Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 17-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ `
«4. Սույն օրենքով սահմանված գույքահարկի վճարման գծով խախտումներ հայտնաբերելու դեպքում գույքահարկի գծով հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը կատարելուց հետո անցել է տաս տարի:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման
1. Անհրաժեշտությունը
Սույն փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հողի հարկի եւ գույքահարկի ապառքների, տույժերի, տուգանքների մարման անհուսալիությամբ, հողի հարկի եւ գույքահարկի բազաների անճշտություններով:
2. Ընթացիկ վիճակը եւ խնդիրները
Հողի հարկի եւ գույքահարկի բազաներում առկա են բազմաթիվ անճշտություններ` կապված ապառքների, տույժերի եւ տուգանքների հետ, ինչը խոչընդոտ է հանդիսանում համայնքների կողմից իրատեսական բյուջեների կազմման համար: 2012թ. հունվարի 1-ի դրությամբ առկա է 16,4 մլրդ դրամ հողի հարկի ապառք, 9,8 մլրդ դրամ տույժեր եւ տուգանքներ: Գույքահարկի գծով ապառքը կազմում է 11,6 մլրդ դրամ, տույժերը, տուգանքները` 6,0 մլրդ դրամ: 2008 թվականի հունվարի 1-ին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված ապառքների մարումը անհուսալի է` պայմանավորված բնակչության սոցիալապես անապահով վիճակով, հանրապետությունից բացակայությամբ, սեփականատերերի մահվան եւ ժառանգների կողմից սեփականությունը չգրանցելու հանգամանքով, հողի հարկի դեպքում` հողերի մշակման համար անբարենպաստ պայմաններով: Մինչեւ 2008թ. հունվարի 1-ին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված ապառքների մարման անհնարինության կարեւորագույն պատճառներից է դատարան դիմելու վաղեմության ժամկետի հետ կապված խնդիրը: Մասնավորապես, դատական պրակտիկայում առկա են նախադեպեր, որոնց նկատմամբ դատարանը կիրառում է 3 տարվա վաղեմություն, հետեւաբար` 3 տարուց ավելի վաղեմություն ունեցող ապառքների, տույժերի տուգանքների գանձումը անհնարին է դառնում: 3 տարվա վաղեմության ժամկետի գաղափարը խոչընդոտ է հանդիսանում ապառքների հավաքագրման գործընթացի իրականացման համար:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Տվյալ բնագավառում ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է հարկային վարչարարության բարելավմանը, համայնքների բյուջետավարման գործընթացի հստակեցմանը:
2009թ. ապրիլի 7-ին ընդունվել է «Հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքը, 2010թ. հունիսի 10-ին` «Հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը: Այս օրենքների կիրարկման արդյունքում համայնքային բյուջեներ է մուտքագրվել 2,811,801 հազ. դրամ, արտոնված տույժերի եւ տուգանքների գումարը կազմել է 2,095,606 հազ. դրամ, օրենքով սահմանված արտոնությունից օգտված քաղաքացիների թիվը` 129,891 մարդ:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նշված խնդիրները կարգավորելու նպատակով մշակվել է «Հողի հարկի եւ գույքահարկի գծով առաջացած ապառքների մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե:
6. Ակնկալվող արդյունք
Օրինագծի ընդունումը կնպաստի ավելի իրատեսական համայնքային բյուջեների կազմմանը, համայնքների բյուջետավարման գործընթացի հստակեցմանը, հողի հարկի եւ գույքահարկի բազաների ճշգրտմանը: