Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-13481-24.02.2012-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2011 մայիսի 26-ի ընտրական օրենսգրքի /այսուհետ` օրենսգիրք/ 64-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «նույնականացման քարտը» եւ «կամ նույնականացման քարտին» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը նախապատրաստվել են` նպատակ ունենալով ապահովելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրորեն ամրագրված ընտրական իրավունքի իրացումը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերով սահմանվել է ընտրողի անձը հավաստող փաստաթղթեր համարել անձնագիրը եւ անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը, քանի որ ՀՀ ընտրական օրենսգրքի  66-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, քվեարկության ծրարը կնքող եւ քվեատուփի համար պատասխանատու անդամը քվեարկության ծրարը կնքում եւ քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու հնարավորություն է ընձեռում միայն ընտրողի անձը հաստատող փաստաթղթում տվյալ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դրոշմակնիքի բացակայությունը ստուգելուց եւ դրա բացակայության դեպքում անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելուց հետո, իսկ  նույնականացման քարտի վրա դրոշմակնիք դնելը տեխնիկապես հնարավոր չէ: Միաժամանակ, 16 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն է տրվում ստանալ թե նույնականացման քարտ, թե Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիր` հետագայում իրենց ընտրական իրավունքն իրացնելու նպատակով:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Ակնկալվող փոփոխությունը կայանում է նրանում, որ նախագծերի ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիները կկարողանան լիարժեք օգտվել սահմանադրորեն վերապահված ընտրելու եւ դրանով իսկ պետության կառավարմանը մասնակցելու իրավունքից:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

  Որոշման նախագծի նպատակն է.

Սահմանել քաղաքացու` նույնականացման քարտ ստանալու հնարավորությունը` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը ստանալուց հետո.

Սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրավունքը ստանալու կամ փոխանակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը.

Ապահովել ՀՀ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրարկումը եւ որպես անձը հաստատող փաստաթուղթ ընտրություններին ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը, ինչպես նաեւ անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը.

Ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրորեն ամրագրված ընտրական իրավունքի իրացումը: