ԳԼՈՒԽ I.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի եւ այլ արխիվային փաստաթղթերի՝ անկախ դրանց նկատմամբ սեփականության իրավունքից, պահպանության, համալրման, հաշվառման, օգտագործման, ինչպես նաեւ արխիվների կառավարման բնագավառին վերաբերող հարաբերությունները։
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը արխիվային գործի մասին
Արխիվային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից եւ այլ իրավական ակտերից։
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
- արխիվային գործ՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց գործունեությունը Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի եւ այլ արխիվային փաստաթղթերի պահպանության, համալրման, հաշվառման եւ օգտագործման բնագավառում.
- արխիվային փաստաթուղթ՝ պետության եւ հասարակության համար իր պատմամշակութային նշանակությամբ պահպանության ենթակա՝ նյութական կրիչի վրա գրանցված անհատականացված տեղեկատվություն, որը թույլ է տալիս դա նույնականացնել.
- անձնակազմին վերաբերող փաստաթղթեր՝ գործատուի հետ քաղաքացիների աշխատանքային հարաբերությունների ընթացքում աշխատանքային ստաժի եւ աշխատավարձի չափի մասին տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթեր.
- Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթուղթ՝ փորձաքննությամբ արժեվորված, պետության կողմից հաշվառված եւ մշտական պահպանության ենթակա արխիվային փաստաթուղթ.
- հատկապես արժեքավոր փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթուղթ, որն ունի պատմամշակութային եւ գիտական արժեք, պետության եւ հասարակության համար հատուկ կարեւորություն, որի նկատմամբ սահմանվում են հաշվառման, պահպանության եւ օգտագործման հատուկ պայմաններ.
- հազվագյուտ փաստաթուղթ՝ հատկապես արժեքավոր փաստաթուղթ, որն իր պարունակած տեղեկատվությամբ կամ արտաքին հատկանիշներով եզակի է, որի կորուստն անդառնալի է իր նշանակությամբ կամ ինքնագրով.
- Հայաստանի Հանրապետութան արխիվային հավաքածու՝ պատմականորեն առաջացած եւ մշտապես համալրվող արխիվային փաստաթղթերի ամբողջություն, որն արտացոլում է նյութական եւ հոգեւոր կյանքը, ունի գիտապատմական, սոցիալական, տնտեսական, քաղաքական, մշակութային նշանակություն, հանդիսանում է Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության եւ տեղեկատվական պաշարների անբաժանելի բաղկացուցիչ մասը եւ ենթակա է մշտական պահպանության.
- արխիվ՝ պետական մարմնի, պետական հիմնարկի կամ կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանում, որն իրականացնում է արխիվային փաստաթղթերի համալրում, պահպանություն, հաշվառում եւ օգտագործում.
- պետական արխիվ՝ պետական ոչ առեւտրային կազմակերպություն, որն ստեղծվում է պետության կողմից Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի եւ այլ արխիվային փաստաթղթերի պահպանության, համալրման, հաշվառման, օգտագործման նպատակով եւ իրականացնում է գիտական ու մշակութային ոչ առեւտրային բնույթի գործունեություն.
- համայնքային արխիվ՝ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն կամ տեղական ինքնակառավարման մարմնի կառուցվածքային ստորաբաժանում, որն ստեղծվում է համայնքի կողմից Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի եւ այլ արխիվային փաստաթղթերի պահպանության, համալրման, հաշվառման եւ օգտագործման նպատակով.
- արխիվային փաստաթղթերի մշտական պահպանություն՝ արխիվային փաստաթղթերի պահպանություն՝ առանց պահպանության որոշակի ժամկետի սահմանման.
- արխիվային փաստաթղթերի ժամանակավոր պահպանություն՝ արխիվային փաստաթղթերի պահպանություն օրենսդրական ակտերով սահմանված ժամկետներում.
- Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի ավանդատվական պահպանություն՝ Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի պահպանությունը պետական կառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
- արխիվային փաստաթղթերի պահատվությամբ պահպանություն՝ արխիվային փաստաթղթերի պահպանությունը պետական կամ համայնքային արխիվներում դրանց սեփականատերերի հետ համապատասխան պայմանագրով սահմանված որոշակի ժամկետում եւ պայմաններով.
- արխիվային փաստաթղթերի սեփականատեր՝ Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետության համայնք, իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն ունի արխիվային փաստաթղթերի տիրապետման, օգտագործման եւ տնօրինման իրավունք.
- արխիվային փաստաթղթերի օգտվող՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն օրինական հիմքով օգտվում է արխիվային փաստաթղթերից իրեն անհրաժեշտ տեղեկատվությունն ստանալու եւ օգտագործելու նպատակով.
- արխիվի համալրման աղբյուր՝ պետական կամ համայնքային արխիվներին փաստաթղթեր հանձնող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, իրավաբանական կամ ֆիզիկական անձ.
- տեղեկատու-որոնողական միջոցներ - արխիվային փաստաթղթերի բովանդակությանը վերաբերող տեղեկատվության եւ դրանց որոնման ապահովման նպատակով կազմված փաստաթղթերի ամբողջություն։
ԳԼՈՒԽ II.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԵՐԸ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 4. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները արխիվային գործի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
ա) ապահովում է արխիվային գործի բնագավառում պետական քաղաքականության իրականացումը.
բ) սահմանում է Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի եւ այլ արխիվային փաստաթղթերի՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական եւ համայնքային արխիվների, Մատենադարանի, Հայաստանի Հանրապետությունը գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպությունների կողմից պահպանության, համալրման, հաշվառման եւ օգտագործման կազմակերպման միասնական կանոններ եւ նորմեր, այդ թվում.
- Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պետական հաշվառման կարգը.
- արխիվային փաստաթղթերի փորձաքննությամբ արժեվորման եւ Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկման կարգը.
- արխիվային փաստաթղթերը առանձնապես արժեքավոր եւ հազվագյուտ ճանաչելու, դրանց հաշվառման, ապահովագրական պատճենների ստեղծման եւ պահպանության կարգը.
- պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը.
- Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի ավանդատվական պահպանության կարգը եւ ավանդատվական պահպանությունն իրականացնող պետական մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների ցանկը։
Հոդված 5. Լիազորված պետական մարմնի իրավասությունները արխիվային գործի բնագավառում
Արխիվային գործի բնագավառում պետական կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը (այսուհետեւ՝ լիազորված պետական մարմին)։
Լիազորված պետական մարմինը՝
ա) սահմանում է.
- Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պետության սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանության կարգը.
- Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պետության սեփականություն հանդիսացող փաստաթղթերի օգտագործման կարգը.
- արխիվային փաստաթղթերի կարգավորման եւ պետական արխիվներ հանձնման կարգը.
- պետական մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների փորձագիտական հանձնաժողովների օրինակելի կանոնակարգը.
բ) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պահպանությունը, համալրումը, հաշվառումը եւ օգտագործումը.
գ) օրենքով սահմանված կարգով ապահովում է Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի ժամանակավոր արտահանման իրականացումը։
Հոդված 6. Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները արխիվային գործի բնագավառում
Համայնքի ավագանին՝
լիազորված պետական մարմնի համաձայնությամբ որոշում է համայնքային սեփականություն հանդիսացող արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքի փոխանցումը պետական սեփականության։
Համայնքի ղեկավարը՝
ապահովում է համայնքային արխիվի, համայնքային այլ կազմակերպությունների արխիվային փաստաթղթերի պահպանությունը, համալրումը, հաշվառումը եւ օգտագործումը.
ԳԼՈՒԽ III.
ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 7. Արխիվներ ստեղծելու իրավունքը
Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները եւ կազմակերպությունները իրենց գործունեության ընթացքում առաջացած արխիվային փաստաթղթերի պահպանության, համալրման, հաշվառման եւ օգտագործման նպատակով պարտավոր են ստեղծել արխիվներ։
Իրավաբանական եւ ֆիզիկական անձինք իրավունք ունեն իրենց գործունեության ընթացքում առաջացած արխիվային փաստաթղթերի պահպանության համար ստեղծել արխիվներ։
Հոդված 8. Արխիվային գործի ֆինանսական եւ նյութատեխնիկական ապահովումը
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պետական արխիվների համար ուղղակիորեն նախատեսված միջոցների սահմաններում պետական արխիվների կողմից պետությանը մատուցվող ծառայությունների, աշխատանքների եւ ապրանքների գնումն իրականացվում է մեկ աղբյուրից գնումների կատարման ձեւով։
Համանքային արխիվների՝ ֆինանսական ու նյութատեխնիկական ապահովումն իրականացվում է համայնքային բյուջեների միջոցների հաշվին։
Պետական եւ համայնքային արխիվները հարկերը, տուրքերը եւ պարտադիր այլ վճարները վճարում են շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով։
ԳԼՈՒԽ IV.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
Հոդված 9. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմը
Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող փորձաքննությամբ արժեվորված արխիվային փաստաթղթերը՝ անկախ ծագման աղբյուրից, ժամանակից եւ ստեղծման եղանակից, նյութական կրիչի տեսակից, պահպանության վայրից եւ սեփականության իրավունքից, այդ թվում՝
- իրավական ակտեր.
- գործավարական փաստաթղթեր.
- գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական եւ տեխնոլոգիական աշխատանքների արդյունքներ պարունակող փաստաթղթեր.
- քաղաքաշինական փաստաթղթեր.
- կինո, ֆոտո, ֆոնո փաստաթղթեր.
- էլեկտրոնային եւ հեռաչափական փաստաթղթեր.
- ձեռագրեր, նկարներ, գծագրեր, նամակագրություն, օրագրություն, հուշագրություն.
- արխիվային փաստաթղթերի բնօրինակի իրավունքով պատճեններ։
Հոդված 10. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում արխիվային փաստաթղթերի ընդգրկումը
Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում փաստաթղթերն ընդգրկվում են փորձաքննության հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկին համապատասխան։
Փորձքննությամբ արժեվորման ենթակա են պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող բոլոր փաստաթղթերը՝ ցանկացած նյութական կրիչի վրա։ Փաստաթղթերի ոչնչացումն արգելվում է, եթե դրանք փորձաքննությամբ չեն արժեվորվել։
Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող փաստաթղթերը ընդգրկվում են սեփականատերերի համաձայնությամբ արխիվային փաստաթղթերի փորձաքննությամբ արժեվորման հիման վրա եւ ձեւակերպվում են պետական եւ համայնքային արխիվների հետ սեփականատիրոջ կնքած պայմանագրով, որը նախատեսում է կողմերի պարտավորությունները Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկված փաստաթղթերի պահպանության, հաշվառման եւ օգտագործման համար։
Իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սեփականություն հանդիսացող փաստաթղթերի փորձաքննությամբ արժեվորումն իրականացնում են պետական եւ համայնքային արխիվները՝ փաստաթղթերի սեփականատերերի հետ միասին։
Հոդված 11. Պետության սեփականությունը հանդիսացող արխիվային փաստաթղթերը
Պետության սեփականությունն են հանդիսանում՝
- պետական մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների արխիվային փաստաթղթերը.
- պետական արխիվներում, Մատենադարանում, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպություններում պահպանվող արխիվային փաստաթղթերը.
- նախկին Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության եւ Համամիութենական լենինյան կոմունիստական երիտասարդական միության Հայաստանի մարմինների եւ կազմակերպությունների արխիվային փաստաթղթերը.
- հասարակական կազմակերպությունների ու միավորումների, արհեստակցական միությունների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պետությանը որպես սեփականություն հանձնված արխիվային փաստաթղթերը։
Հոդված 12. Համայնքի սեփականությունը հանդիսացող արխիվային փաստաթղթերը
Համայնքի սեփականությունն են հանդիսանում՝
- տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքային կազմակերպությունների արխիվային փաստաթղթերը.
- իրավաբանական եւ ֆիզիկական անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան համայնքին որպես սեփականություն հանձնված արխիվային փաստաթղթերը։
Հոդված 13. Իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող արխիվային փաստաթղթերը
Իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սեփականությունն են հանդիսանում՝
- իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ստեղծած կամ նրանց կողմից օրինական հիմունքներով ձեռքբերված արխիվային փաստաթղթերը։
Հոդված 14. Արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքի փոխանցումը
Պետության կամ համայնքի սեփականությունը հանդիսացող փաստաթղթերը մասնավորեցման (սեփականաշնորհման) ենթակա չեն, չեն կարող լինել վաճառքի, փոխանակության, նվիրատվության, ինչպես նաեւ այլ գործարքի առարկա, որը կարող է հանգեցնել դրանց օտարման, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։
Պետական կամ համայնքային կազմակերպությունների մասնավորեցման (սեփականաշնորհման) դեպքում դրանց գործունեության ընթացքում առաջացած փաստաթղթերը (այդ թվում՝ անձնակազմի վերաբերյալ) մնում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կամ հայմանքի սեփականությունը։
Իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող փաստաթղթերը կարող են օտարվել կամ մեկ անձից մյուսին փոխանցվել համապարփակ իրավահաջորդության կարգով։
Պետական եւ համայնքային արխիվների պահատվությանը հանձնված փաստաթղթերը, եթե սեփականատիրոջ կողմից դրանք հետ չեն վերցվում, դրանց պահատվության պայմանագրային ժամկետները լրանալուց եւ պահառուի կողմից պայմանագրային ժամկետը լրանալու ու փաստաթղթերը հետ վերցնելու մասին պահատուին գրավոր իրազեկելուց հետո տնօրինվում է պահատվության պայմանագրին համաձայն։
Հոդված 15. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկված՝ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող փաստաթղթերի քաղաքացիական շրջանառության առանձնահատկությունները
Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկված՝ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող փաստաթղթերի նկատմամբ սեփականության իրավունքը այլ անձի փոխանցելու դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պայմանագրային պարտավորությունները։
Այն դեպքում, երբ օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի առանձնապես արժեքավոր եւ պետության կողմից պահպանվող փաստաթղթերի սեփականատերը դրանք պահպանում է անտնտեսվար, որը սպառնում է դրանց նշանակության կորստին, այդ փաստաթղթերը դատարանի վճռով կարող են վերցվել սեփականատիրոջից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով։
ԳԼՈՒԽ V.
ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
Հոդված 16. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի պահպանությունը
Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պետության սեփականությունը հանդիսացող փաստաթղթերը պահպանվում են՝
ա) մշտական՝ պետական արխիվներում, Մատենադարանում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպություններում։
բ) ժամանակավոր՝ մինչեւ մշտական պահպանության հանձնելը, պետական մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների արխիվներում՝ սույն օրենքով սահմանված ժամկետների ընթացքում։
Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի համայնքի սեփականությունը հանդիսացող փաստաթղթերը պահպանվում են՝
ա) մշտական՝ համայնքային արխիվներում.
բ) ժամանակավոր՝ տեղական ինքնակառավարման մարմիններում, համայնքային կազմակերպություններում՝ սույն օրենքով սահմանված ժամկետների ընթացքում։
Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող փաստաթղթերը սույն օրենքով սահմանված կարգով պահպանվում են դրանց սեփականատերերի կողմից ինքնուրույնաբար կամ պայմանագրի հիման վրա պահպանության կարող են հանձնվել արխիվներ։
Հոդված 17. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի պետական հաշվառումը
Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերը՝ անկախ դրանց նկատմամբ սեփականության իրավունքից եւ պահպանության վայրից, ենթակա են պետական հաշվառման։
Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի հազվագյուտ փաստաթղթերը ենթակա են նաեւ հաշվառման Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի հազվագյուտ փաստաթղթերի պետական գրանցամատյանում։
Պետական եւ համայնքային արխիվներում, Մատենադարանում, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպություններում պահպանվող Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերը չեն ընդգրկվում նրանց սեփականության իրավունքով հանձնված գույքի կազմում եւ ամրացվում են անժամկետ ու անհատույց օգտագործման նպատակով։
ԳԼՈՒԽ VI.
ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ
Հոդված 18. Հայաստանի պետական եւ համայնքային արխիվների համալրման աղբյուրները
Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները եւ կազմակերպությունները, որոնց գործունեության ընթացքում առաջանում են Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթեր եւ այլ արխիվային փաստաթղթեր, որոնք ենթակա են պահպանության պետական եւ համայնքային արխիվներում, հանդիսանում են պետական եւ համայնքային արխիվների համալրման աղբյուրներ։
Համալրման աբյուրների ցանկերը կազմում են պետական եւ համայնքային արխիվները։
Իրավաբկանական եւ ֆիզիկական անձինք համալրման աղբյուրներ հանդիսանում են պայմանագրի հիման վրա։
Հոդված 19. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի հանձնումը մշտական պահպանության
Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի՝ պետության եւ համայնքի սեփականությունը հանդիսացող փաստաթղթերի ժամանակավոր պահպանության ժամկետները լրանալիս դրանք տեղեկատու-որոնողական միջոցների հետ կարգավորված վիճակով մշտական պահպանության են հանձնվում պետական եւ համայնքային արխիվներ։
Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սեփականություն հանդիսացող փաստաթղթերի համալրումը պետական եւ համայնքային արխիվներ իրականացվում է դրանց եւ այդ փաստաթղթերի սեփականատերերի միջեւ կնքված պայմանագրերի հիման վրա։
Հոդված 20. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերը ժամանակավոր (մինչեւ մշտական պահպանության հանձնելը) պահպանելու ժամկետները
Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերը ժամանակավոր (մինչեւ պետական եւ համայնքային արխիվներ մշտական պահպանության հանձնելը) պահպանելու առավելագույն ժամկետներն են՝
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմինների, ինչպես նաեւ օրենքի հիման վրա ստեղծված պետական կառավարչական գործառույթներ իրականացնող այլ պետական մարմինների, պետական կազմակերպությունների փաստաթղթերի համար՝ 10 տարի
բ) տեղական ինքնակառավարման մարմինների եւ համայնքային կազմակերպությունների փաստաթղթերի համար՝ 5 տարի
գ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկված արխիվային փաստաթղթերի առանձին տեսակների համար՝
- քաղաքացիական կացության ակտերի գրանցման՝ 100 տարի
- նոտարական գործարքների գրանցումների՝ 10 տարի
- անշարժ գույքի պետական կադաստր վարող մարմինների փաստաթղթերի՝ 100 տարի
- տնտեսական գրքերի՝ 75 տարի
- իրականացված կապիտալ շինարարության նախագծային փաստաթղթերի՝ 20 տարի
- արտոնագրված տեխնոլոգիական եւ փորձարարակոնստրուկտորական փաստաթղթերի՝ 20 տարի
- գիտահետազոտական եւ արտոնագրային փաստաթղթերի՝ 15 տարի
- պետպատվերով ստեղծված կինո եւ ֆոտո փաստաթղթերի՝ 5 տարի
- պետպատվերով ստեղծված տեսա եւ ֆոնո փաստաթղթերի՝ 3 տարի։
Հոդված 21. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց պարտականությունները պետական եւ համայնքային արխիվների համալրման բնագավառում
Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, պետական հիմնարկները եւ կազմակերպությունները լիազորված պետական մարմնի հետ համաձայնեցնելով, մշակում եւ հաստատում են իրենց գործունեության ընթացքում առաջացած փաստաթղթերի ցանկերը՝ պահպանության ժամկետների նշումով։
Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պետական եւ համայնքային կազմակերպությունները ապահովում են Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի ընտրությունը, նախապատրաստումը եւ պետական կամ համայնքային արխիվներ մշտական պահպանության հանձնումը։
Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական եւ համայնքային կազմակերպությունների լուծարման դեպքում Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկված փաստաթղթերը (այդ թվում՝ անձնակազմի վերաբերյալ) հանձնվում են պետական կամ համայնքային արխիվներ։
Այլ իրավաբանական անձանց լուծարման դեպքում լուծարային հանձնաժողովը կազմակերպում է լուծարվող կազմակերպության գործունեությամբ առաջացած անձնակազմի վերաբերյալ փաստաթղթերի առանձնացումը եւ հանձնումը պետական կամ համայնքային արխիվ։
Անվճարունակ (սնանկ) ճանաչված կազմակերպության լուծարման դեպքում անվճարունակության գործով կառավարիչը կազմակերպում է լուծարվող կազմակերպության գործունեությամբ առաջացած անձնակազմի վերաբերյալ փաստաթղթերի առանձնացումը եւ հանձնումը պետական կամ համայնքային արխիվ։
ԳԼՈՒԽ VII.
ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 22. Արխիվային փաստաթղթերի մատչելիությունը
Օգտվողն իրավունք ունի ազատ որոնելու եւ ուսումնասիրության նպատակով պետական եւ համայնքային արխիվներից ստանալու արխիվային փաստաթղթեր։
Պետական եւ համայնքային արխիվներում օգտվողի համար արխիվային փաստաթղթերի մատչելիությունն ապահովվում է տեղեկատու-որոնողական միջոցների եւ դրանց մասին տեղեկատվության, ինչպես նաեւ անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակների կամ պատճենների տրամադրմամբ։
Հոդված 23. Արխիվային փաստաթղթերի մատչելիության սահմանափակումները
Օգտվողին արխիվային փաստաթղթերի մատչելիությունը կարող է սահմանափակվել սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող արխիվային փաստաթղթերի սեփականատերերի որոշումներին համապատասխան։
Արխիվային փաստաթղթերի մատչելիությունը, անկախ դրանց նկատմամբ սեփականության իրավունքից, սահմանափակվում է պետական եւ ծառայողական ու օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի հազվագյուտ եւ հատկապես արժեքավոր փաստաթղթերի բնագրերի եւ ֆիզիկական ոչ բավարար վիճակ ունեցող արխիվային փաստաթղթերի նկատմամբ։ Պետական եւ ծառայողական ու օրենքով պահպանվող այլ գաղտնի տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթերի նկատմամբ մատչելիության սահմանափակումները վերացվում են օրենքով սահմանված կարգով։
Քաղաքացու անձնական եւ ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթերի օգտագործման մատչելիությունը սահմանափակվում է դրանց ստեղծման ժամանակից 75 տարի ժամկետով, եթե օրենքով այլ բան չի նախատեսված։ Քաղաքացու, իսկ նրա մահվանից հետո նրա ժառանգների գրավոր թույլտվության կամ դատարանի որոշման հիման վրա քաղաքացու անձնական եւ ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթերը կարող են մատչելի լինել ավելի վաղ, քան դրանց ստեղծման ժամանակից 75 տարվա ժամկետը։
Հոդված 24. Արխիվային փաստաթղթերի օգտագործումը
Օգտվողն իրավունք ունի իրեն տրամադրված արխիվային փաստաթղթերի, ինչպես նաեւ այդ փաստաթղթերի պատճենների պարունակած տեղեկատվությունը օգտագործել, փոխանցել եւ տարածել ցանկացած օրինական նպատակով եւ միջոցով։
Պետական եւ համայնքային արխիվները, Մատենադարանը, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպություները օգտվողի համար անվճար ապահովում են արխիվային փաստաթղթերի որոնման եւ ուսումնասիրման համար անհրաժեշտ պայմաններ։
Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիները, պետական հիմնարկները եւ կազմակերպությունները, իրավաբանական եւ ֆիզիկական անձինք իրենց մոտ համապատասխան արխիվային փաստաթղթերի առկայության դեպքում պարտավոր են օգտվողին անվճար տրամադրել քաղաքացիների սոցիալական պաշտպանվածությանը վերաբերվող ու սահմանված կարգով ձեւակերպված արխիվային տեղեկանքներ կամ արխիվային փաստաթղթերի պատճեններ։
Պետական եւ համայնքային արխիվները, Մատենադարանը, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպությունները, ինչպես նաեւ պետական կամ համայնքային կազմակերպությունները կարող են իրենց մոտ եղած տեղեկատու-որոնողական միջոցների եւ արխիվային փաստաթղթերի հիման վրա օգտվողին ցուցաբերել վճարովի տեղեկատվական ծառայություններ, կնքել նրա հետ պայմանագրեր արխիվային փաստաթղթերի եւ դրանց տեղեկատու-որոնողական միջոցների առեւտրային օգտագործման մասին։
Պետական եւ համայնքային արխիվները պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում են նրանց վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ արխիվային տեղեկատվություն եւ արխիվային փաստաթղթերի պատճեններ։
ԳԼՈՒԽ VIII.
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 25. Պատասխանատվությունը արխիվային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը խախտելու համար
Իրավաբանական անձինք, ինչպես նաեւ պաշտոնատար անձինք եւ քաղաքացիները արխիվային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը խախտելու համար կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն։
ԳԼՈՒԽ IX.
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 26. Միջազգային համագործակցությունը արխիվային գործի բնագավառում
Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պետական եւ համայնքային արխիվները, ինչպես նաեւ արխիվային փաստաթղթերի սեփականատեր հանդիսացող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք իրենց իրավասությունների սահմաններում մասնակցում են արխիվային գործի բնագավառում միջազգային համագործակցությանը, եւ միջազգային կազմակերպությունների աշխատանքներին, արխիվային գործին վերաբերող խորհրդակցություններին եւ համաժողովներին, միջազգային տեղեկատվական փոխանակությանը։
Հոդված 27. Արխիվային փաստաթղթերի արտահանումը եւ ներմուծումը
Հայաստանի Հանրապետության տարածքից Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի մշտական արտահանումն արգելվում է։
Պետության եւ համայնքի, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության տարածքից ժամանակավոր արտահանումը եւ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը կարգավորվում է օրենքով։
Հայաստանի Հանրապետության տարածք թույլատրվում է ներմուծել միայն օրինական հիմունքներով ձեռքբերված կամ ստացված արխիվային փաստաթղթերը։
Հոդված 28. Արխիվային փաստաթղթերի պատճենների արտահանումը եւ ներմուծումը
Ցանկացած նյութական կրիչի վրա օրինական հիմունքներով ձեռքբերված կամ ստացված արխիվային փաստաթղթերի պատճենների, Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումն ու Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը իրականացվում է առանց սահմանափակումների, բացառությամբ արխիվային փաստաթղթերի այն պատճենների որոնց օգտագործման մատչելիությունը սահմանափակվում է օրենքով։
ԳԼՈՒԽ X.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 29. Եզրափակիչ դրույթ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո։
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» (12 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-161) Հայաստանի Հանրապետության օրենքը։