Armenian ARMSCII Armenian
Կ-231-05.03.2004-ՖՎ,ԳԿ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-69) 45-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով`

«Գովազդի կամ այլ նպատակներով Հայաստանի Հանրապետության թղթադրամի պատկերը թղթի վրա արտապատկերված ձեւով օգտագործելու դեպքում օգտագործվող պատկերի գծային չափերը (լայնությունը եւ երկարությունը) պետք է փոքր կամ մեծ լինեն դրա՝ Կենտրոնական բանկի սահմանած իրական չափերից առնվազն 25 տոկոսով, բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից այդ պատկերն օգտագործելու դեպքերի:

Սույն հոդվածի երկրորդ մասում նշված նպատակներով եւ չափերով Հայաստանի Հանրապետության թղթադրամի դիմերեսի եւ դարձերեսի պատկերները թույլատրվում է միաժամանակ օգտագործել միայն թղթի մեկ կողմում, բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից այդ պատկերների օգտագործման դեպքերի:

Կինոնկարահանումների, թատերական, կրկեսային եւ այլ ներկայացումների, օպերատիվ հետախուզական միջոցառումների ժամանակ եւ այլ բացառիկ դեպքերում Կենտրոնական բանկի թույլտվությամբ սույն հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով սահմանված կանոններից կարող են նախատեսվել բացառություններ: Այդ դեպքերում Հայաստանի Հանրապետության թղթադրամի պատկերների օգտագործումից անմիջապես հետո դրանք եւ դրանց պատրաստման համար օգտագործված նյութերը (ֆայլերը, մատրիցաները, տպագրաձեւերը եւ այլն) պետք է ոչնչացվեն Կենտրոնական բանկի սահմանած կարգով եւ հսկողությամբ:

Սույն հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերի իրականացման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում եւ դրանց խախտման համար վարչական պատասխանատվության միջոցներ է կիրառում պետական կառավարման լիազորված մարմինը՝ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»: