Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-232-05.03.2004-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ ՀՕ-232 օրենքի (այսուհետ` Օրենք) 26 հոդվածի 1-ին կետում «վերակազմակերպման» բառից  հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված պարտադիր վերակազմակերպման» բառերը։

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ  կետով.

 «3. Վերակազմակերպման միջոցով ստեղծվող կամ ընդլայնվող Ընկերության (Ընկերությունների) բաժնետոմսերը տեղաբաշխվում են վերակազմակերպման մասին որոշումն ընդունելու պահին իրավաբանական անձանց մասնակից հանդիսացող բոլոր անձանց միջեւ, անկախ գնահատողի կողմից սահմանված բաժնետոմսերի շուկայական արժեքով»:

Հոդված 3. Սույն օրենք ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Օրինագծի առաջադրումը պայմանավորված է վերակազմակերպման ժամանակ Ընկերությունների եւ դրանց փոքր բաժնետերերի իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ:

Օրենքի 26 հոդվածը, ներկայումս գործող ձեւակերպմամբ, չի տարանջատում այն դեպքերը, երբ ընկերության վերակազմակերպումը կարող է իրականացվել օրենքի պահանջի համաձայն, օրինակ, երբ փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է վերակազմավորվել բաց ընկերության (բաժնետերերի թիվը 50-ից գերազանցելու դեպքում (հիմք` օրենքի 8 հոդված)): Մինչդեռ հետգնման պահանջի իրավունքի առկայությունը այս դեպքում ոչ միայն ընթացակարգային առումով լրացուցիչ դժվարություններ է առաջացնում ընկերության համար, այլեւ վերջինիս մղում է չհիմնավորված ծախսերի` դրանով իսկ նվազեցնելով բաժնետերերին բաժին ընկնող սեփական կապիտալի մեծությունը:

Օրինագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Ընկերության բոլոր բաժնետերերի համար սահմանել իրենց պատկանող բաժնետոմսերի դասերին համապատսխան հավասար իրավունքներ: Խնդիրն այն է, որ ներկայումս առաջարկվող նորմի բացակայության պայմաններում, ընկերության խոշոր բաժնետոմսերի սեփականատերը կամ մի խումբ բաժնետերեր, որոնք ունեն օրինակ 75 % բաժնետոմսեր, Ընկերությունը վերակազմակերպում են առանձնացման կամ բաժանման միջոցով, որի արդյունքում ստեղծվող նոր Ընկերություն են տեղափոխում աշխատող ակտիվները եւ այդ Ընկերության բոլոր բաժնետոմսերի սեփականատեր են դառնում միայն իրենք, իսկ մնացյալ բաժնետերերին թողնում են չաշխատող, հնացած կամ անհուսալի ակտիվները: Հետեւանքը լինում է այն, որ իրականում տեղի է ունենում ոչ թե Ընկերության, որպես բիզնեսի կազմակերպման իրավական ձեւի վերակազմակերպում, այլ բաժնետերերի առանձնացում` առաջացնելով նաեւ խիստ բացասական սոցիալական դրսեւորումներ (հազարավոր եւ տասնյակ հազարավոր բաժնետերերի զրկելով դիվիդենտներից կամ իրենց բաժնետոմսերի արժեքների բարձրացումից ստացվող եկամուտներից):

Կարեւոր է նշել, որ այս հիմնախնդիրը իր արտացոլումն է գտել ՀՀ ԱԺ-ի կողմից հաստատած ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2001 թ. եւ հետագա տարիների գործունեության ծրագրերում: Օրինակ 2001 թ. գործունեության տարեկան ծրագրում ամրագրված է, որ թվով 27 վերակազմակերպման (հիմնականում բաժանման կամ առանձնացման միջոցով) գործընթացների ուսումնասիրությունից պարզվել է, որ այդ եղանակով հիմնականում գույքի անհամամասնական վերաբաշխման փորձ է արվում, որի արդյունքում առավել իրացվելի եւ բարձրարժեք գույքը կենտրոնանում է խոշոր (մեծամասնություն կազմող) բաժնետերերի ձեռքերում: Փոքրամասնությունը պահպանում է այն ընկերության բաժնետոմսերը, որին թողնված են «մաշված» կամ այլ պատճառներով «չգործող» ակտիվներն ու պարտավորությունների հիմնական բեռը: Այսպիսով, վերակազմակերպման ընթացքում ոչ միայն խախտվում է իրավաբանական անձի եւ նրա սեփական գույքի «ամբողջականության» սկզբունքը, այլեւ կոպիտ կերպով ոտնահարվում են փոքրամասնություն կազմող բաժնետերերի իրավունքներն ու օրինական շահերը: