Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-209-24.06.2019-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ՀՕ-374-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5.1 հոդվածի առաջին մասը լրացնել նոր կետերով.

«զ) պահանջել եւ ստանալ ընկերության տնօրինությունից իր հողատարածքն ընդգրկող  հիդրոմիավորի ամբողջ ոռոգման ջրամատակարարման ռեժիմն ու փաստացի իրականացված ջրաբաշխման հաշվեկշիռն` ըստ առանձին ջրօգտագործողների  ջրապահանջի,

է) նույն  հիդրոմիավորումում ընդգրկված  ջրօգտագործողների ընդհանուր թվի առնվազն երկու տոկոսի մասնակցությամբ` ընկերությանը ներկայացնել եւ ընկերության վարչական խորհրդում սահմանված կարգով քննարկել ջրաբաշխման հաշվեկշիռն` ըստ առնաձին մշակաբույսերի  ոռոգման ռեժիմի եւ նորմայի կազմած չլինելու, ինչպես նաեւ առանձին ջրօգտագործողների կողմից ոռոգման ռեժիմի եւ/կամ  նորմայի խախտման վերաբերյալ հարցերը:»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի երրորդ մասը լրացնել նոր կետով`

«ե) մեկ ոռոգման շրջանում երկու անգամից ավել խախտել է ոռոգման ռեժիմն ու նորման եւ վնաս հասցրել նույն ընկերության այլ անդամների հողատարածքների ոռոգման գործընթացին:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

«Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին օրենքի» 5.1 հոդվածում սահմանված է ջրօգտագործողի իրավունքները եւ պարտականությունները, սակայն նրանում բացակայում է ոռոգման ջրի մասնակցային եւ  թափանցիկ կառավարման առավել կիրառական, ինչպես նաեւ ընկերությունում ջրի արդարացի բաշխման նկատմամբ ջրօգտագործողների միջեւ հսկողություն իրականացնելու իրավական  հիմքերը:

Նախագծի 1-ին հոդվածով  նախատեսվում է օրենքի վերը նշված հոդվածում ջրօգտագործողին վերապահել լրացուցիչ իրավունք, համաձայն որի` վերջինս, նույն հիդրոմիավորի ջրօգտագործողների ընդհանուր թվի առնվազն երկու տոկոսի հետ միասին,   կարող է պահանջել  եւ ստանալ ՋՕԸ-ի տնօրինությունից, ոռոգման շրջանի սկզբին նույն ոռոգման համակարգից սնվող այլ հողատարածքների ոռոգման ռեժիմը,  իսկ ադեն ոռոգման ընթացքում, փաստացի տրված ջրածավալների մասին տվյալներ, որն էլ թույլ կտա բացահայտելու ոռոգման գործընթացում տեղ գտած բացթողումները, թերացումները եւ չարաշահումները:

Նախագծի 2-րդ հոդվածով  նախատեսվում է օրենքի 11-րդ հոդվածում կատարել լրացում, համաձայն որի` վերը նշված խախտումները երկու անգամից ավել կրկնվելու  դեպքում,  ՋՕԸ-ի վարչական խորհուրդը պետք է իրավախախտին զրկի ՋՕԸ-ին անդամակցելու իրավունքից: Ինչ վերաբերվում է տվյալ պարագայում ՋՕԸ-ի  պատասխանատուի իրավախատմանը ապա դրան ընթացք պետք է տրվի օրենքով սահմանված կարգով:

Նախագծի ընդունումը եւ կիրարկումը կհանգեցնի ինչպես  ոռոգման ջրի նկատմամբ ինքնահսկմանը ՋՕԸ-ի ներսում, այնպել էլ կկրճատի բնագավառում չարաշահումները` միաժամանակ նպաստելով  ջրի առավել թափանցիկ եւ արդյունավետ կառավարմանը:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

21.06.2019թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.

ա) օրենքի նախագիծը, (հիմնական զեկուցող` Միքայել Մելքումյան)

բ) օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ`                                  ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ