Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-1342-23.02.2012-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՊԱՌՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության համայնքերի վարչական սահմաններում գտնվող /հաշվառված/ գույքի եւ հողամասերի համար 2011 թվականի հունվարի 1-ին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների գույքահարկի եւ հողի հարկի վճարման պարտականություն ունեցող անձանց վրա:

Հոդված 2. Գույքահարկ եւ հողի հարկ  վճարող անձինք ազատվում են իրենց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի 2008 թվականի հունվարի 1-ին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար սույն օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ չվճարված գույքահարկից եւ հողի հարկից, ինչպես նաեւ այդ պարտավորությունները սահմանված ժամկետներում չվճարելու համար հարկային օրենսդրությամբ սահմանված  կարգով հաշվարկված տույժերից եւ տուգանքներից։ Սույն հոդվածում նշված գույքահարկի եւ հողի հարկի պարտավորությունները տեղեկատվական ավտոմատացված համակարգերից դուրս գրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 3. 2008 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար համայնքների վարչական սահմաններում գտնվող /հաշվառված/ գույքահարկի եւ հողի հարկի գումարները մինչեւ 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ վճարած ֆիզիկական անձինք ազատվում են գույքահարկը եւ հողի հարկը սահմանված ժամկետներում չվճարելու համար  2008 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած հաշվետու ժամանակաշրջանների մասով հաշվարկված եւ չվճարված տույժերի վճարումից, եթե  սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ (ներառյալ մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար) շինությունների համար չվճարված գույքահարկը կամ հողամասերի համար չվճարված  հողի հարկը  եւ դրանց մասով հաշվարկված տույժերը չեն գերազանցում 1 մլն. ՀՀ դրամը, իսկ փոխադրամիջոցների համար՝ չեն գերազանցում 0,5 մլ. ՀՀ դրամը:

Հոդված 4.  Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված ժամկետը չի տարածվում գույքահարկի եւ հողի հարկի վճարման պարտավորություն ունեցող այն ֆիզիկական անձանց վրա, ովքեր մինչեւ 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ գույքահարկի եւ հողի հարկի չվճարված գումարների վճարումն ապահովելու նպատակով իրենց հաշվառող մարմինների հետ կնքել են ժամանակացույց, ըստ պարտավորությունների ծավալների / ներառյալ տույժերը/  հետեւյալ ժամկետներով՝

1. մինչեւ երեք հարյուր հազար ՀՀ դրամի դեպքում՝ 3 ամիս ժամկետով.

2. երեք հարյուր հազար ՀՀ դրամից մինչեւ մեկ միլիոն ՀՀ դրամի դեպքում՝ 6 ամիս ժամկետով.

3. մեկ միլիոն ՀՀ դրամը գերազանցող պարտավորության դեպքում ՝ մեկ տարի ժամկետով:

Սույն հոդվածում նշված ժամանակացույցի ժամկետների հաշվարկը սկսվում է 2013 թվականի հունվարի 1-ից:

Սույն  հոդվածում նշված ժամանակացույցը կազմվում է ըստ եռամսյակների, վճարման ենթակա գումարի /առանց տույժերի/ համամասնական բաշխումով, եռամսյա վճարումների պարտադիր կատարման պայմանով։ Սույն հոդվածով սահմանված կարգով կնքված ժամանակացույցով նախատեսված  եռամսյակի ավարտից մեկ ամիս ուշացնելու կամ  չկատարելու դեպքում գույքահարկի եւ հողի հարկի չվճարված գումարները եւ դրանց չվճարման համար հաշվարկված տույժերը գանձվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ընդհանուր կարգով:

Հոդված 5. Այն գույքահարկ եւ հողի հարկ վճարող ֆիզիկական անձինք, որոնք մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը փաստացի կատարել են 2008 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած հաշվետու ժամանակաշրջանների  համար համայնքների վարչական սահմաններում գտնվող /հաշվառված/ գույքահարկի եւ հողի հարկի գումարների վճարումները, սակայն ունեն դրանց մասով հաշվարկված եւ չվճարված տույժեր, սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ազատվում են չվճարված տույժերը վճարելուց:

Հոդված 6. 2011 թվականին նախորդող երեք տարիներին  վերաբերող  ֆիզիկական անձանց կողմից գույքահարկի եւ հողի հարկի վճարած տույժերի գումարները հաշվանցվում են հարկ վճարողների` գույքահարկի եւ հողի հարկի գծով ընթացիկ կամ առաջիկա վճարումների հաշվին:

Հոդված 7. Սույն օրենքով տրամադրվող գույքահարկի եւ հողի հարկի վճարման պարտավորության դադարեցման հետեւանքով համայնքերի կողմից չստացված գումարները փոխհատուցման ենթակա չեն «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներրորդ օրը: