Հոդված 1. «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-247 օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը «կարգով» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին», «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Առեւտրի եվ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եվ լրացում կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եվ լրացում կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եվ լրացում կատարելու մասին», «Բանկերի եվ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եվ լրացում կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքում փոփոխություն եվ լրացում կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման անհրաժեշտության մասին
Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եվ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտությամբ: Հարկ է նշել, որ տվյալ ոլորտը կանոնակարգող իրավական դաշտը լիարժեք չէ, որի հետեւանքով էլ առկա է անարդյունավետ ինստիտուցիոնալ համակարգ: Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման եւ պետական հաշվառման բնագավառում առաջացող հարաբերությունների լիարժեք եւ համապարփակ իրավական կարգավորումը հանդիսանում է առաջնահերթ հիմնախնդիր: Հետեւաբար` վերոգրյալ օրենսդրական փոփոխությունները ուղղված են համապատասխան փոփոխություններ կատարել գործող օրենսդրությունում` նպատակ ունենալով ներդնել համապատասխան ընթացակարգեր եւ ապահովել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործառույթների անխափան իրագործումը, այդ թվում նաեւ «մեկ պատուհան» սկզբունքի հետ զուգահեռ էլեկտրոնային ռեգիստրի համակարգի վերջնական կիրառումը:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացի պարզեցման եւ առավել արդյունավետ ընթացակարգերի ներդրման, «մեկ պատուհան» եւ «մեկ կանգառ» սկզբունքների կիրառման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովման անհրաժեշտությամբ, ինչն իր հերթին կխթանի նաեւ Համաշխարհային բանկի խմբի «Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business) վարկանիշային դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքի բարելավմանը: Սույն նախագիծը, մասնավորապես, կարգավորում է ֆիրմային անվանման հետ կապված հարաբերությունները եւ նպատակ է հետապնդում ֆիրմային անվանման գրանցման ներկայիս ընթացակարգը փոխարինել առավել դյուրին ընթացակարգով: Ներկայացված փոփոխությունները նպատակ ունեն նաեւ իրավական կարգավորման ենթարկել վերոնշյալ ոլորտը, ինչը միաժամանակ կհանգեցնի իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների պետական հաշվառման հետ կապված ծառայությունների ավելի արագ մատուցմանը, ծառայությունների արդյունավետության բարձրացմանը եւ տվյալ ոլորտի կատարելագործմանը:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» եւ «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաեւ դրանց կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերում կատարվել են փոփոխություններ, որի նպատակն է եղել իրավաբանական անձանց գրանցման եւ անհատ ձռնարկատեր հաշվառված անձանց հաշվառման համար «մեկ պատուհան» սկզբունքի ներդրումը: Մինչ այժմ գործել են թղթային ռեգիստրեր (որոշակի տվյալներ նաեւ թվայնացվել են), հետո նշված ռեգիստրերը (գրանցամատյանները) կոնսոլիդացվել են վերջնական ռեգիստրում (գրանցամատյանում): Համապատասխան ծրագրային ապահովման եւ բարեփոխումների իրականացման արդյունքում փաստացի սկսվել է էլեկտրոնային գրանցման կիրարկումը: Էլեկտրոնային գրանցման ներդրման որոշ առանձնահատկություններ նախատեսված չեն եղել օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարելիս: Ռեգիստրում գրառման ենթակա տվյալները սահմանված են օրենսդրությամբ, որոնք միանշանակ չէ, որ ներառում են բոլոր անհրաժեշտ տվյալները:
2008 թվականի հունիսի 10-ից գործում է «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որը կարգավորում է ֆիրմային անվանման գրանցման, օգտագործման, դրա նկատմամբ բացառիկ իրավունքի եւ այդ իրավունքի պաշտպանության հետ կապված հարաբերությունները: Ֆիրմային անվանման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորմանն է ուղղված նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1167-րդից 1170-րդ հոդվածները: Ֆիրմային անվանմանը մասամբ անդրադառնում է նաեւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Միեւնույն հարաբերությունները մի շարք ակտերում կարգավորելը նվազեցնում է իրավակարգավորման արդյունավետությունը եւ հանգեցնում է ոլորտը կարգավորող օրենսդրության ավելորդ ծանրաբեռնվածությանը եւ կրկնողությունների առկայությանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆիրմային անվանման գրանցման հետ կապված հարաբերությունները կազմում են իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացի բաղկացուցիչ մաս՝ նպատակահարմար է այդ հարաբերությունների հետ կապված ընթացակարգային հարցերը նույնպես կարգավորել «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ նյութական նորմերը ամրագրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով:
Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտ է կատարել համապատասխան փոփոխություններ գործող օրենսդրությունում, նպատակ ունենալով իրագործել համապատասխան ընթացակարգերի եւ գործառույթների կիրառումը եւ «մեկ պատուհան» սկզբունքի հետ զուգահեռ էլեկտրոնային ռեգիստրի համակարգի վերջնական ներդրումը:
Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը
Հայաuտանի Հանրապետության կառավարությունը վարում է ձեռնարկատիրության զարգացման խթանման քաղաքականություն` ուղղված գործարար միջավայրի բարելավմանը: Այդ նպատակով իրականացվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում նաեւ օրենսդրական բարեփոխումներ` ուղղված գործարարի համար գործունեություն ծավալելու համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը:
Վերոնշյալ օրենքների նախագծերի ընդունումը հնարավորություն կտա կանոնակարգելով իրավական դաշտը` հստակեցնել պետական գրանցման եւ պետական հաշվառման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանել պետական գրանցման եւ պետական հաշվառման վարչական վարույթների առանձնահատկությունները, պետական գրանցումը եւ պետական հաշվառումն իրականացնող մարմնի իրավասությունը, սահմանել պետական միասնական գրանցամատյանում պահպանվող տեղեկատվության ծավալը եւ տեղեկատվության տրամադրման պայմաններն ու կարգը, որոնց արդյունքում էլ համապատասխան պայմաններ կստեղծվեն այդ ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու եւ չեզոքացնելու, բնակչությանը հարմարավետ եւ արդյունավետ հնարավորություններով ապահովելու համար։
Օրենքի նախագիծը հստակ ամրագրում է այն հիմնական նպատակները եւ սկզբունքները, որոնք պետք է ընկած լինեն իրավաբանական անձանց պետական գրանցում եւ անհատ ձռնարկատեր հաշվառված անձանց պետական հաշվառում իրականացնելու հիմքում:
Նշված օրենսդրական փոփոխությունների ընդունմամբ կիրականացվի «մեկ պատուհան» սկզբունքի հետ զուգահեռ էլեկտրոնային գրանցման համակարգի վերջնական ներդրումը: Հնարավորություն կընձեռնվի տեղեկատվություն ներկայացնել ոչ միայն թղթային կրիչի վրա, այլ նաեւ էլեկտրոնային ձեւով, ստորագրող անձին նույնականացնելու, ինչպես նաեւ էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար կկիրառվեն էլեկտրոնային թվային ստորագրություններ:
2010 թվականին ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ կատարվեցին մի շարք փոփոխություններ, որոնք դրական նախադրյալներ էին սահմանում գործարարի կողմից գործունեություն սկսելու եւ ծավալելու համար: Դրանց թվում էր «մեկ պատուհանի» սկզբունքի ներդրումը ձեռնարկատիրական գործունեության գրանցման ընթացքում, որի համաձայն կրճատվում է վարչարարությունը իրավաբանական անձանց կամ անհատ ձռնարկատեր հաշվառված անձանց գրանցման ժամանակ: Պետական գրանցում իրականացնելիս անձը ստանում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականը եւ հարկ վճարողի հաշվառման համարը մեկ մարմնից: Սակայն, այս գործընթացն ամբողջական լինելու համար նպատակահարմար է նաեւ սահմանել նույն կարգով իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համարը ստանալու գործընթացը: Փոփոխությունների նախագիծը նպատակ ունի նաեւ կրճատել վարչարարությունը գործարարությամբ զբաղվելու որոշում կայացրած անձանց համար:
Տարակուսանքներից խուսափելու նպատակով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձռնարկատեր հաշվառված անձանց պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագծում հստակ սահմանվում են վարչական վարույթի առանձնահատկությունները:
Օրենսդրական փոփոխությունների արդյունքում` հստակեցվել եւ պարզեցվել է նախկինում գոյություն ունեցող տարբեր գրանցամատյանների վարման կարգը, ինչպես նաեւ էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պարզեցվել է վերջինիս փոփոխման կարգը, անձն հնարավորություն է ունենում օգտվելու արդարադատության նախարարության կողմից հաստատված պետական հաշվառման եւ պետական գրանցման համար օգտագործվող նմուշային փաստաթղթերի ձեւերից, ինչը նպաստում է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը եւ պետական գրանցման եւ հաշվառման արդյունավետ իրականացմանը, սահմանվում է պետական գրանցման եւ պետական հաշվառման համար դիմող անձանց պարտադիր օգնություն ցուցաբերելու պարտականությունը գործակալության աշխատակիցների կողմից, կնիքի առկայությունը, որպես օրենսդրական պահանջ հանվել է, ինչը միտված է գրանցման ընթացակարգերի պարզեցման եւ ծախսատարության կրճատմանը:
Օրենսդրական փոփոխությունների արդյունքում` սահմանվում է Հայաստանի Հանրապետությունը կամ Հայաստանի Հանրապետության որեւէ համայնքի առեւտրային կազմակերպության հիմնադիր կամ մասնակից լինելու պարագայում առեւտրային կազմակերպությունների գրանցամատյանում պարտադիր գրառվող տեղեկությունները, որոնց թվում է պարտադիր պետական բաժնեմասի չափը, պարզեցվում է թղթավարությունը, տվյալների եւ փաստաթղթերի արխիվացման գործընթացը: Անձը կարող է պետական գրանցման կամ պետական հաշվառման գործընթացն օրենքով սահմանված ողջամիտ ժամկետներից արագ կատարել, ինչպես նաեւ անձանց իրավունքների իրականացման համար ոչ պարտադիր գործառույթներ իրականացնել, համապատասխան վճարումներ իրականացնելու դեպքում: Արտաբյուջետային հաշվին կատարվելիք վճարների դիմաց մատուցվող ծառայությունների ցանկը եւ պայմանները, ինչպես նաեւ համապատասխան վճարի չափը սահմանում է Կառավարությունը:
Փոփոխության արդյունքում Քաղաքացիական օրենսգիրքը համապարփակ կկարգավորի ֆիրմային անվանման հասկացության, ֆիրմային անվանման նկատմամբ բացառիկ իրավունքի, տարածության մեջ եւ ժամանակի ընթացքում դրա գործողության, դրա օգտագործման հետ կապված հարաբերությունները: Ինչի արդյունքում կվերանա «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության անհրաժեշտությունը: Միեւնույն ժամանակ նախատեսվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ՝ նախատեսելով ֆիրմային անվանման գրանցումը իրավաբանական անձի պետական գրանցման հետ միաժամանակ:
Իրավաբանական անձանց պետական գրանցման հետ միաժամանակ նաեւ ֆիրմային անվանման տրամադրումը եւ ֆիրմային անվանման փորձաքննության փոխարեն համակարգչային եղանակով տվյալների բազայի համեմատության արդյունքում ֆիրմային անվանման գրանցումը էապես կնպաստի իրավաբանական անձանց գրանցման դյուրինացմանը: Հարկ է նշել, որ ֆիրմային անվանման տրամադրումը նպատակն է հետապնդում ապահովել տվյալ անվան ներքո գործունեություն իրականացնող իրավաբանական անձին այլ իրավաբանական անձանցից տարբերակումը: Այսինքն՝ տվյալ իրավաբանական անձին կոնկրետ ֆիրմային անվանմամբ գրանցելը ամենեւին չի նշանակում այդ անվանման օգտագործման բացառիկ իրավունքի գրանցում, դրա որպես ապրանքային նշանի կիրառման հնարավորության ընձեռում: Այս հարաբերությունները արդեն իսկ կարգավորվում են «Ապրանքային նշանների մասին», «Գովազդի մասին» եւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքների շրջանակներում: Ինչպես երեւում է վերոգրյալից, ֆիրմային անվանման տրամադրումը առանց փորձաքննության չի հանգեցնի մտավոր սեփականության այլ ինստիտուտների խախտմանը, եւ ընդհակառակը կնպաստի իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացի դյուրինացմանը, «մեկ կանգառ» սկզբունքի կիրառման ապահովմանը, ինչը իր հերթին կխթանի նաեւ Համաշխարհային բանկի խմբի «Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business) վարկանիշային դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքի բարելավմանը:
Ակնկալվում է, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների ընդունումը կխթանի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, տվյալ ոլորտի աշխատանքների իրականացման համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, ինչպես նաեւ տվյալ ոլորտի կատարելագործմանը:
Փաթեթում առկա մյուս իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է, նշված ակտերը «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ համաձայնեցման անհրաժեշտությամբ: