Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական oրենuգրքի (այuուհետ` Oրենuգիրք) 69-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 1166.1-րդ եւ 1166.2 հոդվածներով.
«Հոդված 1166.1. Ֆիրմային անվանումը
1. Ֆիրմային անվանումն այն անվանումն է, որի ներքո առեւտրային կազմակերպությունը իրականացնում է իր գործունեությունը եւ տարբերվում այլ իրավաբանական անձանցից։
2. Ֆիրմային անվանումը պետք է բովանդակի իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձեւը բնորոշող բառեր եւ տարբերակող նշանակության առնվազն մեկ անուն՝ հատուկ անուն (անձնանուն, տեղանքի կամ խորհրդանշական անվանում), հասարակ կամ մտացածին անուն կամ տառերի հերթականություն։
3. Տնտեսական ընկերակցության ֆիրմային անվանումը պետք է պարունակի «լիակատար ընկերակցություն» կամ «վստահության վրա հիմնված ընկերակցություն» բառերը եւ ընկերակցության բոլոր մասնակիցների (լիակատար ընկերների) անունները (անվանումները) կամ ընկերակցության մասնակիցներից (լիակատար ընկերներից) առնվազն մեկի անունը (անվանումը)՝ ավելացրած «եւ ընկերներ» ու «լիակատար ընկերակցություն» կամ «վստահության վրա հիմնված ընկերակցություն» բառերը։
4. Առեւտրային կազմակերպությունը պարտավոր է իր անվանման մեջ օգտագործել նաեւ օրենքով նախատեսված համապատասխան բառեր:
5. Առեւտրային կոոպերատիվի ֆիրմային անվանումը պետք է ցուցում պարունակի նրա գործունեության հիմնական նպատակի մասին։
6. Իրավաբանական անձի ֆիրմային անվանումը որոշվում է իրավաբանական անձը հիմնադրելիս կամ վերակազմակերպման ժամանակ եւ գրանցվում (փոփոխվում) է օրենքով սահմանված կարգով:
«Հոդված 1166.1. Ֆիրմային անվանումը
Հոդված 2. Օրենսգրքի 1167-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 1167. Ֆիրմային անվանման նկատմամբ բացառիկ իրավունքը
1. Ֆիրմային անվանման նկատմամբ բացառիկ իրավունքը ծագում է տվյալ անվանումով իրավաբանական անձի պետական գրանցման օրվանից կամ գրանցված իրավաբանական անձի ֆիրմային անվանման փոփոխության մասին իրավաբանական անձանց պետական միսնական գրանցամատյանում գրառում կատարելու օրվանից, պատկանում է տվյալ իրավաբանական անձին (այսուհետ նաեւ՝ ֆիրմային անվանման իրավատեր)։
2. Ֆիրմային անվանման իրավատերը բացառիկ իրավունք ունի`
1) օգտագործել իր ֆիրմային անվանումը.
2) արգելել երրորդ անձանց` օգտագործել իր ֆիրմային անվանումը կամ դրան շփոթելու աստիճան նման անվանում կամ իր ֆիրմային անվանմանը շփոթելու աստիճան նման ապրանքային նշան, եթե դա կարող է սպառողին մոլորության մեջ գցել եւ պատճառ դառնալ դրանց միջեւ կապ ենթադրելու` հաշվի առնելով, որ դա կարող է վնաս հասցնել ֆիրմային անվանման իրավատիրոջը։
3. Ֆիրմային անվանումն այլ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից ապօրինի օգտագործելու, այդ թվում՝ տվյալ ֆիրմային անվանմամբ նրանց կողմից իրավունքներ եւ պարտականություններ ձեռք բերելու դեպքում իրավաբանական անձն իր իրավունքները կարող է պաշտպանել դատական կարգով։»։
Հոդված 3. Օրենսգրքի 1168-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 1168. Ֆիրմային անվանման օգտագործումը
1. Ֆիրմային անվանման օգտագործում է համարվում իրավաբանական անձի կողմից այդ անվանման ներքո իրավունքներ եւ պարտավորություններ ձեռք բերելը, ապրանքներ արտադրելը, ծառայություններ մատուցելը եւ ֆինանսական գործառնություններ կատարելը։
2. Ֆիրմային անվանման օգտագործում է համարվում նաեւ տվյալ իրավաբանական անձը նշելու նպատակով ֆիրմային անվանման կիրառումը ցուցանակների, ձեւաթղթերի, ազդագրերի, ապրանքների, դրանց փաթեթավորման, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ կիրառումները։
3. Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումներն օգտագործում են իրավաբանական անձի ֆիրմային անվանումը՝ ավելացնելով ստորաբաժանման գործունեության բնույթը բնորոշող բառեր կամ գտնվելու վայրի անվանումը։
4. Ֆիրմային անվանումն օգտագործվում է միայն այնպես, ինչպես այն գրանցված է, պայմանով որ սպառողի կողմից այն չընկալվի որպես ապրանքային նշան։
5. Ֆիրմային անվանումը կամ դրա տարբերակող անունը կարող է օգտագործվել տվյալ իրավաբանական անձի ապրանքների եւ (կամ) ծառայությունների անհատականացման նպատակով միայն այն դեպքում, եթե տվյալ ապրանքի (կամ) ծառայությունների համար դա օրենքով սահմանված կարգով գրանցվել է որպես ապրանքային նշան կամ ներառվել եւ պահպանություն է ստացել որպես այդպիսի ապրանքային նշանի տարր։
6. Ֆիրմային անվանման հետ կարող են օգտագործվել նաեւ դրա օտարալեզու թարգմանությունները։ Այդ դեպքում ֆիրմային անվանման մեջ պարունակվող տարբերակող նշանակության անունը չի թարգմանվում:
7. Ֆիրմային անվանումների մեջ տարբերակող նշանակության անուններում «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը եւ դրանց թարգմանությունները, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումները, ինչպես նաեւ ֆիրմային անվանումների մեջ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը՝ նրա մահվան եւ ժառանգներ չունենալու դեպքում, կարող են օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։»։
8. Որպես ֆիրմային անվանում` արգելվում է օգտագործվել այն անվանումը, որի տարբերակող նշանակության անունը՝
1) համընդհանուր օգտագործման մեջ է մտել որպես որոշակի տեսակի ապրանքի, ծառայության կամ հաստատության անվանում.
2) համընդհանուր ճանաչում ստացած խորհրդանիշ կամ տերմին է.
3) նշում է ապրանքի կամ ծառայության տեսակը, որակը, քանակը, հատկությունը, արժեքը, ստեղծման նպատակը կամ գովազդում է դա.
4) վերարտադրում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան պահպանվող միջազգային կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումը կամ շփոթելու աստիճան նման է դրան: Միջազգային կազմակերպության լրիվ կամ կրճատ անվանմանը շփոթելու աստիճան նման անվանումը կարող է օգտագործվել որպես ֆիրմային անվանում միայն տվյալ կազմակերպության համաձայնությամբ.
5) հանդիսանում կամ պարունակում է կեղծ կամ մոլորության մեջ գցող տեղեկություն.
6) հակասում է հասարակության շահերին, մարդասիրության եւ բարոյականության սկզբունքներին, անհարիր է ազգային կամ հոգեւոր արժեքներին, առաջացնում կամ կարող է առաջացնել անբարեխիղճ մրցակցության գործողություն:
9. Որպես ֆիրմային անվանում` չեն կարող օգտագործվել այն անվանումները, որոնք նույնական կամ շփոթելու աստիճան նման են՝
1) սույն օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պահպանվող այլ իրավաբանական անձի ֆիրմային անվանմանը.
2) Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ավելի վաղ առաջնությամբ որեւէ ապրանքային նշանի, պայմանով, որ նշված ֆիրմային անվանման օգտագործումը կարող է սպառողին մոլորության մեջ գցել եւ պատճառ դառնալ դրանց միջեւ կապ ենթադրելու` հաշվի առնելով, որ դա կարող է վնաս հասցնել ապրանքային նշանի իրավատիրոջը:
3) պարունակում են օրենքով նախատեսված բառեր, անվանումներ, որոնց օգտագործման համան անհրաժեշտ է համապատասխան կարգավիճակի, արտոնագրի, թույլտվության կամ այլ հիմքի առկայությունը եւ նման հիմքեր բացակայում են:
10. Ֆիրմային անվանումները համարվում են շփոթելու աստիճան նման, եթե նրանց տարբերակող անունները նույնական կամ շփոթելու աստիճան նման են:
11. Ֆիրմային անվանումը համարվում է ապրանքային նշանին շփոթելու աստիճան նման, եթե նրա տարբերակող անունը համընկնում կամ շփոթելու աստիճան նման է ապրանքային նշանին կամ նրա մաս կազմող բառային կամ ձայնային տարրին:
Հոդված 4. Օրենսգրքի 1169-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«3. Ֆիրմային անվանման գրանցման գործողությունը դադարեցվում է, եւ իրավաբանական անձը զրկվում է ֆիրմային անվանման բացառիկ իրավունքից, եթե՝
1) դատարանի որոշմամբ նրան արգելվել է օգտագործել տվյալ ֆիրմային անվանումը.
2) դատարանն անվավեր է ճանաչել ֆիրմային անվանման գրանցումը.
3) իրավաբանական անձը փոխել է իր ֆիրմային անվանումը.
4) իրավաբանական անձը լուծարվել է։»։
Հոդված 5. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն ստացած ֆիրմային անվանումները շարունակում են պահպանվել սույն օրենքով նախատեսված դրույթներին համապատասխան։
Հոդված 6. Ուժը կորցրած ճանաչել «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 28-ին ընդունված ՀՕ-114-Ն օրենքը։
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին», «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Առեւտրի եվ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եվ լրացում կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եվ լրացում կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եվ լրացում կատարելու մասին», «Բանկերի եվ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եվ լրացում կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքում փոփոխություն եվ լրացում կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման անհրաժեշտության մասին
Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եվ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտությամբ: Հարկ է նշել, որ տվյալ ոլորտը կանոնակարգող իրավական դաշտը լիարժեք չէ, որի հետեւանքով էլ առկա է անարդյունավետ ինստիտուցիոնալ համակարգ: Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման եւ պետական հաշվառման բնագավառում առաջացող հարաբերությունների լիարժեք եւ համապարփակ իրավական կարգավորումը հանդիսանում է առաջնահերթ հիմնախնդիր: Հետեւաբար` վերոգրյալ օրենսդրական փոփոխությունները ուղղված են համապատասխան փոփոխություններ կատարել գործող օրենսդրությունում` նպատակ ունենալով ներդնել համապատասխան ընթացակարգեր եւ ապահովել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործառույթների անխափան իրագործումը, այդ թվում նաեւ «մեկ պատուհան» սկզբունքի հետ զուգահեռ էլեկտրոնային ռեգիստրի համակարգի վերջնական կիրառումը:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացի պարզեցման եւ առավել արդյունավետ ընթացակարգերի ներդրման, «մեկ պատուհան» եւ «մեկ կանգառ» սկզբունքների կիրառման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովման անհրաժեշտությամբ, ինչն իր հերթին կխթանի նաեւ Համաշխարհային բանկի խմբի «Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business) վարկանիշային դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքի բարելավմանը: Սույն նախագիծը, մասնավորապես, կարգավորում է ֆիրմային անվանման հետ կապված հարաբերությունները եւ նպատակ է հետապնդում ֆիրմային անվանման գրանցման ներկայիս ընթացակարգը փոխարինել առավել դյուրին ընթացակարգով: Ներկայացված փոփոխությունները նպատակ ունեն նաեւ իրավական կարգավորման ենթարկել վերոնշյալ ոլորտը, ինչը միաժամանակ կհանգեցնի իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների պետական հաշվառման հետ կապված ծառայությունների ավելի արագ մատուցմանը, ծառայությունների արդյունավետության բարձրացմանը եւ տվյալ ոլորտի կատարելագործմանը:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» եւ «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաեւ դրանց կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերում կատարվել են փոփոխություններ, որի նպատակն է եղել իրավաբանական անձանց գրանցման եւ անհատ ձռնարկատեր հաշվառված անձանց հաշվառման համար «մեկ պատուհան» սկզբունքի ներդրումը: Մինչ այժմ գործել են թղթային ռեգիստրեր (որոշակի տվյալներ նաեւ թվայնացվել են), հետո նշված ռեգիստրերը (գրանցամատյանները) կոնսոլիդացվել են վերջնական ռեգիստրում (գրանցամատյանում): Համապատասխան ծրագրային ապահովման եւ բարեփոխումների իրականացման արդյունքում փաստացի սկսվել է էլեկտրոնային գրանցման կիրարկումը: Էլեկտրոնային գրանցման ներդրման որոշ առանձնահատկություններ նախատեսված չեն եղել օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարելիս: Ռեգիստրում գրառման ենթակա տվյալները սահմանված են օրենսդրությամբ, որոնք միանշանակ չէ, որ ներառում են բոլոր անհրաժեշտ տվյալները:
2008 թվականի հունիսի 10-ից գործում է «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որը կարգավորում է ֆիրմային անվանման գրանցման, օգտագործման, դրա նկատմամբ բացառիկ իրավունքի եւ այդ իրավունքի պաշտպանության հետ կապված հարաբերությունները: Ֆիրմային անվանման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորմանն է ուղղված նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1167-րդից 1170-րդ հոդվածները: Ֆիրմային անվանմանը մասամբ անդրադառնում է նաեւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Միեւնույն հարաբերությունները մի շարք ակտերում կարգավորելը նվազեցնում է իրավակարգավորման արդյունավետությունը եւ հանգեցնում է ոլորտը կարգավորող օրենսդրության ավելորդ ծանրաբեռնվածությանը եւ կրկնողությունների առկայությանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆիրմային անվանման գրանցման հետ կապված հարաբերությունները կազմում են իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացի բաղկացուցիչ մաս՝ նպատակահարմար է այդ հարաբերությունների հետ կապված ընթացակարգային հարցերը նույնպես կարգավորել «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ նյութական նորմերը ամրագրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով:
Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտ է կատարել համապատասխան փոփոխություններ գործող օրենսդրությունում, նպատակ ունենալով իրագործել համապատասխան ընթացակարգերի եւ գործառույթների կիրառումը եւ «մեկ պատուհան» սկզբունքի հետ զուգահեռ էլեկտրոնային ռեգիստրի համակարգի վերջնական ներդրումը:
Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը
Հայաuտանի Հանրապետության կառավարությունը վարում է ձեռնարկատիրության զարգացման խթանման քաղաքականություն` ուղղված գործարար միջավայրի բարելավմանը: Այդ նպատակով իրականացվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում նաեւ օրենսդրական բարեփոխումներ` ուղղված գործարարի համար գործունեություն ծավալելու համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը:
Վերոնշյալ օրենքների նախագծերի ընդունումը հնարավորություն կտա կանոնակարգելով իրավական դաշտը` հստակեցնել պետական գրանցման եւ պետական հաշվառման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանել պետական գրանցման եւ պետական հաշվառման վարչական վարույթների առանձնահատկությունները, պետական գրանցումը եւ պետական հաշվառումն իրականացնող մարմնի իրավասությունը, սահմանել պետական միասնական գրանցամատյանում պահպանվող տեղեկատվության ծավալը եւ տեղեկատվության տրամադրման պայմաններն ու կարգը, որոնց արդյունքում էլ համապատասխան պայմաններ կստեղծվեն այդ ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու եւ չեզոքացնելու, բնակչությանը հարմարավետ եւ արդյունավետ հնարավորություններով ապահովելու համար։
Օրենքի նախագիծը հստակ ամրագրում է այն հիմնական նպատակները եւ սկզբունքները, որոնք պետք է ընկած լինեն իրավաբանական անձանց պետական գրանցում եւ անհատ ձռնարկատեր հաշվառված անձանց պետական հաշվառում իրականացնելու հիմքում:
Նշված օրենսդրական փոփոխությունների ընդունմամբ կիրականացվի «մեկ պատուհան» սկզբունքի հետ զուգահեռ էլեկտրոնային գրանցման համակարգի վերջնական ներդրումը: Հնարավորություն կընձեռնվի տեղեկատվություն ներկայացնել ոչ միայն թղթային կրիչի վրա, այլ նաեւ էլեկտրոնային ձեւով, ստորագրող անձին նույնականացնելու, ինչպես նաեւ էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար կկիրառվեն էլեկտրոնային թվային ստորագրություններ:
2010 թվականին ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ կատարվեցին մի շարք փոփոխություններ, որոնք դրական նախադրյալներ էին սահմանում գործարարի կողմից գործունեություն սկսելու եւ ծավալելու համար: Դրանց թվում էր «մեկ պատուհանի» սկզբունքի ներդրումը ձեռնարկատիրական գործունեության գրանցման ընթացքում, որի համաձայն կրճատվում է վարչարարությունը իրավաբանական անձանց կամ անհատ ձռնարկատեր հաշվառված անձանց գրանցման ժամանակ: Պետական գրանցում իրականացնելիս անձը ստանում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականը եւ հարկ վճարողի հաշվառման համարը մեկ մարմնից: Սակայն, այս գործընթացն ամբողջական լինելու համար նպատակահարմար է նաեւ սահմանել նույն կարգով իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համարը ստանալու գործընթացը: Փոփոխությունների նախագիծը նպատակ ունի նաեւ կրճատել վարչարարությունը գործարարությամբ զբաղվելու որոշում կայացրած անձանց համար:
Տարակուսանքներից խուսափելու նպատակով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձռնարկատեր հաշվառված անձանց պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագծում հստակ սահմանվում են վարչական վարույթի առանձնահատկությունները:
Օրենսդրական փոփոխությունների արդյունքում` հստակեցվել եւ պարզեցվել է նախկինում գոյություն ունեցող տարբեր գրանցամատյանների վարման կարգը, ինչպես նաեւ էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պարզեցվել է վերջինիս փոփոխման կարգը, անձն հնարավորություն է ունենում օգտվելու արդարադատության նախարարության կողմից հաստատված պետական հաշվառման եւ պետական գրանցման համար օգտագործվող նմուշային փաստաթղթերի ձեւերից, ինչը նպաստում է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը եւ պետական գրանցման եւ հաշվառման արդյունավետ իրականացմանը, սահմանվում է պետական գրանցման եւ պետական հաշվառման համար դիմող անձանց պարտադիր օգնություն ցուցաբերելու պարտականությունը գործակալության աշխատակիցների կողմից, կնիքի առկայությունը, որպես օրենսդրական պահանջ հանվել է, ինչը միտված է գրանցման ընթացակարգերի պարզեցման եւ ծախսատարության կրճատմանը:
Օրենսդրական փոփոխությունների արդյունքում` սահմանվում է Հայաստանի Հանրապետությունը կամ Հայաստանի Հանրապետության որեւէ համայնքի առեւտրային կազմակերպության հիմնադիր կամ մասնակից լինելու պարագայում առեւտրային կազմակերպությունների գրանցամատյանում պարտադիր գրառվող տեղեկությունները, որոնց թվում է պարտադիր պետական բաժնեմասի չափը, պարզեցվում է թղթավարությունը, տվյալների եւ փաստաթղթերի արխիվացման գործընթացը: Անձը կարող է պետական գրանցման կամ պետական հաշվառման գործընթացն օրենքով սահմանված ողջամիտ ժամկետներից արագ կատարել, ինչպես նաեւ անձանց իրավունքների իրականացման համար ոչ պարտադիր գործառույթներ իրականացնել, համապատասխան վճարումներ իրականացնելու դեպքում: Արտաբյուջետային հաշվին կատարվելիք վճարների դիմաց մատուցվող ծառայությունների ցանկը եւ պայմանները, ինչպես նաեւ համապատասխան վճարի չափը սահմանում է Կառավարությունը:
Փոփոխության արդյունքում Քաղաքացիական օրենսգիրքը համապարփակ կկարգավորի ֆիրմային անվանման հասկացության, ֆիրմային անվանման նկատմամբ բացառիկ իրավունքի, տարածության մեջ եւ ժամանակի ընթացքում դրա գործողության, դրա օգտագործման հետ կապված հարաբերությունները: Ինչի արդյունքում կվերանա «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության անհրաժեշտությունը: Միեւնույն ժամանակ նախատեսվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ՝ նախատեսելով ֆիրմային անվանման գրանցումը իրավաբանական անձի պետական գրանցման հետ միաժամանակ:
Իրավաբանական անձանց պետական գրանցման հետ միաժամանակ նաեւ ֆիրմային անվանման տրամադրումը եւ ֆիրմային անվանման փորձաքննության փոխարեն համակարգչային եղանակով տվյալների բազայի համեմատության արդյունքում ֆիրմային անվանման գրանցումը էապես կնպաստի իրավաբանական անձանց գրանցման դյուրինացմանը: Հարկ է նշել, որ ֆիրմային անվանման տրամադրումը նպատակն է հետապնդում ապահովել տվյալ անվան ներքո գործունեություն իրականացնող իրավաբանական անձին այլ իրավաբանական անձանցից տարբերակումը: Այսինքն՝ տվյալ իրավաբանական անձին կոնկրետ ֆիրմային անվանմամբ գրանցելը ամենեւին չի նշանակում այդ անվանման օգտագործման բացառիկ իրավունքի գրանցում, դրա որպես ապրանքային նշանի կիրառման հնարավորության ընձեռում: Այս հարաբերությունները արդեն իսկ կարգավորվում են «Ապրանքային նշանների մասին», «Գովազդի մասին» եւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքների շրջանակներում: Ինչպես երեւում է վերոգրյալից, ֆիրմային անվանման տրամադրումը առանց փորձաքննության չի հանգեցնի մտավոր սեփականության այլ ինստիտուտների խախտմանը, եւ ընդհակառակը կնպաստի իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացի դյուրինացմանը, «մեկ կանգառ» սկզբունքի կիրառման ապահովմանը, ինչը իր հերթին կխթանի նաեւ Համաշխարհային բանկի խմբի «Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business) վարկանիշային դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքի բարելավմանը:
Ակնկալվում է, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների ընդունումը կխթանի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, տվյալ ոլորտի աշխատանքների իրականացման համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, ինչպես նաեւ տվյալ ոլորտի կատարելագործմանը:
Փաթեթում առկա մյուս իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է, նշված ակտերը «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ համաձայնեցման անհրաժեշտությամբ: