Հոդված 217. Վճարված հատուցումների վերադարձման դեպքերը

1. Աշխատողը պարտավոր է գործատուին վերադարձնել աշխատանքի այլ վայր փոխադրվելու կամ այլ վայրում աշխատանքի ընդունվելու համար գործատուից ստացած հատուցումները, եթե`

1) առանց հարգելի պատճառի չի ներկայանում աշխատանքի կամ հրաժարվում է սկսել աշխատանքը.

2) առանց հարգելի պատճառի լուծում է աշխատանքային պայմանագիրը մինչեւ աշխատանքի ընդունման կամ փոխադրման ժամանակ օրենսդրությամբ կամ կողմերի պայմանավորվածությամբ սահմանված ժամկետի լրանալը.

3) աշխատանքային պայմանագիրը լուծում է մինչեւ մեկ աշխատանքային տարին լրանալը, երբ պայմանագրի գործողության ժամկետ չի սահմանվել.

4) իրականացնում է այնպիսի գործողություններ, որոնք սույն օրենսգրքին համապատասխան հանդիսանում են պայմանագրի լուծման հիմք:

2. Հարգելի պատճառով աշխատանքի չներկայացած կամ աշխատանքը սկսելուց հրաժարված աշխատողը պարտավոր է վերադարձնել գործատուից ստացած գումարները, բացառությամբ կատարված ճանապարհածախսի:

Հոդված 218. Դրամական պահանջների բավարարումը

1. Աշխատանքային հարաբերությունների հետեւանքով ծագած, աշխատողների դրամական պահանջները` կապված աշխատանքային խեղման կամ այլ մարմնական վնասվածք ստանալու, մասնագիտական հիվանդությամբ հիվանդանալու կամ աշխատանքում դժբախտ պատահարի հետեւանքով մահանալու հետ, որպես վնասի հատուցում տրամադրում է գործատուն:

2. Սույն հոդվածի 1-ին մասում սահմանված պահանջների բավարարման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հատուկ հիմնադրամի միջոցները, եթե գործատուի սնանկության արդյունքում նման հատուցում չի տրվում:

Հոդված 219. Հիմնավորումները աշխատավարձից պահումների համար

1. Աշխատավարձից պահումները կարող են կատարվել օրենքով սահմանված դեպքերում:

2. Գործատուի պարտքերը մարելու համար աշխատողների աշխատավարձից պահումներ կամ գանձումներ կարող են կատարվել`

1) աշխատավարձի հաշվին աշխատողին տրված կանխավճարից.

2) հաշվարկային մեխանիկական սխալների հետեւանքով կատարված ավել վճարումներից.

3) ծառայողական գործուղման կամ աշխատանքի այլ վայր տեղափոխվելու կամ այլ վայրում աշխատանքի ընդունվելու կամ առանձին գործողությունների կատարման համար աշխատողին տրված, սակայն չծախսված եւ ժամանակին չվերադարձված կանխավճարից.

4) աշխատողի մեղքով գործատուին պատճառված վնասը հատուցելիս:

Սույն մասի 1-ին պարբերությունում նշված դեպքերում գործատուն իրավունք ունի կատարել պահումներ ոչ ուշ, քան կանխավճարի վերադարձման կամ պարտքի մարման համար սահմանված ժամկետը լրանալու, հաշվարկային հաշվումների ընթացքում ավել վճարում կատարելու, աշխատողի կողմից հասցված վնասը հայտնաբերելու օրվանից մեկ ամսվա ընթացքում, եթե աշխատողի պարտքը չի գերազանցում նրա մեկ ամսվա աշխատավարձը:

Գործատուի պարտքերը մարելու համար աշխատողների աշխատավարձից պահումներ կամ գանձումներ կարող են կատարվել նաեւ, երբ աշխատողը ազատվում է աշխատանքից մինչեւ այն աշխատանքային տարվա ավարտը, որի համար նրան տրվել էր արձակուրդ: Այդ դեպքում գանձվում է չաշխատած օրերի համար կատարված վճարումը: Այդ օրերի համար գանձումներ չեն կատարվում, եթե աշխատողը աշխատանքից ազատվում է ոչ իր մեղքով:

3. Չի թույլատրվում աշխատողից պահել կամ գանձել օրենքի սխալ կիրառմամբ հաշվարկված եւ ավել վճարված աշխատավարձը` բացառությամբ հաշվարկային մեխանիկական սխալների դեպքերում:

Հոդված 220. Աշխատավարձից պահումների չափերի սահմանափակումները

Աշխատավարձը վճարելիս պահումների ընդհանուր չափը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով:


ԲԱԺԻՆ VI.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ: ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ԳԼՈՒԽ 22.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 221. Աշխատանքային կարգապահության ապահովումը

1. Աշխատանքի վայրում աշխատանքային կարգապահությունն ապահովվում է նորմալ արտադրողական աշխատանքի համար կազմակերպչական եւ տնտեսական պայմաններ ստեղծելու, ինչպես նաեւ արդյունավետ աշխատանքը խրախուսելու միջոցով:

2. Աշխատանքային կարգապահությունը խախտող աշխատողների նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական ներգործություն միջոցներ:

Հոդված 222. Աշխատողի պարտականությունները

Աշխատողը պարտավոր է բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները, պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, կատարել աշխատանքի սահմանված նորմաները, պահպանել աշխատանքի պաշտպանության եւ անվտանգության ապահովման պահանջները, բարեխղճորեն վերաբերվել գործատուի եւ այլ աշխատողների գույքին, ինչպես նաեւ անմիջապես տեղեկացնել գործատուին մարդկանց կյանքին ու առողջությանը, գործատուի գույքի պաշտպանությանը սպառնացող վտանգի ծագման մասին:

Հոդված 223. Գործատուի պարտականությունները

Գործատուն պարտավոր է`

1) աշխատողին ապահովել պայմանագրով պայմանավորված աշխատանքով եւ կազմակերպել աշխատանքը.

2) նախատեսված ժամկետում եւ սահմանված չափով վճարել աշխատավարձ.

3) հատկացնել նախատեսված արձակուրդ եւ վճարել արձակուրդային վճար.

4) ապահովել անվտանգ աշխատանքային պայմաններ.
5) աշխատանքի ընդունելու ժամանակ, ինչպես նաեւ աշխատելու ընթացքում, աշխատողին ծանոթացնել կազմակերպության ներքին կարգապահական կանոնների, աշխատանքի պաշտպանության եւ հակահրդեհային անվտանգության պահանջներին.

6) կատարել օրենքով, այլ իրավական ակտերով, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերով նախատեսված այլ պարտականություններ:

Հոդված 224. Աշխատանքային կարգապահությունը եւ կազմակերպության ներքին կարգապահական կանոնները

1. Աշխատանքային կարգապահությունը` աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերով, գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված վարքագծի կանոններն են, որոնց պարտավոր են ենթարկվել բոլոր աշխատողները:

2. Կազմակերպության ներքին կարգապահական կանոնները` կազմակերպության ներքին իրավական ակտ է, որը կանոնակրգում է աշխատողների աշխատանքի ընդունման եւ ազատման կարգը, աշխատանքային պայմանագրի կողմերի հիմնական իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվությունը, աշխատանքի ռեժիմը, հանգստի ժամանակը, աշխատողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի եւ կարգապահական պատասխանատվության միջոցները, ինչպես նաեւ աշխատանքային հարաբերություններին վերաբերող այլ հարցեր:

Կազմակերպության ներքին կարգապահական կանոնները հաստատում է գործատուն` աշխատողների ներկայացուցիչների (նրանց առկայության դեպքում) համաձայնությամբ:

Հոդված 225. Գործատուի կողմից կիրառվող խրախուսանքները

Աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար գործատուն կարող է խրախուսել աշխատողներին (հայտարարել շնորհակալություն, պարգեւատրել, այդ թվում` հուշանվերով, հատկացնել լրացուցիչ արձակուրդ եւ այլն):

Աշխատանքի համար աշխատողներին խրախուսելու այլ ձեւեր կարող են սահմանվել կոլեկտիվ պայմանագրով կամ կազմակերպության ներքին կարգապահական կանոններով: Օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով աշխատողները կարող են ներկայացվել պետական պարգեւների:

Հոդված 226. Աշխատանքային կարգապահության խախտումը

Աշխատանքային կարգապահության խախտում է համարվում աշխատողի մեղքով աշխատանքային պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:

Հոդված 227. Աշխատանքային պարտականությունների կոպիտ խախտումը

1. Աշխատանքային պարտականությունների կոպիտ խախտում է համարվում այն խախտումը, որի հետեւանքով կոպտորեն խախտվում են աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթները, կազմակերպության ներքին կարգապահական կանոնները:

2. Աշխատանքային պարտականությունների կոպիտ խախտում կարող է համարվել`

1) քաղաքացիների սահմանադրական իրավունքները ոտնահարող գործողություններ կատարելը.

2) պետական, ծառայողական, առեւտրային կամ տեխնոլոգիական գաղտնիքների հրապարակումը կամ դրանց մասին հայտնումը մրցակից կազմակերպությանը.

3) իր եւ այլոց համար անօրինական եկամուտներ ստանալու կամ այլ անձնական դրդապատճառներով պաշտոնական դիրքի օգտագործումը, ինչպես նաեւ կամայականությունը կամ բյուրոկրատիզմը.

4) կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների խախտումը կամ սեռական հետապնդումները աշխատակիցների, ենթակաների կամ շահառուների նկատմամբ.

5) ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելը.

6) անհարգելի պատճառներով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատանքի չներկայանալը.

7) առողջության ստուգումից հրաժարվելը, եթե այդ ստուգումները պարտադիր են աշխատողների համար.

8) կազմակերպության ներքին կարգապահական կանոնները կոպտորեն խախտող այլ արարքներ:

Հոդված 228. Կարգապահական պատասխանատվության հիմքերը

Կարգապահական տույժի կարող է ենթարկվել միայն աշխատանքային կարգապահությունը խախտած աշխատողը:

Հոդված 229. Կարգապահական տույժերը

1. Աշխատանքային կարգապահությունը խախտելու համար կարող են կիրառվել հետեւյալ կարգապահական տույժերը`

1) դիտողություն.

2) նկատողություն.

3) սույն օրենսգրքի 123-125-րդ հոդվածների հիմքերով աշխատանքային պայմանագրի լուծում:

2. Աշխատողների որոշ կատեգորիայի նկատմամբ օրենքով կարող են սահմանվել նաեւ այլ կարգապահական տույժեր:

3. Օրենքով չնախատեսված կարգապահական տույժերի կիրառումն արգելվում է:

Հոդված 230. Կարգապահական տույժի ընտրությունը

Կարգապահական տույժի կիրառման դեպքում պետք է հաշվի առնվի խախտման ծանրությունը եւ դրա հետեւանքները, աշխատողի մեղքը, այդ խախտման կատարման հանգամանքները եւ աշխատողի նախկինում կատարած աշխատանքը:

Հոդված 231. Աշխատանքային կարգապահության մեկ խախտման համար մի քանի կարգապահական տույժերի կիրառման արգելքը

Աշխատանքային կարգապության յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

Հոդված 232. Կարգապահական տույժի կիրառման կարգը

1. Մինչեւ կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում բացատրությունը, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության:

2. Կարգապահական տույժը կիրառվում է գործատուի հրամանով (կարգադրությամբ) եւ այդ մասին տեղեկացվում է աշխատողին` ստորագրությամբ:

Հոդված 233. Կարգապահական տույժի կիրառման ժամկետը

1. Կարգապահական տույժը կիրառվում է խախտումը հայտնաբերելուց հետո մեկ ամսվա ընթացքում` չհաշված հիվանդության պատճառով բացակայության, գործուղման կամ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածները:

2. Կարգապահական տույժ կիրառվել չի կարող, եթե խախտումը կատարելու օրվանից անցել է վեց ամիս: Եթե խախտումը հայտնաբերվում է աուդիտի, ֆինանսատնտեսական գործունեության, գումարային կամ այլ արժեքների ստուգման (գույքագրման) ժամանակ, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել, եթե խախտումը կատարելու օրվանից անցել է ոչ ավելի, քան երկու տարի:

Հոդված 234. Կարգապահական տույժի բողոքարկումը

Կարգապահական տույժը կարող է բողոքարկվել դատական կարգով:

Հոդված 235. Կարգապահական տույժի գործողության ժամկետը

Եթե կարգապահական տույժի ենթարկվելու օրվանից մեկ տարվա ընթացքում աշխատողը չի ենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող:

Հոդված 236. Կարգապահական տույժի հանումը

Կարգապահական տույժը կարող է հանվել մինչեւ մեկ տարին լրանալը, եթե աշխատողը թույլ չի տվել նոր կարգապահական խախտում եւ բարեխղճորեն կատարում է իր աշխատանքային պարտականությունները:

ԳԼՈՒԽ 23.

ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հոդված 237. Նյութական պատասխանատվության առաջացման հիմքերը

Նյութական պատասխանատվությունն առաջանում է այն դեպքում, երբ աշխատանքային պայմանագրի կողմը (գործատուն կամ աշխատողը) չկատարելով կամ ոչ պատշաճ կատարելով իր պարտականությունները վնաս է պատճառում մյուս կողմին:

Վնաս պատճառելու եւ անհիմն հարստացման հետեւանքով ծագած պարտավորությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 238. Նյութական պատասխանատվության առաջացման պայմանները

Նյութական պատասխանատվություն առաջանում է հետեւյալ բոլոր պայմանների առկայության դեպքում`

1) պատճառված է վնաս.

2) վնաս պատճառվել է անօրինական գործունեության հետեւանքով.

3) առկա է պատճառական կապ անօրինական գործունեության եւ վնասի առաջացման միջեւ.

4) առկա է խախտողի մեղքը.

5) խախտողը եւ տուժող կողմերը իրավունքների խախտման պահին եղել են աշխատանքային հարաբերությունների մեջ.

6) վնասի առաջացումը կապված է աշխատանքային գործունեության հետ:

Հոդված 239. Տուժողի մեղքը հաշվի առնելը

Եթե վնասը առաջացել է խեղում ստացած կամ մահացած աշխատողի մեղքով` նրա կոպիտ անզգուշության հետեւանքով, ապա վնասի հատուցումը նվազում է` հաշվի առնելով մեղավորության աստիճանը, կամ վնասի հատուցման պահանջը մերժվում է:

Հոդված 240. Գործատուի նյութական պատասխանատվության առաջացման դեպքերը

Գործատուի նյութական պատասխանատվությունն առաջանում է հետեւյալ դեպքերում`

1) աշխատողը ստացել է խեղում կամ մահացել է կամ հիվանդացել է մասնագիտական հիվանդությամբ, եթե նա աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից եւ մասնագիտական հիվանդություններից ապահովագրված չէր.

2) վնասը առաջացել է աշխատողի գույքի կորստի, ոչնչացման կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու հետեւանքով.

3) թույլ է տրվել աշխատողի կամ այլ անձանց գույքային իրավունքների այլ խախտումներ):

Հոդված 241. Վնասի հատուցումը աշխատողի խեղման, մահվան, աշխատողի կամ այլ անձանց գույքային իրավունքների խախտման դեպքում

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, գործատուն պարտավոր է հատուցել աշխատողին պատճառած վնասը, որն առաջացել է աշխատողի խեղման կամ առողջությանն այլ վնաս պատճառելու կամ մահվան կամ մասնագիտական հիվանդությամբ հիվանդանալու դեպքում, եթե նա ապահովագրված չէր դժբախտ պատահարներից եւ մասնագիտական հիվանդություններից, ինչպես նաեւ աշխատողի գույքի կորստի, ոչնչացման, օգտագործման համար ոչ պիտանի դառնալու կամ այլ անձանց գույքային իրավունքների այլ խախտման դեպքերում:

Հոդված 242. Վնասի հատուցումը կազմակերպության վերակազմակերպման դեպքում

Տուժողին պատճառված վնասը հատուցելու պարտավորություն ունեցող կազմակերպության վերակազմակերպման դեպքում վնասի հատուցման պարտավորությունը փոխանցվում է իրավահաջորդին` փոխանցման ակտին կամ բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:

Հոդված 243. Վնասի հատուցումը կազմակերպության լուծարման դեպքում

Կազմակերպության լուծարման դեպքում աշխատողին պատճառված վնասը ենթակա է հատուցման Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված կարգով:

Հոդված 244. Աշխատողի նյութական պատասխանատվության դեպքերը

Աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած նյութական վնասը, որն առաջացել է`

1) գույքի կորստի կամ դրա արժեքի իջեցման կամ փչանալու (վնասվելու) արդյունքում.

2) նյութերի գերածախսի արդյունքում.

3) այն դեպքերում, երբ գործատուն վճարել է (պետք է վճարի) տուգանքներ եւ հատուցումներ աշխատողի մեղքով այլ անձանց պատծառված վնասների համար.

4) նյութերի փչացման հետեւանքով առաջացած ծախսերից.

5) նյութական արժեքների ոչ պատշաճ պահպանության հետեւանքով.

6) անորակ արտադրանքի թողորկումը կանխելու համար դիտավորյալ կերպով միջոցառումներ չձեռնարկելու, նյութական կամ դրամական արժեքները հափշտակելու հետեւանքով:

Հոդված 245. Աշխատողի նյութական պատասխանատվության սահմանները

Աշխատողը պարտավոր է հատուցել պատճառված վնասը լրիվ ծավալով, բայց ոչ ավելի նրա երեք ամսվա միջին աշխատավարձի չափից, բացառությամ սույն օրենսգրքի 246-րդ հոդվածով սահմանված դեպքերի:

Հոդված 246. Աշխատողների կողմից լրիվ ծավալով վնասի հատուցման դեպքերը

Աշխատողը պարտավոր է լրիվ ծավալով հատուցել վնասը, եթե`

1) վնասը պատճառվել է դիտավորությամբ.

2) վնասը պատճառվել է նրա հանցավոր գործունեության հետեւանքով.

3) վնասը պատճառվել է այն աշխատողի կողմից, որի հետ կնքվել էր պայմանագիր լիակատար նյութական պատասխանատվության մասին.

4) վնասը պատճառվել է աշխատանքի համար աշխատողին տրված անհրաժեշտ գործիքների, սարքավորումների, հատուկ հագուստի եւ անհատական ու կոլեկտիվ պաշպանության այլ միջոցների, ինչպես նաեւ նյութերի, կիսաֆաբրիկատների կամ արտադրանքի կորստի հետեւանքով.

5) վնասը պատճառվել է այնպիսի եղանակով կամ այնպիսի գույքի, որի դեպքում օրենքով սահմանված է լիակատար գույքային պատասխանատվություն.

6) վնասը պատճառվել է ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նութերի ազդեցության տակ:

Հոդված 247. Լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիրը

1. Լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր կարող է կնքվել այն աշխատողների հետ, որոնց աշխատանքը անմիջականորեն կապված է նյութական արժեքների պահպանության, ընդունման, դուրս գրման, առուվաճառքի, տեղափոխման հետ, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ աշխատողին տրամադրվել են այլ միջոցներ աշխատանքում օգտագործելու համար: Լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիրը կնքվում է գրավոր: Պայմանագրում նշվում են այն նյութական արժեքները, որոնց համար աշխատողը ստանձնում է լիակատար նյութական պատասխանատվություն, ինչպես նաեւ գործատուի պարտավորությունները վնասների կանխումը ապահովող պայմանների վերաբերյալ:

2. Այն դեպքերում, երբ աշխատանքի համատեղ կատարման պատճառով անհնար է սահմանազատել տարբեր աշխատողների պատասխանատվությունը, կարող է լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր կնքվել աշխատողների խմբի հետ: Այդ դեպքում, վնասը հատուցում են պայմանագիրը ստորագրած բոլոր աշխատողները: Վնասի հատուցման ժամանակ աշխատողներից յուրաքանչյուրի կողմից հատուցման ենթակա վնասի չափը որոշվում է աշխատողի աշխատած ժամանակին համամասնորեն, որի ընթացքում պատճառվել է վնասը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

3. Լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր չի կարող կնքվել մինչեւ տասնութ տարեկան աշխատողների հետ:

Հոդված 248. Հատուցման ենթակա վնասի չափի որոշումը

1. Հատուցման ենթակա վնասը ներառում է իրական վնասը եւ բաց թողնված օգուտը:

2. Վնասը հաշվարկվում է հաշվի առնելով իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար՝ նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաեւ չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

3. Աշխատողի (ծառայական, պաշտոնական կամ այլ աշխատանքային պարտականությունները կատարելիս, տրանսպորտային միջոցները վարելիս եւ այլն) կողմից պատճառած վնասը հատուցած գործատուն հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ աշխատողի նկատմամբ՝ իր վճարած հատուցման չափով, եթե օրենքով այլ չափ նախատեսված չէ:
 


ԲԱԺԻՆ VII.

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՃԵՐ

ԳԼՈՒԽ 24.

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 249. Աշխատողների անվտանգությունը եւ առողջությունը

Աշխատողների անվտանգությունը եւ առողջությունը` աշխատանքային գործունեության ընթացքում աշխատողների կյանքի եւ առողջության պահպանման համակարգ է, որը ներառում է իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպական-տեխնիկական, սանիտարահիգիենիկ, բուժկանխարգելող, վերականգնողական եւ այլ միջոցառումներ:

Հոդված 250. Աշխատողների անվտանգ աշխատանքի իրավունքը

1. Աշխատանքի ժամանակ յուրաքանչյուր աշխատողի համար պետք է ստեղծվեն օրենքով սահմանված պատշաճ, անվտանգ եւ առողջության համար անվնաս պայմաններ:

2. Աշխատողների անվտանգության եւ նրանց առողջության պահպանությունը պարտավոր է ապահովել գործատուն: Հաշվի առնելով կազմակերպության մեծությունը, աշխատողների համար վտանգավորության աստիճանը, գործատուն կազմակերպությունում ստեղծում կամ ներգրավում է անվտանգության եւ աշխատողների անվտանգության եւ առողջության պահպանման որակավորված ծառայություն, կամ այդ գործառույթն իրականացնում է անձամբ:

Հոդված 251. Աշխատավայրի կահավորումը

1. Յուրաքանչյուր աշխատողի աշխատավայրը եւ շրջապատող միջավայրը պետք է լինի անվտանգ, հարմար եւ առողջության համար անվնաս, կահավորված աշխատողների անվտանգության եւ առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

2. Նոր եւ վերակառուցված օբյեկտները (համալիրները, ձեռնարկությունները, գործարանները, արտադրամասերը եւ այլն) շահագործման են հանձնվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հոդված 252. Աշխատանքի միջոցները

1. Թույլատրվում է օգտագործել միայն տեխնիկապես սարքին վիճակում գտնվող աշխատանքի միջոցներ, որոնք համապատասխանում են աշխատողների անվտանգության եւ առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին:

2. Աշխատողների անվտանգության եւ առողջության պահպանության նվազագույն պահանջները աշխատանքի միջոցների նկատմամբ սահմանվում են համապատասխան նորմատիվ իրավական ակտերով:

3. Անվտանգության եւ առողջության պահպանության պարտադիր պահանջները` աշխատանքի տարբեր միջոցների արտադրության նկատմամբ եւ դրանց համապատասխանելիության գնահատման ընթացակարգերը սահմանվում են տեխնիկական կանոնակարգերով (ստանդարտներով) եւ այլ նորմատիվ իրավական ակտերով:

4. Աշխատանքի կոնկրետ միջոցի օգտագործման վերաբերյալ անվտանգության պահանջները սահմանվում են աշխատանքի միջոցի փաստաթղթերով: Դրանք պարտավոր է տրամադրել արտադրողը աշխատանքային միջոցների հետ:

5. Պոտենցիալ վտանգավոր սարքավորումների նկատմամբ պարտադիր մշտական հսկողությունն իրականացնում է գործատուն:

Հոդված 253. Պաշտպանությունը վտանգավոր քիմիական նյութերի ազդեցությունից

1. Այն կազմակերպություններում, որտեղ արտադրության գործընթացի ժամանակ օգտագործվում, արտադրվում, տեղափոխվում կամ պահպանվում են մարդկանց առողջության համար վտանգավոր քիմիական նյութեր, գործատուները` աշխատողների առողջության, շրջակա միջավայրի պահպանության ապահովման համար սահմանում եւ ձեռնարկում են համապատասխան միջոցներ:

2. Վտանգավոր քիմիական նյութերի փաթեթավորումը ենթակա է վնասակարության կամ վտանգավորության մասին նախագազգուշացնող նշանով պիտակավորման:

3. Աշխատողները պետք է կոնկրետ վտանգավոր քիմիական նյութերի հետ անվտանգ վարվելու ուսուցում եւ հրահանգավորում ստանան: Աշխատավայրերում պետք է տեղադրված լինեն կոլեկտիվ պաշտպանության միջոցներ, վտանգավոր քիմիական նյութերի քանակի հաշվառման համար հատուկ համակարգեր, աշխատողներին վտանգի մասին նախազգուշացնող համակարգեր: Աշխատողները պետք է ապահովված լինեն անձնական պաշտպանության միջոցներով:

Հոդված 254. Աշխատանքի կատարման անվտանգ կազմակերպումը եւ իրականացումը

1. Աշխատանքը պետք է կազմակերպվի աշխատողների անվտանգության եւ առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

2. Աշխատողների անվտանգության եւ առողջության պահպանության սկզբունքների, աշխատողների անվտանգության եւ առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի, տեխնիկական փաստաթղթերի, տեխնոլոգիական գործընթացների եւ աշխատանքի միջոցների հիման վրա, գործատուն`

1) գնահատում է աշխատողների անվտանգության եւ առողջության համար հնարավոր ռիկսը.

2) լրացնում է կազմակերպության աշխատողների անվտանգության եւ առողջության վիճակի անձնագիրը: Անձնագրում նշվում են, թե որ աշխատատեղերը, աշխատանքի միջոցները, աշխատանքի եւ հանգստի ժամերն են համապատասխանում աշխատողների անվտանգության եւ առողջության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, ինչպես նաեւ, եթե աշխատողների անվտանգության եւ առողջության վիճակը չի համապատասխանում այդ պահանջներին, նշվում է աշխատողների անվտանգությունը եւ առողջությունը բարելավելուն ուղղված միջոցների մասին.

3) կազմակերպության աշխատողների անվտանգության եւ առողջության ծառայության մասին կանոնակարգերին համապատասխան, կազմակերպության աշխատողների անվտանգության եւ առողջության ծառայության մասին դրույթների կամ մասնագետների պաշտոնական հրահանգների հաստատման դեպքում, կազմակերպության ստորաբաժանումների ղեկավարների վրա` աշխատողների անվտանգության եւ առողջության պահպանության համար միջոցներ իրականացնելու եւ դրանք վերահսկելու պարտականություններ դնելու դեպքում, սահմանում է կազմակերպությունում աշխատողների անվտանգության եւ առողջության նկատմամբ պահանջների պահպանման վերահսկողության կարգը.

4) ընդունում է կազմակերպության աշխատողների անվտանգության եւ առողջության պահպանության մասին ներքին իրավական ակտեր (աշխատողների անվտանգության եւ առողջության հրահանգներ, աշխատանքի անվտանգ կատարման կանոններ եւ այլն):

3. Գործատուի հրամանով, հրահանգով կամ այլ փաստաթղթով հաստատված` աշխատողների անվտանգության եւ առողջության պահպանության ներքին իրավական ակտերը պարտադիր են: Աշխատողները դրանց հետ ծանոթացվում են ստորագրությամբ:

4. Աշխատողների անվտանգության եւ առողջության պահպանության իրավական ակտերի, աշխատանքների կազմակերպման եւ իրականացման կանոնների, հրահանգների պահանջների չպահպանելը համարվում է կազմակերպության ներքին կարգապահական կանոնների խախտում:

Հոդված 255. Պարտադիր բժշկական հետազոտություն

1. Մինչեւ տասնութ տարեկան աշխատողները պարտավոր են անցնել բժշկական հետազոտություն աշխատանքի ընդունման ժամանակ եւ մինչեւ տասնութ տարեկան դառնալը՝ յուրաքանչյուր տարի:

Մինչեւ տասնութ տարեկան աշխատողների բժշկական հետազոտումը կատարվում է գործատուի հաշվին:

2. Այն աշխատողները, որոնք աշխատանքի վայրում կարող են ենթարկվել մասնագիտական ռիսկի գործոններին, պարտավոր են բժշկական հետազոտություն անցնել մինչեւ աշխատանքի ընդունվելը, իսկ աշխատելով կազմակերպությունում` բժշկական հետազոտություն անցնել պարբերաբար՝ համաձայն կազմակերպությունում հաստատված աշխատողների առողջության բժշկական հետազոտության անցկացման գրաֆիկի: Այն աշխատողները, որոնց աշխատանքի ընթացքում վտանգավոր քաղցկեղածին նյութերի օգտագործումը կապված է մասնագիտական ռիսկի հետ, ենթարկվում են բժշկական հետազոտության աշխատանքի ընդունման ժամանակ, իսկ կազմակերպությունում աշխատելու կամ նույն կազմակերպությունում աշխատատեղը կամ աշխատանքը փոխելու ժամանակ բժշկական հետազոտությունը կատարվում է պարբերաբար:

3. Բնակչության առողջության պահպանության նպատակով բժշկական հետազոտություններ պետք է անցնեն սննդարդյունաբերության, առեւտրի եւ հասարակական սննդի կազմակերպությունների, ջրային կառույցների, բուժական եւ կանխարգելիչ կազմակերպությունների, ինչպես նաեւ մանկական դաստիարակչական եւ այլ կազմակերպությունների աշխատողները:

4. Այն աշխատողները, ովքեր աշխատում են գիշեր ժամանակ կամ հերթափոխով, պարտավոր են բժշկական հետազոտություն անցնել մինչեւ աշխատանքի ընդունվելը, իսկ աշխատելու ժամանակ՝ պարբերաբար, համաձայն կազմակերպության կողմից հաստատված աշխատողների բժշկական հետազոտություն անցնելու գրաֆիկի:

5. Գործատուն պարտավոր է հաստատել այն աշխատողների ցանկը, որոնք ենթկա են պարտադիր բժշկական հետազոտության եւ առողջությունը վերահսկող կազմակերպության հետ համաձայնեցնել բժշկական հետազոտություն անցնելու գրաֆիկը: Գործատուն աշխատողներին նշված գրաֆիկի հետ ծանոթացնում է ստորագրությամբ:

6. Պարտադիր բժշկական հետազոտությունները կատարվում են աշխատանքային ժամերին:

7. Պարտադիր սկզբնական եւ պարբերական բժշկական հետազոտությունների ենթակա մասնագիտությունների, աշխատանքների ցանկը, ինչպես նաեւ բժշկական հետազոտությունների անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 256. Աշխատանքի ժամանակավորապես դադարեցումը

1. Աշխատանքը ժամանակավորապես դադարեցվում է նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով`

1) եթե աշխատողը չի ծանոթացել աշխատանքի անվտանգ կատարման կանոններին.

2) եթե առաջացել է աշխատանքի միջոցի անսարքություն կամ վթարային վիճակ.

3) տեխնոլոգիական կանոնակարգով սահմանված խախտումով աշխատանքի կատարման ժամանակ.

4) առանց կոլեկտիվ պաշտպանության համար անհրաժեշտ միջոցների աշխատանքի կատարման ժամանակ կամ, եթե աշխատողները ապահովված չեն կոլեկտիվ եւ(կամ) անհատական պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներով.

5) այլ դեպքերում, երբ աշխատանքային միջավայրը հանդիսանում է կյանքի եւ առողջության համար վտանգավոր եւ վնասակար:

2. Կազմակերպությունում կամ կազմակերպության ստորաբաժանումներում վտանգ առաջանալու դեպքում գործատուն պարտավոր է`

1) սպառնող վտանգի մասին հնարավորինս արագ տեղեկացնել բոլոր աշխատողներին եւ այն անձանց, որոնց կարող է վտանգ սպառնալ, ինչպես նաեւ տեղեկացնել, թե աշխատողների անվտանգության եւ առողջության պահպանման համար ինչպիսի միջոցներ պետք է ձեռնարկվեն եւ ինչպիսի գործողություններ են պարտավոր ձեռնարկել աշխատողները.

2) միջոցներ ձեռնարկել աշխատանքների դադարեցման եւ աշխատողներին տալ հրահանգներ` լքելու աշխատանքային տարածքը եւ տեղափոխվելու անվտանգ վայր.

3) կազմակերպել տուժողներին առաջին բուժօգնության տրամադրումը, ինչպես նաեւ աշխատողների տեղահանումը.

4) հնարավորինս շուտ տեղեկացնել համապատասխան ներքին եւ արտաքին ծառայություններին (քաղաքացիական անվտանգության, հակահրդեհային անվտանգության, առողջության վերահսկման, ոստիկանության) վտանգի եւ տուժված աշխատողների մասին.

5) մինչեւ վտանգի վերացման համար մասնագիտացված ծառայությունների կողմից կազմակերպությանը օգնություն ցուցաբերելը, ներգրավել նախապես այդ նպատակների համար պատրաստված կազմակերպության աշխատողներին, անվտանգության եւ առողջության պահպանության ծառայության աշխատողներին:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում, երբ գործատուն միջոցներ չի ձեռնարկում աշխատողներին հնարավոր վտանգից պաշտպանելու համար, աշխատանքները դադարեցվում են հետեւյալ կարգով`

1) աշխատանքի դադարեցման պահանջով իրավունք ունեն հանդես գալ կազմակերպության աշխատողների անվտանգության եւ առողջության պահպանման հարցերով հանձնաժողովը, աշխատողների ներկայացուցիչները.

2) եթե գործատուն հրաժարվում է կատարել կազմակերպության աշխատողների անվտանգության եւ առողջության պահպանության հարցերով հանձնաժողովի, աշխատողների ներկայացուցիչների պահանջը, ապա հանձնաժողովը եւ աշխատողների ներկայացուցիչները այդ մասին տեղեկացնում են աշխատանքի պետական տեսչությանը.

3) աշխատանքի պետական տեսուչը աշխատողների անվտանգության եւ առողջության վիճակի գնահատումից հետո կարող է որոշում ընդունել` պարտավորեցելով գործատուին դադարեցնելու աշխատանքը.

4) եթե գործատուն հրաժարվում է կատարել աշխատանքի պետական տեսուչի պահանջները, ապա վերջինս իրավունք ունի դիմելու ոստիկանության օգնությանը՝ աշխատանքի դադարեցման պահանջի կատարման եւ վտանգավոր աշխատատեղերից աշխատողների տեղահանման համար:

4. Աշխատողները, հնարավորության սահմաններում, պետք է անմիջապես հայտնեն գործատուին աշխատանքի միջոցների անսարքության կամ վթարային վիճակի առաջացման մասին:

5. Յուրաքանչյուր կազմակերպություն պարտավոր է ունենալ աշխատողների տեղահանման պլան:

6. Այն կազմակերպությունները, որտեղ արտադրվում, օգտագործվում, պահպանվում են վտանգավոր նյութեր, պարտավոր են ունենալ պլաններ հնարավոր վթարի մասին նախազգուշացնելու եւ վերացնելու համար: Այդ կազմակերպությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Աշխատողների տեղահանման պլանները պետք է փակցվեն տեսանելի տեղերում: Կազմակերպության աշխատողների անվտանգության եւ առողջության պահպանության ծառայության աշխատողները, աշխատողների ներկայացուցիչները պարտավոր են տեղեկացված լինել տեղահանման եւ վթարների նախազգուշացման ու վերացման պլաններին:

8. Այն ժամանակի համար, որի ընթացքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում դադարեցվում են աշխատանքները, գործատուն աշխատողներին վճարում է միջին աշխատավարձը:

9. Աշխատանքները պետք է դադարեցվեն նաեւ, եթե բնական պայմանները խոչընդոտում են դրանց անվտանգ իրականացմանը: Վտանգի դեպքում գործատուն արտադրությունում դժբախտ պատահարները կանխելու համար, օրենսդրությանը համապատասխան իրավունք ունի փոխադրել աշխատողներին աշխատանքային պայմանագրով չնախատեսված այլ աշխատանքի նույն կազմակերպությունում կամ այլ կազմակերպություն` նույն վայրում: Արգելվում է աշխատողին փոխադրել այնպիսի աշխատանքի, որը նրան արգելված է առողջական վիճակից ելնելով: Նման աշխատանքների բացակայության դեպքում սահմանված կարգով հայտարարվում է պարապուրդ:

Հոդված 257. Կազմակերպության կենցաղային, սանիտարա-հիգիենիկ սենյակները

1. Կազմակերպությունում աշխատողների անվտանգության եւ առողջության պահպանման մասին նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգի համաձայն` հանգստանալու, զգեստափոխվելու, հագուստը, կոշիկները, անձնական պաշտպանության միջոցները պահպանելու համար կահավորվում են սանիտարական եւ անձնական հիգիենայի սենյակներ կամ համապատասխան առանձնացված տեղեր` լվացարաններով, ցնցուղարաններով, զուգարաններով:

2. Այն կազմակերպությունում, որտեղ օգտագործվում են վտանգավոր նյութեր, սանիտարական եւ անձնական հիգիենայի սենյակները կահավորվում են նման սենյակների կահավորման համար հատուկ պահանջների պահպանմամբ: Նման սանիտարական եւ անձնական հիգիենայի սենյակների կահավորման պահաջները սահմանվում են` աշխատողների անվտանգության եւ առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերով՝ հաշվի առնելով աշխատանքի բնույթը, օգտագործվող նյութերը, աշխատողների քանակը:

3. Կազմակերպության բուժկետերը, սնվելու համար սենյակները կահավորվորվում են այդպիսի սենյակների կահավորման պահանջներին համապատասխան` հաշվի առնելով աշխատողների քանակը:

Հոդված 258. Գործատուի ատեստավորումը

1. Յուրաքանչյուր գործատուի, անվտանգության եւ առողջության պահպանման բնագավառի գիտելիքները ենթարկվում են պարտադիր ատեստվորման` մինչեւ կազմակերպության շահագործումը կամ ծառայությունների մատուցումը եւ հետագայում` ոչ ուշ, քան յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Աշխատողների անվտանգության եւ առողջության ոլորտում ատեստավորման ոչ ենթակա գործատուների ցանկը` ըստ ոլորտների սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 259. Աշխատողների մասնակցությունը` աշխատողների անվտանգության եւ առողջության պահպանման միջոցների իրականացմանը

1. Գործատուն պարտավոր է աշխատողներին տեղեկացնել եւ նրանց հետ խորհրդակցել աշխատողների անվտանգության եւ առողջության վիճակի վերլուծության, պլանավորման, միջոցառումների կազմակերպման եւ վերահսկման բոլոր հարցերով: Գործատուն պայմաններ է ստեղծում աշխատողների եւ նրանց ներկայացուցիչների համար` աշխատողների անվտանգության եւ առողջության հարցերի քննարկմանը մասնակցելու համար: Այդ նպատակով ստեղծվում են կազմակերպության աշխատողների անվտանգության եւ առողջության հարցերով հանձնաժողովներ կամ ընտրվում են աշխատողների ներկայացուցիչներ: Կազմակերպության աշխատողների անվտանգության եւ առողջության հարցերով հանձնաժողովի ձեւավորման եւ գործունեության կարգը հաստատում է գործատուն:

2. Հանձնաժողովի անդամները, որոնք կատարում են հանձնաժողովի կողմից իրենց վրա դրված պարտականությունները` վճարվում են իրենց միջին աշխատավարձի չափով :

Հոդված 260. Աշխատողների անվտանգության եւ առողջության հարցերով աշխատողների հրահանգավորումը, ուսուցումը եւ ատեստավորումը

1. Գործատուն չի կարող աշխատողից պահանջել անցնելու աշխատանքային պարտականությունների կատարմանը, եթե նա աշխատանքի անվտանգության ուսուցում եւ(կամ) հրահանգավորում չի անցել:

2. Գործատուն ապահովում է, որպեսզի իր կազմակերպություն գործուղված աշխատողը անցնի աշխատանքային պարտականությունների կատարմանը միայն կազմակերպությունում գոյություն ունեցող հնարավոր ռիսկի գործոնների մասին տեղեկացվելուց եւ աշխատանքի կոնկրետ վայրում անվտանգության հրահանգավորում անցնելուց հետո:

Հոդված 261. Աշխատողների ապահովումը պաշտպանության միջոցներով

1. Աշխատողների անվտանգության եւ առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի եւ կազմակերպությունում աշխատողների անվտանգության եւ առողջության վիճակի գնահատման հիման վրա, գործատուն կահավորում է կոլեկտիվ պաշտպանության միջոցները, աշխատողներին անվճար տրամադրում է անհատական պաշտպանության միջոցներ:

2. Եթե կոլեկտիվ պաշտպանության միջոցները չեն ապահովում աշխատողների պաշտպանությունը ռիսկի գործոններից, ապա աշխատողներին պետք է տրամադրվեն անհատական պաշտպանության միջոցներ: Անհատական պաշտպանության միջոցները պետք է հարմարեցված լինեն աշխատանքի համար, հարմար լինեն օգտագործման համար եւ լրացուցիչ վտանգներ չստեղծեն աշխատողների անվտանգության համար: Անհատական պաշտպանության միջոցների նախագծման, արտադրության, համապատասխանելիության գնահատման պահանջները սահմանվում են աշխատողների անվտանգության եւ առողջության պահպանության մասին նորնատիվ իրավական ակտերով:

Հոդված 262. Առողջության վերահսկման ծառայությունների կազմակերպումը

1. Գործատուն պարտավոր է աշխատողներին ապահովել առաջին բուժօգնությամբ, կանչել շտապ բուժօգնություն` դժբախտ պատահարների կամ աշխատավայրում սուր հիվանդությունների առաջացման դեպքերում:

2. Շտապ բուժօգնության կանչի անհրաժեշտության բացակայության դեպքում, աշխատանքի վայրում հիվանդացած կամ վնասվածքներ ստացած աշխատողի տեղափոխումն առողջապահական կազմակերպություն կազմակերպում է գործատուն:

Հոդված 263. Մինչեւ տասնութ տարեկան անձնանց աշխատանքը

Մինչեւ տասնութ տարեկան անձինք չեն կարող ներգրավվել կատարելու`

1) ծանր աշխատանքներ.

2) թունավոր, քաղցկեղածին կամ առողջության վրա ազդող նյութերի օգտագործումով աշխատանքներ.

3) աշխատանքներ, որոնց կատարման ժամանակ հնարավոր է իոնացած ռադիացիայի, այլ վնասակար եւ առողջության համար վտանգավոր գործոնների ազդեցությունը.

4) աշխատանքներ, որոնց կատարման ժամանակ առկա է դժբախտ պատահարների կամ մասնագիտական հիվանդություններով հիվանդանալու մեծ հավանականություն, ինչպես նաեւ աշխատանքներ, որոնց անվտանգ իրականացումը պահանջում է բարձր զգոնություն կամ փորձառություն:

Հոդված 264. Մայրության պաշտպանությունը

1. Հղի եւ մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող կանանց չի թույլատրվում ներգրավել աշխատանքի այնպիսի պայմաններում եւ այնպիս գործոնների առկայության դեպքում, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ մոր եւ մանկան առողջության վրա: Հղի եւ մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար աշխատանքի վնասակար պայմանների եւ վտանգավոր գործոնների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Աշխատանքի վնասակար պայմանների եւ վտանգավոր գործոնների ցանկի, ինչպես նաեւ աշխատանքային միջավայրի գնահատման արդյունքների հիման վրա գործատուն պարտավոր է սահմանել հղի եւ մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող կանանց անվտանգության եւ առողջության վրա հնարավոր ազդեցության տեւողությունը եւ հատկանիշները: Հնարավոր ազդեցության առկայությունը որոշելու դեպքում, գործատուն պարտավոր է այդպիսի ռիսկի վերացման համար ձեռնարկել ժամանակավոր միջոցներ:

3. Վտանգավոր գործոնների վերացման հնարավորություն չունենալու դեպքում, գործատուն միջոցներ է ձեռնարկում բարելավելու աշխատանքային պայմանները, որպեսզի հղի եւ մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող կանայք չենթարկվեն նման գործոնների ազդեցությանը: Եթե աշխատանքային պայմանների փոփոխությամբ նման ազդեցությունը հնարավոր չէ վերացնել, ապա գործատուն պարտավոր է այդ կնոջը (նրա համաձայնությամբ) տեղափոխել այլ աշխատանքի նույն կազմակերպությունում:

4. Եթե հղի եւ մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող կնոջն անհրաժեշտ է աշխատաժամանակի ընթացքում բժշկական հետազոտություն անցնել, ապա նրան պարտավոր են ազատել աշխատանքից եւ այդ ժամանակահատվածի համար պահպանել միջին աշխատավարձը:

5. Կրծքով կերակրող կնոջը, բացի հանգստի եւ սնվելու համար տրամադրվող ընդհանուր ընդմիջման ժամերի, նորածնին կերակրելու համար, ոչ պակաս, քան յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է ընդմիջումներ` կես ժամից ոչ պակաս տեւողությամբ: Կնոջ ցանկությամբ նորածնին կերակրելու համար ընդմիջումները կարելի է միավորել եւ միացնել ընդհանուր ընդմիջմանը կամ տեղափոխել աշխատանքային օրվա վերջը` աշխատանքային օրվա տեւողության համապատասխան կրճատումով: Նորածնին կերակրելու համար նախատեսված ընդմիջումների ժամանակահատվածում աշխատողը վճարվում է միջին աշխատավարձի չափով:

Հոդված 265. Աշխատող հաշմանդամների անվտանգության եւ առողջության երաշխիքները

Աշխատող հաշմանդամների անվտանգությունը եւ առողջությունը երաշխավորվում են օրենքներով:

Հոդված 266. Աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի, պրոֆեսիոնալ հիվանդությունների մասին հայտնելը

1. Աշխատանքի վայրում դժբախտ դեպքից տուժած, սուր մասնագիտական հիվանդությամբ հիվանդացած աշխատողը, եթե ի վիճակի է, ինչպես նաեւ այն անձը, որը ականատես է եղել դժբախտ պատահարին կամ դրա հետեւանքներին, պարտավոր է անմիջապես այդ մասին հայտնել ստորաբաժանման ղեկավարին, գործատուին, կազմակերպության աշխատողների անվտանգության եւ առողջության հարցերով ծառայությանը:

2. Աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի արդյունքում, եթե տուժող անձը մահացել է, ծանր դժբախտ դեպքերի, ինչպես նաեւ աշխատանքի վայրում, աշխատանքի հետ չկապված հիվանդության պատճառով աշխատողի մահվան մասին, գործատուն պարտավոր է անհապաղ հայտնել դատախազությանը եւ աշխատանքի պետական տեսչությանը:

3. Տուժողի մահվան պատճառ հանդիսացած սուր մասնագիտական հիվանդությունների դեպքերի ժամանակ, գործատուն պարտավոր է անմիջապես հայտնել դատախազությանը եւ աշխատանքի պետական տեսչությանը:

Հոդված 267. Դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների ծառայողական քննությունը

1. Դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հաշվառման եւ ծառայողական քննության միասնական ընդհանուր կարգը պարտադիր է բոլոր կազմակերպությունների համար: Աշխատանքի ժամանակ դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հաշվառման եւ ծառայողական քննություն կատարելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Տուժողը կամ նրա ներկայացուցիչը սահմանված կարգով կարող է մասնակցել աշխատանքի ժամանակ դժբախտ դեպքի ծառայողական քննությանը, իրավունք ունի ծանոթանալ դժբախտ դեպքի կամ մասնագիտական հիվանդության ծառայողական քննության նյութերի հետ, պարտավոր է ստանալ դժբախտ դեպքի կամ մասնագիտական հիվանդության ծառայողական քննության ակտը, իսկ ակտին համաձայն չլինելու դեպքում կարող է բողոքարկել ծառայողական քննության արդյունքները աշխատանքի գլխավոր պետական տեսուչին կամ դատարան:

Հոդված 268. Աշխատողների անվտանգության եւ առողջության պահպանման նկատմամբ իրակամացվող հսկողությունը

Աշխատողների անվտանգության եւ առողջության պահպանման նկատմամբ հսկողություն եւ վերահսկողություն են իրականացնում պետական լիազորված մարմինները` իրենց իրավասությունների սահմաններում:
 


ԳԼՈՒԽ 25.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՃԵՐ

Հոդված 269. Աշխատանքային վեճի հասկացությունը

Աշխատանքային վեճ է համարվում աշխատողի եւ գործատուի միջեւ տարաձայնությունը, որն առաջանում է աշխատանքային օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, ներքին իրավական ակտերով, աշխատանքային կամ կոլեկտիվ պայմանագրով սահմանված իրավունքների եւ պարտականությունների կատարման ժամանակ:

Հոդված 270. Աշխատանքային վեճեր քննող մարմինը

1. Աշխատանքային վեճերը ենթակա են քննության դատական կարգով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

2. Կոլեկտիվ աշխատանքային վեճերը լուծվում են սույն օրենսգրքի 12-րդ գլխում սահմանված կարգով:

Հոդված 271. Աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերը

1. Աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան հրամանը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում իրավունք ունի դիմել դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները կարող են վերականգնվել: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից պետք է գանձնվի միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Տնտեսական, տեխոնոլոգիական, կազմակերպչական կամ այլ պատճառներով կամ գործատուի եւ աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության պատճառով դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատողին վճարելու հատուցում միջին աշխատվարձի չափով` մինչեւ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Այս դեպքում աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված` դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:

Հոդված 272. Աշխատանքային վեճերով դատական ծախսերը

Աշխատանքային վեճերով դատական ծախսերը կատարվում են օրենքով սահմանված կարգով: