Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀO-169 oրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի 2-րդ մասի «թ» ենթակետից եւ 3-րդ մասի «է» ենթակետից հանել «եւ իրավաբանական անձի կնիքը (կազմակերպության ցանկությամբ)» բառերը, 5-րդ մասի 3-րդ եւ 4-րդ պարբերություններից հանել «եւ իրավաբանական անձի կնիքով (կազմակերպության ցանկությամբ)» բառերը:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Տնտեսության զարգացումը առանցքային նշանակություն ունի պետության առաջընթացի, բնակչության կենսամակարդակի բարձրացման եւ ընդհանուր զարգացման համար: Այդ տեսանկյունից հատկապես կարեւոր է պետության դերը՝ փոքր եւ միջին բիզնես ստեղծելու համար բարենպաստ միջավայր ստեղծելու հարցում:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայումս իր քաղաքականությունը տանում է այնպիսի ուղղությամբ, որով կպարզեցվեն գործարարության հետ կապված բոլոր գործընթացները, կկրճատվեն այդ գործընթացների ժամկետները եւ կմեծանա գործարարությամբ զբաղվելու հնարավորությունը:
Սույն օրենսդրական փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը ծագել է գործարարությամբ զբաղվելու մատչելիության՝ Հայաստանի Հանրապետության բավականաչափ ցածր ցուցանիշների առկայության հետեւանքով: Համաշխարհային բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի՝ «Գործարարությամբ զբաղվելը» տարեկան հաշվետվության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը գործարարությամբ զբաղվելու մատչելիության սանդղակում զբաղեցնում է 55-րդ տեղը: Բավականին ցածր է նաեւ ցուցանիշը գործարարություն սկսելու սանդղակում, որով ապահովված չեն մինիմալ գործողությունների, մինիմալ ժամկետների եւ կանոնադրական կապիտալի մինիմալ չափի սկզբունքները:
Գործարարությամբ զբաղվելու համար բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակը հանդիսանում է նաեւ Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրի մի մասը: ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 1768-Ն որոշմամբ նախատեսված են մի շարք միջոցառումների եւ օրենսդրական բարեփոխումների իրականացում՝ հարկային, մաքսային եւ այլ ոլորտներում, որոնք լայն իմաստով կնպաստեն գործարարությամբ զբաղվելու հնարավորությունների մեծացմանը:
Առկա օրենսդրության համաձայն՝ մի շարք փաստաթղթեր լրացնելիս կամ կազմելիս իրավաբանական անձը պարտավոր է դրանք հաստատել կազմակերպության կնիքով,իսկ որոշ դեպքերում կնիքով վավերացնելը թողնված է կազմակերպության ղեկավարի հայեցողությանը: Չնայած այն հանգամանքին, որ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ուղղակիորեն նախատեսված չէ իրավաբանական անձի՝ կնիք ունենալու պարտականությունը, այնուամենայնիվ գործնականում ձեւավորվել է սովորույթ, որի համաձայն իրավաբանական անձ ստեղծելիս կազմակերպության ղեկավարը ձեռք է բերում կնիք: Այդ երեւույթը ավելորդ դժվարություն է ստեղծում իրավաբանական անձի հենց կազմավորման փուլում այն տեսանկյունից, որ մինչ այդ կնիքի ձեռք բերելը իրավաբանական անձը փաստացի զրկված է լինում որեւէ գործողության կատարումից՝ ընդհուպ մինչեւ այլ անձի լիազորելուց՝ կազմակերպության անունից հանդես գալու համար: Բացի այն, որ իրավաբանական անձի կողմից կնիքի ձեռք բերումը դանդաղեցնում է իրավաբանական անձի գրանցման գործընթացը, նաեւ դրա օգտագործումը, ինչպես ցույց է տվել փորձը, որեւէ հավելյալ երաշխիք չի ստեղծում փաստաթղթերի կեղծման տեսանկյունից:
Բացի այդ, իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացի հետ կապված վերջին բարեփոխումները՝ հատկապես էլեկտրոնային ստորագրության օգտագործումը եւ՛ գրանցման եւ՛ հետագա գործընթացների ժամանակ, ենթադրում են իրավաբանական անձի՝ կնիք ունենալու անհրաժեշտության վերացմանը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Սույն օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության բոլոր օրենքներից իրավաբանական անձի կողմից փաստաթուղթը կնիքով վավերացնելու պարտականության, ինչպես նաեւ փաստաթղթերը կնիքով հաստատելու հայեցողական իրավունքի վերացում: Այսինքն՝ այն ենթադրում է իրավաբանական անձի անունից ցանկացած գործողության կատարում՝ առանց կնիքի օգտագործման:
Սույն կարգավորումն ուղղված է նպաստելու գործարարություն սկսելու գործընթացի հեշտացմանը եւ այդ գործընթացների կատարման ժամկետների կրճատմանը՝ առավել քիչ միջոցների օգտագործմամբ:
3. Ակնկալվող արդյունքը
Սույն օրենսդրական փոփոխությունների արդյունքում իրավաբանական անձանց գրանցման եւ գործարարություն սկսելու գործընթացները կարագանան եւ զերծ կլինեն ավելորդ քայլերից: Գործարարությամբ զբաղվելու մատչելիության բարձրացման հետ մեկտեղ կստեղծվի լայն դաշտ տնտեսության զարգացման համար:
Նշված բարեփոխումների արդյունքում կբարելավվի նաեւ գործարարությամբ զբաղվելու մատչելիության գործակիցը համաշխարհային սանդղակում: