Հոդված 1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության համայնքերի վարչական սահմաններում գտնվող /հաշվառված/ գույքի եւ հողամասերի համար 2011 թվականի հունվարի 1-ին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների գույքահարկի եւ հողի հարկի վճարման պարտականություն ունեցող անձանց վրա:
Հոդված 2. Հողի հարկ եւ գույքահարկ վճարող անձինք ազատվում են իրենց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի 2008 թվականի հունվարի 1-ին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար սույն օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ չվճարված գույքահարկից եւ հողի հարկից, ինչպես նաեւ այդ պարտավորությունները սահմանված ժամկետներում չվճարելու համար հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերից եւ տուգանքներից։ Սույն հոդվածում նշված գույքահարկի եւ հողի հարկի պարտավորությունները տեղեկատվական ավտոմատացված համակարգերից դուրս գրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 3. 2008 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար համայնքների վարչական սահմաններում գտնվող /հաշվառված/ գույքի եւ հողի գույքահարկի եւ հողի հարկի գումարները մինչեւ 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ) վճարած անձինք ազատվում են գույքահարկը եւ հողի հարկը սահմանված ժամկետներում չվճարելու համար 2008 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած հաշվետու ժամանակաշրջանների մասով հաշվարկված եւ չվճարված տույժերի եւ տուգանքների վճարումից, եթե շինությունների համար չվճարված գույքահարկը կամ հողամասերի համար չվճարված հողի հարկը եւ դրանց մասով հաշվարկված տույժերը եւ տուգանքները չեն գերազանցում 2 մլ. ՀՀ դրամը, իսկ փոխադրամիջոցների համար չեն գերազանցում 1 մլ. ՀՀ դրամը:
Հոդված 4. Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված ժամկետը չի տարածվում գույքահարկի եւ հողի հարկի վճարման պարտավորություն ունեցող այն անձանց վրա, ովքեր մինչեւ 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ հողի հարկի եւ գույքահարկի չվճարված գումարների վճարումն ապահովելու նպատակով իրենց հաշվառող մարմինների հետ կնքել են ժամանակացույց հետեւյալ ժամկետներով՝
1. մինչեւ երեք հարյուր հազար ՀՀ դրամի դեպքում՝ 3 ամիս ժամկետով.
2. երեք հարյուր հազար ՀՀ դրամից մինչեւ մեկ միլիոն ՀՀ դրամի դեպքում՝ 6 ամիս ժամկետով.
3. մեկ միլիոն ՀՀ դրամը գերազանցող պարտավորության դեպքում ՝ մեկ տարի ժամկետով:
Սույն հոդվածում նշված ժամանակացույցի ժամկետների հաշվարկը սկսվում է 2013 թվականի հունվարի 1-ից:
5. Սույն հոդվածում նշված ժամանակացույցը կազմվում է ըստ եռամսյակների, վճարման ենթակա գումարի /առանց տույժերի եւ տուգանքների/ համամասնական բաշխումով, եռամսյա վճարումների պարտադիր կատարման պայմանով։ Սույն հոդվածով սահմանված կարգով կնքված ժամանակացույցով նախատեսված առաջին վճարումը չկատարելու դեպքում հարկի եւ գույքահարկի չվճարված գումարները եւ դրանց չվճարման համար հաշվարկված տույժերը եւ տուգանքները գանձվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ընդհանուր կարգով:
Հոդված 5. Այն գույքահարկ եւ հողի հարկ վճարողները, որոնք մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը փաստացի կատարել են 2008 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար համայնքների վարչական սահմաններում գտնվող /հաշվառված/ գույքի եւ հողամասերի գույքահարկի եւ հողի հարկի գումարների վճարումները, սակայն ունեն դրանց մասով հաշվարկված եւ չվճարված տույժեր եւ տուգանքներ, սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ազատվում են չվճարված տույժերը եւ տուգանքները վճարելուց:
Հոդված 6. 2012 թվականին նախորդող երեք տարիներին /բացառությամբ 2011թվականին/ վերաբերող գույքահարկի եւ հողի հարկի վճարած տույժերի եւ տուգանքների գումարները հաշվանցվում են հարկ վճարողների` գույքահարկի եւ հողի հարկի գծով ընթացիկ կամ առաջիկա վճարումների հաշվին:
Հոդված 7. Սույն օրենքով տրամադրվող գույքահարկի եւ հողի հարկի վճարման պարտավորության դադարեցման հետեւանքով համայնքերի կողմից չստացված գումարները փոխհատուցման ենթակա չեն «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներրորդ օրը: