Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-229-03.03.2004-ԳԿ,ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի եւ այլ արխիվային փաստաթղթերի՝ անկախ դրանց նկատմամբ սեփականության իրավունքից, համալրման, հաշվառման, պահպանության, օգտագործման, ինչպես նաեւ արխիվային գործի հետ առնչվող իրավահարաբերությունները։

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը արխիվային գործի մասին

Արխիվային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից եւ այլ իրավական ակտերից։

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

- արխիվային գործ ՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց գործունեությունը Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի եւ այլ արխիվային փաստաթղթերի համալրման, հաշվառման պահպանության եւ օգտագործման բնագավառում.

- արխիվային փաստաթուղթ ՝ պետության եւ հասարակության համար պատմամշակութային ու փաստավավերագրական նշանակությամբ պահպանության ենթակա՝ նյութական կրիչի վրա գրանցված վավերապայմաններով տեղեկություն, որը թույլ է տալիս դա նույնականացնել.

- այլ արխիվային փաստաթղթեր՝ Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմի մեջ չմտնող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում պահպանվող արխիվային փաստաթղթեր.

- անձնակազմին վերաբերող փաստաթղթեր ՝ գործատուի հետ քաղաքացիների աշխատանքային հարաբերությունների ընթացքում աշխատանքային ստաժի, աշխատավարձի չափի եւ աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթեր.

- մարդու անձնական եւ ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթեր՝ ֆիզիկական անձի առողջական վիճակի, ընտանեկան եւ ինտիմ հարաբերությունների, ծննդյան, որդեգրման, ամուսնության եւ ամուսնալուծության հանգամանքների, անձնական տվյալների, անձնական գրագրության եւ թղթակցության, նոտարական գործարքների, գույքային իրավունքի, եկամտի աղբյուրների մասին տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթեր.

- առանձնապես արժեքավոր փաստաթուղթ՝ պատմամշակութային կամ գիտական արժեք, պետության եւ հասարակության համար հատուկ կարեւորություն ունեցող արխիվային փաստաթուղթ, որի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվում են հաշվառման, պահպանության եւ օգտագործման հատուկ պայմաններ.

- հազվագյուտ փաստաթուղթ՝ առանձնապես արժեքավոր փաստաթուղթ, որն եզակի է իր պարունակած տեղեկատվությամբ կամ արտաքին հատկանիշներով.

- Հայաստանի Հանրապետութան արխիվային հավաքածու ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող, պատմականորեն ձեւավորված եւ մշտապես համալրվող արխիվային փաստաթղթերի ամբողջություն, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության եւ տեղեկատվական պաշարների անբաժանելի բաղկացուցիչ մասը եւ ենթակա է մշտական պահպանության.

- Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթուղթ ՝ հայ ժողովրդի նյութական եւ հոգեւոր կյանքն արտացոլող, գիտապատմական, սոցիալական, տնտեսական, քաղաքական, մշակութային նշանակություն ունեցող՝ փորձաքննությամբ արժեվորված, պետության կողմից հաշվառված եւ մշտական պահպանության ենթակա արխիվային փաստաթուղթ.

- արխիվ՝ իրավաբանական անձ կամ հիմնարկի եւ կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանում, որն իրականացնում է արխիվային փաստաթղթերի համալրում, հաշվառում, պահպանում եւ օգտագործում.

- աշխատակազմի արխիվ՝ պետական մարմինների, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկի կամ կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանում, որն իրականացնում է արխիվային փաստաթղթերի համալրում, հաշվառում, պահպանություն եւ օգտագործում՝ մինչեւ պետական կամ համայնքային արխիվ մշտական պահպանության հանձնելը.

- պետական արխիվ՝ պետական ոչ առեւտրային կազմակերպություն, որն ստեղծվում է պետության կողմից՝ Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի եւ այլ արխիվային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության եւ օգտագործման նպատակով, իրականացնում է գիտական, մշակութային եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործունեություն.

- համայնքային արխիվ՝ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն, որն ստեղծվում է համայնքի կողմից Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի եւ այլ արխիվային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության եւ օգտագործման նպատակով.

- արխիվային փաստաթղթերի մշտական պահպանություն՝ արխիվային փաստաթղթերի պահպանություն՝ առանց պահպանության ժամկետի սահմանման.

- արխիվային փաստաթղթերի ժամանակավոր պահպանություն՝ արխիվային փաստաթղթերի պահպանություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում.

- Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերիավանդատվական պահպանություն՝ Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի պահպանությունը պետական կառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

- արխիվային փաստաթղթերի պահատվությամբ պահպանություն՝ արխիվային փաստաթղթերի պահպանությունը պետական կամ համայնքային արխիվներում դրանց սեփականատերերի հետ համապատասխան պայմանագրով սահմանված որոշակի ժամկետում եւ պայմաններով.

- արխիվային փաստաթղթերի սեփականատեր՝ Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետության համայնք, իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն ունի արխիվային փաստաթղթերի տիրապետման, օգտագործման եւ տնօրինման իրավունք.

- արխիվային փաստաթղթերից օգտվող՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը սահմանված կարգին համապատասխան օգտվում է արխիվային փաստաթղթերից իրեն անհրաժեշտ տեղեկատվությունն ստանալու եւ օգտագործելու նպատակով.

- արխիվի համալրման աղբյուր՝ պետական կամ համայնքային արխիվներին փաստաթղթեր եւ նյութական կրիչի վրա պարունակող այլ տեղեկություն հանձնող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, իրավաբանական կամ ֆիզիկական անձ.

- տեղեկատու-որոնողական միջոցներ՝ արխիվային փաստաթղթերի բովանդակությանը վերաբերող տեղեկատվության եւ դրանց որոնման ապահովման նպատակով կազմված փաստաթղթերի ամբողջություն.

- գրանցամատյան՝ պետական հաշվառման հիմնական փաստաթուղթ, որն ապահովում է հազվագյուտ փաստաթղթի հաշվառումը՝ նրան բնութագրող առանձնահատուկ նշանների հակիրճ նկարագրությամբ եւ որոնողական տվյալներով։

ԳԼՈՒԽ 2.

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԵՐՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն արխիվային գործի բնագավառում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

ա) ապահովում է արխիվային գործի բնագավառում պետական քաղաքականության իրականացումը.

բ) սահմանում է Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի եւ այլ արխիվային փաստաթղթերի՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների, պետական եւ համայնքային արխիվների կողմից համալրման, հաշվառման, պահպանության եւ օգտագործման կազմակերպման միասնական կանոններ եւ նորմեր, այդ թվում.

- Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պետական հաշվառման կարգը.

- արխիվային փաստաթղթերի փորձաքննությամբ արժեվորման եւ Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկման կարգը.

- արխիվային փաստաթղթերը առանձնապես արժեքավոր եւ հազվագյուտ ճանաչելու, դրանց հաշվառման, ապահովագրական պատճենների ստեղծման եւ պահպանության կարգը.

- Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պահպանության ֆինանսավորման կարգը.

- պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը.

- Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի ավանդատվական պահպանության կարգը եւ ավանդատվական պահպանությունն իրականացնող պետական մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների ցանկը։

Հոդված 5. Արխիվային գործի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները

՝Արխիվային գործի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավաության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետեւ՝ լիազոր մարմին)՝

ա) սահմանում է.

- Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պետության սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանության կարգը.

- Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պետության սեփականություն հանդիսացող փաստաթղթերի օգտագործման կարգը.

- արխիվային փաստաթղթերի կարգավորման եւ պետական արխիվներ հանձնման կարգը.

- պետական մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների փորձագիտական հանձնաժողովների օրինակելի կանոնակարգը.

բ) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պահպանությունը, համալրումը, հաշվառումը եւ օգտագործումը.

գ) օրենքով սահմանված կարգով ապահովում է Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի ժամանակավոր արտահանման եւ ներմուծման իրականացումը։

Հոդված 6. Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն արխիվային գործի բնագավառում

Համայնքի ավագանին՝

ա) որոշում է կայացնում համայնքային արխիվի ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման մասին.

բ) որոշում է համայնքային սեփականություն հանդիսացող արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքի փոխանցումը պետական սեփականության։

Համայնքի ղեկավարը՝

ա) ներկայացնում է ավագանու հաստատմանը համայնքային արխիվ ստեղծելու, վերակազմակերպելու կամ լուծարելու մասին որոշման նախագիծը.

բ) ապահովում է համայնքային արխիվի, համայնքային այլ կազմակերպությունների արխիվային փաստաթղթերի համալրումը, հաշվառումը, պահպանությունը եւ օգտագործումը։

Համանքային արխիվների՝ ֆինանսական ու նյութատեխնիկական ապահովումն իրականացվում է համայնքային բյուջեների միջոցների հաշվին։

ԳԼՈՒԽ 3.

ԱՐԽԻՎՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

Հոդված 7. Արխիվների ստեղծումը

Պետական եւ համայնքային արխիվները ստեղծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանած կարգով։

Պետական մարմինները, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները եւ կազմակերպություններն իրենց գործունեության ընթացքում առաջացած արխիվային փաստաթղթերը մինչեւ պետական կամ համայնքային արխիվ մշտական պահպանության հանձնելը՝ դրանց համալրման, հաշվառման, պահպանության եւ օգտագործման նպատակով պարտավոր են ստեղծել աշխատակազմի արխիվներ։

Այլ իրավաբանական անձինք պարտավոր են իրենց գործունեության ընթացքում առաջացած արխիվային փաստաթղթերի պահպանության համար ստեղծել արխիվներ։
 

ԳԼՈՒԽ 4.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմը

Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես գտնվող, փորձաքննությամբ արժեվորված արխիվային փաստաթղթեր՝ անկախ դրանց ծագման աղբյուրից, ժամանակից ու ստեղծման եղանակից, նյութական կրիչի տեսակից, պահպանության վայրից եւ սեփականության իրավունքից, այդ թվում՝

- պատմամշակութային նշանակության փաստաթղթեր.

- իրավական ակտեր.

- գործավարական փաստաթղթեր.

- գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական եւ տեխնոլոգիական աշխատանքների արդյունքներ պարունակող փաստաթղթեր.

- քաղաքաշինական փաստաթղթեր.

- կինո, ֆոտո, ֆոնո փաստաթղթեր.

- էլեկտրոնային եւ հեռաչափական փաստաթղթեր.

- ձեռագրեր, նկարներ, գծագրեր, նամակագրություն, օրագրություն, հուշագրություն.

- արխիվային փաստաթղթերի բնօրինակի իրավունքով պատճեններ։

Հոդված 9. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում արխիվային փաստաթղթերի ընդգրկումը

Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում փաստաթղթերն ընդգրկվում են փորձաքննության հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պահպանության ժամկետների նշումով` արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկին համապատասխան։

Փորձաքննությամբ արժեվորման ենթակա են պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող բոլոր փաստաթղթերը՝ ցանկացած նյութական կրիչի վրա։

Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող փաստաթղթերը ընդգրկվում են սեփականատերերի համաձայնությամբ արխիվային փաստաթղթերի փորձաքննությամբ արժեվորման հիման վրա եւ ձեւակերպվում են պետական եւ համայնքային արխիվների հետ սեփականատիրոջ կնքած պայմանագրով, որը նախատեսում է կողմերի պարտավորությունները Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկված փաստաթղթերի հաշվառման, պահպանության եւ օգտագործման համար։

Իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սեփականություն հանդիսացող փաստաթղթերի սեփականատերերի առաջարկությամբ այդ փաստաթղթերի փորձաքննությամբ արժեվորումն իրականացնում են պետական կամ համայնքային արխիվները՝ փաստաթղթերի սեփականատերերի հետ միասին։

Փաստաթղթերի ոչնչացումն արգելվում է, եթե դրանք փորձաքննությամբ չեն արժեվորվել։

Հոդված 10. Պետության սեփականությունը հանդիսացող արխիվային փաստաթղթերը

Պետության սեփականությունն են հանդիսանում՝

- պատմամշակութային նշանակության փաստաթղթերը.

- պետական մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների արխիվային փաստաթղթերը.

- պետական արխիվներում պահպանվող արխիվային փաստաթղթերը.

- նախկին Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության եւ Համամիութենական լենինյան կոմունիստական երիտասարդական միության Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մարմինների եւ կազմակերպությունների արխիվային փաստաթղթերը.

- տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ու միավորումների, արհեստակցական միությունների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պետությանը որպես սեփականություն հանձնված արխիվային փաստաթղթերը։

Հոդված 11. Համայնքի սեփականությունը հանդիսացող արխիվային փաստաթղթերը

Համայնքի սեփականությունն են հանդիսանում՝

- տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքային կազմակերպությունների արխիվային փաստաթղթերը.

- իրավաբանական եւ ֆիզիկական անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան համայնքին որպես սեփականություն հանձնված արխիվային փաստաթղթերը։

Հոդված 12. Իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող արխիվային փաստաթղթերը

Իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սեփականությունն են հանդիսանում՝

- իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ստեղծած կամ նրանց կողմից օրինական հիմունքներով ձեռքբերված արխիվային փաստաթղթերը։

Հոդված 13. Արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքի փոխանցումը

Պետության կամ համայնքի սեփականությունը հանդիսացող փաստաթղթերը մասնավորեցման (սեփականաշնորհման) ենթակա չեն, չեն կարող լինել վաճառքի, փոխանակության, նվիրատվության, ինչպես նաեւ այլ գործարքի առարկա, որը կարող է հանգեցնել դրանց օտարման, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

Պետական կամ համայնքային կազմակերպությունների մասնավորեցման (սեփականաշնորհման) դեպքում դրանց գործունեության ընթացքում առաջացած փաստաթղթերը (այդ թվում՝ անձնակազմի վերաբերյալ) մնում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կամ հայմանքի սեփականությունը։

Իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող փաստաթղթերը կարող են օտարվել կամ մեկ անձից մյուսին փոխանցվել համապարփակ իրավահաջորդության կարգով։

Պետական եւ համայնքային արխիվների պահատվությանը հանձնված փաստաթղթերը, եթե սեփականատիրոջ կողմից դրանք հետ չեն վերցվում, դրանց պահատվության պայմանագրային ժամկետները լրանալուց եւ պահառուի կողմից պայմանագրային ժամկետը լրանալու ու փաստաթղթերը հետ վերցնելու մասին պահատուին գրավոր իրազեկելուց հետո տնօրինվում է պահատվության պայմանագրին համաձայն։

Հոդված 14. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկված՝ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող փաստաթղթերի քաղաքացիական շրջանառության առանձնահատկությունները

Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկված՝ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող փաստաթղթերի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի փոխանցելու դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանագրային պարտավորությունները։

Այն դեպքում, երբ օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկված առանձնապես արժեքավոր փաստաթղթերի սեփականատերը դրանք պահպանում է անտնտեսվար, որը սպառնում է դրանց նշանակության կորստին, այդ փաստաթղթերը լիազոր մարմնի հայցի հիման վրա դատարանի վճռով կարող են վերցվել սեփականատիրոջից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով։

ԳԼՈՒԽ 5.

ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Հոդված 15. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի պահպանությունը

Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պետության սեփականությունը հանդիսացող փաստաթղթերի պահպանությունն իրականացվում է՝

ա) մշտական պահպանություն՝ պետական արխիվներում.

բ) ժամանակավոր պահպանություն՝ մինչեւ մշտական պահպանության հանձնելը, պետական մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատակազմերի արխիվներում՝ սույն օրենքով սահմանված ժամկետների ընթացքում, մինչեւ պետական արխիվ հանձնելը։

Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի համայնքի սեփականությունը հանդիսացող փաստաթղթերի պահպանությունն իրականացվում է՝

ա) մշտական պահպանություն՝ համայնքային արխիվներում.

բ) ժամանակավոր պահպանություն՝ տեղական ինքնակառավարման մարմիններում, համայնքային կազմակերպություններում՝ սույն օրենքով սահմանված ժամկետների ընթացքում, մինչեւ պետական կամ համայնքային արխիվ հանձնելը։

Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող փաստաթղթերը սույն օրենքով սահմանված կարգով պահպանվում են դրանց սեփականատերերի կողմից կամ պահպանության կարող են հանձնվել արխիվներ պայմանագրի հիման վրա։

Հոդված 16. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի պետական հաշվառումը

Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածու ընդգրկվող փաստաթղթերը ենթակա են պետական հաշվառման՝ անկախ դրանց նկատմամբ սեփականության իրավունքից եւ պահպանության վայրից։

Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի հազվագյուտ փաստաթղթերը հաշվառվում են նաեւ Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի հազվագյուտ փաստաթղթերի պետական հատուկ հաշվառման գրանցամատյանում։

Պետական եւ համայնքային արխիվներում պահպանվող Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերը ամրացվում են նրանց անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով։

ԳԼՈՒԽ 6.

ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ

Հոդված 17. Հայաստանի պետական եւ համայնքային արխիվների համալրման աղբյուրները

Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները եւ կազմակերպությունները, որոնց գործունեության ընթացքում առաջանում են Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթեր եւ այլ արխիվային փաստաթղթեր, որոնք ենթակա են պահպանության պետական եւ համայնքային արխիվներում, հանդիսանում են պետական եւ համայնքային արխիվների համալրման աղբյուրներ։

Պետական եւ համայնքային արխիվները կազմում են իրենց համալրման աբյուրների ցանկերը։

Իրավաբկանական եւ ֆիզիկական անձինք պետական եւ համայնքային արխիվների համալրման աղբյուրներ հանդիսանում են պայմանագրի հիման վրա։

Հոդված 18. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի հանձնումը մշտական պահպանության

Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի՝ պետության եւ համայնքի սեփականությունը հանդիսացող փաստաթղթերի ժամանակավոր պահպանության ժամկետները լրանալիս՝ դրանք կարգավորված, տեղեկատու-որոնողական միջոցների հետ միասին մշտական պահպանության են հանձնվում պետական եւ համայնքային արխիվներին։

Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սեփականություն հանդիսացող փաստաթղթերը համալրման նպատակով հանձնումը պետական եւ համայնքային արխիվներին իրականացվում է պայմանագրերի հիման վրա։

Հոդված 19. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերը ժամանակավոր (մինչեւ մշտական պահպանության հանձնելը) պահպանելու ժամկետները

Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերը ժամանակավոր (մինչեւ պետական եւ համայնքային արխիվներ մշտական պահպանության հանձնելը) պահպանելու առավելագույն ժամկետներն են՝

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմինների, ինչպես նաեւ օրենքի հիման վրա ստեղծված պետական կառավարչական գործառույթներ իրականացնող այլ պետական մարմինների, պետական կազմակերպությունների փաստաթղթերի համար՝ 10 տարի

բ) տեղական ինքնակառավարման մարմինների եւ համայնքային կազմակերպությունների փաստաթղթերի համար՝ 5 տարի

գ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկված արխիվային փաստաթղթերի առանձին տեսակների համար՝

- քաղաքացիական կացության ակտերի գրանցման՝ 100 տարի

- նոտարական գործարքների գրանցումների՝ 10 տարի

- անշարժ գույքի պետական կադաստր վարող մարմինների կադաստրային գործերի եւ գրանցման գրքերի՝ 100 տարի

- տնտեսական գրքերի (ծխամատյանների)՝ 75 տարի

- իրականացված կապիտալ շինարարության նախագծային փաստաթղթերի՝ 20 տարի

- արտոնագրված տեխնոլոգիական եւ փորձարարակոնստրուկտորական փաստաթղթերի՝ 20 տարի

- գիտահետազոտական եւ արտոնագրային փաստաթղթերի՝ 15 տարի

- պետական աջակցությամբ ստեղծված կինո եւ ֆոտո փաստաթղթերի՝ 5 տարի

- պետական աջակցությամբ ստեղծված տեսա եւ ֆոնո փաստաթղթերի՝ 3 տարի։

Հոդված 20. Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց պարտականությունները պետական եւ համայնքային արխիվների համալրման բնագավառում

Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, պետական հիմնարկները եւ կազմակերպությունները մշակում, լիազոր մարմնի հետ համաձայնեցնելով եւ հաստատում են իրենց գործունեության ընթացքում առաջացած փաստաթղթերի պահպանության ժամկետների նշումով ցանկերը։

Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պետական եւ համայնքային կազմակերպություններն ապահովում են Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկված փաստաթղթերի կարգավորումը, նախապատրաստումը եւ պետական կամ համայնքային արխիվներ մշտական պահպանության հանձնումը։

Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական եւ համայնքային կազմակերպությունների լուծարման դեպքում Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկված փաստաթղթերը (այդ թվում՝ անձնակազմին վերաբերող) հանձնվում են պետական կամ համայնքային արխիվներ։

Պետական կամ համայնքային կազմակերպությունների մասնավորեցման (սեփականաշնորհման) դեպքում Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկված փաստաթղթերը (այդ թվում անձնակազմին վերաբերվող) հանձնվում են պետական կամ համայնքային արխիվներ։

Այլ իրավաբանական անձանց լուծարման դեպքում լուծարային հանձնաժողովը կազմակերպում է լուծարվող կազմակերպության գործունեությամբ առաջացած անձնակազմին վերաբերվող փաստաթղթերի առանձնացումը եւ հանձնումը պետական կամ համայնքային արխիվ։

Անհատ ձեռնարկատերերի լուծարման դեպքում անհատ ձեռնարկատերը կազմակերպում է իր գործունեությամբ առաջացած անձնակազմին վերաբերվող փաստաթղթերի առանձնացումը եւ հանձնումը պետական կամ համայնքային արխիվ։

Անվճարունակ (սնանկ) ճանաչված կազմակերպության լուծարման դեպքում անվճարունակության գործով կառավարիչը կազմակերպում է լուծարվող կազմակերպության գործունեությամբ առաջացած անձնակազմին վերաբերվող փաստաթղթերի առանձնացումը եւ հանձնումը պետական կամ համայնքային արխիվ։

ԳԼՈՒԽ 7.

ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Հոդված 21. Արխիվային փաստաթղթերի մատչելիությունը

Արխիվային փաստաթղթերից օգտվողն իրավունք ունի ազատ որոնելու եւ ուսումնասիրության նպատակով պետական եւ համայնքային արխիվներից ստանալու արխիվային փաստաթղթեր, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի։

Պետական եւ համայնքային արխիվներում արխիվային փաստաթղթերից օգտվողի համար արխիվային փաստաթղթերի մատչելիությունն ապահովվում է տեղեկատու-որոնողական միջոցների եւ դրանց մասին տեղեկատվության, ինչպես նաեւ անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակների կամ պատճենների տրամադրմամբ։

Հոդված 22. Արխիվային փաստաթղթերի մատչելիության սահմանափակումները

Արխիվային փաստաթղթերից օգտվողին արխիվային փաստաթղթերի մատչելիությունը կարող է սահմանափակվել սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող արխիվային փաստաթղթերի սեփականատերերի որոշումներին համապատասխան։

Արխիվային փաստաթղթերի մատչելիությունը, անկախ դրանց նկատմամբ սեփականության իրավունքից, սահմանափակվում է պետական եւ ծառայողական ու օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի հազվագյուտ եւ հատկապես արժեքավոր փաստաթղթերի բնագրերի եւ ոչ բավարար պահպաննվածության վիճակ ունեցող արխիվային փաստաթղթերի նկատմամբ։ Պետական եւ ծառայողական ու օրենքով պահպանվող այլ գաղտնի տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթերի նկատմամբ մատչելիության սահմանափակումները վերացվում են օրենքով սահմանված կարգով։

Մարդու անձնական եւ ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթերի օգտագործման մատչելիությունը սահմանափակվում է դրանց ստեղծման ժամանակից 100 տարի ժամկետով, եթե օրենքով այլ բան չի նախատեսված։ Մարդու, իսկ նրա մահվանից հետո նրա ժառանգների գրավոր թույլտվության կամ դատարանի որոշման հիման վրա մարդու անձնական եւ ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթերը կարող են մատչելի լինել ավելի վաղ, քան դրանց ստեղծման ժամանակից 100 տարվա ժամկետը։

Հոդված 23. Արխիվային փաստաթղթերի օգտագործումը

Արխիվային փաստաթղթերից օգտվողն իրավունք ունի իրեն տրամադրված արխիվային փաստաթղթերի պարունակած տեղեկատվությունը օգտագործել, փոխանցել եւ տարածել ցանկացած օրինական նպատակով եւ միջոցով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի։

Պետական եւ համայնքային արխիվները արխիվային փաստաթղթերից օգտվողի համար անվճար ապահովում են արխիվային փաստաթղթերի որոնման եւ ուսումնասիրման համար անհրաժեշտ պայմաններ։

Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիները, պետական հիմնարկները եւ կազմակերպությունները, իրավաբանական եւ ֆիզիկական անձինք իրենց մոտ համապատասխան արխիվային փաստաթղթերի առկայության դեպքում պարտավոր են արխիվային փաստաթղթերից օգտվողին անվճար տրամադրել քաղաքացիների սոցիալական ապահովությունը վերաբերվող ու սահմանված կարգով ձեւակերպված արխիվային տեղեկանքներ կամ արխիվային փաստաթղթերի պատճեններ։

Պետական եւ համայնքային արխիվները, ինչպես նաեւ պետական կամ համայնքային կազմակերպությունները կարող են արխիվային փաստաթղթերից օգտվողին ցուցաբերել վճարովի տեղեկատվական ծառայություններ, կնքել նրա հետ պայմանագրեր՝ արխիվային փաստաթղթերի եւ դրանց տեղեկատու-որոնողական միջոցների առեւտրային օգտագործման մասին։

Պետական եւ համայնքային արխիվները պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում են նրանց վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ արխիվային տեղեկատվություն եւ արխիվային փաստաթղթերի պատճեններ։


ԳԼՈՒԽ 8.

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 24. Պատասխանատվությունը արխիվային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը խախտելու համար

Իրավաբանական եւ ֆիզիկական անձինք արխիվային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը խախտելու համար կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն։


ԳԼՈՒԽ 9.

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 25. Միջազգային համագործակցությունը արխիվային գործի բնագավառում

Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պետական եւ համայնքային արխիվները, ինչպես նաեւ արխիվային փաստաթղթերի սեփականատեր հանդիսացող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք իրենց իրավասությունների սահմաններում կարող են մասնակցել արխիվային գործի բնագավառում միջազգային համագործակցությանը եւ միջազգային կազմակերպությունների աշխատանքներին, արխիվային գործին վերաբերող խորհրդակցություններին եւ համաժողովներին, միջազգային տեղեկատվական փոխանակությանը։

Հոդված 26. Արխիվային փաստաթղթերի արտահանումը եւ ներմուծումը

Հայաստանի Հանրապետության տարածքից Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերը արտահանման ենթակա չեն։

Պետության եւ համայնքի, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության տարածքից ժամանակավոր արտահանումը եւ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը կարգավորվում է օրենքով։

Հայաստանի Հանրապետության տարածք թույլատրվում է ներմուծել միայն օրինական հիմունքներով ձեռք բերված կամ ստացված արխիվային փաստաթղթերը։

Հոդված 27. Արխիվային փաստաթղթերի պատճենների արտահանումը եւ ներմուծումը

Ցանկացած նյութական կրիչի վրա օրինական հիմունքներով ձեռքբերված կամ ստացված արխիվային փաստաթղթերի պատճենների Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումն ու Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումն իրականացվում է առանց սահմանափակումների, բացառությամբ արխիվային այն փաստաթղթերի պատճենների, որոնց օգտագործման մատչելիությունը սահմանափակվում է օրենքով։  

ԳԼՈՒԽ 10.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

Հոդված 28. Եզրափակիչ դրույթ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո։

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» (12 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-161) Հայաստանի Հանրապետության օրենքը։