Հոդված 1. Արտակարգ դրությունը
1. Արտակարգ դրությունը` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ նրա առանձին տարածքներում հայտարարվող պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ նրանց պաշտոնատար անձանց գործունեության իրավական հատուկ ռեժիմ է։
2. Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն հանգամանքների առկայության դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ է սպառնում ներառյալ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը գրավելու փորձը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված խմբավորումների կազմակերպումը եւ գործունեությունը:
3. Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ ՀՀ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի վերացումն առանց դրա անհնարին է:
Հոդված 2. Արտակարգ դրության մասին իրավական ակտերը
1. Արտակարգ դրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանգրերով, սույն օրենքով, այլ օրենքերով, Հայաստանի Հանրապետության Նախագահի արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրով, ինպես նաեւ սույն օրենքով նախատեսված այլ իրավական ակտերով:
Հոդված 3. Արտակարգ դրություն հայտարարելու կարգը
1. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության Նախագահը` խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող` սույն օրենքով նախատեսված միջոցառումներ եւ այդ մաuին ուղերձով դիմում է ժողովրդին։
2. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը ենթակա է անհապաղ հրապարակման հանրային հեռուստատեսությամբ, հանրային ռադիոյով, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա զանգվածային լրատվության այլ միջոցներով: Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրում ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ։
3. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը, ինչպես նաեւ հրամանագրում կատարվող փոփոխությունները եւ լրացումներն ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
4. Արտակարգ դրություն հայտարարվելու, ինչպես նաեւ արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ Նախագահի հրամանգրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու դեպքերում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստ` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
5. Արտակարգ դրություն հայտարարելու մասին անհապաղ տեղեկացվում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները, Միավորված Ազգերի Կազմակերպության եւ Եվրոպայի Խորհուրդի Գլխավոր Քարտուղարները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ներկայցուցչությունները եւ քարտուղարությունները` միջազգային կազմակերպություններում։
Հոդված 4. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի բովանդակությունը
1. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրում պետք է սահմանվեն՝
1) արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները.
2) արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության հիմնավորումը.
3) այն տարածքի սահմանները, որտեղ հայտարարվում է արտակարգ դրություն.
4) արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցառումները, միջոցները եւ ուժերը.
5) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ժամանակավոր սահմանափակվող իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաեւ իրավունքների եւ ազատությունների սահմանափակումների ծավալը` համաձայն սույն օրենքի 7-րդ հոդվածի պահանջների.
6) արտակարգ դրության ժամանակահատվածում սույն օենքի 8-րդ հոդվածի համաձայն ստեղծված պետական հատուկ մարմինները եւ նրանց իրավասության շրջանակները.
7) արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք.
8) արտակարգ դրության ուժի մեջ մտնելու օրը, ամիսը, ամսաթիվը եւ դրա գործողության ժամկետները։
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի` արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրում` արտակարգ դրության ռեժիմը խստացնող, իրավունքներ կամ ազատություններ սահմանափակող կամ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վիճակը այլ կերպ վատթարացնող փոփոխությունները եւ լրացումները կատարվում են սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով։
Հոդված 5. Արտակարգ դրության գործողության ժամկետը
1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ Հանրապետության առանձին տարածքներում` 60 օրը:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտից հետո արտակարգ դրությունը դադարում է: Եթե նշված ժամկետների ընթացքում չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով` սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով եւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով:
Հոդված 6. Արտակարգ դրության դադարումը
1. Եթե արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները վերացել են մինչեւ արտակարգ դրության գործողության ժամկետի լրանալը, ապա արտակարգ դրությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, որը ենթակա է անհապաղ հրապարակման հանրային հեռուստատեսությամբ, հանրային ռադիոյով, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա զանգվածային լրատվության այլ միջոցներով: Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից :
2. Արտակարգ դրությունը կամ դրա որեւէ միջոցառում դադարեցվում է նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարվելու դեպքում։
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նշված որոշումն ուժի մեջ է մտնում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով հրապարակվելու պահից: Ազգային ժողովի որոշումը հրապարակվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով :
Հոդված 7. Արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումները եւ իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները
1. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում, արտակարգ դրության ընթացքում արտակարգ դրության տարածքում կարող են կիրառվել հետեւյալ միջոցառումները եւ իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները.
1) արտակարգ դրության տարածքում տեղաշարժման ազատության սահմանափակում, ինչպես նաեւ նշված տարածք մուտք գործելու եւ տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում, ներառյալ օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց՝ տվյալ տարածք մուտք գործելու եւ այնտեղ գտնվելու սահմանափակումները.
2) հասարակական կարգի, պետական պահպանության ենթակա օբյեկտների, ինչպես նաեւ բնակչության կենսաապահովման եւ տրանսպորտի գործունեությունը կանոնակարգող օբյեկտների պահպանության ուժեղացում.
3) ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների եւ ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումներ.
4) սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման եւ շրջանառության հատուկ կարգի սահմանում ՀՀ կառավարության կողմից.
5) հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակում կամ արգելում.
6) գործադուլների եւ իրավաբանական անձանց գործունեությունը կասեցնող կամ դադարեցնող այլ միջոցառումների արգելում.
7) տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակում եւ դրանց զննման իրականացում.
8) վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական եւ կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող կազմակերպությունների գործունեության նկատմամբ հատուկ պետական վերահսկողության սահմանում կամ դրանց գործունեության կասեցում.
9) գործադիր իշխանության հանրապետական մարմինների եւ տարածքային կառավարման մարմինների լիազորությունների ժամանակավոր սահմանափակում կամ կասեցում.
10) նյութական եւ մշակութային արժեքների տարահանում, եթե իրական վտանգ կա արտակարգ դրության ժամանակ դրանց ոչնչացման, հափշտակության կամ վնասման համար.
11) պարետային ժամի սահմանում, այսինքն՝ ամբողջ օրը կամ օրվա որոշակի ժամանակահատվածում առանց անձը հաստատող փաստաթղթերի եւ հատուկ թույլտվությունների փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում.
12) խոսքի ազատության սահմանափակում, մասնավորապես` զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելում.
13) անձը հաստատող փաստաթղթերի ստուգում, անձնական առարկաների զննում:
14) զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ եւ թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի արգելում, թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների եւ պատրաստուկների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմի սահմանում.
15) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած եւ տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում՝ նրանց միջոցների հաշվին, իսկ նման միջոցներ չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով.
2. Արտակարգ դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության Նախագահն իրավունք ունի կասեցնել գործադիր իշխանության հանրապետական մարմինների, ինչպես նաեւ տարածքային կառավարման մարմինների իրավական ակտերը։
3. Արտակարգ դրության ժամանակ սույն հոդվածով նախատեսված միջոցառումների իրականացումը չի կարող խոչընդոտել ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ սահմանդրական դատարանի բնականոն գործունեությունը:
4. Սույն հոդվածի 14-րդ կետով նախատեսված դեպքերում թույլատրվում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից ժամանակավորապես առգրավել օրենքով սահմանված կարգով ձեռք բերված զենք եւ ռազմամթերք, թունավոր, պայթուցիկ եւ ռադիոակտիվ նյութեր մարտական ու ուսումնական ռազմական տեխնիկա:
5. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման եւ շրջանառության հատուկ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 8. Արտակարգ դրության տարածքում պետական կառավարման հատուկ մարմինները
1. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման եւ այլ հրատապ հարցեր լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով կարող է ստեղծվել արտակարգ դրության տարածքի պարետատուն (այսուհետ՝ Պարետատուն)։
2. Պարետատունն իրականացնում է արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումը։ Պարետատունը ղեկավարում է պարետը, որը նշանակվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից։
Հոդված 9. Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները եւ ուժերը
1. Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով կարող են օգտագործվել ոստիկանության, ազգային անվտանգության եւ պաշտպանության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները։
2. Ոստիկանության, ազգային անվտանգության եւ պաշտպանության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները գործադրվում են հետեւյալ խնդիրների իրականացման նպատակով.
1) արտակարգ դրության տարածք մուտք գործելու եւ տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի իրականացման ապահովում.
2) ռեժիմային, հատուկ ռեժիմային եւ հատուկ պահպանվող օբյեկտների, բնակչության կենսագործունեությունն ու տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաեւ բնակչության կյանքի եւ առողջության, շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն.
3) անօրինական զինված խմբավորումների գործունեության դադարեցում.
4) արտակարգ իրավիճակների կանխում, հնարավոր հետեւանքների նվազեցում եւ վերացում, մարդկանց կյանքի, առողջության երաշխավորում ու նյութական արժեքների փրկություն.
5) սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված սահմանափակումների ապահովում:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում 1 նշված խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են ներգրավվել միայն այն դեպքում, եթե այդ խնդիրները հնարավոր չէ ապահովել ոստիկանության եւ ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերով,
4. Զինված ուժերի ներգրավումը պետք է առավելապես ուղղված լինի սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով նշված խնդիրների իրականացմանը։
5.Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները ?ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք եւ մարտական տեխնիկա կիրառում են «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված`
ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի եւ մարտական տեխնիկայի կիրառման պայմաններին, կարգին ու սահմաններին համապատասխան։
Հոդված 10. Արտակարգ դրության պայմաններում ժամանակավոր սահմանափակումների եւ կիրառվող միջոցների սահմանները
1. Սույն օրենքում նշված իրավունքների եւ ազատությունների նկատմամբ սույն օրենքով թույլատրվող սահմանափակումները պետք է կիրառվեն բացառապես այն նպատակներով, որոնց համար նախատեսվել են, եւ պետք է լինեն համաչափ` հիշյալ նպատակների համեմատությամբ։
2. Արտակարգ դրության պայմաններում գործադիր իշխանության մարմինների գործողությունները պետք է համարժեք լինեն արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներով պայմանավորված իրավիճակին։
3. Արտակարգ դրության պայմաններում սույն օրենքով նախատեսված միջոցառումները եւ իրավունքների ժամանակավոր սահմանափակումները, պետք է համապատասխանեն արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղվելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին։
4. Հայաստանի Հանրապետության 44-րդ հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 15-րդ, 17-22-րդ եւ 42-րդ հոդվածով նախատեսված իրավունքներն ու ազատություններն արտակարգ դրության ժամանակ չեն կարող սահմանափակվել:
Հոդված 11. Արտակարգ դրության ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների երաշխիքները
1. Արտակարգ դրության ժամանակ ցանկացած ֆիզիկական եւ իրավաբանական անձ ունի իր խախտված իրավունքները եւ ազատությունները վարչական եւ դատական կարգով պաշտպանելու իրավունք:
2. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետեւանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցվում է կրած նյութական վնասը, եւ տրամադրվում է անհրաժեշտ օգնություն ՀՀ կառավարության սահմանած կարգով: Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնց գույքն ու այլ միջոցներն օգտագործվել են արտակարգ դրության հետեւանքների վերացման նպատակով, իրավունք ունեն ստանալու համարժեք փոխհատուցում` ՀՀ կառավարության սահմանած կարգով:
3. Արտակարգ դրության ժամանակ առգրավված գույքը արտակարգ դրության դադարումից հետո մեկշաբաթյա ժամկետում վերադարձվում է դրանց սեփականատերերին կամ դրանց նկատմամաբ տիրապետման կամ օգտագործման իրավունք ունեցող անձանց։
Հոդված 12. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի եւ մարտական տեխնիկայի կիրառման պայմաններն ու սահմանները
1. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի եւ մարտական տեխնիկայի կիրառման` օրենքներով սահմանված պայմաններն ու սահմաններն արտակարգ դրության ժամանակ ենթակա չեն փոփոխման։
Հոդված 13. Պարետային ժամի կանոնները խախտած անձանց ձերբակալման կարգը
1. Պարետային ժամի կանոնները խախտած անձինք ենթակա են ձերբակալման արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի կողմից՝ մինչեւ պարետային ժամի ավարտը, իսկ անձը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում՝ մինչեւ նրանց անձի ինքնությունը պարզելը, բայց ոչ ավել, քան 48 ժամով՝ ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի որոշմամբ։ Ձերբակալված անձինք, նրանց մոտ եղած առարկաները եւ տրանսպորտային միջոցները կարող են ենթարկվել զննության, ինչպես նաեւ դրանց վրա մինչեւ արտակարգ դրության գործողության ժամկետի ավարտը կարող է արգելանք դրվել։ Ձերբակալման եւ արգելանքի մասին որոշումները ֆիզիկական անձի կողմից կարող են վիճարկվել դատական կամ վարչական կարգով։
Հոդված 14. Արտակարգ դրությունը դադարեցնելու իրավական հետեւանքները
1. Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով ընդունված եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների ժամանակավոր սահմանափակման հետ կապված իրավական ակտերը կիրառվում են միայն արտակարգ դրության գործողության ժամկետի ընթացքում եւ ուժը կորցրած են ճանաչվում արտակարգ դրությունը դադարեցնելուց հետո` անհապաղ, այդ իրավական ակտերն ընդունած մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից` համապատասխան իրավական ակտերով։
Հոդված 15. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ
1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի այն ստորաբաժանումները, որոնք կարող են ներգրավվել սույն օրենքի 9-րդ հոդվածում նշված խնդիրների իրականացմանը անցնում են հատուկ պատրաստություն ՀՀ ոստիկանության զորքերի համար սահմանված կարգով եւ սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված դեպքերում արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը կարող են ներգրավվել միայն հատուկ պատրաստություն անցնելուց հետո: