Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-230-04.03.2004-ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1993 թվականի, ՀՕ-57) 14-րդ հոդվածը 4-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

 «Պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգում սովորող հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք տեղափոխվում են պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգ, եթե 18 տարին լրանալուց հետո չեն ստանում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ, 

 Պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգում սովորող 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ունեցող անձինք տեղափոխվում են պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգ, եթե չեն պահպանում առնվազն 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ»։

Հոդված 2. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։ 
  
 

Հ ի մ ն ա վ ո ր ո ւ մ

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտության մասին


Գործող օրենքը նախատեսում է 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների, ինչպես նաեւ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթություն ստանալու երաշխիքներ, սակայն օրենքով հստակ ամրագրված չեն արտոնությունը կորցնելու հիմքերը։ Վերոնշյալ բացթողման հետեւանքով, ինչպես ցույց է տալիս բուհական համակարգում մեր կողմից կատարած ուսումնասիրութունը, բազմաթիվ ուսանողներ այլեւս չունենալով 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ, իրենց կրթությունն են ստանում պետական բյուջեի միջոցների հաշվին (անվճար համակարգում)։ Որոշ քաղաքացիներ օգտվելով ոչ հստակ կարգավորումից ձեռք են բերում կարճ ժամանակահատվածով հաշմանդամի կարգավիճակ, որը փաստորեն գործում է ուսումնառության ամբողջ շրջանի համար։ 

Օրենքում լրացում կատարելով հնարավոր է սահմանել հաշմանդամների կրթական երաշխիքների եւ արտոնությունների ավելի ճկուն համակարգ՝ ապահովելով քաղաքականության հասցեականությունը: