Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-223-19.02.2004-ՊԻ,ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ, ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ, ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է որպես ամբողջական սուբյեկտ` Հայաստանի Հանրապետության նպատակային գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերություններ:

Հոդված 2. Ընդհանուր դրույթներ

Նպատակային գործունեության հեռանկարային, միջնաժամկետ, տարեկան եւ հատուկ պետական ծրագրերը /այսուհետ` ծրագրեր/ Հայաստանի Հանրապետության օրենքներ են:

Ծրագրերը հիմք են ծառայում եւ ենթակա են պարտադիր կատարման պետական կառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ օրենքով սահմանված պարտավորությունների շրջանակներում` տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ուղղությունների որոշման համար:

Ծրագրերով նախատեսվածը, ծրագրերով նշված ժամկետներում չկատարելու, թերի կատարելու, խախտելու կամ միտումնավոր անգործության մատնելու համար օրենսդրությամբ սահմանված կարգով բոլոր պաշտոնատար անձինք եւ մարմինները կրում են անմիջական պատասխանատվություն:

Հոդված 3. Ծրագրերի ընդունման կարգը

Ծրագրերը եւ նրանցում կատարվող փոփոխությունները Սահմանադրության 75 հոդվածով սահմանված կարգով Ազգային ժողովը քննարկում է միայն կառավարության եզրակացության առկայությամբ եւ ընդունում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Ծրագրերը ենթակա են պարտադիր հատուկ փորձաքննության Հայաստանի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերի հետ դրանց համապատասխանությունը պարզելու համար: Անհամապատասխանության առկայության դեպքում, առանց համապատասխան փոփոխությունների, ծրագրերը կարող են ընդունվել միայն այն դեպքում, եթե համապատասխան ժամկետներում հնարավոր է

պայմանագիրը ամբողջությամբ կամ նրա հակասող դրույթները Հայաստանի Հանրապետության կողմից միակողմանի չեղյալ հայտարարել:

Հոդված 4. Ծրագրերին ներկայացվող պարտադիր պահանջները

Ծրագրերին ներկայացվող պարտադիր պահանջներն են.

1. ծրագրի հիմնական նպատակներն ու խնդիրները,

2. ծրագրի ընդունման անհրաժեշտությունն ու իրագործման հնարավորությունները,

3. ծրագրի իրագործմանը նպաստող հանգամանքների, դժվարությունների, հաղթահարելի եւ անհաղթահարելի խոչընդոտների նկարագրությունը եւ դրանց ծագման հավանականությունը,

4. փուլային կտրվածքներով` ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հիմնական միջոցառումների, պետության կողմից սահմանվող արտոնությունների, սահմանափակումների, առանձնահատուկ մոտեցումների նկարագրությունը,

5. ծրագրի կատարման ընթացքի գնահատման մակրոտնտեսական, տնտեսական, ֆիզիկական եւ այլ հիմնական չափորոշիչների նկարագրությունը,

6. ըստ նշված չափորոշիչների` ծրագրով թույլատրելի համարվող շեղումների չափի սահմանմամբ, փուլային կտրվածքներով կանխատեսումներ` միջանկյալ եւ վերջնական արդյունքների ու ծախսումների ծավալների մասին,

7. խոչընդոտների ծագմամբ պայմանավորված, ծրագրի հնարավոր կասեցման կամ փոփոխությունների պատճառով առաջացող լրացուցիչ կորուստների, ծախսումների ծավալների գնահատականները:

Հոդված 5. Հեռանկարային ծրագրերը

Հեռանկարային ծրագրերը` Հայաստանի Հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, հայեցակարգերը, խնդիրներն ու նպատակները եւ այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ մոտեցումները, միջոցառումները սահմանող օրենքներ են:

Հեռանկարային ծրագրերը պետք է հաշվի առնվեն միջնաժամկետ, տարեկան եւ հատուկ ծրագրերը կազմելիս:

Հեռանկարային ծրագրերով, եթե դրա անհրաժեշտություն կա, լրացուցիչ պետք է տրվի ընտրությունների արդյունքով քաղաքական կուրսի հնարավոր փոփոխությամբ պայմանավորված` ծրագրի կասեցման կամ արմատական փոփոխությունների հնարավորության եւ այդ պատճառով առաջացող լրացուցիչ կորուստների ծավալների գնահատականները:

Հոդված 6. Միջնաժամկետ ծրագրերը

Նորընտիր Ազգային ժողովի ձեւավորումից կամ իր կազմավորումից հետո 20-օրյա ժամկետում կառավարությունը Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում մինչեւ հաջորդ գումարման Ազգային ժողովի ձեւավորումը ընկած ժամանակահատվածի համար իր գործունեության միջնաժամկետ ծրագիրը:

Ծրագիրը հավանության արժանացած է համարվում ՀՀ Սահմանադրության 74 եւ ԱԺ կանոնակարգի 106 եւ 107 հոդվածներով սահմանված կարգով:

Միջնաժամկետ ծրագիրը հիմք պետք է հանդիսանա նշված ժամանակահատվածում տարեկան ծրագրերը կազմելիս:

Միջնաժամկետ ծրագրին ներկայացվող լրացուցիչ պահանջներն են`

1. քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծությունը,

2. այդ վերլուծությունից բխող հիմնական խնդիրները,

3. կառուցվածքային բարեփոխումների, արտաքին հարաբերությունների, ներքաղաքական զարգացումների, հարկաբյուջետային, ներդրումային, կապիտալ շինարարության, բնակչության կենսամակարդակի բարձրացման, զբաղվածության, տնտեսության այլ ոլորտներում պետական քաղաքականության ռազմավարության եւ մարտավարության նկարագրությունը,

4. հեռանկարային եւ հատուկ պետական ծրագրերի ընդգրկվածության աստիճանը միջնաժամկետ ծրագրում, շեղումների չափը, շեղումների պատճառների վերլուծությունը,

5. ծրագրի ժամանակահատվածում կառավարության գործունեության կազմակերպման առանձնահատկությունները, ուղղվածությունը, ինչպես նաեւ ծրագրի իրագործման համար կառավարության կողմից նախապատրաստվող հիմնական նորմատիվ ակտերի նկարագրությունը, միջոցառումների ցանկը, ընդունման ժամանակացույցը,

6. ծրագրի իրագործման համար անհրաժեշտ համարվող` ծրագրի կատարումն ապահովող նոր օրենքների, օրենքներում փոփոխությունների նախագծերի նկարագրությունը, ընդունման փուլերի ժամանակացույցը,

7. ոլորտներում, արտադրական ենթակառուցվածքներում, տնտեսության առանձին ճյուղերում ծրագրով նախատեսված առանձին խնդիրների, մոտեցումների առանձնահատկությունները, ճյուղային հիմնական միջոցառումների ցանկը, գերատեսչությունների գործունեության ենթածրագերի, վերահսկողության, պատասխանատվության բարձրացման լրացուցիչ մեխանիզմների նկարագրությունը` ենթածրագրերի իրագործման համար պատասխանատու պաշտոնների ցանկի ամրագրմամբ,

8. ծրագրի ժամանակահատվածում` Հայաստանի Հանրապետության հեռանկարային եւ հատուկ ծրագրերով նախատեսվող, Հայաստանի Հանրապետության միջազգային, միջպետական պայմանագրերով նախատեսվող, տնտեսվարող առանձին սուբյեկտների կողմից ստանձնած պարտավորություններով նախատեսվող, տնտեսության զարգացման հիմնական ծրագրերի նկարագրությունը` այդ ծրագրերի իրականացման իրատեսական գնահատականը,

9. տարեկան կտրվածքներով` ըստ ոլորտների եւ ճյուղերի միջնաժամկետ ծրագրով թույլատրելի համարվող շեղումների չափի սահմանմամբ` ընդհանուր ներդրումների, կապիտալ շինարարության եւ այլ ծախսումների, աշխատանքների ծավալների աղյուսակավորված ներկայացումը,

10. ըստ հիմնական չափորոշիչների որոլտներում, արտադրական ենթակառուցվածքներում, տնտեսության ճյուղերում եւ ամբողջությամբ ՀՀ-ում միջնաժամկետ ծրագրի իրականացմամբ ակնկալվող արդյունքների մանրամասն, աղյուսակավորված ներկայացումը տարեկան, անհրաժեշտության դեպքում նաեւ եռամսյակային կտրվածքներով:

Հոդված 7. Տարեկան ծրագրերը

«Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հետ միասին, ամեն տարի Կառավարությունը Ազգային Ժողովի ընդունմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության զարգացման ընդհանուր տարեկան ծրագիրը:

Տարեկան ծրագրին ներկայացվող լրացուցիչ պահանջներն են.

1. մեկնարկային իրավիճակի նկարագրումը, տարեսկզբին ըստ հիմնական չափորոշիչների հեռանկարային, միջնաժամկետ եւ հատուկ ծրագրերով նախատեսվող մակարդակից շեղումների փաստացի չափերի ներկայացումը, պատճառների վերլուծությունը,

2. անկախ սեփականության ձեւից Հայաստանի Հանրապետությունում գործող հիմնական տնտեսվարող սուբյեկտների գործունեության ընդհանուր վերլուծությունը,

3. առաջիկա տարվա համար Հայաստանի Հանրապետության հեռանկարային, միջնաժամկետ եւ հատուկ ծրագրերով նախատեսվող, Հայաստանի Հանրապետության միջազգային եւ միջպետական պայմանագրերով նախատեսվող, տեղական ինքնակառավարման մարմինների եւ տնտեսվարող սուբյեկտների կողմից ստանձնած պարտավորությունների շրջանակում նախատեսվող Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման հիմնական ծրագրերի նկարագրությունը, իրականացման իրատեսական գնահատականը, պետական միջամտության, կառավարման, կարգավորման քաղաքականության, մոտեցումների առանձնահատկությունների սահմանումը,

4. այդ քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ նոր օրենքների, օրենքներում փոփոխությունների, կառավարության կողմից ընդունման համար նախատեսվող հիմնական նորմատիվ ակտերի նախագծերի նկարագրությունը, ընդունման ժամանակացույցը,

5. ըստ ոլորտների եւ արտադրության ճյուղերի հիմնական միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը, գերատեսչությունների գործունեության ենթածրագրերի նկարագրությունը, վերահսկողության, պատասխանատվության լրացուցիչ մեխանիզմների սահմանումը,

6. ըստ համապատասխան չափորոշիչների` Հայաստանի Հանրապետության կողմից, Հայաստանի Հանրապետության միջազգային եւ միջպետական պայմանագրերով, տնտեսվարող առանձին սուբյեկտների կողմից ստանձնած պարտավորություններով նախատեսվող կապիտալ շինարարության, ներդրումային եւ ծախսումային այլ պարտավորությունների ներկայացմամբ աղյուսակավորված եռամսյակային կտրվածքներով եւ ըստ ոլորտների ու տնտեսության ճյուղերի,

7. ըստ հիմնական չափորոշիչների` ոլորտներում, արտադրական ենթակառուցվածքներում, տնտեսության ճյուղերում եւ ամբողջությամբ Հայաստանի Հանրապետությունում տարեկան ծրագրի իրականացմամբ ակնկալվող արդյունքների մանրամասն աղյուսակավորված ներկայացումը` ամսական կտրվածքներով:

Հոդված 8. Հատուկ ծրագրերը

Հատուկ ծրագրերը` որոշակի ոլորտում կամ /եւ/ որոշակի տարածքում, որոշակի ժամանակահատվածի համար պետական գործունեության առանձնահատկությունները, հատուկ մոտեցումները, միջոցառումները սահմանող օրենքներ են:

Հատուկ ծրագրին ներկայացվող լրացուցիչ պահանջներն են`

1. հատուկ ծրագրի ընդունման անհրաժեշտության հիմնավորումները,

2. ծրագրի իրագործման նպատակով` ոլորտին կամ /եւ/ տարածքին տրվող արտոնությունների, սահմանափակումների ցանկը, նկարագրությունը, կիրառման մեխանիզմները, ժամանակացույցը,

3. ծրագրի իրագործման հետ առնչվող հարցերով իրենց վրա դրվող /ստանձնած/ պարտավորությունների շրջանակում` համապատասխան գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնական տնտեսվարող սուբյեկտների գործունեության ենթածրագրերի, կառավարման, կարգավորման միջոցառումների նկարագրությունը, ցանկը, ժամանակացույցը,

4. ըստ համապատասխան չափորոշիչների Հայաստանի Հանրապետության կողմից, Հայաստանի Հանրապետության միջազգային եւ միջպետական եւ այլ պայմանագրերով, տնտեսավարող սուբյետների կողմից ստանձնած պարտավորություններով հատուկ ծրագրի շրջանակներում նախատեսվող կապիտալ շինարարության, ներդրումային եւ ծախսումային այլ պարտավորությունների մանրամասն աղյուսակավորված ներկայացումը համապատասխան փուլային կտրվածքներով,

5. ըստ համապատասխան չափորոշիչների` ոլորտում կամ /եւ/ տարածքում ծրագրի իրականացմամբ ակնկալվող արդյունքների աղյուսակավորված ներկայացումը փուլային կտրվածքներով:

Հոդված 9. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրը։