Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ընտանեկան օրենսգիրքի 116-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ «ժ» եւ «ի» ենթակետերով՝ հետեւյալ բովանդակությամբ ՝
«ժ) այն անձանց, ովքեր ամուսնացած են նույն սեռի ներկայացուցիչների հետ՝ նման ամուսնություն թույլատրող պետության օրենսդրությանը համապատասխան.
ի) սեռը փոխած անձի »:
Հոդված 2.
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընտանիքի դերն ու նշանակությունը բացառիկ է Հայ ժողովրդի գոյապահպանման գործում: Այն ոչ միայն մարդկային ցեղի բնական վերարտադրության հիմնական միջավայրն է, այլեւ հատուկ ընկալում ունի Հայի արժեհամակարգում: Այս պնդումն ամրագրված է ամենից առաջ Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքում: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն՝ «ընտանիքը, որպես հասարակության բնական եւ հիմնական բջիջ, բնակչության պահպանման եւ վերարտադրման հիմք, ինչպես նաեւ մայրությունը եւ մանկությունը պետության հատուկ պաշտպանության եւ հովանավորության ներքո են»:
Ավանդական բնական ընտանեկան մոդելը մեկ տղամարդու եւ մեկ կնոջ միությունն է, որի հիմնական գործառույթներից մեկը մարդկությւան վերարտադրությունն է: Ընտանիքի դերը մեծ է երեխաների սոցիալականագման եւ առողջ մտածողության զարգացման գործում, եւ այդ զարգացումն է, որ ապահովում է պետության առաջընթացը:
ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածով սահմանվում են պետության քաղաքականության հիմնական նպատակները, որոնցից երկուսը վերաբերում են երեխաներին: Հիմնական օրենքի 86-րդ հոդվածի համաձայն՝
«Տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են`
5) ծնելիության եւ բազմազավակության խթանումը.
6) երեխաների անհատականության լիակատար եւ բազմակողմանի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը.»:
Սույն հոդվածում ամրագրելով վերոնշյալ երկու կետերը՝ պետությունը հիշյալ նպատակներին հասնելու համար պետք է ստեղծի պայմաններ, որոնք կարող են ապահովել այդ նպատակների իրագործումը:
Այսպիսի նպատակ է ամրագրում նաեւ ՄԱԿ-ի 1989 թվականի նոյեմբերի 20-ի «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա), որի նախաբանում նշվում է, որ «ընտանիքին՝ որպես հասարակության հիմնարար խմբային միավորի, եւ նրա բոլոր անդամների ու հատկապես երեխաների աճի ու բարեկեցության բնական միջավայրի, պետք է ցուցաբերվի անհրաժեշտ պաշտպանություն եւ աջակցություն, որպեսզի կարողանա լիարժեք կերպով ստանձնել իր պարտականությունները հասարակության շրջանակներում»:
Երեխայի առողջությունն ընդգրկում է նրա ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան վիճակը: Ինչպես նշվում է Կոնվենցիայի նախաբանում, պետությունը պետք է ապահովի երեխայի աճի ու բարեկեցության բնական միջավայրը: Ուսումնասիրելով մի շարք գիտնական-հոգեբանների աշխատություններ եւ հետազոտություններ պարզ է դառնում, որ երեխան իրեն լիարժեք եւ հոգեպես ուժեղ է զգում բնական եւ առողջ ընտանիքում, որտեղ ամբողջական բնույթ ունի «ընտանիք» կատեգորիան:
Ընտանիքն ամբողջական է, երբ այնտեղ ապրում են երկու ծնողներ՝ հայր եւ մայր, որոնցից յուրաքանչյուրը Հայ ընտանիքում իրենց առանձնահատուկ դերն ունի: Մանկատան պատերի ներսում կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխան չի կարող իրեն լիարժեք եւ առողջ զգալ մի միջավայրում, որտեղ չի հասկանա թե ով է իր մայրը, եւ ով՝ հայրը:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ «2. Մասնակից պետությունները հնարավոր առավելագույն չափով ապահովում են երեխայի գոյատեւումը եւ առողջ զարգացումը: »:
Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը, լինելով Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները կրող կողմ, պարտավոր է ապահովել նրանում առկա դրույթների իրագործումը եւ ինչպես նշվում է Կոնվենցիայի 4-րդ հոդվածում, «մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր օրենսդրական, վարչական եւ այլ միջոցները՝ սույն Կոնվենցիայով ճանաչված իրավունքների իրականացման համար», անհրաժեշտ բոլոր միջոցներով նպաստել առողջ սերնդի ձեւավորմանը:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 25-րդ հոդվածի համաձայն՝ «մայրությունն ու մանկությունը հատուկ հոգածության եւ օժանդակության իրավունք ունեն:»: Հռչակագիրը, ինչպես երեւում է, հատուկ առանձնացնում է մայր եւ մանուկ եզրույթները, պատճառը նրանում է, որ երեխան եւ մայրը ավելի ուժեղ կապով են միմյանց կապվում, եւ անհրաժեշտություն է առաջանում հասկանալ, թե ինչպես կարող է երեխան ապրել նույն սեռի ամուսինների հետ: Նման ոչ լիարժեքության մեջ ապրելով՝ երեխաները կարող են ձեռք բերել հոգեկան խանգարումներ՝ չկարողակալով արտահայտել իրենց ներքին զգացմունքները: ՀԱՅ հասարակության մեջ այդ երեւույթն ավելի խոցելի կդառնա, քանի որ մեր պատմությանը հետադարձ հայացք գցելով՝ չենք կարող նմանօրինակ ընտանիքների հանդիպել:
Անդրադառնալով ներպետական օրենսդրությանը՝ հարկ է ուշադրության արժանացնել «Երեխայի իրավունքների մասին» 1996թվ. մայիսի 29-ի ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք): Օրենքի 1-ին հոդվածի համաձայն «Պետությունը ելնում է հասարակության մեջ երեխային լիարժեք կյանքի նախապատրաստման, նրա մեջ հասարակական եւ ստեղծագործական ակտիվության զարգացման, բարձր բարոյական հատկանիշների, հայրենասիրության եւ որպես քաղաքացու դաստիարակման առաջնահերթության սկզբունքներից: »: Այս սկզբուքներով առաջնորդվելով՝ պետությունը երեխայի նկատմամբ ցանկացած գործողության կատարման մոտեցել է առանձնահատուկ նրբությամբ, այդ թվում նաեւ որդեգրմանը՝ որդեգրման համար սահմանելով բավականին բարդ ընթացակարգ եւ հսկողություն: Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ «յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք:»: Այս իրավունքի իրագործումը ապահովելու նպատակով պետությունը պետք է իր իրավասության շրջանակներում ձեռնարկի միջոցներ, ընդունի օրենքներ, որպեսզի թույլ չտա երեխայի առողջ զարգացմանը խոչընդոտող որեւէ գործողություն:
Միջազգային պրակտիկայում նման կարգավորում է հանդիպում Ռուսաստանի Դաշնության Ընտանեկան օրենսգրքում, որը նույնպես արգելում է որդեգրումը միասեռ ամուսինների կողմից:
Նախագծով ակնկալվում է ապահովել սահմանադրությամբ պետության քաղաքականության նպատակների իրականացումը, ինչպես նաեւ ապահովել երեխայի՝ միջազգային իրավական ակտերով սահմանված իրավուների իրականացումը: